Արմինե Օլեյան. Թաց լավաշ - Mediamax.am

2663 դիտում

Արմինե Օլեյան. Թաց լավաշ



Թիթեղի կտորի վրա մոխիրով առաջին սովորած տառերս փորձեցի. «ՀԱՑԱՏՈՒՆ» բառը ծուռ-մուռ գրեցի: Եղբայրս մեխերը թեք ու շեղ խփեց ու քարե շինության դռնից լավաշի նմանվող լուսավոր ցուցանակն  ինքնագոհ կախեցինք:

Սարերի արանքի արտերում հայրս ու եղբայրը ցորեն էին ցանել: Ուրախությունը երկար չէր տեւել: Բալիստիկ հրթիռի նման կարկուտ էր եկել. թիրախը հասկերն էին դարձել:

Հացատան ճակատից կախված թիթեղը քամին ճոճում էր…

…Վերջապես ամբարը ցորենով լցվեց: Փոսերն արված էին, թոնիրն էր մնում:
                     
* * * 

Քաղցր խնձորներ ունեին Նադյայենք. հենց այդ ծառերի տակ մեր կավի պարկերը հերթով պառկեցին:

Լամպերի հոսքագծերի բանվորուհին անլույս ու պարապ երեկոներին կարմիր շաղախը ջրի, ձվի հետ խառնել, կավի լեզուն էր սովորել: Տարիներ առաջ կնոջ միտքը կատակով էին ընդունել ու մի լավ ծիծաղել . տատս հեգնողներին լռեցրել էր, Նադյան էլ խոստացել՝ ամենալավ գործը ընկերուհուն է տալու:
                     
* * *

Կավաստանը մեր տնից հեռու չէր: Տատիս պոչ էինք կպնում ու չգիտեմ՝ թոնրի թե՞ կարմրաթուշ խնձորների համար նրա հետեւից գնում:

Մեր այս ճանապարհորդությունների պատճառը հայրս էր. որոշել էր՝  հետսովետական ճգնաժամին հրաժեշտ տալու ժամանակն է. պետք էր հացից սկսել:  Տատս մի քանի օր ոչ ոքի հետ չէր խոսել, հետո լուռ գնացել էր ընկերուհու մոտ ու խոստումը հիշեցրել:

- Փարեն ի՞նչ բդի էնեիր,  տնաշենի մա՛րդ, - ասում էր տատս ամեն անգամ՝ հենց մենք հասնում էինք կիսաթաց թոնիրների մոտ: Գերեզմաններից մի քանի քայլ էր ներքեւ Նադյայենց տունը: Տատիս «կռիվը» ամուսնու հետ էր. հանգուցյալ պապիս թաղման ժամանակ ամենալավ կոստյումն էր ջոկել, հագցրել: Հուղարկավորել էին, հետո հասկացել` երկար կուտակած ողջ եկամուտը գրպանն են թողել:

Թղթադրամների հետ մեր գունավոր ու քաղցր կյանքն էլ էր կորել…

* * *

Հացի հերթից հորեղբայրս ձեռնունայն չէր գալիս, բայց մինչեւ երեկո միայն փշրանքներ էին մնում: Դիմանում էինք հույսով՝ «փրկությունը» շուտով կհասնի:
20 օրից կավից ծեփված, արեւից եփված հերոսն արդեն բակում էր: Հորս ու հորեղբորս հմուտ շարժումներով, մեր ծափերի ու ճչոցների տակ թոնիրը տեղն է նստում: Միայն տատս է անսովոր անշարժ…
Առաջին կրակն ենք տալիս ու նորաթուխ կավը թրծում: Տատիս գոգոնոցն եմ քաշում ու նրա կաս-կարմիր դեմքը տեսնում. երեւի օջախը նետած  այրվող ցախերի ճարճատյունից է:

* * *

Առաջ է թեքվում տատս, ուղղում սավանի նման բացված խմորը, հենվում թոնրի շուրթին, ձեռքով կավե փոսի պատին խփում: Առաջին լավաշի բույրը տարածվում է բակով մեկ, ու այն մեր ձեռքերի մեջ պատառ է դառնում: Տատիս թաց աչքերն եմ նկատում ու հաջորդ հացը պոկոտում: 
 
* * *

Քննություններս ավարտվել են, գյուղ եմ եկել :

Տատիս թելերի ճամպրուկն է աչքովս ընկնում: Մանկության հոտն եմ անհագ շնչում: Լուսանկար: Գույնզգույն թելերի կծիկների հետեւից խոշոր ու տաք աչքեր են նայում:

Հորս ամենամեծ քույրն է՝ տատիս առաջին երեխան… Տատիս անսովոր լռությունը, կարմրած այտերն ու տաք լավաշին չորացած արցունքն եմ հիշում, երբ մայրս պատմում է այդքան ժամանակ լռության մեջ կորցրած պատմությունը:

5 տեգրերի ու նրանց կանանց-երեխաների հետ նույն տան մեջ են ապրել պապենքս: Հորս բարուրն է փաթաթել դեռ ջահել տատս, երբ հարեւան սենյակից առաջնեկի ճչոցն է լսել: Մտել է ու հնգամյա աղջկա մարմինը կարմիր մոխիրով թոնիրում տեսել. երեխաներից ով ում է հրել, էլ չեն էլ խոսել:

Այդպես ուղիղ 50 տարի թոնրի մոտ չի եկել, լավաշ չի կերել տատս: Իրեն տված խոստումը այն օրը մեզ համար է խախտել՝ թոնրի դառը ծխի հետ մխացող հիշողությունները կուլ տալով:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին