Սալվա Նակուզի. ՀՖՀՀ-ն կրթում է ցանկացած իրավիճակում կողմնորոշվող մասնագետի - Mediamax.am

exclusive
2717 դիտում

Սալվա Նակուզի. ՀՖՀՀ-ն կրթում է ցանկացած իրավիճակում կողմնորոշվող մասնագետի


Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


2022թ. սեպտեմբերից Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) գլխավորում է ռեկտոր Սալվա Նակուզին: Լինելով ամերիկյան պատմության դոկտոր եւ Պուատիեի համալսարանի պրոֆեսոր՝ նա դասավանդել է Դեյվիսում Կալիֆորնիայի համալսարանում (ԱՄՆ), Լուիզիանայի պետական համալսարանում (ԱՄՆ), որպես հրավիրյալ դասախոս աշխատել եվրոպական մի քանի համալսարաններում:

Մինչեւ Հայաստան տեղափոխվելը Սալվա Նակուզին աշխատել է նաեւ Իրաքում, Հորդանանում ու Լիբանանում:

ՀՖՀՀ բակում հունիսյան հետկեսօրյա զրույցի ընթացքում ռեկտորը Մեդիամաքսի հետ կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով, պատմել իրականացված ծրագրերի ու, իհարկե, ապագայի պլանների մասին:      

-  Տիկին Նակուզի, մինչեւ ՀՖՀՀ-ն գլխավորելը երկար աշխատանքային ճանապարհ եք անցել, նաեւ շատ եք ճամփորդել աշխատանքի բերումով:

- Այո, փորձեմ կիսվել միայն վերջին շրջանի գործունեությամբ: Չորս տարի Իրաքում եմ ապրել, աշխատել Բաղդադում Ֆրանսիայի դեսպանատանը՝ որպես համագործակցության եւ մշակութային հարցերով խորհրդական: Այստեղ ներգրավված էի բարձրագույն կրթության զարգացման ու ֆրանսերենի ուսուցման ոլորտներում: Իրաքից առաջ երեք տարի աշխատել եմ Հորդանանում՝ կրկին Ֆրանսիայի դեսպանատանը՝ որպես բարձրագույն կրթության ոլորտի կցորդ: Մինչ այդ էլ 4 տարի անցկացրել եմ Լիբանանում՝ ղեկավարելով Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Մերձավոր Արեւելքի գրասենյակը: Այս գրասենյակին ավելի քան հազար համալսարան է անդամակցում: Մեկ տարի ապրել եւ աշխատել եմ նաեւ Բելգիայում:

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս ամենին զուգահեռ եղել եմ ու շարունակում եմ լինել ֆրանսիական Պուատիեի համալսարանի դասախոս: Եթե ամփոփեմ՝ միշտ եղել եմ կրթության ոլորտում, ու երկար ճանապարհի այսօրվա կետը Հայաստանն է՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Սա հաճելի փորձառություն է նաեւ այն պատճառով, որ այստեղ շուրջս հիանալի մարդիկ են:  

- Երբ մոտ մեկ տարի առաջ եկաք Հայաստան, Ձեր առաջի՞ն այցն էր: Ինչպիսի՞ն էին տպավորությունները:

- Իմ առաջինն այցն էր, բայց ինձ մոտ որեւէ զարմանք կամ շոկ չկար, քանի որ հայերի հետ մինչ այդ շատ էի շփվել, հատկապես՝ Լիբանանում: Հետաքրքիր է, որ ավելի շատ լիբանանահայ ծանոթներ ունեմ, քան՝ ֆրանսահայ (ժպտում է – հեղ.): Կարող եմ ասել, որ երկրի մայրաքաղաքը՝ Երեւանը, շատ հետաքրքիր է: Անկախ նրանից՝ գալիս ես Միջին Արեւելքից, թե՝ Եվրոպայից, Երեւանում հարմարավետության ու հանդարտության անբացատրելի զգացում ես ունենում: Ցավոք, դեռ քիչ եմ ճամփորդել մարզերում, բայց ձեր մայրաքաղաքը մարդու մոտ տանը լինելու զգացողություն է առաջացնում: Փորձել եմ հայերեն սովորել, բայց պետք է ասեմ՝ շատ դժվար լեզու է, ես էլ, ցավոք, բավարար ժամանակ չեմ կարողանում տրամադրել հետեւողական դասերին:

- Մեկ տարի անց կա՞ն նոր բացահայտումներ՝ երկրի, մարդկանց, ձեր ուսանողների հետ կապված:

- Օ՜, իմ ուսանողները, շատ եմ սիրում նրանց (ժպտում է – հեղ.): Նկատել եմ, որ այս սերունդն իսկապես շատ լայնախոհ է, իսկ Հայաստանում՝ առավել դիմացկուն, քան այլ երկրներում: Նրանք կարողանում են դիմակայել դժվարություններին, հաղթահարել դրանք, գտնել լուծումներ ու, հավանաբար, դրան նպաստում է միջավայրը: Սրան զուգահեռ նրանք չափազանց տաղանդավոր են: Նկատել եմ, որ մշակույթը երիտասարդներից շատերի կյանքի, մտածողության մաս է: Կարծում եմ՝ սա գալիս է ընտանիքներից: Բացահայտել եմ, որ ուսանողներիցս շատերն իրենց հիմնական մասնագիտությունից բացի, զբաղվում են երաժշտությամբ, պարով, շախմատով: Սա հիացնում է ինձ: Մշակույթին առնչվելը, դրա մաս կազմելը հայկական ընտանիքներում ավանդույթի նման մի բան է:  

- Այսօր գլխավորում եք Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, ի՞նչ ծրագրեր են իրականացվել այս մեկ ուսումնական տարում, ի՞նչ նոր անելիքներ կան:  

- Հայաստանում ֆրանսիական համալսարանն իսկապես լավագույններից է, բայց ես ինքս չեմ սիրում խոսել այդ մասին, որովհետեւ կարծում եմ՝ ինքդ քո հանդեպ պետք է քննադատ լինես՝ շարունակելով աճել ու կատարելագործվել: Բայց, իհարկե, սիրում եմ, երբ ուրիշներն են խոսում մեր լավագույնը լինելու մասին (ծիծաղում է – հեղ.):

Այսօր փորձում ենք անել այնպես, որ ՀՖՀՀ-ն համահունչ լինի աշխարհում կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, նորարարություններին:
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


2018թ.-ից համալսարանում բացվեց Կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի բաժին, այսօր ունենք նաեւ Արհեստական բանականության ոլորտում մագիստրոսական ծրագիր: Առաջիկայում պատրաստվում ենք զարգացնել նաեւ կիբերանվտանգության ոլորտում ուսուցումը: Այս դեպքում ոչ թե բակալավրիատի կամ մագիստրոսական ծրագիր ենք մշակելու, այլ՝ կարճատեւ դասընթաց, որը կլինի անգլերենով, նախատեսված ոլորտի մասնագետների համար: Համալսարանում նման դասընթացների կազմակերպումն այսօր բարձրագույն կրթության ոլորտում եղած միտումներից մեկն է: Սա կարեւորագույն գործոն է շարունակական ուսուցման համար: Այսօր բարձրագույն կրթության թիվ մեկ դրույթը պետք է լինի՝ «շարունակի՛ր սովորել»: Հնարավոր չէ ստանալ բակալավրիատի դիպլոմ ու մտածել՝ վերջ, գործն արված է, կամ ունենալ մագիստրոսի աստիճան ու բավարարվել դրանով: Աշխատաշուկա մտնելուց հետո պետք է յուրաքանչյուր տարի նոր վերապատրաստման, նոր դասընթացի գնալ, քանի որ այսօր նորարարություններն այնքան շատ են, քո շուրջն իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ պետք է սովորես անընդհատ, հակառակ դեպքում՝ ինչ-որ պահից հետ ես մնալու այս անվերջ ընթացքից:

Փոփոխվող աշխարհին համահունչ գիտելիք տալու համար պարբերաբար քննարկում ենք ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ուսումնական ծրագրերը շահառուների, համապատասխան նախարարությունների հետ: Գալիք տարի նույնն անելու ենք նաեւ մյուս բաժինների դեպքում: Այստեղ, սակայն, մի նրբություն կա՝ մենք լսում ենք աշխատաշուկային, բայց չենք բավարարվում միայն այն գիտելիքով, որի կարիքն այն ունի: Աշխատաշուկան պարբերաբար փոփոխվում է. այսօր նրանց այս մասնագետն է պետք, վաղը՝ բոլորովին այլ: Այս «մեկանգամյա» կարիքների բավարարմամբ հնարավոր չէ որակյալ ու բազմակողմանի մասնագետ կրթել: ՀՖՀՀ-ն ցանկանում է ունենալ շրջանավարտ, որը կարողանում է լավ կատարել իր գործը, նոր ճանապարհներ գտնել, խնդիրներ լուծել, աշխատել թիմում ու կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում: Սա «փափուկ» հմտությունների մասին է, որոնց զարգացման ուղղությամբ աշխատում ենք:
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին հերթին պետք է հասկանանք՝ ինչպես կրթել երիտասարդին, որ նա չվախենա կամայական նորարարությունից: Չենք կարող այսօր պատրաստել մասնագետի, որը 10 օրից հաստատ պահանջված կլինի իր այս կամ այն հմտությամբ, ամեն ինչ ամեն օր փոխվում է: Լավագույնն, ինչ կարող ենք անել՝ ցանկացած իրավիճակում կողմնորոշվող շրջանավարտ ունենալն է:

-  Նշեցիք, որ կրթական ոլորտը շատ արագ է փոփոխվում: Ինչպիսի՞ն եք տեսնում ՀՖՀՀ-ն մի քանի տարի անց:

- Հայաստանում ֆրանսիական համալսարանի ապագայի մասին պետք է խոսել առհասարակ համալսարանների ապագայի համատեքստում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհում: Այսօր շատ համալսարաններ են իրենց հարցնում՝ ինչպիսի՞ն կլինի բարձրագույն կրթությունը հինգ, տասը տարի անց: Նույն հարցը պետք է բարձրացնենք Հայաստանում: Շատ են քննարկումներն արհեստական բանականության մասին եւ համալսարանները պետք է հասկանան՝ ինչպես են գործակցելու այս տեխնոլոգիայի հետ: Մենք սովոր էինք կառավարել մեքենաներն ու այսօր արդեն մեքենաները կարող են կառավարել մեզ: Իհարկե, կարող են օգնել մեզ, բայց դրան զուգահեռ՝ պետք է պահպանենք զգուշությունը: Կարեւոր է, որ ուսանողները շարունակեն ինքնուրույն մտածել իրավիճակում, երբ մեկ կոճակ սեղմելով՝ հնարավոր է բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ: Սա կարող է վտանգել աբստրակտ մտածողության գոյությունը: Նախկինում ես հարյուրավոր հեռախոսահամարներ էի անգիր հիշում, հիմա չեմ կարողանա մտաբերել գոնե մեկը: Թվում է՝ անկարեւոր է, ինչո՞ւ հիշել, եթե սա կարող է անել քո հեռախոսը, բայց պետք չէ մոռանալ, որ սա ուղեղի համար լավ վարժանք է: Մենք պետք է անենք այնպես, որ նորարար տեխնոլոգիաների ժամանակաշրջանում մեր ուսանողները շարունակեն ստեղծարար լինել ու ինքնուրույն մտածել: Սա մեծ մարտահրավեր է ամբողջ աշխարհում ու Հայաստանը կարող է հետեւել՝ ինչպես են այս խնդրին դիմակայում այլ համալսարաններ: Կարծում եմ՝ հինգ, տասը տարի հետո, այլեւս չենք կարող ունենալ նույն համալսարաններն, ինչ այսօր:

- Վերջում ոչ պակաս կարեւորի մասին: Ժամանակ գտնո՞ւմ եք հանգստի համար, որտե՞ղ եք եղել Հայաստանում:

- Ինչպես ասացի, ցավոք, քիչ եմ ճամփորդել Հայաստանում: Առաջիկայում ամուսնուս հետ պատրաստվում ենք լինել մարզերում, տեսնել Գյումրին եւ Լոռին: Երեւանից բացի, եղել եմ Աշտարակում, Սեւանում, Դիլիջանում, Գառնիում, Գեղարդում ու Էջմիածնում: Հայաստանում չեմ կարող որեւէ սիրելի վայր առանձնացնել, քանի որ ինձ դուր է գալիս երկիրն առհասարակ: Շատ եմ սիրում փոքրիկ եկեղեցիներն, օրինակ՝ Աշտարակի 7-րդ դարի եկեղեցին:
Բնությունը հրաշալի է, բայց ես ավելի շատ ուրբանիստ եմ: Սիրում եմ Երեւանի կենտրոնը: Դուք սովոր եք ձեր քաղաքին, բայց փորձեք մի օր քայլել ու նայել օտարերկրացու աչքերով՝ բոլոր կողմերից երաժշտություն կլսեք, կտեսնեք ցայտաղբյուրներ, մարդկանց, որ զբոսնում են երեխաների հետ, մշակութային ակտիվ կյանք: Միանշանակ է, որ կա անհանգստություն Հայաստանի ապագայի վերաբերյալ: Հասկանում եմ մարդկանց, որոնք ասում են՝ երկրի մի հատվածում զվարճանում են, իսկ սահմանին լարված իրավիճակ է, բայց սեփական փորձից գիտեմ՝ սա պայքարելու ձեւ է: Մարդիկ պետք է շարունակեն ապրել, ու կյանքն է դիմակայելու լավագույն տարբերակը:  

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին