Լիլիթ Մելքումյան. Մենք իսկապե՞ս կորցրել ենք Հայկական աշխարհը - Mediamax.am

1224 դիտում

Լիլիթ Մելքումյան. Մենք իսկապե՞ս կորցրել ենք Հայկական աշխարհը


Լիլիթ Մելքումյանը
Լիլիթ Մելքումյանը

Հայկական աշխարհ, Հայրենիք, Հայաստան... Տարբեր մարդիկ այդ բառերն օգտագործում են՝ նկատի ունենալով տարբեր տարածքներ և տարբեր երևույթներ: Մի դեպքում երեքն էլ նշանակում են ներկայիս Հայաստանի հանրապետությունը, մյուս դեպքում՝ աշխարհագրական և ժամանակագրական իմաստով բոլորովին տարբեր Հայաստաններ: 

Հայկական աշխարհ ասելով կարելի է հասկանալ այն տարածքը, որի վրա տարածվում է ոչ միայն մեր մշակույթը, այլև որտեղ գործում է իր ճակատագիրը տնօրինելու հայի իրավունքը: Այդ տարածքների մի մասը, հնարավոր է, արդեն չկա ֆիզիկապես, բայց կա որպես պատմություն՝ անցած ճանապարհ և ձեռք բերված փորձ, կա որպես հիշողություն, որպես մշակութային ժառանգություն, հոգևոր արժեք, հպարտության առարկա և այլն: Մենք բոլորս կրում ենք այդ ամենը, ով քիչ, ով շատ, և ստացել ենք հայկական աշխարհի մեր պատառիկները դաստիարակության, կրթության, ինքնակրթության և այլ ձևերով: Բայց դա կնշանակի, որ հայկական աշխարհը մենք ենք, մեր կապերն ու հարաբերությունները, մեր շփումները, Հայաստանը և Սփյուռքը, պատմական և դեռ գալիք Հայաստանները: 

Հայկական աշխարհի ինչ-որ մի մասը մենք արդեն կորցրել ենք, բայց միևնույն ժամանակ չենք կորցրել այն վերականգնելու կարողությունը: Հայկական աշխարհն այսօր նման է մեծ խճանկարի, որը դեռ պետք է կարողանալ հավաքել: Դրա մասերն են անհատները, պետությունը, սփյուռքի հայկական համայնքները, պատմական Հայաստանը, մշակութային ժառանգությունը... Այդ խճանկարը հավաքում ենք մենք բոլորս, ամեն օր և միաժամանակ, և եթե չենք համաձայնեցնում մեր գործողությունները, ապա պատկերը չի ստացվում: Այդ դեպքում մենք չենք ճանաչում ստացված խճանկարը, որովհետև չենք տեսնում դրանում ծանոթ դեմքեր, ծանոթ ավանդույթներ, ինքներս մեզ: 

Այս մեծ աշխարհում մի աշխարհ էլ կա՝ Հայկական աշխարհը, ու եթե մեծ աշխարհում դու գիտես, որ ապրում ես, ապա Հայկական աշխարհում գիտես, որ տանն ես: Դա և՛ զգացողություն է, և՛ գիտակցություն: Գիտակցում այն բանի, որ մեծ աշխարհում շատ բան շտկել չես կարող, մինչդեռ Հայկական աշխարհում շատ բան շտկել ոչ միայն կարող ես, այլև պարտավոր ես: Պարտավոր ես Հայկական աշխարհին քո պատկանելիությամբ, խճանկարի մի մասը լինելով: Առանց քեզ խճանկարը չի հավաքվում, պատկերը չի երևում:

Մենք այնքան երկար ժամանակ լսել ենք, որ Հայաստանը կիսել են, գրավել են, թալանել են, հայերը գնացել են այլ երկրներ և ապրել այլ պայմաններում, որ մոռացել ենք այն մասին, որ կարելի է ապրել նաև սեփական ճակատագրով, ոչ թե ուրիշի քմահաճույքով: Մենք չենք կորցրել այդ գիտակցումը, բայց երևի թե սեփական ճակատագիրը տնօրինելը անընդհատ կապում ենք որևէ հզոր երկրի կամ դրա ղեկավարի հետ լավ հարաբերություններից: Մինչդեռ բոլոր հզոր երկրները հզորացել են ժամանակի ընթացքում, ինչը նշանակում է, որ մենք էլ մեր երկրում կարող ենք զարգանալ և ինքնուրույնություն ունենալ շատ հարցերում:

Մյուս կողմից, ոչ ոք չի տալու մեզ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Մենք ունենք ընտրելու, ազատ խոսքի, տեղաշարժվելու և այլ իրավունքներ, որոնք ստացել ենք մեխանիկորեն՝ որպես անկախության արդյունք: Մինչդեռ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն այդ իրավունքների մեջ չի մտնում. այն ոչ մեկի ձեռքերում չէ, որ տրվիր մեզ, և ոչ թե տրվում է, այլ նվաճվում: Նվաճվում է սեփական պատմությունն ու մշակույթը լավ իմանալով, նվաճվում է հայրենասեր սերունդ ունենալով, նվաճվում է նաև պատերազմով, ինչպես որ այս օրերին: Նվաճումը միշտ ինչ-որ բանի հաղթահարում է՝ չիմացության, վախի, անկարողության: Պատահական չէ, որ ասում են. «Բոլոր նվաճումները լինում են այն ժամանակ, երբ մարդ անում է ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ այն, ինչ անհնար էր թվում»:

Նույնը` ճակատագիրը տնօրինելու իրավունքը. այն պետք է նվաճենք: Նվաճենք՝ ինքներս մեր մեջ հաղթահարելով բացասական շատ երևույթներ: Այն չենք կարող ունենալ՝ գրելով թղթի վրա և ընդունելով ինչ-որ օրենք, որովհետև այդ իրավունքը իրավական բնույթ չունի, այն, առաջին հերթին, բարոյական իրավունք է: Եվ, հետևաբար, որոշակի անբարոյականություն կա ուրիշին քո ճակատագիրը տնօրինելու իրավունքը հանձնելու մեջ: 

Եվ հենց այն օրերին, երբ ես գրում եմ այս տողերը, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայերն միասին ապացուցում են, որ ունեն սեփական ճակատագիրը տնօրինելու և՛ իրավունք, և՛ այդ իրավունքի գիտակցում: Ճակատագրի բերումով պատմության ընթացքում այդ իրավունքը իրացնելու և այդ գիտակցումն արտահայտելու պայմաններ քիչ են եղել, և մենք պարբերաբար ինչ-որ ժամանակով մոռանում ենք դրանց մասին: Սակայն ազգային շահերին առնչվող հարցերի կամ իրադարձությունների ժամանակ կրկին ասում ենք «Մենք ենք որոշողը», «Մենք ենք մեր ճակատագրի տերը» և այլն: Դա շատ կարևոր է, բայց ավելի կարևոր մի բան կա:

Պատմականորեն մենք չենք կարողացել սերունդներին փոխանցել սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայկական աշխարհն ամբողջացնելու իրավունքը: Բայց կարողացել ենք փոխանցել այդ իրավունքի գիտակցումը: Իրավունքը, թերևս, կարող ես կորցնել, բայց դրա գիտակցումը, եթե դաստիարակության, կրթության և շփման միջոցով փոխանցում ես սերունդներին, ապա օրերից մի օր անպայման դրսևորվելու է: Թեկուզ ո՛չ զանգվածային, ո՛չ անպայման իր նպատակին հասնող, բայց՝ հաստատուն, համոզիչ և վստահ կերպով, թեկուզ՝ անհատների մակարդակում: Այդ անհատները ընդօրինակման կերպարներ են դառնում, և իրավունքի գիտակցումը տարածվում է նրանցից մյուսներին: Դրա արդյունքն է, որ մեզանից շատերն այսօր առաջնորդվում են Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Անդրանիկի, Գուրգեն Տեր-Մովսիսյանի և այլոց օրինակով և գաղափարախոսությամբ: Թվում է, թե անցած գրեթե 100 տարվա ընթացքում պետք է որ մոռանայինք նրանց, բայց՝ ուղիղ հակառակը. ոչ միայն չենք մոռացել, այլև ապրեցնում ենք նրանց գաղափարները, որովհետև մեզ մեր պապերից է եկել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցումը: Իսկ իրավունքն արդեն ամեն սերունդ ինքը պետք է նվաճի:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին