[Շարժում 1988/25]. Վանո Սիրադեղյանը`«շարժման ասպետը» - Mediamax.am

exclusive
33641 դիտում

[Շարժում 1988/25]. Վանո Սիրադեղյանը`«շարժման ասպետը»


Վանո Սիրադեղյանը:
Վանո Սիրադեղյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Աշոտ Մանուչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Աշոտ Մանուչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը եւ Ալեքսան Հակոբյանը:
Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը եւ Ալեքսան Հակոբյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:


Երբ [Շարժում 1988/25] հատուկ նախագծի համար զրուցում էինք Աշոտ Մանուչարյանի հետ, նա այսպիսի բնորոշում տվեց Վանո Սիրադեղյանին` ««Ղարաբաղ» կոմիտեում նա հայ ժողովրդի հավաքական կերպարն էր»:

«Կարող էինք երկար ինչ-որ հարց քննարկել, դժվարությամբ համաձայնության գալ, մեկ էլ գալիս էր Վանոն, լսում էր ու ասում. «էս ինչ ախմախ բան եք մտածել»: Եվ մենք հասկանում էինք, որ ժողովուրդը այդ որոշումը չի ընդունի», - պատմում է Աշոտ Մանուչարյանը:

Քանի որ այսօր Վանո Սիրադեղյանի հետ խոսելու հնարավորություն չունենք, որոշեցինք պատրաստել մի նյութ` տարբեր տարիներին ու տարբեր առիթներով նրա հարցազրույցներից:

Ձգտումների մասին

Ես երբեք որեւէ գլոբալ բանի չեմ ձգտել, դա իմ անձին հատուկ չէ: Սակայն ստացվեց այնպես, որ, միեւնույն է, ես հսկայական իրադարձությունների մասնակիցը դարձա: Եթե դա չլիներ, ես կրկին կյանքիցս գոհ կլինեի` գրական աշխատանքից, երեխաներիցս: Հիմա առավել գոհ եմ: Այնպես որ, կարող եք համարել, որ ես կայացել եմ:

Գրելու մասին

Երբ սկսվեց շարժումը, ես դեռեւս մեկ անավարտ ստեղծագործություն ունեի, որն ավարտել եմ 1988-ի մայիսին` Սումգայիթյան իրադարձություններից հետո, այսինքն` այդ ժամանակ դեռեւս վերջնականապես չէի դուրս եկել գրականությունից: 

Իհարկե, որոշ թախիծ կա: Բայց հիմա մտածում եմ գրականության մասին այնքան, որքան, օրինակ, բանկի կառավարիչը կամ գնացքի վարորդը, որը կարծում է, որ երբեւէ մի բան կգրի: Այսօր ես անցյալը բոլորովին այլ կերպ եմ ընկալում: Գրելու համար մարդը մանկուց պետք է աշխարհի որոշակի գեղագիտական ընկալում ունենա: Իսկ հիմա ինձ մոտ 5-6 տարի լիովին ձախողում է այդ տեսանկյունից, եւ կրկին գրել սկսելու համար ես պետք է «դուրս» գամ այս կյանքից, մի քանի տարի նախկին կյանքով ապրեմ, միջավայրը գեղարվեստական տեսանկյունից ընկալելու նպատակով:

Իր` հակասական կերպար լինելու մասին

Կփորձեմ այս կերպ բացատրել. ժողովուրդը, եթե կարելի է նման կերպ արտահայտվել, բաշխում է դերերը եւ յուրաքանչուր քաղաքական գործչի մեջ կենտրոնացնում որեւէ հատկանիշ, որն առանձին բնորոշ է բոլոր մնացածներին: Նախագահը վստահություն եւ հանգստություն է մարմնավորում, Վազգեն Սարգսյանը`անձնազոհություն… Իսկ ինձ որոշակի հակասություն է բաժին ընկել… 

Վազգեն Սարգսյանը` Վանո Սիրադեղյանի մասին. «Վանոն շարժման ասպետն ա, բայց երբեք շարժման Ռոբեսպիերը չի»

(հատված հայտնի խնջույքի ձայնագրությունից, որը տարածվել էր 1996 թ. նախագահական ընտրություններից հետո: Խնջույքում Վանո Սիրադեղյանը, մասնավորապես, ասել էր. «Ամերիկայի մերն էլ ք…, Քլինթոնի մերն էլ»):

Վանոն շարժման ասպետն ա: Ուրեմն մի տարվա ընթացքում մենք կարող են 4-5 անգամ Վանոյի նկատմամբ էդ բառը փոխել, բայց մեկ ա, Վանոն շարժման ասպետն ա: Բայց երբեք շարժման Ռոբեսպիերը չի, Փառք Աստծու: Որովհետեւ ինչքան էլ ինքը դաժան լինի իր չափումների մեջ, մեկ ա , ինքը դահիճ չի: Վանոն շատ լավ ընկալում, շատ լավ հասկանում ա բոլորին: Ու իրա զգացողությունը էնքան նուրբ ա, էնքան զգայուն, որ երբեք թույլ չի տա ո՛չ Լեւոնին, ո՛չ Բաբիկին, ո՛չ ինձ, որ շարժումը տանենք այլ ուղղությամբ: Չնայած ինքն էն պաշտոնին ա, որ դաժան պետք ա լինի: Սա միանշանակ ա:    

Ընկերների մասին

Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ կյանքիս որոշ փուլերում կորցնում էի հին ընկերներիս: Իհարկե, վատ է մոռանալ հին ընկերներին, սակայն այդ առումով ես իմ տեսությունն ունեմ, որի իմաստը հետեւյալն է. երբ բարձրանում ես սոցիալական տեսանկյունից, այն մարդկանց քանակը, որոնց հետ շփվում ես, բնականաբար, աճում է: Սակայն իմ տեսակի մարդու շփման էներգիան սահմանափակ է: Շարժման սկզբում ես դեմքով շուրջ 20 000 մարդ էի ճանաչում: Անուններով` մի քանի հարյուր, սակայն նման կերպ երկար չէր կարող շարունակվել: Այդ ժամանակահատվածում ես մոռացա կամ ինձանից հեռու գնացին իմ մանկության ընկերները, համակուրսեցիները: Ես ուղղակի չէի կարող նման լարվածության դիմանալ: Ժամանակին գրական շրջապատի ընկերներս երկրորդ պլան մղեցին մանկությանս ընկերներին, իսկ Շարժման տարիներին` Շարժման ընկերները ետ մղեցին գրող-ընկերներիս: 

Այո, ես այդ մարդկանց իմ ընկերներ եմ համարում, սակայն ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս եւ ինքս նախագահին ընկեր չեմ համարում, քանի որ «նախագահ» հասկացությունը շատ բարձր է: Ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է դադարի ընկեր, եղբայր, տեքր լինել… Իսկ մնացածների հետ մենք ընկերներ ենք, եւ ես ուզում եմ հուսալ, որ ոչ մեկս մինչ օրս չի փոշմանել այդ ընկերության մասին:


Լուսանկարը` Ֆոտոլուր:

Հեղափոխության մասին

Մեկ անգամ հեղափոխությանը մասնակցողը նորմալ մարդ է, երկրորդ անգամ մասնակցողը՝ հիմար:

Վերջում իշխանությունը հանձնվեց

Հիմնականում բոլոր կատարողների, նախարարների մեծ մասը չի ապրում Հայաստանում: Վազգեն Մանուկյանի կաբինետից սկսած: Այն ժամանակ էլ կարելի էր ասել, որ մեր պետության, պետականության վարկանիշի ամենախոցելի գործոնն էր, որ քո նախարարը երկու ամիս աշխատելուց հետո թողնում-գնում է երկրից: Դա ինչ է նշանակում. Ո՛չ նախարարը վստահություն ունի պետության վրա, ո՛չ իշխանությունը՝ նախարարի: Այնքան կուտակվեցին այդ օրինակները, որ վերջում իշխանությունը հանձնվեց:

Սեփականաշնորհման մասին

Սեփականաշնորհման ընթացքում պետական սեփականության քիչ մասն էր մնացել այս իշխանությանը. այլ է, երբ ամբողջ սեփականությունը կառավարության տրամադրության  տակ է: Այժմ գրեթե չկա պետական սեփականություն, չէ՞: Բոլոր լծակներն անցել էին մեզ: Մաֆիա չի լինում պետության մեջ, եթե նա առնչություն չի ունենում նրա հետ: Եթե պետությունը չուզենա՝ մաֆիա չի լինի: Մաֆիան ծնվում է պետության եւ հանցավոր տարրերի համագործակցությունից: Փող աշխատողները կամ գողացողները, ինչպես ուզում եք ասեք, լծակներին տիրացողները իշխանությունից չեն գնում, եւ այս վերջին դեպքում էլ: Ես այստեղ օրինաչափություն եմ տեսնում, երբ խոսքը խորհրդային երկրների մասին է: Եվ ոչ միայն: Նրանք մնում են իշխանությանը մոտ, որովհետեւ նրանց էլ է դա ձեռնտու, իշխանությանն էլ: Այդպիսի մարդկանց չես կարող տեղաշարժել: Խոսքը լուրջ գողերի մասին է: Թե չէ փոքր-մոքրերը: Մեկը գնում է, մեկը փախչում է, մյուսը՝ թռչում: Բայց հիմնականը մնում է: Եվ կոմունիստներից հետո հիմնական գողերը մնացին իշխանության մեջ, կամ լծակների մոտ, եւ այժմ էլ մնացել են:

Աշոտ Մանուչարյանի մասին

Ես ափսոսում եմ Աշոտ Մանուչարյանի դեմ կամպանիայի համար: Ուզում եմ արդարացնել իմ այն ժամանակվա պահվածքը, թե շատ անբասիր պետություն ենք կառուցում, որ մեր ընկերների շրջապատում չպետք է լինեն մարդիկ կամ նրանց արարքները, ինչի մասին մեր մտքով չէր անցնում 1988 թվականին: Ափսոսում եմ, երբ դրանից հետո եկան ավելի վատ բարքերը, մարդիկ, որոնց մասին այն ժամանակ խոսում էին, դրանք անմեղ հրեշտակներ դուրս եկան:


Աշոտ Մանուչարյանը եւ Լեւոն Տոր-Պետրոսյանը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

Հայերի մասին

Չեմ կարծում, որ հայերն այդքան տարբեր են մյուս ժողովուրդներից… գուցե մի ժողովուրդ էլ կա, որ թաղումը ճոխ է անում, ասենք՝ Լատինական Ամերիկայում: Մի բան, ինչ բացասական գիծ, որ ունի, որը համամարդկային չէ, զուտ հայկական պետական կազմավորում չունենալն է, իշխանությանը ոչ թե հարգելն է, այլ վախենալը: Ուրանա, որ դավաճանի զանգվածաբար, ամբողջ հոգով, դավաճանի ընկերոջը, բարերարին, նախկին ղեկավարին:

Հրանտ Մաթեւոսյանի չգրելու մասին

Հրանտն ինքն էլ կխոստովանի երեւի, որ հայրենիք է կորցրել: Նրա եւ այդ սերնդի հայրենիքը Սովետական Միությունն էր: Միջակությունները էլի կարող էին գրել ինչ-որ գրքեր, ոնց որ ստերիլ գրում էին, որ չէիր հասկանում՝ որ երկրում, որ քաղաքում է ապրում… դա անհեթեթություն է, դա գրականություն չէ, չխոսենք դրա մասին: Հրանտը, իրոք, կորցրել է այն երկիրը, որի մասին գրում  էր: Հիմա նա չգիտի՝ ինչ երկրում է ապրում, ում համար է գրում: Նա գրում էր նկատի ունենալով նաեւ ռուս, բելառուս, ուկրաինացի ընթերցողին, թարգմանվում էր: Գրում էր Սովետական Միության գրական մթնոլորտում եւ աշխարհում երեւի չկար այդպիսի բարձր, գրականացված մթնոլորտ, գրական կյանք: Այնտեղ Այթմատովն էր, Մեժելայտիսը, Ռասպուտինը, Շուկշինը, Աստաֆեւը, Բիտովը… Այդ գրական հզոր մթնոլորտում նա իրեն շատ լավ եւ հավասար էր զգում: Գրականագիտություն, գրաքննադատություն կար… Բոլոր դեպքերում ժողովրդի համար չեն գրում, այլ գրում են գրական մթնոլորտի մեջ՝ գրական մթնոլորտի համար, եւ դա շատ նուրբ, տրոփող կապ է: Այդ մթնոլորտը վերացավ, եւ ինքը Հայաստանի գրական մթնոլորտի համար շատ մեծ գրող է, որպեսզի գրի:

Արձակի եւ բանաստեղծության մասին

Մեր բանաստեղծների համար միշտ էլ ավելի հեշտ է եղել, որովհետեւ արձակը էպիկական ժանր է, իսկ պատմության մեջ էպիկականություն իրոք չի եղել: Եթե Դեմիրճյանը գրեց «Վարդանանք»-ը, դա դեռ ոչինչ չի նշանակում: Հայոց ամբողջ այրուձին, ամբողջ մարտական հզորությունը, ազնվականությունը ջարդվելուց հետո դա հերոսականությու՞ն էր: Մոռանում ենք, որ Դեմիրճյանն այդ վեպը գրեց Հայրենական պատերազմի տարիներին՝ հայ սովետական զինվորի հերոսականությունը, մարտական ոգին բարձրացնելու հրահանգով: Գնաց, գտավ մի բան, դրանից սարքեց մի պատմություն, անունը դրեց հաղթանակ, վկա կոչելով Եղիշեին:   

ՀՀՇ-ի մասին (1997թ. հունիս)

ՀՀՇ-ն գոնե մյուս հազարամյակում մի ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում արժի, որ լինի օպոզիցիա՝ սթափվելու, մաքրվելու համար: Բայց մինչ այդ, կարծում եմ, այնուամենայնիվ, հնարավորություն կա առողջ մթնոլորտ ստեղծել ՀՀՇ-ում: Համոզված եմ՝ գլխավորն առողջ մթնոլորտ ստեղծելն է: Մնացած պոտենցիալը՝ մտավոր կարողությունը, քաղաքական փորձը, գաղափարին հավատարմությունը հիմնականում կա: Իհարկե, ինչպես ամեն իշխող կուսակցություն, բազմաթիվ պատեհապաշտներ է ներգրավել իր մեջ: Բնականաբար, առաջին երկու տարին անցնելուց հետո մի ամբողջ կոմերիտական եւ կոմունիստական նոմենկլատուրա մտել է կազմակերպության մեջ, որոնց կարիերան կոմունիստների օրոք կիսատ էր մնացել:
Բայց դա էլ  նորմալ է, բոլորն էլ հայ են, անցել է այդ շրջանը:


Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը եւ Ալեքսան Հակոբյանը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

Կազմակերպության մեջ են մտել նաեւ այն մարդիկ, ովքեր ոչ մի սիստեմի օրոք քաղաքական ասպարեզ չպիտի լինեին: Միայն էսպիսի անցումային խառնակ շրջանում են նմանները հայտնվում: Կարծում եմ, ՀՀՇ-ն ուժ կգտնի ազատվելու դրանցից: Ուժ կգտնի եւ կվերադարձնի այն մարդկանց, ովքեր գաղափարական տարաձայնություններ չունեն կազմակերպության հետ՝ պետություն կառուցելու խնդրում, Ղարաբաղի հարցում, բայց հեռացել են զուտ այս քաղաքական վեճերի, անձնական հարաբերությունների փչացման հետեւանքով: Իհարկե, մի քանի հոգի կան, ովքեր երբեք չեն վերադառնա՝ թշնամանքի վերածված անձնական հարաբերությունների պատճառով: Կարծում եմ, շարժման բավականին շատ տղաներ եւ լուրջ տղաներ, մտավորականներ, որոնք մի քիչ հուշտ լինելով կազմակերպության զարգացման կուսակցականացված բյուրոկրատական բնույթից, որն անխուսափելի է, հեռացել են: Ես չեմ ասում, թե շարժման բնույթը պետք է վերականգնել: Բայց այնուամենայնիվ, հնարավորություն կա, որ կազմակերպությունը չկարծրանա, որպեսզի մարդիկ, որոնք բնույթով կուսակցական չեն, բայց գաղափարներով մոտ են կազմակերպությանը վերադառնան կազմակերպություն: Չպետք է թույլ ալ, որ քաղաքական կազմակերպության աշխատանքին տոն տա կուսակցական բյուրոկրատիան, որ դժվարագույն խնդիր է: Բայց բաներ կա, որ ժամանակ առ ժամանակ պետք է նորոգել, կանգ առնել եւ սթափվել: Դա չի նշանակում «չիստկա անել», դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Թարմ ուժեր են պետք: Թարմ ուժի գալով, մթնոլորտը միանգամից կփոխվի: Սերնդափոխություն է պետք:

Շուտ ծերացանք ու չհասկացանք, որ մեզնից հետո («Ղարաբաղ» կոմիտեի անդամներս միջին 50 տարեկան ենք արդեն), 25-30 տարեկան տղամարդիկ կան, որոնք նույնիսկ մոտ չեն եկել այս կուսակցության, իշխանության ոլորտներին: Այնինչ ուժը, փաստորեն, մտավոր, ֆիզիկական թարմ ուժը, օրական 14-20 ժամ աշխատելու ընդունակ ուժն այդ սերնդի մեջ է:
 
Այս հրապարակման պատրաստման համար օգտագործվել են Վանո Սիրադեղյանի հետեւյալ հարցազրույցները`«Մաքսիմում» շաբաթաթերթում (1994թ. մայիս), «Նոյան Տապան» գործակալությանը (1998թ. հոկտեմբեր), «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին (1997թ. հունիս), «Առավոտ» օրաթերթին (1998թ. մայիս):

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին