ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումը հիմնավորող զեկույցի հիմնական կետերը - Mediamax.am

exclusive
2293 դիտում

ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումը հիմնավորող զեկույցի հիմնական կետերը


Ստեֆան Դիոնը
Ստեֆան Դիոնը
Ստեֆան Դիոնը
Ստեֆան Դիոնը
Ստեֆան Դիոնը
Ստեֆան Դիոնը

Հայաստանում դեսպանություն բացելու մասին Կանադայի կառավարության որոշումը բուռն քննարկումների առարկա դարձավ։ Այս քայլը հիմնավորող Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը եւ Երեւանում Ռուսաստանի դեսպանության նյարդային արձագանքն ընդգծված աշխարհաքաղաքական բնույթ էին կրում:

Բնականաբար, դեսպանության բացելու որոշումները հապճեպ չեն կայացվում: Հնարավոր է, պատերազմը Ուկրաինայում արագացրել է վերջնական որոշման կայացումը, սակայն այն չէր կարող միակ գործոնը լինել: Այդ մասին է վկայում 2022թ. ապրիլի 6-ին հրապարակված «Աջակցելով Հայաստանի ժողովրդավարությունը» ծավալուն զեկույցը, որի հեղինակը 2015-2017թթ. Կանադայի արտաքին գործերի նախարար, ներկայում ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնն է:

Նշելով, որ դեռ 2018թ. Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի Հայաստան կատարած այցից հետո ԱԳ նախարարի կողմից իր առջեւ խնդիր էր դրվել ուսումնասիրել Հայաստանի հետ ավելի խորքային մակարդակով ներգրավվելու հնարավորությունները, Ստեֆան Դիոնը ընդգծում է, որ այդ առաքելությունը «չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին եւ ավելի լայն տարածաշրջանի խնդիրներին»՝ կենտրոնանալով բացառապես Հայաստանի ժողովրդավարության ջանքերը սատարելու խնդրի վրա:

Զեկույցում Ստեֆան Դիոնը հանդես է գալիս մի շարք առաջարկություններով, որոնք հակիրճ ներկայացնում ենք ստորեւ:

1.    Երկկողմ խորհրդատվական հարթակի ձեւավորում

Ստեֆան Դիոնի փոխանցմամբ՝ այն հայ պաշտոնյանները, ում հետ նա հանդիպումներ է ունեցել 2022 թվականին, շատ դրական են արձագանքել հայ-կանադական խորհրդատվական հարթակ ստեղծելու գաղափարին, որպես օրինակ բերելով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ արդեն իսկ գործող ձեւաչափերը։ Կանադացի դիվանագետը նշում է, որ այդ հարթակների արդյունավետության մասին փաստել են նաեւ Հայաստանում այդ երկու երկրների դեսպանությունների ներկայացուցիչները։

2.    Հայաստանը դարձնել առաջնահերթություն՝ որպես փխրուն ժողովրդավարություն

Այստեղ նշվում է, որ Հայաստանն այն ժողովրդավարական պետություններից է, որը ձգտում է առաջընթացի՝ չնայած բացառիկ բարդ պայմանների, այդ թվում՝ COVID-19 համաճարակի ազդեցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության եւ Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանում անվտանգության ռազմավարական երաշխավորի ուժեղ ներկայությանը։ Ստեֆան Դիոնը վստահ է, որ Կանադայի նոր ռազմավարության շրջանակներում Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին օժանդակելը չափազանց խելամիտ որոշում է, հատկապես այս շրջանում, երբ աշխարհում ժողովրդավարությունները նահանջ են ապրում։ Այս առումով, Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որը կարող է ճիշտ ուղղությամբ շարժվել, դա իրականացնելու մեծ ձգտում ունի, հետեւաբար՝ արժանի է Կանադայի ուշադրությանը։
 
3.    Գործունեության համակարգում միջազգային զարգացման գործընկերների հետ

Նկատելով, որ կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր, որոնք նպաստում են Հայաստանի ժողովրդավարական ջանքերին, Ստեֆան Դիոնը նշում է, որ կանադական ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է բացահայտել եւ լրացնել այն ոլորտները, որոնք ներկայում դուրս են այդ երկրների կամ ինստիտուտների ուշադրությունից։

4.    Աջակցություն Ազգային ժողովին՝ օրինակելի խորհրդարան ստեղծելու համար

Հիմնական շեշտադրումն արվում է ՀՀ Ազգային Ժողովի կարողությունների զարգացման աջակցություն վրա, որի կարիքը, զեկուցողի բնութագրմամբ, գիտակցում են ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ քաղաքացիական հասարակության տարբեր շահագրգիռ կողմերը, իսկ բնակչության վստահությունն այդ մարմնի նկատմամբ, 2021թ. հարցումների արդյունքներով ամենացածրն է՝ ընդամենը 7%:

Ստեֆան Դիոնը Ստեֆան Դիոնը


Նշվում է, որ Կանադան պետք է օգնի Հայաստանին մաքրվել «կոռուպցիայի գանգրենայից» եւ այս առումով կարեւորվել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի դերակատարությունը։ Այս ջանքերի առանցքում ընկած է ԱԺ վարչակազմի համար մշակված 5-ամյա (2022-2027թթ.) Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը, որը, Դիոնի կարծիքով, պետք է կանադական ներկայության առաջատար ծրագիրը լինի Հայաստանում:
    
5.    Աջակցություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Կանադան պատրաստակամ է կիսվել իր փորձով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ՝ օգնելով նաեւ վերջինիս թվայնացման հարցում:

6.    Աջակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին

Մարդու իրավունքների գրասենյակը եւս մի հաստատություն է, որի հետ Կանադան կարող է սերտ գործակցել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում:

7.    «Առնոլդ Չան» նախաձեռնության շրջանակներում ծրագրերի եւ ֆինանսավորման ավելացում

Ներկայում աջակցությունը տեղական ՀԿ-ներին իրականացվում է «Առնոլդ Չանի ժողովրդավարության նախաձեռնություն» ծրագրի միջոցով, որը տարեկան 2-3 նախագիծ է ֆինանսավորում: Զեկույցի հեղինակի կարծիքով՝ այն պետք է ընդլայնվի՝ ավելացնելով ֆինանսավորումը ներկայիս 100 000 կանադական դոլարից մինչեւ 500 000 (շուրջ 380 հազար ԱՄՆ դոլար) եւ ներառելով տարեկան 10-ից 15 ծրագրեր:  

8.    Փորձաքննության տրամադրում՝ Հայաստանի գետերի եւ լճերի էկոհամակարգերի պաշտպանության եւ վերականգնման ուղղությամբ

Այս առաջարկության ուշադրության կենտրոնում Սեւանա լիճն է, եւ Ստեֆան Դիոնը վստահություն է հայտնում, որ հաշվի առնելով Կանադայի հարուստ փորձն այս հարցում, իր երկրի փորձագետները կարող են օգտակար լուծումներ առաջարկել Սեւանա լճի վիճակը բարելավելու համար:

9.    Պրակտիկայի ծրագրի ստեղծում, որը թույլ կտա կանադացիներին առաջարկել իրենց փորձը Հայաստանում

Այս գաղափարը կառուցվում է Կանադայի ակտիվ հայ համայնքի ներուժը օգտագործելու շուրջ: Այն ենթադրում է նախաձեռնության մշակում, որը թույլ կտա խթանել հայաստանցիների եւ կանադահայերի միջեւ փոխանակումները՝ վերջիններիս հնարավորություն տալով կարճ ժամանակով աշխատել Հայաստանում:

Որպես օրինակ բերվում է Igorts ծրագիրը՝ նշելով, որ 1 տարով Հայաստան աշխատելու նպատակով ժամանող կանադահայերի աշխատավարձը եւ մնացած ծախսերը կարող է հոգալ Կանադայի կառավարությունը:

10.    Հայաստանում Կանադայի դիվանագիտական ներկայության ավելացում

Ստեֆան Դիոնը նշում է, որ ներկայացնել Կանադան մեր երկրում Մոսկվայում գործող դեսպանատնից չափազանց խնդրահարույց է, հատկապես ներկա իրողությունների պայմաններում: Նրա փոխանցմամբ՝ ներկայում կանադացի դիվանագետներից որեւէ մեկն իր ամբողջ ժամանակը չի տրամադրում Հայաստանին, հաշվի առնելով ինչպես Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունները եւ անձնակազմի զգալի կրճատումը, այնպես էլ այն հանգամանքը, որ դեսպանությունը «ծածկում» է նաեւ Ուզբեկստանը: Կանադան պետք է դեսպանություն եւ դեսպան ունենա Երեւանում, շեշտում է Դիոնը:

11.    Հատուկ հիմնադրամի ստեղծում փխրուն ժողովրդավարությունների համար

Սա մի ընդհանուր գաղափար է, որը վերաբերվում է բոլոր ժողովրդավարություններին։ Ստեֆան Դիոնը վստահ է՝ նման հիմնադրամի ստեղծումը հստակ ուղերձ կունենա՝ Կանադան շատ լուրջ է վերաբերվում փխրուն ժողովրդավարություններին սատարելու իր նպատակին: «Այն, ինչ մենք անելու ենք Հայաստանի համար, կդիտարկենք նաեւ այլուր», - ընդգծում է նա։  
Ստեֆան Դիոնը Ստեֆան Դիոնը


Ուշագրավ է Ստեֆան Դիոնի եզրակացությունը, որում նա կիսվում է Կանադայի արտգործնախարարին ուղղված իր նամակում․

«Այն փաստը, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության վրա, չպետք է դառնա Հայաստանից երես թեքելը արդարացնելու փաստարկ։ Ընդհակառակը, Հայաստանն ավելի է արժանի գովասանքի, քանի որ առաջ է մղում իր ժողովրդավարությունը լրացուցիչ սահմանափակումների պարագայում։  Ուկրաինային աջակցելը ենթադրում է նաեւ ակտիվացնել մեր ջանքերը տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման համար եւ ես հստակ խորհուրդ եմ տալիս աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը»:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին