Լեւոն Գալստյան. Երկրորդ շանս - Mediamax.am

2568 դիտում

Լեւոն Գալստյան. Երկրորդ շանս


Լեւոն Գալստյանը
Լեւոն Գալստյանը

Մեծանուն հայ Վիլյամ Սարոյանն ասել է.

«Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբնա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ»:  Կարդալով նրա տողերը՝ յուրաքանչյուր հայ իր մտքում ինքն իր հետ կռիվ կտա, յուրաքանչյուր հայ կմտածի փոխվելու մասին, յուրաքանչյուր հայ կանիծի ազգի դժբախտ ուղին և վերջ, և նորից նա առավոտյան կարթնանա , մի բուռ ջուր կխփի երեսին ու կշտապի ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի գործով զբաղվելու, մինչդեռ մեր ազգի յուրաքանչյուր անհատ մի սրբազան գործ ունի, որը դարեր շարունակ չի արվել կամ փորձ է արվել ու կիսատ է մնացել այն պատճառով, որ առավոտյան ամեն մի հայ, մի բուռ ջուր երեսին խփելով, շտապել է ինչ-որ մի տեղ՝ իր առօրյա գործերին:Շ

Իմ կարծիքով, մեր սրբազան գործը ազգային գաղափարախոսության մշակումն ու դրա իրագործումն է: Պետք է սահմանվի մի նպատակ, մշակվեն քայլեր, որոնք տանում են դեպի այդ սրբազան նպատակը և ամեն հայ, առավոտյան արթնանալով, պետք է գիտակցի, որ այդ նպատակին տանող քայլերից մեկն էլ իրենից է կախված: Այդ քայլը միայն, տասնյակ ոստիկանական մեքենաներով շրջապատված, նախագահից ու նախարարից կախված չէ, այդ քայլը, նախարարության սենյակներից մեկում անգործության մատնված, աշխատակցից կախված չէ: Նաև կախված չէ այն մեկից, ով վերջին սերնդի Մերսեդես է քշում,կամ ա՜յ այն մեկից, ով, Լոնդոնում նստած, հայրենասիրական ճառեր է կարդում:

Նպատակին ուղղված մեր քայլերով կորոշվի մեր պատկանելիությունը հայ ազգին: Երբ ամեն գիշեր քնելուց առաջ մտածենք, թե ինչ ենք արել մեր ազգի փոքր ու մեծ նպատակներին հասնելու համար, երբ ուրախանանք փոքրիկ ձեռքբերումներով, երբ սովորենք փոքր քայլերի արվեստը, այդժամ կհասկանանք, թե ինչպիսի հայ ենք մենք:

Մեր նպատակի կենտրոնը, մեր ազգային համախմբման վայրը լինելու է անկախ Հայաստանը՝ այն Հայաստանը, որը գիտակցելու է, որ իր արած և չարած քայլերի պատասխանատուն հենց ինքն է, Հայաստանը, որը աշխարհին կստիպի հարգել իրեն: Յուրաքանչյուր սփյուռքահայ վաղ թե ուշ վերադառնալու է հայրենիք. մենք պարտք ենք նրանց և վերադարձնելու ենք այդ պարտքը ազատ և հզոր Հայաստանի տեսքով:

Սփյուռքի հետ մեր կապը մեկն է՝ մենք արյամբ ենք կապված և դա այն կապն է, որը երբեք չի մաշվի,որը երբեք չի պոկվի: Մենք հենց այդ կապով ենք կապելու մեր ազգային  նպատակի թելերը: Մենք ստիպելու ենք, որ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր ծնված հայորդիները գիտակցեն, որ իրենց և Հայաստանի միջև կապը՝ իրենց վերադարձն է: Մեզ այլ կապեր պետք չեն, մեզ պետք է այդ ամենաամուր և երբեք չպոկվող կապը, որը, եթե փաթաթվի ցանկացած թշնամու, անպայման խեղդելու է:

Այսպիսով, մեզ մետք է ազգային գաղափարախոսություն, մեզ պետք է հստակ նպատակ, որի ուղղությամբ յուրաքանչյուրս անելու ենք մեր քայլը: Եկել է մեր սփռված մարգարիտները Հայաստան վերադարձնելու ժամանակը: Մենք չենք ստիպելու նրանց. նրանք իրենց ոտքով են գալու Հայաստան:

Եվ ուրեմն, ամեն առավոտ մի բուռ ջուր իմ երեսին խփելիս՝ ես կհիշեմ իմ փոքրիկ քայլերի մասին, ես կհիշեմ,որ թուրքական հագուստից լավ հագուստ մենք էլ կարողացանք արտադրել, ես կհիշեմ,որ իսրայելական զենքից ավելի լավ զենք մենք էլ  կարողացանք պատրաստել, ես կհիշեմ, որ եվրոպականից լավն էլ եղավ և ես կհիշեմ մեր երկրորդ շանսի մասին,որը մենք ճիշտ կերպով օգտագործեցինք:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին