Արմեն Գարո. Թիֆլիսահայերի պաշտպանը, թուրքերի «աչքի փուշը», ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպանը - Mediamax.am

exclusive
3739 դիտում

Արմեն Գարո. Թիֆլիսահայերի պաշտպանը, թուրքերի «աչքի փուշը», ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպանը


Արմեն Գարոն
Արմեն Գարոն

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

Արմեն Գարոն
Արմեն Գարոն

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

Կենտրոնում՝ Արմեն Գարոն եւ Հովհաննես Քաջազնունին
Կենտրոնում՝ Արմեն Գարոն եւ Հովհաննես Քաջազնունին

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

Արմեն Գարոյի կինը` Մարիամ Ամբրումյան-Փաստրմաջյանը որդու՝  Հրանտի հետ Թիֆլիսում, 1904 թ.
Արմեն Գարոյի կինը` Մարիամ Ամբրումյան-Փաստրմաջյանը որդու՝ Հրանտի հետ Թիֆլիսում, 1904 թ.

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

Արմեն Գարոյի կինը՝ ամուսնու շիրմաքարի մոտ
Արմեն Գարոյի կինը՝ ամուսնու շիրմաքարի մոտ

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

Դրոյի խումբը Խեչոյի և Գարոյի ներկայությամբ
Դրոյի խումբը Խեչոյի և Գարոյի ներկայությամբ

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

Ձախից աջ՝ Արմէն Գարոն, Սեբաստացի Մուրադը, Ավետիս Ահարոնյանը, Միքայել Վարանդյանը, ներքեւում՝ Վահագն Տաթեւյան, Արշակ Ներսիսյան (Սեպուհ)
Ձախից աջ՝ Արմէն Գարոն, Սեբաստացի Մուրադը, Ավետիս Ահարոնյանը, Միքայել Վարանդյանը, ներքեւում՝ Վահագն Տաթեւյան, Արշակ Ներսիսյան (Սեպուհ)

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ


«Մանչը շատ բախտաւոր աստղի տակ է ծնելու... Շատ փորձանքներ պիտի տեսնէ իր կեանքին մէջ, բայց ամէն անգամ իր աստղը զինքը պահելու է: Շատ յայտնի մարդ է դառնալու...»:

Այս գուշակությունները մի բոշա է արել՝ ասելով դրանք Գարեգին Փաստրմաճյանի (Արմեն Գարո) տատին ու հղի մորը, որը մի քանի ամիս անց լույս աշխարհ է բերել նրան:

Իսկապես, Արմեն Գարոն մեր պատմության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է եղել: «Հատուկ գործ»-ին նվիրված մեր շարքում այս անգամ անդրադառնում ենք գործողության փաստացի ղեկավարներից Արմեն Գարոյին՝ Գարեգին Փաստրմաճյանին:

Ուսումը փոխարինում է վրեժով

«Գարօն մարդ մըն էր, ամէն բանէ առաջ... Իր մէջ ամէն ջիղը, ամէն երակը կը բաբախէր հայ ժողովուրդին համար: Ոչ մէկ մտավորական նրա պես սիրելի չէր կռվող տղաների կողմից»,-Ասատուր:

Գարեգին Փաստրմաճյանը ծնվել է Կարինում 1872 թվականին, սովորել Սանասարյան վարժարանում, 1894-ին մեկնել Ֆրանսիայի Նանսի քաղաք եւ ուսանել գյուղատնտեսություն եւ քիմիա:

«Որոշակի կը պատկերացնէի ինձ այն փրկարար դերը, որ պիտի կատարէի մեր գիւղացիներուն օրինակ դառնալով: Ահա թէ ինչու որոշեցի գիւղատնտես դառնալ»:

1895-ին, երբ սկսվում են համիդյան ջարդերը, ուսանողական մի քանի ընկերներով որոշում են օգնության հասնել հայրենակիցներին:

«Լրագիրներու պատմածին նայելով՝ 300,000 հայեր կոտորուեցան այդ երկու ամիսներու ընթացքին, եւ ի փոխան այդ բոլորին, ոչ մէկ թուրքի կամ քիւրտի քիթը չէր արիւնած, բացի Զէյթունէն, որը զէնքը ձեռքին կը դիմադրէր թուրքական բանակներուն: Ես ամօթէն գետինը մտայ իմ Ֆրանսացի ընկերներուս մօտ, իսկ կատարուած ոճիրը ցնցեց իմ ամբողջ էութիւնը»:

26 հայ ուսանողով որոշում են թողնել ուսումն ու մեկնել հայ ժողովրդի վրեժը լուծելու, սակայն արդյունքում մնում են ընդամենը չորսով. «Կեանքիս առաջին դասն էր որ առի այս առթիւ: Ժողովներ, ժողովներ, ապա պոռոտախօս ճառեր...Իսկ երբ կարգը եկաւ իրական գործի, բոլորն ալ մէկ-մէկ պատճառ բերին...»:

Արմեն Գարոն Արմեն Գարոն

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ


Նամակ են գրում ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ին ու հայտնում իրենց պատրաստակամությունն օգնության հասնել հայրենիքին: Պատասխան ստանալով՝ 4 ընկերով մեկնում են Ժնեւ, հանդիպում կուսակցության ներկայացուցիչներին, այսպես նա մտնում է հեղափոխական ասպարեզ: Նամակ է գրում ընտանիքին ու հայտնում, որ ուսումը թողել է հանուն վրեժխնդրության: Հարազատները սարսափում են ու տխրում:

«Յիմարներ, փոխանակ ուրախանալու, որ, վերջապէս մեր մէջէն մէկը դուրս եկաւ այդ շուներէն վրէժ լուծելու, նստեր տղու պէս կուլաք»,-ասում է նրա հայրը:

Կուսակցության հանձնարարությամբ Փաստրմաճյանը Զեյթունի ինքնապաշտպանությանը զենքեր հասցնելու նպատակով մեկնում է նախ Եգիպտոս, ապա՝ Կիպրոս: Սակայն պաշարված Զեյթուն այդպես էլ չի կարողանում հասնել: ՀՅԴ-ից կանչում են Պոլիս, որտեղ Հրաչ Թիրեաքյանն ու Բաբկեն Սյունին արդեն ձեռնարկել էին բանկ Օտոմանի գրավումը: Գարոն մասնակցում է նախապատրաստության վերջին փուլի աշխատանքներին:

Բանկ Օտոմանի գրավումը

Արդեն Արմեն Գարո անունը ստացած` նա մինչեւ 25 տարեկան 10-12 ընկերների հետ սկսում է պատրաստել բանկի հարձակումը:

1896-ի օգոստոսի 14-ին մտնում են բանկ ու 13 ժամով գրավում են Օսմանյան կայսրության գլխավոր դրամատունը, որտեղ պահվում էին նաեւ եվրոպացի պաշտոնյաների գումարները:

Նրանք պահանջում էին, որ թուրքերը, եվրոպական երկրների միջնորդությամբ, դադարեցնեն կոտորածները, բարենորոգումներ անեն եւ ազատ արձակեն բոլոր հեղափոխականներին:

«Բանկը մեր ձեռքն էր, եւ ոչ մէկ միջամտութեան նշան չերեւաց դուրսը, իսկ մեր խելօք աղբարը՝ Վարդօն կըսէր, թէ հերիք է, որ մենք բանկին մէջ լինէինք, մէկ ժամ չանցած՝ եւրոպական զօրքը դուրս էր գալու ցամաք»:

Եվրոպական երկրներից երաշխիքներ ստանալուց հետո երիտասարդները համաձայնում են դուրս գալ ու մեկնել Ֆրանսիա: Այնտեղ 17 օր բանտում մնալուց հետո Գարոն մեկնում է Շվեյցարիա:

Թիֆլիսի հայության ինքնապաշտպանությունը

Քանի որ այլեւս չէր կարող մնալ Ֆրանսիայում, ուսումը շարունակում է Ժնեւում, ստանում բնական գիտությունների դոկտորի կոչում եւ մեկնում ԱՄՆ:

«Գարօն Ճըրզի, պիւսկիւտի գործարանի մը մէջ, քիմիկոսի պաշտօն գտաւ անմիջապէս, բաւարար շաբաթականով: Եթէ մնար, անկասկած որ մեծ յաջողութիւն կրնար ունենալ, բայց ան որոշած էր անցնիլ Կովկաս հայ ժողովուրդին ծառայելու համար: Գարօն հազիւ տարի մը մնաց ու մեկնեցաւ Ժընէվ, ուրկէ անցեր էր Կովկաս, հաստատուելով Թիֆլիսի մէջ»,- այսպես է հիշել Գարոյի ԱՄՆ մեկնելը Սանասարյան վարժարանում նրա հետ ուսանած, հասարակական գործիչ, գրող Մալխասը:

Թիֆլիս գալով նա պարտք է վերցնում ու բացում իր լաբորատորիան: Ստանձնում է ազգային-եկեղեցական կալվածքների պաշտպանությունը ցարական բռնագրավման դեմ գործը, կազմում զինատար խմբեր, որոնք զենք են հասցնում սահմանի մյուս կողմը:

1905-ին սկսած հայ-թաթարական բախումների ժամանակ Թիֆլիսի հայության ինքնապաշտպանության կազմակերպումը ստանձնում է Գարոն:

«Հակառակ այն փաստին, որ իրենք (վրացիները-խմբ.) շատ լաւ գիտէին, թէ ռուս կառավարութեան դրդումով թուրքերն էին նախայարձակները, իսկ հայերը միայն կը պաշտպանեւէին, երբեք վրացի սոցիալ-դեմոկրատ ըսուած պարոնները այս իրողութիւնը չխոստովանեցան հրապարակով, որպէսզի իրենց եւ թուքերուն յարաբերութիւնները չլարուին»:

Հայկական թաղամասի ինքնապաշտպանության հաջողությամբ կազմակերպումը ոգեւորություն է տալիս Գարոյին, սակայն վրացիների կողմից հանձնվելու առաջարկը եւ հայերի կողմից այդ ամոթալի առաջարկն ընդունելը հունից հանում է նրան. «Ես թոյլ չեմ տար, որ այսպիսի խայտառակութիւն մը տեղի ունենայ: Մեր ազգային պատիւն է դրուած սեղանի վրայ»:

Գարոն հաղթում է եւ կարողանում հասնել նրան, որ ռուսները, վրացիները եւ թաթարները նահանջեն ու հայերը հասնեն վերջնական հաջողության:

Օսմանյան խորհրդարանի պատգամավոր ու թուրքերի «աչքի փուշ»

Օսմանյան Սահմանադրության հռչակումից հետո Գարոն մեկնում է հարազատ Կարին, ՀՅԴ-ն նրա թեկնածությունն է առաջադրում եւ վերջինս այդ շրջանից ընտրվում է խորհրդարանի պատգամավոր:

Խորհրդարանում նրա գլխավոր նպատակը Արեւմտյան Հայաստանի տնտեսության վերականգնումն էր։ Նա ցանկանում էր հայկական նահանգներն ապահովել երկաթուղային ցանցով:
Ձախից աջ՝ Արմէն Գարոն, Սեբաստացի Մուրադը, Ավետիս Ահարոնյանը, Միքայել Վարանդյանը, ներքեւում՝ Վահագն Տաթեւյան, Արշակ Ներսիսյան (Սեպուհ) Ձախից աջ՝ Արմէն Գարոն, Սեբաստացի Մուրադը, Ավետիս Ահարոնյանը, Միքայել Վարանդյանը, ներքեւում՝ Վահագն Տաթեւյան, Արշակ Ներսիսյան (Սեպուհ)

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ


1910-ական թվականներից ու հատկապես 1911-ի Սալոնիկիում կայացած Երիտթուրքերի համագումարից հետո Գարոն գիտակցում է, թե ինչ հետեւանքներ է ունենալու պանթյուրքական գաղափարախոսությունը: Իսկ երբ 1912-ին սկսվում է Բալկանյան պատերազմը, նա տեսնում է, որ Սահմանադրություն կոչվածը շատ խախուտ է եւ երիտթուրքերը հայերի հանդեպ համիդյան քաղաքականություն են տանելու:

Ակտիվ մասնակցում է Հայկական բարեփոխումների քննարկմանը եւ որպես ՀՅԴ պատվիրակ հանդիպում գեներալ-տեսուչներին, որոնք պետք է հսկեին բարեփոխումների իրականացումը։

«Եթե Եվրոպան վերահսկողություն հաստատի վիլայեթների նկատմամբ, ապա 300,000-400,000 հայեր կկոտորվեն, իսկ մուսուլման բնակչությունը կշատանա: Իմացեք, թե ձեր կուսակցությունն ինչ է անում»,- ՀՅԴ-ի անդամ Վարդգեսին 1914-ին ասել են Ջեմալն ու Սայիդ Հալիմը:

Սա իմանալով՝ Գարոն բացատրություն է պահանջում, իսկ երիտթուրքերը հավաստիացնում են, թե Ջեմալը դա ասել է առանց կառավարության իմացության:

1914-ին թուրք կառավարությունն արտաքին ճնշումների ներքո վերջապես թույլ է տալիս Վանի, Բիթլիսի, Կարինի, Սվազի, Խարբերդի եւ Տրապիզոնի նահանգներում
լինեն տեղական ինքնավար վարչություններ եվրոպացի քննիչների հսկողության տակ: Նշանակվում են նորվեգացի ու հոլանդացի քննիչներ:

Գարոն սկսում է աշխատել քննիչների հետ, որոնք մեծ վստահություն էին տածում նրա նկատմամբ, սակայն Թալեաթը «քաղաքական» պատճառով մերժում է Գարոյի թեկնածությունը այդ գործում:

Իթթիհաթը սկսել էր չհանդուրժել «պօմպաճի» (նռնականետ, ռումբ գցող-խմբ.) Գարոյին եւ խորհրդարանի 2-րդ ընտրության ժամանակ այնպես է անում, որ  երեսփոխան ընտրվի թրքասեր Հովսեփ Մադաթյանը, «որը Սուլթան Համիտէն աւելի հակայեղափոխական մէկն էր»: Համիդի «հլու հպատակը» իրեն հայտարարել էր երիտասարդ թուրքերի կուսակցության անդամ:

«Սրտիս խորքին մէջ երախտապարտ եմ այդ նոյն անհամակրելի մարդուն, որ 1914-ին մէջ ընկաւ եւ իմ վերընտրութիւնը ձախողեց: Եթէ ապրիլին ես ընտրուէի երեսփոխան, Վարդգէսին եւ Զոհրապին պէս իմ ոսկորներս ալ Միջագետքի անապատներուն մէջ պիտի շաղ գային...»:

1915-ի հարվածը

Գալով Կովկաս՝ մեծ թափով լծվում է կամավորական խմբեր կազմելուն: Դառնում է Դրոյի օգնականը: Սպասում էր, որ ռուսական զորքի հետ կամավորական խմբերը կկարողանան հաղթել թուրքերին, վստահ էր, որ ազատագրելու են իր հարազատ Կարինը:
Դրոյի խումբը Խեչոյի և Գարոյի ներկայությամբ Դրոյի խումբը Խեչոյի և Գարոյի ներկայությամբ

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ


Սակայն նրա լավատեսությունն անցնում է, երբ տարածվում են զանգվածային կոտորածների լուրերը: Իմանում է նաեւ Փաստրմաճյան մեծ ընտանիքի նահատակությունը: Գարոն ցնցվում է, դառնում ինքնամփոփ:

«Հարուածն ու յուսախաբութիւնը այնքան մեծ էին, որ ինքզինքս կորսնցուցի. քունը փախաւ աչքերէս. մարդիկ գազաններ դարձան իմ աչքին. ոչ ոքի հետ խօսիլ չէի ուզեր... Քաշուեցայ Գանձակ... Օրերով սենեակէս դուրս չէի գար. երբ յոգնած կը փորձէի քիչ մը քնել, սոսկալի երազներէն վեր կը ցատկէի անկողնէս: Դիակներու անվերջ կոյտեր կերեւային աչքերուս, եւ այդ կոյտերու մէջէն կը նշմարէի իմ պաշտելի մայրիկիս գեղեցիկ աչքերը, քոյրերս ու եղբայրներս իրենց սիրունիկ փոքրիկներով, եւ բոլորի աչքերն ալ դէպի ինձ դարձած»:

1915-ի դեպքերից հետո Գարոն արդեն ռուսների նկատմամբ չուներ նույն ոգեւորությունը:

«Իսկ ռուսները, բոլորովին անտարբեր դէպի մեր ցաւերը, ճիշդ նոյն օրերը սկսան շարք մը միջոցներու դիմել՝ Տաճկահայաստանը ռուս գաղթականներով բնակեցնելու համար: Թէեւ հոգուս խորքին մէջ համոզուած էի, որ այսքան անարդարութիւն անպատիժ չէր մնալու, որ թափուած արիւնը ի զուր պիտի չանցնի եւ որ պատմութիւնը օր մը իր վրէժը պիտի լուծէ ռուսական եւ թուրքական հրէշային կայսրութիւններէն»:

ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպանը

1917-ին ազգային բյուրոյի որոշումով եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ մեկնում է ԱՄՆ ու լավ ընդունելության արժանանում Ամերիկայի կառավարության տարբեր գործիչների կողմից՝ նրանց ներկայացնելով հայերի վիճակը:

Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն»-ից իմանում ենք, որ «Պողոս Նուբարը նաեւ հեռվից աջակցություն ցույց տվեց ԱՄՆ-ում Գեւորգ 5-րդ կաթողիկոսի անձնական դեսպանին՝ Գարոյին, 1918-ին Կովկասյան ռազմաճակատը պահող հայկական զինյալ ուժերի համար ամերիկյան օգնություն ստանալու նրա փորձերում»:
 
Հայաստանի Հանրապետության հռչակումը մեծ հույսեր է տալիս նրան, ժամանակակիցների վկայությամբ անվերապահորեն հավատում էր անկախության տեւականությանը: Արմեն Գարոն նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:

Նաեւ նրա ջանքերի շնորհիվ է ԱՄՆ-ը առաջինը ճանաչում Հայաստանի անկախությունը: Լուրը «Հայրենիք»-ին Գարոն հաղորդում է Վաշինգթոնից հեռագրով. «Կեանքիս ամենաերջանիկ օրն է. Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը ճանչացաւ Հայաստանի Հանրապետութիւնը»:

«Հատուկ գործ»-ի ծնունդը

«Կեանքն այսպէս է: Լաւ-լաւ ամէնքը կը խօսին եւ կուզեն այդպէս ալ երեւալ, բայց, սովորաբար, իրենց իրական արժէքը շատ աւելի ցած է, քան ինչ որ կուզեն ցոյց տալ: Քիչերուն է տրուած լինել համեստ եւ քաջութիւն ունենալ իրենց իսկական արժէքը ցուցադրելու»:

Այդ քչերից մեկը հենց ինքն էր՝ Արմեն Գարոն: Չնայած տեսած դաժանություններին, նա դառնում է այն անհատներից մեկը, որը համարձակվում է իր վրա վերցնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին մահապատժի ենթարկելու գործողության ղեկավարությունը:
Կենտրոնում՝ Արմեն Գարոն եւ Հովհաննես Քաջազնունին Կենտրոնում՝ Արմեն Գարոն եւ Հովհաննես Քաջազնունին

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն թույլատրություն է տալիս «Հայրենիք»-ի խմբագիր Շահան Նաթալուն` որպես Միջին Արեւելքի թղթակից, մեկնել Պոլիս։ Հենց այս երկուսն էլ կարճ ժամանակ անց դառնում են «Հատուկ գործ» կամ «Նեմեսիս» գործողության ղեկավարներից: Թերեւս նրանք հասկացել էին, թե որքան միանման գաղափարներ ու նպատակներ ունեն եւ լծվել էին «Հատուկ գործ»-ը կյանքի կոչելու ծրագրին:

1919-ին Գարոն գտնվում էր Փարիզում եւ մասնակցում էր խաղաղության վեհաժողովին:

«Շատերուն համար ի՞նչ արժէք ունէր հայկական փոքրիկ հարցը, երբ համամարդկային հսկայ հարցերն էին դրուած սեղանին վրայ»:

Նա հունիսի 4-ին ՀՅԴ ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտե գաղտնի նամակ է ուղարկում:


«Մի քանի բառ այն մասին, որ դուք շատ կարեւոր եք համարում եւ որի մասին ես այսքան ժամանակ ոչինչ չեմ գրել: Նկատի ունեմ գործին առնչվող ծրագիրը: Մենք այստեղ շատ երկար քննարկումներ ենք ունեցել, որոշվել է, որ ինձ պետք է ուղարկեն Շվեյցարիա, որտեղ ես այս ծրագիրը պետք է ի կատար ածեմ մի ընկերոջ հետ: Դուք շատ լավ գիտեք Եվրոպայում մեր տեղաշարժվելու դժվարությունների մասին: Միայն Շվեյցարիան է, ուր կարող ենք հեշտությամբ գնալ եւ այնտեղ կազմակերպել մեր գործը: Հենց այնտեղ է, որ պետք է գնենք մեզ անհրաժեշտ իրերը: Ես դեռեւս ի վիճակի չեմ թողնել Փարիզը, բայց հույս ունեմ, որ կամ մինչեւ ամսվա վերջ կամ հուլիսի սկիզբ կկարողանամ այս հարցը կարգավորել ու մեկնել: Պատրաստվելու համար  կենտրոնական կոմիտեին խնդրում եմ դուրս գրել 50 հազար ֆրանկի չեկ, որն արդեն իսկ նախատեսված էր բյուջեով: Այն Անտոն Բոյաջյանի անունով պետք է ուղարկվի Ժնեւի դաշնակցության բյուրո այնպես, որ իմ հասնելուն պես փոխանցեն ինձ»:

Հունիսի 16-ին Գարոն վերաձեւակերպում է իր խնդրանքը մի ուրիշ նամակում, որը նույնպես ուղարկում է Բոստոն՝ Կենտրոնական կոմիտե:

«Այժմ, երբ մենք արդեն մի քանի համակիր ընկերներ ունենք Փարիզում, ես կարող եմ մեկնել Փարիզից ու ինձ ամբողջապես տալ այս նվիրական գործին»:

Պատժել ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրագործողներին

Այդ «կարեւոր գործը», որի մեջ ամբողջովին ընկղմված էր Գարոն, Երեւանում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընթացող ՀՅԴ Ընդհանուր 9-րդ ժողովի փակ օրակարգում էր:

Նա այդ ժողովին չի մասնակցել, քանի որ ԱՄՆ-ում էր: 1919-ի հոկտեմբերին Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ հայկական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ եւ ունենում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ: Դեկտեմբերին ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայացուցիչների համար տրված ընթրիքի մասնակիցների ցանկում է նաեւ դեսպան Արմեն Գարոն:

Երեւանի 9-րդ ժողովում Գարոյի հույսը Բոստոնի ներկայացուցիչներն ու հատկապես իր աջ ձեռք Շահան Նաթալին էին, որոնք փակ դռների հետեւում ներկայացնելու էին «Հատուկ գործ» ծրագիրը:

Այստեղ գերգաղտնի որոշում է կայացվում հայտնաբերել եւ պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրագործողներին: Արմեն Գարոն, Շահան Նաթալին եւ Ահարոն Սաչակլյանը դառնում են «Հատուկ գործ»-ի փաստացի ղեկավարները:

Հենց Գարոն էր վերահսկում գործողության ողջ ընթացքը, ընտրում վստահելի մարդկանց, ովքեր համալրում էի իրենց շարքերը:

«Նեմեսիս»-ի կարեւոր հանդիպումներից մեկը՝ Թեհլիրյան-Գարո

1920 թվականի հոկտեմբերին Սողոմոն Թեհլիրյանն ուղեւորվում է ԱՄՆ: Բոստոնում նա այցելում է «Հայրենիք» թերթի խմբագրություն, հանդիպում հին ընկերոջը՝ Համո (Համազասպ) Բարաղամյանին, ծանոթանում այլ հայերի հետ:

«Ամերիկայի հայութեան մէջ հասունացել էր այն միտքը, թէ հայերը սեփական միջոցներով պէտք է պատժեն թուրք ջարդարարներին: Այս մտայնութեան ոգին էր Արմէն Գարոն, որի նախաձեռնութեամբ յատուկ Ֆոնտ էր ստեղծուած եւ յատուկ աշխատանք էր կատարւում»,-իր հուշերում գրել է Թեհլիրյանը:

Նա իմանում է, որ ինչի մասին երազում էր գիշեր ու ցերեկ, Բոստոնում արդեն «կենդանի գործ էր դարձուած: Արմէն Գարոյի ղեկավարութեան տակ կատարուել էր նախնական ահագին աշխատանք»:

Գարոյի հետ ծանոթությունը Թեհլիրյանին շատ հարցերի պատասխաններ է տալիս: Նա հասկանում է, որ Թալեաթին գտնելու եւ վերացնելու մղումներ միայն ինքը չէ, որ ունի:

«Բարի, բոլորանուէր առաջնորդը, իմանալով որ ես եմ Փարիզից եկողը, միանգամայն մտերիմ, սրտաբաց, անկեղծ, հայրական գորովով ու եղբայրական ջերմութեամբ ձեռքս թօթուեց: Արմէն Գարոն պատկերանում էր ինձ իբրեւ մարդկային կատարելութիւն: Ես չէի սխալւում. նա ծնած էր այդպէս՝ առաքինի, վճիտ եւ բիւրեղ»:

Սողոմոնը Գարոյից իմանում է, որ ԱՄՆ-ից Փարիզ է մեկնել «Նեմեսիս»-ի անդամներից մեկը (Շահան Նաթալին-խմբ.): Այժմ «այդ մեկը» գտնում էր, որ անմիջապես գործի անցնել է պետք ու գնացել էր Շվեյցարիա. «Գարոն գտնում էր, որ հետախուզական նախնական աշխատանքները այդ անձը կարող է մինակ կատարել՝ կարիքի դէպքում դիմելով տեղական ուժերի աջակցութեան, իսկ ես պետք է մեկնիմ այն դէպքում, երբ պարզուի, թէ ուր է Թալէաթը՝ Ժընեւո՞ւմ, թէ Բերլինում»:

Գարոյից նա ստանում է հրահանգներ, Թալեաթի, ինչպես նաեւ այլ թուրքերի լուսանկարներ: Թեհլիրյանին համակում է ներքին հրճվանք, հասկանում է, որ «գործը գտնւում է կարող մարդկանց ձեռքում եւ արդեն դրուած է շիտակ ճամբու վրայ»:

Երբ Գարոն սկսում է պատմել Թալեաթի հետ իր վերջին հանդիպման մասին, բոլոր հավաքվածները եւ հատկապես Թեհլիրյանը մեծ ուշադրությամբ սկսում են լսել: Թեհլիրյանը գրում է, որ Գարոն կարծես ինքն իրեն դատապարտում էր ու շատ ընկվաճ տեսք ուներ: Սակայն հրաժեշտից առաջ ասում է.

«Անցեալը թողնենք, նայինք գալիքին: Շատ պիտի ուզէի աչքս ետեւս չմեռնել, մեր այս ծանր օրերուն այդ ճիւաղի (Թալեաթի-խմբ.)մահը մեծագոյն մխիթարութիւնը պիտի ըլլար հայութեան համար...»:

Կարճ ժամանակ անց Թեհլիրյանը որպես ուսանող արդեն Բեռլինում էր ու նախապատրաստվում էր Թալեաթի մահապատժին:

Գարոյի ընտանիքը

«Գարօն չճանչաւ գրեթէ ընտանեկան յարկը, չկրցաւ վայելել մտերիմներու մօտիկութիւնը: Իր կեանքին մնացեալ մասը նուիրեց իր իտէալին, իր երազներուն»,- Սուրեն Գյոնջյան:

Արմեն Գարոն ամուսնացել է համալսարանի ուսանողուհի շուշեցի Մարիամի հետ: Ունեցել է մեկ որդի՝ Հրանտը, որը ծնվել է 1904-ին Թիֆլիսում: Եղել է Ժնեւի համալսարանի դասախոս: Գրել է մի շարք ֆրանսերեն գրքեր, որոնցից ամենահայտնին «Հայոց Պատմությունն» է, այն թարգմանվել է նաեւ հայերեն: Հրանտ Փաստրմաճյանը մահացել է 50 տարեկանում սրտի կաթվածից:

Արմեն Գարոյի կինը` Մարիամ Ամբրումյան-Փաստրմաջյանը որդու՝  Հրանտի հետ Թիֆլիսում, 1904 թ. Արմեն Գարոյի կինը` Մարիամ Ամբրումյան-Փաստրմաջյանը որդու՝ Հրանտի հետ Թիֆլիսում, 1904 թ.

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ


Գարոյի հայրական մեծ ընտանիքից Ցեղասպանությունից փրկվել է միայն կրտսեր եղբայրը՝ Վահան Փաստրմաճյանը, որը Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի սպա է եղել, ապա տեղափոխվել ու ապրել է Փարիզում:

Այդպես էլ մուրազին չհասավ

Հայաստանի անկախության կորստից հետո Արմեն Գարոյի առողջությունը վերջնականապես քայքայվում է: Կյանքի վերջին տարիներն ընկճված ու ֆիզիկապես հյուծված է լինում:

«Մուրատիս պիտի չհասնի՞մ արդեօք, Ախլաթի մեջ ագարակ մը, քանի մը կովեր, քանի մը հաւ եւ քանի մը ձի պահել: Բնութեան մօտիկ, կեղծիքէ հեռու, հալալ վաստակով ապրիլ: Հերի'ք այսքան թափառեցանք: Աչքերնիս Հայաստանի մէջ պէտք է փակենք»:

1922-ի հոկտեմբերին մեկնում է Ժնեւ կնոջ ու որդու մոտ: 1923-ի մարտի 23-ին 51 տարեկանում սրտի հիվանդությունից մեռնում է այնտեղ, որտեղ քառորդ դար առաջ սկսել էր իր հեղափոխականի կյանքը:

«Խեղճ Գարօ: Աչքերը փակեց օտարութեան մէջ: Ասիկա թերեւս իր ամէնէն ծանր ցաւն ու տառապանքը եղաւ»,- գրել էր «Հայրենիք» ամսագիրը:

Արմեն Գարոյի պատգամը գալիք սերունդին

«...Երկու բան ունիմ ձեզմէն խնդրելիք. առաջին՝ չմոռնաք ձեր աչքերուն առաջ կատարուած դէպքերուն արժէքն ու նշանակութիւնը եւ զանոնք հաւատարմութեամբ փոխանցէք ձեր յաջորդ սերունդներուն, եւ երկրորդ՝ արժանի յաջորդները լինիք այն մեծ սերունդին, որ ձեզ համար պատրաստեց աշխարհիս բարիքներէն ամենաթանկագինը՝ Ազատ Հայրենիքը:
Արմեն Գարոյի կինը՝ ամուսնու շիրմաքարի մոտ Արմեն Գարոյի կինը՝ ամուսնու շիրմաքարի մոտ

Լուսանկարը` ՀՅԴ Թանգարան-հիմնդարամ


Այսօր նոր շրջանի մը առաջ ենք կանգնած եւ պէտք ունինք նոր սերունդի մը՝ սկսուած աշխատանքը շարունակելու համար, բայց բոլորովին այլ պայմաններու մէջ, եւ այդ դերը ձեզ է վիճակուած, մեր թանկագին որբուկներ:

Ես գիտեմ, որ շատ հեշտ չէ ձեր կատարելիք աշխատանքը-վերաշինել քար ու քանդ եղած մեր հայրենիքը եւ հայութեան այս բազմազան բեկորներէն ստեղծել միաձոյլ եւ ուժեղ պետութիւն մը Արեւլեքի այդ դաժան պայմաններուն մէջ:

Դէ, շուտ ըրէք, մեծցէք, որ ձեր արդար ժառանգութեան տէր դառնաք եւ մեզ ազատէք այդ լուրջ վտանգէն: Բայց մի մոռանաք ձեր մեծ եղբօր խնդիրքը՝ չմոռանալ անցեալը, մանաւանդ թափուած արեան արժէքը, եւ արժանի յաջորդները լինիլ այն սերունդին, որ ձեզ այսպիսի մեծ ժառանգութիւն թողուց»:

Վաշինգթոն, 1920-ի փետրվար

Գոհար Նալբանդյան

Հոդվածում արվել են մեջբերումներ Արմեն Գարոյի «Ապրված օրեր», Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ», Ժակ Դեռոժիի «Opération Némésis», Գաբրիել Լազյանի «Յեղափոխական դեմքեր», Մալխասի «Ապրումներ», Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն», Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի «Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis» գրքերից եւ «Յեղափոխական ալպոմ» մատենաշարից:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին