Արփինե Սահակյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

1721 դիտում

Արփինե Սահակյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Արփինե Սահակյանը
Արփինե Սահակյանը

Կանք և շատանում ենք, այո, մեր դարավոր թշնամի հարևանի քթի տակ էլ պետություն ենք կերտել, որը մանրիկ քայլերով, դանդաղորեն զարգանում է՝ չնայած  պատերազմին, տնտեսական խնդիրներին,  խաղաղ օրերին՝ հաճախ  պառակտված, սակայն վտանգի դեպքում՝ միասնական բռունցք դարձած իր ժողովրդով, հազարամյա մշակույթով, լեզվով: Երբեմն ասում են, որ այսինչ պետությունը 1000 տարվա պատմություն ունի, ինչ դարավոր մշակույթ...:

Եկեք խոսենք, օրինակ,  7 հազարից: Սակայն չպետք է մոռանանք, որ ոչ ոք չի ընտրում իր ազգը, ուստի միայն հպարտանալ հնագույն պատմությամբ և  այդ ժողովրդի համար ոչինչ չանել՝ ուղղակի հանցագործություն է, այդ դեպքում հպարտությունը չէ, որ խոսում է, այլ դատարկ պարծենկոտությունը:

Վերջին 1500 տարին ապրեցինք՝ քրիստոնեական հավատով, որի ծեսեր համեմված են հայոց, հայեցի հեթանոս աստվածների պաշտամունքի վերապրած տարրերով, զարմանալի աննկուն ոգով, մտքի զարմանալի թռիչքով ու քարից հաց քամելու տարօրինակ կարողությամբ: Ապրում էինք բարդ պայմաններում, գոյատևում, մինչև մեր գլխին կախվեց ահարկու 1915-ը: Եվրոպաներում կրթված  մի խումբ քոչվորների աննորմալ ուղեղներում ծնված Մեծ Թուրանի գաղափարին փորձեցին զոհել մի ժողովուրդ: Դե իրենց համար դա ի՞նչ է որ:  Չէ որ  նրանց համար մի ցեղ ավել, մի ցեղ պակաս...:  Բայց մենք պայքարեցինք՝ պայքարով ձեռք բերելով ապրելու իրավունքը: Այս անգամ, սակայն, կորուստը շատ  էր մեծ...  Տիգրանյան պետության 9/10-ը:

Մենք զարմանալի ազգ ենք,  այո:  Այդ օրերից անցել է 100 տարի: Զարգանում ենք, շինում մեր պետությունը, ծաղկեցնում 600 տարվա ընթացքում առաջին անգամ հետ  բերած մեր մի թիզ հողը՝ Արցախը: Սակայն  զարգացումը խաթարվում է այն մտքից, որ ինչ-որ հեռավոր, օտար ղեկավար է կառավարում մեզ, որ ոչ թե մեր ծոցից ելած, այլ հյուսիսում կամ արևմուտքում ինչ-ինչ ուժեր են որոշում մեր ապագան, լինել-չլինելը: Որ մեր հերոսների արյունով ջրված այդ հողը ինչ-ինչ ուժեր կարծես մտադիր են զոհել իրենց մեծապետական նկրտումներին: Այդ ուժերն են որոշել, որ Արարատը չպետք է մերը լինի:

Ինչու՞: Միգուցե պետական մտածողության բացակայությու՞նն է պատճառը: Մի՞թե մենք չենք կարող կառավարել մեր երկիրը: Մ՞իթե Տիգրան, Արտավազդ, Պապ, Աշոտ Երկաթ ծնած մեր ազգը դադարել է  պետությունը իրենից վեր դասող առաջնորդներ ծնել: Ո՛չ:  Եվ դա է ապացուցում Արցախյան պայքարը: Ուղղակի մեզ մոտ մի անհեթեթ որակ կա՝ հարգել և լսել ուրիշին, մեծին, սակայն բավակա՛ն է: 21-րդ դարը հնարավորությունների դարաշրջան է, բայց դրանք ծնվում են միասնականության դեպքում: Աշխարհում կա մոտ 10 միլիոն հայ: Այսինքն Հայոց աշխարհի 10 միլիոն հենարան: Սակայն նրանք միշտ չէ, որ գիտակցում են դա: Դա պետք է ցույց տալ: Հայ գենը կրող ցանկացած անձի պետք է ցույց տալ, որ նա պարտք ունի նախնիներին: Որ պետք է ինքը տնօրինի իր ապագան, իր պետության ապագան, նույնիսկ եթե նա երբևէ չի եղել այդ պետությունում և ապրում է, օրինակ, ինչ-որ Հոնդուրասում: Ցանկացած հայ եթե իր վաստակի մեկ տոկոսը ուղղի հայոց պետության զարգացմանը և նախանձախնդիր հետևի դրանց, իսկ այդ գումարները տնօրինողները գիտակցեն իրենց մեծագույն պարտականությունը Հայոց Պետության և ժողովրդի առջև, ապա մենք արագ կդառնանք այն Ավետյաց երկիրը, որի մասին այնքան խոսում են: Եվ էլ ոչ մի հյուսիս ու հարավ չի թելադրի մեզ, թե ինչ անենք:

Տնտեսապես հզոր լինելը մեզ թույլ կտա հայոց զարգացման գործին լծել նաև այսօրվա  Թուրքիայի տարածքում մնացած հայերին, որոնք մեծամասնամբ  իսլամացել են: Իսկ ի՞նչ է նշանակում իսլամացած հայ: Դա այն հայի ժառանգն է, որի գլխին կախված յաթաղանը հետ քաշվելու մի պայման ուներ՝ Ալլահի ընդունումը: Հետ՞ո ինչ, որ նրանք եկեղեցու փոխարեն մզկիթ են գնում: Թող գնան: Իսկ ո՞վ ասաց, որ հայը պարտադիր պետք է քրիստոնյա լինի: Այո, ես ջերմեռանդ քրիստոնյա եմ, սակայն ես չէ, որ ընտրել եմ ընտանիքս ու հավատս: Ուրեմն թող իսլամ հայերն էլ Սասունին ու Մուշին տիրեն, թող Վանա լճում տառեխ որսան, թող նպաստեն հայոց զարգացմանը, ու գնան մզկիթ: Միգուցե նաև որոշեն հետո եկեղեցի գնալ:  Եկեղեցի կամ մզկիթ նախընտրելիս նրանց արյան կազմը չի փոխվում,  իսկ գենետիկան դեռ ոչ ոք չի չեղարկել: Ուրեմն Սասնո կամ Համշենի լեռներում ծվարած, մզկիթ գնացող հայը նույնքան հայ է, որքան որ ամեն կիրակի ոսկեղենով ծածկված կամ ակամա եկեղեցի գնացող հայը: Իսկ մի՞թե բոլորս ենք եկեղեցի գնում: Նայեք շուրջը: Մեր իսկ շրջապատում հազարավորները կան, որոնք ընդհանրապես չեն գնում եկեղեցի: Կամ ուղղակի հավատում են Աստծուն՝ առանց կառույցների: Ու ոչ ոք չի ասում, որ հայ չեն: Հակառակ դեպքում ստացվում է մի զարմանալի տրամաբանություն, հավանաբար Տիգրան Մեծը հայ չէր, չէ՞, չէ որ նա էլ քրիստոնյա չէր: Իսկ Տիգրանը հայերիցս մեծագույնն է:

Նժդեհն էլ ասում էր, որ ցեղակրոն է, նրա համար կարևորը հայ տեսակն էր:

Ուրեմն այսպես,  միասնական ուժերով կերտում ենք մեր առայժմ փոքրիկ Հայաստանը, զարգանում այն նաև Սփյուռքյան աբյուրներով, որոնք գիտակցում են, որ հայ տեսակի գոյությունը չի դադարի երբեք, եթե մենք մեր պետությունն ունենք: Ու կգա մի օր, որ  այնտեղ, Սասունում մնացած իսլամացած հայը կրկին զենք կվերցնի՝ հստակ գիտակցելով, որ իր թիկունքին Հզոր Հայաստանն է ու հայոց Սփյուռքը:

Միայն փոխադարձ պատասխանատվությամբ ու հայ տեսակի լավագույն որակների զարգացմամբ կարող ենք հայ պահել հային հեռավոր մի երկրում, ու նա երբեք չի կտրի կապը սրբազան հողի հետ, եթե գիտակցի, որ այդ հողը նաև իրենն է ու իր մի մասնիկն է կրում, իր վաստակն էլ կա այդ հողի մի ծաղկի աճելու համար:

Այսքանը, մենք իրավունք չունենք պառակտվել, հայոց եռամիասնությունը՝ Հայաստան, Սփյուռք և Արևմտյան Հայասատան, այն ուղին է, որը տանում է դեպի հաղթանակ, սեփական կառավորում և երկրի զարգացում: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին