Պատերազմն ու կինը. Դոխտուրը՝ Աիդա Սերոբյանը - Mediamax.am

exclusive
24275 դիտում

Պատերազմն ու կինը. Դոխտուրը՝ Աիդա Սերոբյանը


Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից

Աիդա Սերոբյանը
Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից


Արցախյան պատերազմին մասնակցել են հարյուրավոր հայ կանայք: Ոմանք զոհվել են մարտի դաշտում, ոմանք վերադարձել ու ապրում մեր կողքին: Նրանց կռիվը, պատմություններն ու անունները, սակայն, շատերիս է անհայտ: Մեդիամաքսը շարունակում է «Պատերազմն ու կինը» շարքը:

Այսօր ներկայացնում ենք գնդապետ, «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր Աիդա Սերոբյանի «պատերազմը»:

Գնդապետ Աիդա Սերոբյան: Մարտի դաշտում՝ «դոխտուր»: Աիդան ծնվել է 1954 թվականին՝ Վրաստանում, սակայն վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք: Պատերազմ է մեկնել երկու ամսով, կռվել՝ երեք տարի: Չորս անգամ վիրավորվել է, բայց երբեք չի լքել մարտի դաշտը: Պատերազմից խոսելիս արցունքն ու ծիծաղը, իրար հերթափոխելով, սահում են Աիդայի դեմքի վրայով, իսկ ընկերների կարոտը կոկորդում մերթ ընդ մերթ խեղդում է ձայնի ելեւէջները...

***

Ծանր մարտեր էին, հինգ աղջիկ նույն դիրքերում կռվում էինք: Հայաստանցի մի աղջիկ՝ Նաիրա Սահակյանը, գերի ընկավ, թուրքերը գլուխը կտրեցին: Մինչ դա անելը միացրել էին ռադիոսարքը, պահել բերանի մոտ ու կենդանի վիճակում նրան կտրտում էին, այնպես որ ձայնը լսեինք: Նաիրայի ձայնն ականջումս երբեք չի խլանա… Այդ դեպքից հետո հինգ աղջիկներով երդում տվեցինք՝ ով ողջ մնա, տեր կկանգնի զոհվածների ընտանիքներին: Չորս աղջիկները զոհվեցին, չորս անգամ վիրավորվելուց հետո ողջ մնացի միայն ես: Պատերազմից հետո, մի անգամ կին ազատամարտիկներով հավաքվեցինք, բոլորի վիճական էլ շատ ծանր էր, հիշեցի խոստումս ու հիմնադրեցի «Արցախյան պատերազմի մասնակից կանաց» հասարակական կազմակերպությունը:

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից


***

Երբ փոքր էի, Մեծ Հայրենական պատերազմի մասին շատ ֆիլմեր էին ցուցադրում: Միշտ հիացմունքով էին նայում կին բուժաշխատողներին: Վշտանում էի՝ թե ինչու այդ տարիներին ծնված չեմ եղել ու չեմ մասնակցել պատերազմին: Արցախյան ջոկատային բախումների ժամանակ՝ 1991-ի վերջերին, երբ գնացի կռվի դաշտ, հասկացա, որ մանկության տարիներին իզուր չէի ասում, թե պատրաստ եմ կռվել:

***
Աիդա Սերոբյանը Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց շատ պատահական գնացի պատերազմ: Երեք երեխա ունեի: Ամուսնալուծված էի: Կռվին մասնակցելու մտադրություն էլ չունեի: Այդ տարիներին աշխատում էի պոլիկլինիկայում ու բուժօգնության դասընթացներ էի վարում Ներքին գործերի նախարարության մշակույթի պալատում:
Մի օր խոհանոցում գործ էի անում, երբ հեռուստացույցով ասում էին, որ Արցախում շատ ծանր իրավիճակ է՝ բուժաշխատողների պակաս կա, կռվողը ոտքի վիրավորումից մահանում է, որովհետեւ պրոֆեսիոնալներ չկան ու չգիտեն՝ ժգուտը (լարանը-հեղ.) վերքից վերեւ դնեն, թե՝ ներքեւ:

Հաջորդ առավոտյան, պոլիկլինիկայի փոխարեն, առողջապահության նախարարության գնացի: Հարց ու փորձ արեցին, տեսան որ արմատներով Արցախից չեմ, փորձեցին ճշտել, թե ինչքա՞ն ժամանակով եմ գնում, ասացի՝ երկու ամսով: Նրանց հայացքները մի փոքր տարօրինակ թվացին ինձ, կարծեցի՝ քիչ եմ ասել, մինչդեռ զարմացել էին. այդ ժամանակ բժիշկներն Արցախ էին գնում էին 2, 5 կամ 10 օրով: Հետո հարցրեցին, թե ու՞ր եմ ուզում գնալ: Անկեղծ ասած՝ քարտեզի վրա Արցախի տեղն էլ չգիտեի: Ասեցի՝ որտեղ շատ բուժաշխատողների կարիք կա, այնտեղ էլ կգնամ: Մարտակերտում մեծ պահանջ կար, բայց զգուշացրեցին, որ այնտեղ վտանգավոր է: Այնուամենայնիվ, որոշեցի հենց Մարտակերտ գնալ:

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից


Աշխատանքից ուշացած գնացի պոլիկլինիկա: Գլխավոր բժշկուհին՝ Սերվինե Մուշեղովնան, շատ խիստ էր, ճանապարհին անգամ վախենում էի, թե զայրանալու է ուշացման համար: Ներս մտա ու ուղեգիրս դրեցի դիմացը: Նայեց, մի քանի վայրկյան լռելուց հետո հարցրեց՝ «սա ի՞նչ է»: Ասացի, որ երկու օրից Մարտակերտ եմ թռնելու: Սկզբում զայրացավ.

-Այ աղջի՛կ, խելագարվել ես, գնա հրաժարվի, ասա փոշմանել ես:

Հետո, հասկանալով, որ անօգուտ է, ժողով հրավիրեց ու ասեց, որ գնում եմ Արցախ: Բոլորը տղաների համար տանից գործած գուլպաներ, քաղցրավենիք, մուրաբաներ բերեցին: Հղիների համար ստացած կաթի փոշի ունեինք, Սերվինե Մուշեղովնան երկու պարկ էլ դրանից դրեց  հետս:
Աիդա Սերոբյանը Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկու օր հետո գնացինք փոքր օդանավակայան, գործընկերներիս կեսը եկել էր ինձ ճանապարհելու: Հո պատերազմ չէի գնում. 12 սմ երկարությամբ բարձրակրունկներով, երկար շրջազգեստով ու օղերով… Գնդապետը, որ ճանապարհում էր ինձ, ամուր սեղմեց կրծքին ու բարի ճանապարհ մաղթեց: Արցախ հասնելուց հետո իմացա, որ նրա ուղարկած առաջին ուղղաթիռի վրա ճանապարհին կրակել էին ու տեղ չէր հասել:

***

Մեկ շաբաթ մնացի Մարտակերտի հիվանդանոցում, հրամանատարը պատի վրա թիրախներ էր սարքել, որի վրա մեզ կրակել էին սովորեցնում: Այդ ընթացքում Հաթերքի ջոկատից մեկը սարի վրա ոտքից վիրավորվել էր, մինչ ցած էին բերել՝ մահացավ: Հրամանատարը եկավ ու ասաց, որ տղաները վախենում են կռվի մտնել, որովհետեւ բժիշկ չկա: Ոչ ոք չուզեց գնալ, ասացի ես կգամ, բայց երկու ամսով եմ եկել, երկու ամիս հետո հետ եմ վերադառնալու: Հրամանատարն ասաց՝

-Ա դոխտուր, եկ է, եկ, էրկու ամսի հետո մի պէն կդառնա:

Միայն «եկ»-ը հասկացա ու գնացի Հաթերքի պարտիզանական ջոկատ, որտեղ մարտնչեցի մինչեւ 1992-ի սեպտեմբեր, երբ հիմնադրվեց Արցախի բանակը: Երկու ամիսը լրանալուց հետո գնացի Արցախի առողջապահության նախարարություն ու ասացի, որ իմ գործուղման ժամկետը լրացել է, պետք է հետ գնամ: Այնտեղ խոստացան, որ իմ փոխարեն Հայաստանի առողջապահության նախարարություն ժամկետը երկարացնելու դիմում կգրեն: Երբ գնացի Մարտակերտ, տեղի 600 հոգանոց բուժանձնակազմից ընդամենը երեքն էին մնացել:

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից


Հեռագրում գործուղումս 4 ամսով երկարացնելու դիմում էր տրվել՝ նշվելով, որ ոչ միայն մասնագիտական պարտքս եմ կատարում, այլեւ զենքը ձեռքիս կռվում եմ: Մտածեցի՝ մինչ չորս ամիսը լրանա, պատերազմը կվերջանա ու հանգիստ խղճով կգնամ տուն: Չորս ամիս հետո, սակայն, սկսեց իսկական պատերազմը: Մարտակերտը շատ ծանր վիճակում էր, հասկացա, որ էլ չեմ կարող հետ վերադառնալ…

***

Բայց ու՞մ ասացի, թե ես պատերազմ եմ գնում (ծիծաղում է-հեղինակ): Աշխատավայրում տեղեկացնելուց հետո գնացի մորս տուն, որ ասեմ երեխաներիս պահի: Ողջ ճանապարհին մտածում էի՝ ի՞նչ եմ ասելու: Տեղ հասա, հենց մայրս դուռը բացեց, անկախ ինձանից սկսեցի՝ «մամ, ինձ երկու ամսով ուղարկում են Ջերմուկի առողջարան՝ գործուղման»: Խեղճ մորս խաբեցի: Էնքան ուրախացավ, բերեց մի հատ մեծ բաժակ տվեց ու ասաց՝

-Բալա ջան, վրադ հալ չկա, մենակ չաշխատես, ամեն օր կգնաս Ջերմուկի բուժիչ ջրից մի բաժակ կխմես:

Էդ բաժակն էլ իրերիս հետ վերցրեցի ու թռա Մարտակերտ: Գնալուցս մոտ երկու ամիս էր անցել, մորս հարեւանուհին «Արցախյան տարեգրություն» հաղորդման մեջ տեսել էր ինձ՝ ավտոմատն ուսիս տղերքի հետ անտառով անցնելիս, գնացել մորս ասել էր՝

-Ռոզա՛, աղջկադ տեսա՞ր:

Մայրս ուրախացած հարցրել էր՝

-Ջերմուկի սանատորյան ցու՞յց տվին:

-Այ կնի՛կ, ի՞նչ Ջերմուկի սանատորյա, քո աղջիկը ֆիդային ա:

Մայրս չէր հավատացել ու ասել էր, թե շփոթել է, բայց հարեւանուհու ձեռքն էր ընկել նաեւ Հրաչյա Բեգրալյանի՝ իմ մասին գրած հոդվածը, որը լուսանկարիս հետ տպվել էր ամսագրում: Հոդվածը կարդալուց ու նկարս տեսնելուց հետո մայրս ամեն ինչ հասկացել էր:

***
Պատերազմի ողջ ընթացքում մի անգամ հաջողվեց Երեւան գալ: Ուղղաթիռով վիրավորների ու խելագարվածների բերեցի: Գիշերը գնացի մորս տուն: Մուտքի մոտ ավտոմատը ցած դրեցի, մինչ երեխաներիս ու մորս հետ գրկախառնվում էինք, տեսա զենքս չկա: Չորս տարեկան տղաս՝ Արմենը, վերցրել էր, վազել դուրս, մի կերպ վեր պարզել՝ իբր կրակում է ու զուգահեռ կրակոցի ձայն հանում՝ «դը-դը-դը»…
Աիդա Սերոբյանը Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիշեր շատ ուշ քնեցի, լուսադեմին էլ ինքնաթիռի ձայնից արթնացա ու շփոթվեցի՝ չէի հասկանում, թե որտեղ եմ, անգամ ավտոմատը գլխիս տակ չէր: Մինչ նայում էի շուրջս, տեղանքը զննում ու տարածքների անուններ տալիս՝ հասկանալու համար տեղս, մայրս ներս մտավ ու հանգստացրեց:

Մորս հետ երկար զրուցեցի, ներկայացրեցի վիճակը: Դժվարությամբ, բայց համաձայնեց՝

-Գնա, բալա ջան, թող իմ տնից էլ Ղարաբաղին մի օգուտ տվող լինի:

Երեխաներս դեռ քնած էին, ես հետ գնացի:

***

Առաջին անգամ կրակեցի գնալուցս մեկ շաբաթ հետո: Կռվի դաշտ մտնելուց ձեռքդ ձգանից չես կարող հետ քաշել. այնտեղ միայն առաջ գնալու ու հողդ պահելու մասին ես մտածում: Վիրավորվելու դեպքում ես էի ինձ բուժօգնություն ցույց տալիս: Առաջին անգամ 1992-ին վիրավորվեցի՝ Դրմբոն- Չլդրանի մարտերի ժամանակ, վերջինը՝ 1994-ի ապրիլին:
Աիդա Սերոբյանը Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից


Վիրավորվելուց հետո անգամ պատերազմի դաշտը չեմ լքել: Քանի վերքդ տաք է, չես էլ հասկանում, որ վիրավորվել ես: Երբ երրորդ անգամ վիրավորվեցի, հիվանդի վերք էի կապում, էդ ընթացքում թուրքերի դիպուկահարն իմ վրա աշխատում էր: Գլուխս վիրավորի կրծքին էի թեքել ու վիրակապ էի դնում ոտքին: Գարուն էր, եղանակը միանգամից տաքացել էր, մենք ձմեռային համազգեստով էինք, տաք քրտինքը երեսովս իջնում էր: Մեկ էլ զգացի, որ աջ կողմս ծանրացավ: Երբ գլուխս մի փոքր բարձրացրեցի, տղան, ում վիրակապ էի դնում, ասեց, թե վիրավորվել եմ, ասացի՝ արխային, ինձ բան չի եղել: Շարունակում էի գործս, երբ նա ձախ ձեռքը բարձրացրեց, դրեց դեմքիս ու ցույց տվեց արյունը: Արագ մի վիրակապ դրեցի դեմքիս  ու շարունակեցի աշխատել: Հետո տեսա, որ մեծ վերք է: Հաջորդ օրը Ստեփանակերտ վիրավոր էի տարել, բժշկից չիչխանի յուղ ուզեցի, որ քսեմ, սպի չմնա: Ասաց՝

-Աիդա ջան, սպին միայն զարդարում է:

Ասացի՝ոչ կնոջ դեպքում: Հիմա կապույտ հետքը մի քիչ մնում է...

***

Պատերազմում ամենաահավոր բանն ընկեր կորցնելն է: Երբ առաջին զոհ տեսա, թվաց, թե կուշաթափվեմ: Պոլիկլինիկայում աշխատելուց ամենածանր դեպքն ինձ համար եղունգ հեռացնելն էր:

Հաթերքի ջոկատից չորս տղայի ուղարկել էին որոշ ճանապարհներ ականապատելու: Գիշերը, երբ փորձել էին հետ վերադառնալ, մեքենան կանգնել էր իրենց իսկ տեղադրած ականի վրա ու պայթել: Մեկի վիճակը շատ ծանր էր, գլխի կեսը բեկորը տարել էր: Երեւանցի Ստյոպան էր: Նրան առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո, երբ դուրս էի գալիս մեքենայի թափքից, աչքս ընկավ կողքին ընկած՝ վերնաշապիկը պատառոտված ու արյունոտ դիակին: Չգիտեմ՝ ոնց եմ ինձ պահել, որ չուշաթափվեմ: Դա պատերազմի դաշտում իմ տեսած առաջին դիակն էր: Դրանից հետո արդեն սովորական էր դարձել...
Աիդա Սերոբյանը Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Զարմանալի էր, որ թշնամու դեմ դուրս գալուց տղաները երբեք չէին վախենում: Ամենավտանգավոր տեղերում իրենց ընկերներից առաջ էին գցում, բայց, երբ ընկերը վիրավորում էր կամ մահանում, չէին համարձակվում նրան մոտենային: Այդ հսկա տղաներն այնքան խոցելի էին դառնում ու երեխայի պես «դուխտո՜ւր» կանչում, որ օգնեմ ընկերոջը, զոհվածի աչքը փակեմ՝ միաժամանակ չվարանելով նույն պահին իրենց կրակի դեմ նետել, որ թշնամին մի քայլ անգամ առաջ չգա:

***

Մի անգամ Օմարի լեռնանցքից ծանր վիրավոր էի դուրս բերել: Փշրվել էր այտոսկրը, կտրվել ուղեղից եկող երակը: Չգիտեի՝ ինչ անել: Ոչ ժգուտ կարող էի դնել, ոչ վիրակապ: Նստել էի մեքենայի թափքի հատակին, նրա գլուխը դրել ոտքերիս, մի ձեռքիս մատներին բինտ էի փաթաթել, մտցրել բերանը, մյուս ձեռքս դրել այտոսկրի արտաքին հատվածին ու երկու կողմից սեղմում էի: Նրա արյունն արմունկներիս վրայով հոսում էր: Վիրավորին պետք է Չլդրանի դաշտային հոսպիտալ տանեինք, որը մեր գտնվելու վայրից շուրջ 50 կմ հեռու էր: Երբ հասանք Դրմբոնի անտառ, վարորդը՝ Բորիսը, կանգ առավ: Հարցրեցի՝ ինչու՞ կանգնեցիր, ասեց, որ Ռոլեսը, ով սակրավորների հրամանատարն էր, փակել է ճանապարհը: Խնդրեցի, որ Ռոլեսին իմ կողմ կանչի: Երբ թափքի դուռ բացվեց, Ռոլեսը մի պահ ապշած նայեց վիրավորին ու նրա արյունով շաղախված ձեռքերիս, հետո ասաց.

-Դոխտուր, նոր 7-րդ տեխնիկան է պայթել, հրաման կա ճանապարհը չբացել: Հենա, բուլդուզերը անտառի միջով, ծառերն արմատախիլ անելով, նոր ճանապարհ է բացում, 4-5 ժամից պատրաստ կլինի:

-Բա էս վիրավորը 4-5 ժամ կապրի՞, Ռոլես ջան: Բացի ճանապարհը, բացի մենք գնանք, Պերճի կյանքը մազից է կախված:

-Դոխտուր, ականապատ է...

-Ոչինչ, ընտեց ճամփեքով ենք անցնել:

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից


Վարորդը, ով Սումգայիթից էր փախել ու երկու փոքրիկ տղա ուներ, մեր երկխոսության ընթացքում լուռ, բայց տխուր ու աղերսող հայացքով նայում էր դեմքիս: Ասեցի՝ «Բորիս ջան, մի անհանգստացի, որ մեր ճակատին գրած լինի՝ էս տարիքում պիտի մեռնենք, ըստեղ չլինի, ուրիշ տեղ կմեռնենք: Գնա, կարող ա Պերճի կյանքը փրկում ենք»: Բորիսը լուռ անցավ ճանապարհը, հասանք հոսպիտալ, վիրավորին պառկեցրել էինք, ռադիոկապով լսեցի, որ մեզանից հետո հացի մեքենան էլ է անցել նույն ճանապարհով ու ականի վրա պայթել է…

***

Բորիսը Հորադիզում զոհվեց. նստած սպասում էինք Հորադիզի ազատագրման հրամանին: Տղաները Գրադի արկղերից մեկը շրջել ու վրան թուղթ էին խաղում, ես էլ հենվել էի մի արկղի, սպասում էի հրամանին: Մեկ էլ մի տղա վազելով եկավ դեպի ինձ՝

-Դոխտո՜ւր, ընկերս փորը բռնել ընկել է, չի կարում շարժվի, եկ տես՝ ի՞նչ է եղել:

Պայուսակս վերցրեցի ու գնացի տղայի հետեւից: Դեռ ընկածին չէի հասել, թշնամու արկն ընկավ թուղթ խաղացողների կողմը... յոթ հոգի էին, յոթն էլ զոհվեցին: Նրանցից մեկը Բորիսն էր:

***

Վաղուհասի ծանր մարտերից հետո, Վազգեն Սարգսյանի կոչով, մահապարտները միացան մեզ: Օրհասական պահ էր, մի մեծ խրամատում ընդամենը 16 հոգի էինք: Այդ ժամանակ ուխտ էի արել՝ ողջ մնալու դեպքում Գանձասարում պիտի մկրտվեմ:  Մարտի ավարտից հետո, մի կիրակի օր, դուրս եկա Վանք գյուղում գտնվող վիրավորներից մոտից ու ուխտ կապեցի՝ ոտքով բարձրանալ Գանձասար: Հասա եկեղեցի: Պատարագ էր: Ներսում միայն քահանան ու սարկավագն էին: Երբ պատարագն ավարտվեց ու քահանան խորանից պտտվեց խաղաղություն մաղթելու, տեսա, որ դեմքը ծանոթ էր: Պարզվեց՝  Տեր Հովհաննեսը մեզ հետ կռվող տղաներից մեկն է, ով ողջ շաբաթ կռվում էր, իսկ կիրակի օրերին գնում պատարագ մատուցելու:

Տեր Հովհաննեսին ասեցի, որ ուզում եմ մկրտվեմ: Կնքահորը՝ մեր կռվող տղաներից Ամարասի Արթուրին իմաց տվեցինք, որ գա ու նույն օրը մկրտվեցի: Մկրտությունը նոր էր սկսել, ադրբեջանցիները սկսեցին հեռահար հրանոթներով կրակել հենց Գանձասարի ուղղությամբ: Եկեղեցում ես էի, Տեր Հովհաննեսը, սարկավագ Ավագն ու քավոր Արթուրը: Տեր Հովհաննեսը մի բառ մկրտությունից չկրճատեց, կարգն ուղիղ քառասուն րոպե տեւեց, բայց ոչ մի բառ ընթացքից չեմ հիշում. աչքերս փակ Աստծուց մի բան էի խնդրում՝ եկեղեցին չվնասվի: Երբ մկրտությունը վերջացավ ու դուրս եկանք, էնքան արկ էր թափել գավիթում, ասես գութանը հող վարած լիներ, բայց եկեղեցուն բան չէր եղել: Դրանից հետո, ուր ուզում է գնայի մարտի, չիմանալով անգամ, թե Գանձասարը, որ կողմում է, պտտվում էի, խաչակնքում ու ասում՝ Տեր Աստվա՛ծ, ես գնացի, մնացածը դու գիտես:
Աիդա Սերոբյանը Աիդա Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


***

Գանձասարի պաշտպանության մարտերին եմ մասնակցել: Երբ նահանջեցինք, մոտ 80 գյուղ անցել էր թշնամու ձեռքը, մեզ 5 փոքր գյուղ էր մնացել: Ադրբեջանցիներն ասել էին՝ «թե Գանձասարը գրավենք, իմացեք Ղարաբաղ գոյություն չունի»: Հինգ հոգով մտանք Գանձասար ու երդվեցինք՝ ոչ մի քայլ եկեղեցուց այն կողմ չենք գնալու, եթե թուրքը պիտի մտնի Գանձասար, թող մտնի մեր դիակների վրայով: Ես էի, Գանձասարի քահանա Տեր Հովհաննեսն ու եւս երեք տղա: Ցերեկը խրամատում էինք կռվում, գիշերը հինգով հերթապահում, որ դիվերսիայի փորձ չանեն:

***

1994 թիվն էր: Նստած թերթ էի կարդում, քարիտանկցի մի տղա գոռալով վազում էր դեպի ինձ՝

-Դոխտու՜ր, Դոխտու՜ր, աչքդ լույս ինի, պատերազմը պրծալ ա:

Մոտ հինգ րոպե չէի հավատում ու ինքնս ինձ կրկնում էի՝ չի կարող պատահել: Տարիներով կռվելուց հետո՝ թվում էր, թե էդ կռիվն էլ երբեք չի ավարտվելու...

***

Պատերազմն ավարտվելուց հետո մոտ երկու ամիս մնացի Արցախի բանակում: Շուշիի գնդում էի ծառայում: Ամարասի Արթուրը, Օմարում 6-րդ անգամ վիրավորվելուց հետո եկել էր Երեւան՝ բուժվելու: Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը Արթուրին կանչել ու ասել էր, որ հատուկ ստորաբաժանում պետք է ստեղծվի: Արթուրը մարդ էր ուղարկել իմ հետեւից: Ստեփանակերտից կապ տվեցին ու ասեցին, որ մոտս մարդ է եկել, հացի մեքենան Շուշիիում է, հետը գնամ քաղաք: Հասա Ստեփանակերտ, մեր մարտական ընկերներից մեկն էր, ասաց Արթուրը շտապ Երեւան է կանչում: Հրամանատարից մի քանի օր արձակուրդ խնդրեցի, եկա Երեւան: Արթուրն ասաց, որ ստորաբաժանման բժիշկը ես պետք է լինեմ: Ասացի՝ բա որ պատերազմը սկսի, պատասխանեց՝

-Չի սկսի, Աիդա, գնա զորացրվի ու հետ արի: Դու էստեղ ավելի շատ անելիք ունես:

Էդպես ես զորացրվեցի Արցախի բանակից ու եկա ծառայելու ՀՀ Զինված ուժերում:

***

Պատերազմից հետո էլ շատ բարդ էր: Չէի կարողանում բարձի վրա գլուխս դնել ու քնել. սովորել էի գլխիս տակ դրված զենքի չորությանն ու անհարմարությանը, որը երեք տարի ինձ համար հարմարություն էր դարձել: Երբ հետ եկա, մի քանի ամիս գիշերը չէի կարողանում անկողնում քնել.  վեր էի կենում, պարկում հատակին: Հետո գրապահարանից մեծ հայ-ռուսերեն բառարան գտա, դրեցի գլխիս տակ ու քիչ-քիչ հարմարվեցի: Մինչեւ հիմա ես դեռ պատերազմի դաշտում եմ: Գիշերը, երբ պարկում եմ քնելու, այդ տարիները ժապավենի նման անցնում են աչքերիս առաջով:

***

Հիմա, երբ Արցախ եմ գնում, ամեն քարի, ամեն թփի մոտ հիշում եմ, թե որտեղ ինչ ծանրության վիրավոր եմ հանել, որտեղ եմ ես վիրավորվել: Վիրավորներին անուններով չեմ հիշում, բայց իրենք ինձ հիշում են: Երբեմն փողոցում մոտենում, ասում են՝ «Դոխտո՛ւր, հիշո՞ւմ ես, այսինչ տեղում իմ կյանքը փրկեցիր»: Երբ նման հարց են տալիս, ասում եմ՝ որտեղի՞ց էիր վիրավոր. ես հո վիրավորի դեմքին չէի նայում, իմ համար կարեւորը վերքն ու ծանրության աստիճանն էր:

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից


Իմ արյունը ռեզուս-բացասական է: Հաճախ, երբ վիրավորը նույն ռեզուս խմբում էր լինում ու արյան կարիք էր ունենում, արյուն էի տալիս: Բժիշկները զայրանում էին ու ընդդիմանում, թե ցորեն, գարի ուտելով արյունս չի վերականգնվելու, բայց, եթե կարող էի օգնել, ուրեմն պարտավոր էի:

***

Պատերազմն ինձ ոչինչ չտվեց… ես դեռ մանկուց հայրենասեր էի: Այդ տարիներից միայն վառ հիշողություններ մնացին՝ անշահախնդրություն, անկաշառություն, անկեղծ ընկերություն: Մեկիս ձեռքը, որ մի կտոր հաց էր ընկնում, երբեք չէր մտածի մենակ ուտելու մասին: Որ փշրանքի էլ վերածեինք, ջոկատի բոլոր անդամները պետք է մի փշրանք ուտեին: Մենք շատ ենք սոված եղել, հատկապես մինչ բանակի հիմնադրվելը: Նույնիսկ ժամանակ է եղել, որ թուրքի խրամատ մտնելուց հում կարտոֆիլ ենք գտել ու խնձորի տեղ կծելով կերել:

Պատերազմն առողջությունս խլեց, չորս տարվա երիտասարդ կյանքս: Շատ է պատահել, որ դրսում երեխեքը զինված տեսնում էին ու ինձ «ձյաձյա» կանչում:  Չորս տարի երեխաներս մամա չասացին ու ինձ չտեսան, ես նրանց մեծանալը չտեսա, մայրս ծերացավ այնքան, որ հետ վերադառնալուց չճանաչեցի նրան...

***
Հիմա երեխաներս մեծ են: Երկուսն էլ ամուսնացել են, երկու հրաշք թոռնիկ ունեմ, Տղաս ընտանիքի հետ արտերկրում է, դուստերս՝ այստեղ: Հիմա ուրախանում եմ նրանց երեխաներով, վայելում դստերս տղայի՝ փոքրիկ Ալեքսանդրի հետ անցկացրած ամեն մի պահը: 

***

Պատերազմ կնոջ ներկայությունը շատ կարեւոր է: Ամենավախկոտ տղամարդ, տեսնելով զենքը ձեռքին կռվող կնոջը, առյուծ է կտրում:

Շատերը կարծում են, թե պատերազմը կնոջ տեղը չէ, կին-տղամարդ հարաբերություններն այնտեղ վտանգավոր են, բայց դա թյուր կարծիք է. թե պատերազմի տարիներին, թե հետո, երբ ծառայում էի Արցախի  բանակում, մի անգամ չի եղել դեպք, որ տղաներից հայհոյանք կամ որեւէ կոպիտ խոսք լսեմ, իրար մեջ զրույցներում անգամ նրանք այնքան կիրթ ու զգույշ էին, որ կողքի կինը որեւէ ավելորդ բառ չլսի: Ճիշտ է, կռվի դաշտում տարբեր մակարդակի մարդիկ կային, բայց բոլորն էլ բարեկիրթ էին ու իրենց ճիշտ դրսևորել գիտեին:

Լուսանկարը` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից


Կնոջ պատերազմը տղամարդու պատերազմից ոչնչով չի տարբերվում: Որ ռադիոկապով կանչ էր լինում, ձիով, անտառների մեջով, մի գյուղից մի գյուղ էի գնում: Հիմա զարմանում եմ՝ ես մենակ աղջիկ, ի՞նչ ռիսկ էի անում: Էդ անտառներում թուրքերը վխտում էին, որքան էլ զինված լինեի, դա ինձ չէր փրկի…

***

Պատերազմի ժամանակ, երբ զոհվում էին մեր ընկերները՝ Լեոնիդը, Մոնթեն, Վլադիմիրը, Խաչակիրների Կարոն, 26-ի Յուրան, մեզ թերթ էր հասնում դիրքեր…ինչե՜ր էին գրում նրանց մասին: Մի անգամ նահանջել, եկել էինք Դրմբոն: Ես նստած թերթ էի կարդում ու ասում՝ «Վա՜յ, Աստված ջա՛ն, երանի 5 րոպեով զոհվեի, տեսնեի՝ իմ մասին ինչ կկգրեն». պատկերացնո՞ւմ եք, կռվող մարդը երազի հինգ րոպեով զոհվի՝ տեսնելու, թե իր մասին ինչ կգրեն: Հիմա դա ծիծաղելի է ինձ համար:

***

1996-ին ինձ նվիրեցին մի գիրք, որը տպագրվել էր Հալեպի «Բագին» խմբագրատանը: Գիրքը 1988-1994 թթ Արցախի բանակի զոհերի մասին էր՝ «Անկրկնելիներու ժամանակը»: Այդ տարիներին Ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանման բուժծառայության պետն էի: Ողջ օրվա ընթացքում, աշխատասենյակում նստած, թերթեցի գիրքը, օրն ավարտվել էր, բայց ուզում էի բոլորին տեսնել: Գրքի էջերից ինձ էին նայում իմ մարտական ընկերները, կռվի դաշտից իմ հանած դիակները, ծանր վիրավորները, որ հետո հոսպիտալներում մահացել էին… 1994-ի զոհերին էի հասել, երբ հերթական էջի սեւ շրջանակից ինձ նայեց իմ նկարը. ծննդյանս տարեթիվն անհայտ էր, մահվանը՝ 1994, մահախոսականն էլ վերնագրված՝ «Ապրողներիս անունից շնորհակալություն քեզ, Աիդա՛»: Իսկ վերջում մի բանաստեղծություն էր՝

Այն ով է ասել հրաշքներ չկան.
Հապա մի նայեք այս լույս աղջկան,
Որ հայ ֆիդայու հագուստ է կրում,
Որ կրակի տակ փամփուշտ է կրում
Կռվում ընկածին եղբոր պես փրկում,
Վիրակապում է, կյանքեր է փրկում:

Խմբագրություն նամակով իմ խորին շնորհակալությունը հայտնեցի՝ տեղեկացնելով, որ չորս անգամ վիրավորվելուց հետո չեմ զոհվել, բայց միշտ երազել եմ կարդալ իմ մահախոսականը...

Մեդիամաքս
/>Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ Աիդա Սերոբյանի անձնական արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին