Աստղիկ Նադիրյան. Երկրորդ շանս - Mediamax.am

2442 դիտում

Աստղիկ Նադիրյան. Երկրորդ շանս


Աստղիկ Նադիրյանը
Աստղիկ Նադիրյանը

1968թվ. պապիկս, ում պապերն ու տատերը Սասունից էին և մազապուրծ էին եղել թուրքի յաթաղանից, Ռուսաստանում էր, «խոպանի»։ Աշխատանքները ծանր էին, սակայն արհեստավոր պապիկս մեծ ընտանիքի զավակ էր և պետք է օգներ իր ծնողներին։ Եվ պապիկս հանդիպում է տատիկիս՝ Տանյային, ով դառնում է իր կեսը։ Սիբիրյան սառը միջավայրում տատիկս դարձավ պապիկիս արևն ու ջերմությունը։ 1969թվ. նրանք եկան Հայաստան՝ Թալին, և ամուսնացան հայկական բոլոր ավանդույթներով։

Փոքր էի, տատիկիս հետ միայնակ էինք տանը։ Հարցրի, թե ինչպե՞ս եղավ, որ տատիկս, ում ոչ մի արմատը Հայաստան չէր բերում, եկավ Հայաստան և չփորձեց անգամ պապիկիս համոզել գնալ ու Ռուսաստանում ապրել։ Տատիկս ժպտաց, կանաչ աչքերի մեջ չարաճճի կայծեր վառվեցին։ Ասաց, որ ինքը տեսել էր պապիկիս մեջ այն, ինչը երբեք և ոչ մի տղամարդու մեջ չէր տեսել՝ հոգատարություն և ուժ միաժամանակ, ընտանիքի հանդեպ մեծ սեր, նվիրվածություն, հարգանք, իմաստություն և թախծոտ աչքեր, որոնց մեջ կարելի էր խորտակվել։ Պատմում էր, որ դժվար էր ամուսնությունից հետո ապրել գյուղում, որտեղ շատ քչերն էին հասկանում իր լեզուն, և հայկական ընտանիքի ջերմությունն ու ավանդույթները պահելու համար տատիկս սովորեց հայերեն։ Ամեն երեկո պապիկս աշխատանքից գալիս էր տուն և տատիկիս տալիս ռուսերեն տառերով գրված հայերեն բառեր (այն ժամանակ գյուղում պապիկս գրադարան չուներ) և սովորեցնում էր տատիկիս հայերենի բոլոր նրբությունները։ Տատիկս արդեն խոսում էր գրական հայերենով և նույնքան էլ գրագետ էր, կարդացել էր պապիկիս մեծ գրադարանի բոլոր գրքերը՝ Պապ Թագավորից մինչև Խենթը։ Այդպես, մի քանի տարի անց նրանք տեղափոխվեցին Երևան, ունեցան երեխաներ։ Իրենց ընտանիքը հայկական էր, մեծ, իմ տատիկի խոհանոցում եփվում էին ամենահամեղ հայկական ճաշերը՝ հարիսա, խաշ, տոլմա, իրենց տունը միշտ բարեկամներով ու ընկերներով լի էր, մայրիկս ու քեռիս դաստիարակվել են հայեցի և նույն կերպ դաստիարակել են նաև ինձ, քրոջս ու եղբորս։ Տատիկս ասաց, որ արդեն այստեղ է իր տունը և եթե անգամ գնա էլ այստեղից, ապա միայն ծնողների գերեզմանի առջև գոնե մեկ անգամ էլ խոնարհվելու, հարազատ տունը տեսնելու և ապա ի՛ր տուն վերադառնալու համար։ Հայաստանն իր տունն էր արդեն։

Ինչու՞ այսպես սկսեցի էսսես։ Ինձ այսքան հարազատ օրինակի վրա ցանկանում եմ ցույց տալ, որ աշխարհին տրվող նյութական բարիքների հետ մեկտեղ (բոլորս էլ գիտենք, որ մեր հայրենակիցների մտքին են պատկանում համամարդկային նշանակության բազմաթիվ գյուտեր, հայ զինվորները փառքով մասնակցել են Համաշխարհային մեծ պատերազմին, այսօր էլ մեր խաղաղապահներն առաքելություն են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում, հայերը փորձում են իրենց ներդրումն ունենալ սիրիական ճգնաժամի լուծման հարցում և այլն) մենք ունենք արժեքներ, որոնք այնքա՜ն անհրաժեշտ են այսօր մարդկությանը։ Իմ տատիկը պապիկիս մեջ սիրեց հե՛նց այդ արժեքները, վերցրեց դրանք, դարձրեց իրենը։ Մենք դարերին հաղթել ենք ունենալով մեր արժեքները, որոնք մեզ միավորել են, որոնք մեզ ստիպել են կանգնել իրար կողքի և չանհետանալ, ինչպես եղել է բազմաթիվ ազգերի հետ, որոնք ժամանակին աշխարհակալ են եղել։

Երբ գրում էի էսսեն, տեղի ունեցան արցախյան դեպքերը։ Նայում էի մեր երիտասարդ տղաներին, ովքեր անձնուրացաբար և արիորեն գնում էին առաջնագիծ։ Չէ՛, չեմ հավատում, որ նրանք չէին վախենում. մարդուն մարդ դարձնում են վախերն ու երազանքները։ Նրանք գնում էին հայրենիքն ու իրենց սիրելիներին պաշտպանելու՝ չնայած այդ վախերին։ Անվախ մարդը հերոս չէ, հերոս է նա, ով հաղթահարում է դրանք։ Եվ հասկացա, որ այդ հերոսների չափ հերոս են իրենց ծնողները, որ չեն փախցնում իրենց երեխաներին երկրից, քանի որ վստահ են, որ իրենց տանը հերոս է մեծացել։ Նույնպիսի ծնող էր նաև իմ տատիկը, ով չնայած կորցրել էր իր անչափահաս որդուն, մեկ րոպե անգամ չէր կասկածել երկրորդին բանակ ուղարկելու մասին։

Հիմա, երբ աշխարհի սահմանները վերափոխվում են, ինչ-որ տեղ վերանում, ինչ-որ տեղ դառնում անանցանելի պատ, արժեքներն են, որ կարող են միավորել մարդկանց և մեր երեխաների համար ապահովել ավելի լավ ապագա, ավելի լուսավոր աշխարհ։ Մի՞թե նորմալ է մի աշխարհը, որտեղ քրիստոնյաները երեխաներ չեն ունենում, քանի որ դա հնացած երևույթ է։ Մի՞թե նորմալ է աշխարհը, որտեղ երեխաները չեն տեսնում, թե ինչ է ընտանիքը կամ սերը մերձավորների ու պարզապես մարդկանց հանդեպ։ Մի՞թե նորմալ է այն աշխարհը, որտեղ մարդիկ ատում են միմյանց ամենաչնչին բաների համար՝ մոռանալով, որ մեզ միավորում է մեր մարդ լինելը։

Մենք դարերին հաղթել ենք մեր արժեքների շնորհիվ։ Մենք երկար դարեր չենք ունեցել պետություն, ուստի վստահաբար կարող եմ ասել, որ մեզ միավորողը, մեր իմաստության և ոգեշնչման աղբյուրը պետության սահմաններով չէր պարփակված։ Մենք հաղթահարել ենք ձուլվելու վտանգը, Ցեղասպանությունը, աշխարհով մեկ սփռված լինելը։ Այսօր մենք կարող ենք օգնել հաղթահարել ծառացած վտանգները ոչ միայն քրիստոնյա աշխարհին, այլև մարդասիրության ու խաղաղության կոչ անել մոլորակի ողջ բնակչությանը, քանի որ հայերը խաղաղ ապրել են Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում և Արևելքի այլ պետություններում։

Իմ տատիկը, ով այնքա՜ն նման էր ռուսական հեքիաթների միջի բարի տատիկներին, դարձավ այդ արժեքների կրողը և փոխանցողը։ Իմ կյանքում նրա շնորհիվ ես ստացա ամենակարևոր դասերից մեկը՝ մեր ուժը մեր արժեքների մեջ է, մեր ընտանիքի, հավատարմության, նվիրվածության ու աշխատասիրության։ Այն կարող է միավորել խիզախ սասունցուն և համառ սիբիրուհուն։

Այսօր իմ տատիկը չկա… Եվ ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս, հիշում եմ նրա բոլոր խրատները կյանքի, բարոյականության, բարիության և սիրո մասին։ Խրատներ, որոնք չեն ճանաչում ազգություն, բայց և որոնք այսօր ամենավառ ձևով մնացել են մեր՝ հայերիս մեջ, և որոնցով մենք կարող ենք օգնել շատ այլ ազգերի հաղթել այս բարդ 21-րդ դարը։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին