Անահիտ Հլղաթյան. Երկրորդ շանս - Mediamax.am

2236 դիտում

Անահիտ Հլղաթյան. Երկրորդ շանս


Անահիտ Հլղաթյանը
Անահիտ Հլղաթյանը

Ես՝ 25-ամյա անկախ Հայաստանի Հանրապետության 21-ամյա անկախ ու հպարտ  քաղաքացիս, Սուլուխից, Սասունից, Արծնից գաղթած արևմտահայերի պատվաստն եմ Արևելյան Հայաստանում. հերթականն այն բյուրերից, ում շատ սիրելիներ ապրում են Սփյուռքում: Ամենամոտ ընկերուհիս Արցախից է, Հայկական լեռնաշխարհի այն ըմբոստ ու մաքառող հողից, որի անկախության համար 28 տարի առաջ հազար-հազարների հետ միասին պայքարի ելավ նաև Արարատ քեռիս, ում Արթուր որդին այսօր շարունակում է հոր՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ավարտված ու անավարտ գործը: Ահա «Հայկական աշխարհի» իմ աշխարհագրությունը, որը գուցե ցավոք, գուցե բարեբախտաբար չի համընկնում Հայկական լեռնաշխարհի, ասել է թե հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանների հետ, քանզի այն, շարունակելով ընդարձակվել,  պարադոքսալ կերպով դարձել է սեղմված: Իմ Հայկական աշխարհը, որն եռարմատ է, ու որը պատկանում է արցախցի ընկերուհուս, սուլուխցի պապիս ու սփյուռքահայ բարեկամիս, ամեն օր արթնանում է զբաղված հազար հոգսով, բայց սնվում է նույն պարարտ հողից՝ միասնական, ազգային գաղափարներից, պարտականություններից և որ ամենակարևորն է երազանքներից: Հայն իբրև անհատ կարող է ունենալ տարբեր ճակատագիր, բայց հայի ճակատագիրն՝ իբրև ազգի ու ազգայինի կրողի, տարբեր լինել չի կարող: Ուստի այն ժամանակ, երբ խոսքը, գործն ու դրա հետևանքները վերաբերում են «Հայկական աշխարհին», թե իբրև գաղափարի, թե իբրև աշխարհագրական տարածքի, առանց հայրենիք-սփյուռք երկխոսության որոշումներ կայացնելը կամ այդ որոշումների կայացմանը օտարներին մասնակից  դարձնելը անկարելի է: Ուղիղ 100 տարի առաջ այս օրերին ընդունված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրով հերթական անգամ մեր փոխարեն տնօրինվում էր մեր ճակատագիրը. 100 տարի անց պատմական հարուստ, բայց դառը փորձ, անկախ պետականություն, հաղթանակած ու անպարտելի բանակ,  սփյուռքյան հզոր լոբբի ունենալով, մենք հերթական անգամ սայթաքելու, մեր ճակատագիրն ու դրա տնօրինումն ուրիշներին  զիջելու իրավունք չունենք: Այս գիտակցումը, հատկապես վերջին օրերին, առավել արմատական  ու հիմնավոր դարձավ, երբ վերաիմաստավորվեց թե՛ մեր անցյալը, թե՛ ներկան, և թե ապագան, երբ անկախությունից ի վեր շատ ցավոտ մի հարցի. «արդյո՞ք մենք կորցրել ենք Հայկական աշխարհը և մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցումը»,- 18-ամյա երիտասարդը եկավ պատասխանելու՝ Երբեք:

Վերջերս իմ սիրելի դասախոսներից մեկն ասաց, որ Սփյուռքը 90-ականներից ի վեր կարծես մի փոքր թուլացել է, հայապահպանությունը ՀՀ-ին հանձնելով՝ որոշել  փոքր-ինչ հանգստանալ, ինչը հանգեցրել է սփյուռքահայության ուծացման գործընթացի արագացմանը: Խորը ցավ ապրեցի, ու մինչև վերջերս դժվարանում էի պատասխանել այն հարցին թե «ինչպիսի՞ն է լինելու Սփյուռքը 20 կամ 30 տարի հետո», -այժմ գիտեմ. հայի գենը չի կարող լռել, ժամանակը, տարածությունը, օտար մշակույթն ու լեզուն գուցե կարող են փոքր-ինչ խլացնել նրա ձայնը, բայց լռեցնել չեն կարող, անզոր են: Այստեղ խնդրին պետք է մոտենալ այլ տեսանկյունից. ի՞նչ անել, որպեսզի այդ ձայնն անգամ խլացնել չհաջողվի, օտար մշակույթի կամ լեզվի միջոցով: Ահա այստեղ է , որ պետք է խոսենք Սփյուռք-Հայրենիք փոխադարձ պարտականությունների և ընձեռնվելիք հնարավորությունների մասին: Մշակույթը հզոր զենք է, և գլոբալիզացման պայմաններում անգամ մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք, զոհ դառնում մշակութային ուծացման: Իհարկե լավ է օտար մշակույթների առաջ բաց լինելը, քազի դա հարստացնում է քո ազգային մշակույթը, բայց միայն այն ժամանակ, երբ գիտես գնահատել ու պահպանել սեփականը և ոչ ամբողջությամբ ընդօրինակել օտարինը: Այսօր  շատ ազգային տոներ, ցավոք, մոռացության են մատնվել, և դրանց մասին չգիտեն ո՛չ սփյուռքահայ,  ո՛չ ՀՀ-ում ապրող  երիտասարդները: Այս գեղեցիկ, հայեցի ու ազգային տոների վերածնունդը մեծ նպաստ կբերի հայ մշակույթի հանդեպ հետաքրքրության ու սփյուռքում դրա պահպանման ներուժի մեծացմանը: Ազգապահպանության գործում լեզվի  ունեցած նշանակությունը անհնար է գերագնահատել: Անկախ նրանից դու խոսում ես արևելահայերեն, արևմտահայերեն, Սասունի , Արցախի, թե Գյումրու բարբառով, դու խոսում ես հայերեն, ու այդ փաստը քեզ ի մահ հայ մնալու երաշխիք է տալիս, եթե իհարկե դու արհեստականորեն չփորձես օտարանալ քո լեզվից, ազգից ու ինքդ քեզնից: Բայց պետք է ընդունել, որ լեզուն զարգացող օրգանիզմ է, և ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների, և այսօր անգամ արևելահայերեն խոսելու դեպքում, դիմացինիդ կարող ես չհասկանալ, ուր մնաց թե խոսենք արևմտահայերենի ու արևելահայերիենի միջև ձևավորվող բաժանարարների մասին, որոնք կարող են վերածվել անդունդի: Ուստի այստեղ կարևոր է ուսուցիչների և դասախոսների փոխանակման հանգամանքը, սա կարող է լինել նաև յուրահատուկ երկխոսության ձև հայաստանցի և սփյուռքահայ երիտասարդների միջև, ավելին կամավորական այս ակտիվ գործընթացների պայմաններում կարելի է իրականացնել կամավորների փոխանակումներ սփյուռքահայ և հայաստանցի երիտասարդների միջև, և եթե առաջիններս կսովորեցնեն հայերեն սփյուռքահայ մանուկներին, վերջիններս էլ կարող են անգլերենի, իսպաներենի, արաբերենի, կամ այլ լեզվի ուսուցում իրականացնել ՀՀ-ում, միևնույն ժամանակ հաղորդակից դառնալով հայրենիքի առօրյա կյանքին ու հոգսերին: Ես անձամբ կարևորում եմ նաև ՀՀ դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը: Նրանք,  ովքեր քրիստոնյա են բնականաբար անկախ էջմիածնական, անթիլիասական, կաթոլիկ կամ ավետարանական լինելուն պետք է գիտակցեն, որ կապված են իրար շատ ամուր քրիստոնեական արժեքներով, որոնք ոչ թե պիտի իրար հակասեն, այլ լրացնեն ու օտարության մեջ ավելի մերձեցնեն: Բայց չպետք է մոռանալ նաև այն բազմաթիվ հայերին, ովքեր քրիստոնյա չեն, բայց շարունակաում են պահպանել ազգային նկարագիրն ու էն ամենը ինչ նրանց հայ է պահում:

Սփյուռքում գործում  են հասարակակա-քաղաքական կառույցներ, որոնցից շատերն իրենց մասնաճյուղերն ունեն նաև ՀՀ-ում, սակայն դրանց մասին տեղեկացվածության բացակայությանունն ՀՀ քաղաքացիների շրջանում այդ հսկա ներուժ ունեցող կառույցների դերն ու գործունեությունը դարձնում է նվազ արդյունավետ, այս բացթողումը ևս անհրաժեշտ է լրացնել: Հայրենիք-Սփյուռք տեսլականը ինձ համար շատ լուսավոր է ու խոստումնալաից, քանզի այն հիմնված է Էրգիր փափագող հայի երազանքների ու գաղափարների վրա, ուր տանող ճանփան կարող է երաշխավորվել միայն հայապահպանությամբ:  

Սիրելի հայեր ու հայաստանցիներ (եզդիներ, ասորիներ, մոլոկաններ, հույներ) հավերժ հայ մնալու գաղտնիքը հայապահպան գոնե մեկ երազանք ունենալն է….Իմ երազանքները մինչ ապրիլ ուրիշ էին, այսօր ես ուզում եմ ԱՐՄԵՆԱԿ  ծնել: 

 

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին