Արեւիկ Բաղդասարյան. Երկրորդ շանս կամ ու՞մ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

4212 դիտում

Արեւիկ Բաղդասարյան. Երկրորդ շանս կամ ու՞մ է պատկանում Հայկական աշխարհը


Արեւիկ Բաղդասարյանը
Արեւիկ Բաղդասարյանը

Հայաստան՝ երկիր, որն ունի հազարամյակների պատմություն, երկի՛ր, որն ունի հազարամյակների մշակույթ և երկիր, որն ունի մեծ ասելիք աշխարհին:

Հայեր՝ ժողովուրդ, ով ապրել, ապրում և ապրելու է Հայաստան աշխարհում, ժողովուրդ, ով կրում է նույն արյունը, ժողովուրդ, ով խոսում է նույն լեզվով և ունի նույն հավատը: Ուրեմն ինչպե՞ս կարելի է բաժանել նրանց իրարից, մի՞թե կարելի է բաժանել մարմինը հոգուց, առանց հոգու չկա մարմին, առանց Հայաստան չկան հայեր:

Պատմության դասերի, դարերի փորձությունների ընթացքում մեզ հասավ մի փոքր հող, մի սուրբ նշխարհ, որը մեզ է պատկանում և որը մեր հենարանն է աշխարհում, մեր վկայության կետը քարտեզի վրա: Մենք գիտակցում ենք, որ այդ հողը մեր սուրբ ժառանգությունն է նախնիներից, որոնք իրենց արյան գնով պահեցին - պահպանեցին և ավանդեցին մեզ, որ մենք չկորչենք դարերի թոհուբովում և չանհետանանք մյուս հզոր ազգերի նման, այլ ավելի հզորանանք ու շատանանք: Մենք չենք կորցրել Հայաստան աշխարհը ու չենք կորցնի: Հողը, ուր մենք ապրում ենք սուրբ է, ազգը՝ առեղծվածային: Մենք տեսել ենք կոտորած, ջարդ, օտարի լուծ, բայց չենք կորել ու ընկճվել: Դժվարությունները մեզ ավելի են դրդել առաջ գնալ, աշխատել, ստեղծագործել: Մեզ սպանել են, կոտորել, բայց մեկ է մենք նորից աշխարհ ենք եկել, հողից ենք ծնվել, հողը մեր մեծ մայրն է: Ծնվել ենք բարությունից, ծնվել ենք սիրելուց՝ մարդ սիրելուց: Ես հայ եմ, և աշխարհին, որպես իմ ազգի ներկայացուցիչ ներկայանում եմ նախ իմ հայրենիքով, իմ լեզվով և իմ սուրբ հավատով:

Եկավ մի դարաշրջան, որ հային ցանկացան կտրել ամենակարևոր հատկանիշից՝ հայրենիքից: 1915-1916 թվականներին արևմտհայության զանգվածային տեղահանությունից հետո, ջարդերից, սովից ու համաճարակից մազապուրծ ժողովրդի բեկորները ցրվեցին աշխարհով մեկ: Մի սերունդ , որից խլեցին իր շեն օջախը, իր տունը, իր հայրենիքը և բռնի գցեցին օտար ճամփաներ: Արևմտահայը ստացավ նոր որակավորում՝ ֆրանսահայ, ամերիկահայ, սիրիահայ… սփյուռքահայ: Այդ նոր անվանումը ասում է , որ նա այլևս բնիկ չէ, կտրված է իր հողից, ջրից, խախտված է նրա ազգային ընդհանրության մեկ հատկանիշը՝ հողի, բնակավայրի, տարածքի: Նա գաղթական է, իր նոր հոգսերով ու խնդիրներով: Բազում հարցեր մտատանջում էին նրան: Ո՞վ է ինքը, ի՞նչ է անելու այսուհետ օտար աշխարհում, մի՞թե չի վերադսառնալու հայրենի տուն, ինչպե՞ս է ապրելու ու գոյատևելու: Այդ դարաշրջանում է, որ հայոց մտածողության մեջ, մեր լեզվում ծնունդ առավ մի նոր բառ-անվանում՝ Սփյուռք, որի իմաստային տարբերակը դժվար թե գտնվի մեկ ուրիշ լեզվում: Այդ Սփյուռքն էլ դարձավ սփռված հայության խորհրդանիշ բնակավայրը՝ աշխարհի ոչ մի ժողովրդի ոչ մի քարտեզի վրա չգրված ու չնշված: Այն տարագիր հայության ոչ կոնկրետ տեղավայրն է՝ աշխարհի բոլոր մայրցամաքներում: Սփյուռքը Հայաստանից դուրս գտնվող հայությունն է, Հայաստանից դուրս «Հայաստանը», որն ավելի շատ հավաքական միավոր է, ոգու արտահայտություն, քան շոշափելի իրողություն : Այսինքն՝ մի ինքնատիպ գոյություն է՝ ազգություն, որ չունի ազգություն կոչվելու կարևորագույն հատկանիշը՝ հողը, երկիրը: Այն կարողանում է շարունակել իր գոյությունը, քանի որ հոգևոր ուժը դեռ չի մարել և իր հողի ու երկրի հիշողությունը չի մթագնել: Հայաստան աշխարհը վերծնվել է այնտեղ, ուր երկու հայեր հանդիպել են իրար և հայերեն խոսել : Տարաշխարհում նրա ապագան անշուշտ հուսալի չէ, բայց առ այսօր գոյատևում է: Նրանք համախմբվել են տարբեր գաղթօջախներում ազգային եկեղեցու շուրջ, ներդրել բոլոր հնարավոր ջանքերը մի նպատակով՝ օտար ափերում պահպանել մայրենի լեզուն, գրականությունը, մշակույթը , ազգայինը, վառ պահել հայրենասիրությունը, կորցրած հայրենիքի զգացողությունը՝ մինչև երազած տուն դարձը: Սփյուռքն ու Հայաստանը կապված են միմյանց անխզելի թելերով, միշտ զորավիգ ու ապավեն են եղել մեկմեկու, երբ հարկը պահանջել է: Մենք միշտ զգացել ենք, որ Սփյուռքը մեր կողքին է և չնայած որ տարիների ընթացքում փոխվում է սերունդը, բայց հայը միշտ հայ է մնում: Մեր ազգը նման է առասպելական Փյունիկին, ինչքան այրվի և մոխրանա, միևնույն է վերածնվելու է իր իսկ մոխիրներից: Մենք՝ քաղաքակիրթ հայերս, շատ լավ գիտակցում ենք մեր հայրենիքի արժեքը և շարունակելու ենք զարգացնել, հզորացնել ու շենացնել այն՝ փոխանցելով մեր ապագա սերունդներին:

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին