Զավեն Քոլոյան․ «Ուիգմոր»-ը շարունակում է բնականոն աշխատանքը - Mediamax.am

exclusive
8771 դիտում

Զավեն Քոլոյան․ «Ուիգմոր»-ը շարունակում է բնականոն աշխատանքը


Զավեն Քոլոյանը
Զավեն Քոլոյանը

Լուսանկարը` «Ուիգմոր»

«Ուիգմոր Կանանց եւ Երեխաների հիվանդանոց»-ը
«Ուիգմոր Կանանց եւ Երեխաների հիվանդանոց»-ը

Լուսանկարը` «Ուիգմոր»


Վերջին օրերին հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստուգումներ են իրականացվել «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում եւ բերման է ենթարկվել հիվանդանոցի տնօրենը։

Իրավիճակը մեկնաբանելու համար զրուցել ենք «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի հիմնադիր տնօրեն, ողնաշարի վիրաբույժ Զավեն Քոլոյանի հետ։

- Պարոն Քոլոյան, լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ Քննչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում «Ուիգմոր»-ում, կան ձերբակալվածներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք։

- Ապրիլի 16-ին ՀՀ Քննչական կոմիտեն «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում իրականացրել է որոշ քննչական գործողություններ։ Սակայն, իմ կամ «Ուիգմորի» անձնակազմից որեւէ մեկի՝ բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Հիվանդանոցի առօրյա աշխատանքը ոչ մի րոպե չի խափանվել եւ շարունակում է ընթանալ իր բնականոն հունով։

- Տեղեկություն է շրջանառվում նաեւ այն մասին, որ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ին աննախադեպ՝ 600 մլն ՀՀ դրամի պետպատվեր է տրամադրվել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Պետպատվերի (ՊՊ) տրամադրման օրենքով նախատեսված ընթացակարգ գոյություն ունի։ Պետությունը՝ հաշվի առնելով բուժհաստատության կադրային ներուժը եւ սարքավորումներով հագեցվածության մակարդակը, կանխատեսում է մատուցվող ծառայությունների հնարավոր ծավալը եւ ըստ այդմ սահմանում է ՊՊ պայմանագրային գումարի չափը։ 2023թ․ «Ուիգմորին» տրամադրված ՊՊ գումարը ամբողջությամբ կատարվել է բարձր պահանջարկի եւ մատուցված բարձրորակ ծառայությունների շնորհիվ, իսկ այս տարի, ամփոփելով առաջին եռամսյակի արդյունքները, մենք արդեն գրանցել ենք բուժառուների դիմելիության քանակի էական աճ։

Զավեն Քոլոյանը Զավեն Քոլոյանը

Լուսանկարը` «Ուիգմոր»


Հրապարակումները կնքված պայմանագրի աննախադեպության վերաբերյալ ընդամենը օրենքի չիմացության արդյունք են։

Այս պատմության մեջ աննախադեպ մեկ բան է միայն․ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ նոր հասցեում ստեղծվեց բազմապրոֆիլ, 220 մահճակալ կարողությամբ, երրորդ մակարդակի մանկական հիվանդանոց՝ ամբողջությամբ օտարերկրյա ներդրումներով։

- Իսկ պետպատվերի գումարը ի՞նչ հնարավորություններ է տվել «Ուիգմոր»-ին։

- «Ուիգմորում» մանկաբուժական թիմի աշխատանքը սկսվել է «Ուիգմոր Քլինիք»-ում 2018թ․-ից։ Ունենալով մեծ ներուժ՝ թիմը սահմանափակ թվով երեխաների էր կարողանում բուժօգնություն տրամադրել։ Պետական պատվերը մեր բժշկական թիմի կողմից մատուցվող որակյալ բուժօգնությունը հասանելի դարձրեց ՀՀ-ում յուրաքանչյուր երեխայի համար։

- Ասացիք, որ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն ունի երրորդ մակարդակ․ ի՞նչ է դա նշանակում։

- Երրորդ մակարդակի հիվանդանոց լինել նշանակում է՝ ունենալ երկրում սահմանված ամենաբարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածք եւ ծառայություններ, կարողանալ կազմակերպել ծանր ընթացքով, ինչպես նաեւ քրոնիկ, հազվադեպ հանդիպող հիվանդությունների վարումը, ունենալ սանավիացիայի ծառայություն, որն ապահովում է ծանր, վերակենդանացման միջոցառումներ եւ հսկողություն պահանջող հիվանդի տեղափոխում ՀՀ մարզերից Երեւան։

- Ինչպե՞ս է հիվանդանոցին շնորհվում երրորդ մակարդակ։

- Գոյություն ունի երրորդ մակարդակ շնորհելու՝ Առողջապահության նախարարության կողմից հաստատված հստակ ընթացակարգ եւ գնահատման չափանիշներ։ Երրորդ մակարդակ ստանալու համար հատուկ հանձնաժողովն այցելում է բուժհաստատություն եւ ըստ այդ չափանիշների գնահատում հաստատության՝ երրորդ մակարդակի համապատասխանությունը։ Նման գործընթացի միջով «Ուիգմոր»-ն անցել է 2023թ․ ամռանը եւ արդյունքում նախարարության հրամանով ստացել երրորդ մակարդակ։

Ի հավելումն նշեմ, որ «Ուիգմոր»-ի թիմը՝ երկրում հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման, նոր մշակույթի եւ ստանդարտների ներդրման նպատակով համագործակցում է միջազգային առաջատար բուժհաստատությունների հետ՝ միջազգային հավաստագրում ձեռք բերելու ուղղությամբ։

- Որոշ լրատվամիջոցներ շահարկում են ՀՀ առողջապահության նախարարի կապը «Ուիգմոր»-ի հետ։ Ինչպե՞ս կարձագանքեք։

- Մենք դա բազմիցս հերքել ենք, եւ հիմա, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ ԱՆ նախարարը, ո՛չ էլ որեւէ պաշտոնյա կամ իր ընտանիքի որեւէ անդամ, կապ չունեն «Ուիգմոր» հիվանդանոցների («Ուիգմոր Քլինիք» եւ «Ուիգմոր Կանանց եւ Երեխաների հիվանդանոց») հետ։ «Ուիգմորը» օտարերկրյա ներդրողների շնորհիվ է ստեղծվել, ովքեր հավատացին Հայաստանի առողջապահության ոլորտում մեծ փոփոխություններ բերելու հնարավորությանը։
Առողջահության նախարարությունը ոլորտը կարգավորող գործադիր մարմինն է, եւ մեր աշխատանքային հարաբերությունների շրջանակը դրանով է սկսվում եւ ավարտվում։
«Ուիգմոր Կանանց եւ Երեխաների հիվանդանոց»-ը «Ուիգմոր Կանանց եւ Երեխաների հիվանդանոց»-ը

Լուսանկարը` «Ուիգմոր»


Կարեւոր եմ համարում ընդգծել, որ «Ուիգմոր»-ի առաջնային նպատակը եւ առաքելությունը Հայաստանում երեխաներին բարձրակարգ, վստահելի եւ անվտանգ բուժօգնության տրամադրումն է: Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը եւ որեւէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարեւորագույն իրավունքը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին