100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Մռնչացող առյուծը» - Mediamax.am

7665 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Մռնչացող առյուծը»


«Մռնչացող առյուծը»
«Մռնչացող առյուծը»

Լուսանկարը` Յուսուֆ Քարշ


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Յուսուֆ Քարշ՝  «Մռնչացող առյուծը»

Օտտավա, 1941 թվական

1941 թվականի դեկտեմբերին, ճապոնացիների՝ ամերիկյան Պիռլ Հարբորի վրա հարձակումից ու Ամերիկայի՝ պատերազմի մեջ ներգրավվելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը մեկնեց Օտտավա՝ շնորհակալություն հայտնելու Կանադային աջակցության համար: Չերչիլը ելույթ ունեցավ կանադական խորհրդարանում: Նա գաղափար անգամ չուներ, որ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին հանձնարարված էր լուսանկարել իրեն ելույթից հետո:

Հայկական արմատներ ունեցող Քարշը համարվում էր 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկը:

Հանդիպելով Քարշին՝ Չերչիլը ջղայնացավ, որ նախապես տեղեկացված չէր նկարահանման մասին: Նա վառեց սիգարն ու ասաց՝ «Երկու րոպե ունես, կարող ես միայն մեկ լուսանկար անել»:

Բոլոր լուսանկարներում Չերչիլը պատկերված է սիգարով: Քարշը չէր ցանկանում կրկնվել ու շաբլոն դարձած լուսանկար ստանալ: Քարշը նախ Չերչիլի առջեւ մոխրաման դրեց՝ այդպիսով նրբորեն ակնարկելով այնտեղ թողնել սիգարը: Չերչիլը, բնականաբար, անտեսեց լուսանկարչի ակնարկը ու նույնիսկ փորձ չարեց հանել սիգարը բերանից:

Քարշն, իր հերթին, համոզվելով, որ տեխնիկապես պատրաստ է ստանալ լուսանկարը, մոտեցավ վարչապետին ու ասաց՝ «Ներողություն եմ խնդրում, սըր» ու հանեց սիգարը Չերչիլի բերանից: Հենց դա է պատճառը, որ լուսանկարում Չերչիլի դեմքն այդքան խոժոռ է ու ջղայն:

Հետագայում, Յուսուֆ Քարշը պատմում էր, որ այդ պահին Մեծ Բրիտանիայի վարչապետն այնքան ագրեսիվ տեսք ուներ, որ թվում էր, թե կարող է ոչնչացնել իրեն.

«Հանեցի սիգարը նրա բերանից ու մինչ մոտեցա լուսանկարչական սարքին, ինձ թվաց, թե նա ինձ կուլ կտա: Հենց այդ պահին էլ լուսանկարեցի նրան»:

Բայց  վայրկյաններ անց Չերչիլը ժպտաց ու ասաց, որ Քարշը կարող է մի անգամ էլ լուսանկարել:


Ուինստոն Չերչիլը
Լուսանկարը՝ Յուսուֆ Քարշ

Նկարահանումից հետո Չերչիլը նույնիսկ սեղմեց Քարշի ձեռքը, որ անծանոթների հետ երբեք նման բան թույլ չէր տալիս ու ասաց՝ «Դուք մռնչացող առյուծին էլ կկարողանայիք ստիպել հանգիստ լուսանկարվել»: Արդյունքում Քարշն այս դիմանկարը անվանեց «Մռնչացող Առյուծը»:

Time ամսագիր
Պատրաստեց Լենա Գեւորգյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին