Կարոտելով իմ մյուս տունը - Mediamax.am

exclusive
5290 դիտում

Կարոտելով իմ մյուս տունը


Ջորջիանան ներքեւի շարքի ձախից երրորդն է
Ջորջիանան ներքեւի շարքի ձախից երրորդն է

Լուսանկարը` UWC Դիլիջան

Ջորջիանան` դասընկերների հետ
Ջորջիանան` դասընկերների հետ

Լուսանկարը` UWC Դիլիջան

Ջորջիանան
Ջորջիանան

Լուսանկարը` UWC Դիլիջան


Մեդիամաքսը եւ UWC Դիլիջան քոլեջը «Դիլիջանում՝ ինչպես տանը» համատեղ նախագծում ներկայացնում են տարբեր երկրներից ժամանած ուսանողների պատմությունները՝ Դիլիջանի եւ Հայաստանի մասին:

 

Ջորջիանա, Մեքսիկա, UWC Դիլիջան’17

 

Անցել է գրեթե երկու տարի, ինչ UWC Դիլիջան քոլեջում ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ տուն: Այն պահին, երբ ինքնաթիռը վայրէջք էր կատարում, ինձ համակեց տուն վերադառնալու զգացումը: Բայց ես կարոտում էի Հայաստանն այն պահից, ինչ հեռացել էի, եւ նույնիսկ այնժամ, երբ վերջապես տանն էի՝ Մեքսիկայում: 

 

Մեզանից շատերի համար, ովքեր սովորել են UWC Դիլիջանում, Հայաստանը դարձել է մի վայր, որտեղ մենք սնուցվել ու դարձել ենք այնպիսիք, ինչպիսիք որ կանք հիմա: Մեզ համար շատ թանկ է Հայաստանի պատմությունը, մենք հպարտանում ենք նրանով, նշում ենք նրա հետ կապված ուրախությունն ու ապրում նրա ցավով: Ինչպես մեր ավարտական միջոցառման ժամանակ ասաց UWC Dilijan քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը՝ «մենք դառնում ենք հայեր՝ մեր իսկ ընտրությամբ»:

 

Նախորդ ամառ հնարավորություն ունեցա վերադառնալ Հայաստան՝ դպրոցում պրակտիկա անցնելու համար: Հայաստան եկա պատմական պահի՝ «Թավշյա հեղափոխությունից» հետո ու ականատեսն եղա այն միասնության եւ սիրո, որը կար մարդկանց մեջ: Ես տեսա, թե ինչպես էին մարդիկ նոր էջից գրում իրենց պատմությունը եւ թե ինչպես էին նրանք ընթանում առաջ՝ որպես ժողովուրդ: Ես ոգեշնչված ու ուրախ էի, որ հնարավորություն ունեցա ասել, որ կապ ունեմ այս հիանալի երկրի հետ եւ հպարտություն զգացի՝ այն իմ տունն անվանելու հնարավորությանս համար: 

 

Ջորջիանան Ջորջիանան

Լուսանկարը` UWC Դիլիջան

 

Այլեւս ուսանող չլինելով՝ ես քոլեջին այլ հայացքով էի նայում: Ականատես եղա բազմաթիվ մարդկանց ահռելի ջանքերի ու աշխատանքների, որոնք ներդրված են դպրոցի յուրաքանչյուր նախագծի եւ գաղափարի մեջ: Բացահայտեցի Դիլիջանը՝ այդ փոքր քաղաքը: Լսեցի հաջողության եւ ձախողման պատմություններ, որոնց  շնորհիվ Հայաստան որպես տուն եմ ընկալում: 

 

Հայաստանում ավարտեցի իմ ճանապարհորդությունը «Ավրորա» մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքներին մասնակցությամբ: Ծանոթացա ինձ երբեւէ հանդիպած ամենաոգեշնչող եւ հոգատար մարդկանց հետ, ովքեր ապացուցում են, որ բնավ էլ պետք չէ սուպերհերոս լինել՝ աշխարհը փրկելու, շատերի կյանքը բարելավելու համար: Այո, նույնիսկ ամենափոքր քայլերը կարող են բարելավել բազմաթիվ մարդկանց կյանքները: 

 

Ջորջիանան` դասընկերների հետ Ջորջիանան` դասընկերների հետ

Լուսանկարը` UWC Դիլիջան

 

Այս փորձառությունը Հայաստանն ինձ ավելի մոտ դարձրեց: Շնորհակալ են այն ժամանակի համար, որն անցկացրել եմ Հայաստանում, այն ընկերների համար, որոնց ձեռք եմ բերել եւ, իհարկե, այն հիշողությունների համար, որ ունեմ գեղեցիկ սարերով այս երկրից: 

 

Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ հնարավորությանս՝ Երեւանում վայրէջք կատարելիս Արարատը կրկին տեսնելու համար: Հավանաբար, այդ հնարավորությունը կունենամ 2019 թվականին: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին