5 հարց ու պատասխան Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մասին - Mediamax.am

exclusive
13235 դիտում

5 հարց ու պատասխան Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մասին


Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը 2017թ. փետրվարին
Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը 2017թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Էլմար Բրոքը
Էլմար Բրոքը

Լուսանկարը` REUTERS

Քեթրին Էշթոնը եւ Էդվարդ Նալբանդյանը
Քեթրին Էշթոնը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo

Շտեֆան Ֆյուլեն եւ Սերժ Սարգսյանը
Շտեֆան Ֆյուլեն եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Շտեֆան Ֆյուլեն
Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Մայա Կոչիյանչիչը
Մայա Կոչիյանչիչը
Ֆրանսուա Օլանդը եւ Սերժ Սարգսյանը
Ֆրանսուա Օլանդը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS

Պյոտր Սվիտալսկին եւ Սերժ Սարգսյանը
Պյոտր Սվիտալսկին եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովում
Սերժ Սարգսյանը 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS


2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մեդիամաքսի Պարզաբանում խորագիրը ներկայացնում է այն իրադարձությունները, որոնք նախորդեցին փաստաթղթի կնքմանը:

1. Ինչո՞ւ 2013 թվականին չստորագրվեց Եվրամիության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը:

Կողմերի մեկնաբանությունները խիստ տարբեր են:

Հայկական կողմը պնդում է, որ պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը 2013 թվականի Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում, սակայն Եվրամիությունը չտվեց իր համաձայնությունը:

Սերժ Սարգսյանը 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS


ԵՄ-ն պնդում է, որ երբ 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու որոշման մասին, Ասոցացման համաձայնագրի կնքումը դարձավ անհնարին, քանի որ երկիրը չի կարող միաժամանակ գտնվել երկու մաքսային եւ առեւտրային գոտիներում:

2013 թվականի հուլիսի 24-ին Եվրոպական Հանձնաժողովը հայտնել էր, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել են բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին, որը հանդիսանում է Ասոցացման համաձայնագրի անբաժան մասը: Երեւանում կայացած բանակցությունների 7-րդ փուլում կողմերը համաձայնության էին եկել առանցքային կետերի շուրջ, որոնք պետք է նոր հիմք ծառայեին Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների համար:
Շտեֆան Ֆյուլեն Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Ներկայացնում ենք մի հատված Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հարցազրույցից, որը նա տվել էր Մեդիամաքսին 2013 թվականի սեպտեմբերին.

- Արդյո՞ք ԵՄ նախապես տեղեկացված էր այն մասին, որ Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու տարբերակը: Մասնավորապես, Դուք քննարկե՞լ եք այդ հավանականությունը ՀՀ ղեկավարության հետ Երեւան կատարած Ձեր վերջին այցի ընթացքում:

- ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:

2017 թվականի մարտին Մեդիամաքսին տված հարցազրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել էր, որ «2013 թվականին Հայաստանը վերջին պահին որոշեց չստորագրել Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը Եվրոպական միության հետ»:

2. Հայաստանի վրա ճնշում եղել էր, թե՞ ոչ:

2013 թվականի սեպտեմբերի 4-ին Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը հայտարարել էր, որ Մաքսային միությանը անդամակցելու մասին որոշումը Հայաստանի նախագահը կայացրել է Ռուսաստանի ճնշման ներքո:
Էլմար Բրոքը Էլմար Բրոքը

Լուսանկարը` REUTERS


«Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի աննկարագրելի ճնշման ներքո` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բարդ իրավիճակի պատճառով:  Հայաստանի նման փոքր երկրին շանտաժի են ենթարկել նման որոշում կայացնելու համար»,- ասել էր գերմանացի խորհրդարանականը:

2013 թվականի սեպտեմբերի 13-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել էր, որ «հայ գործընկերներն ինձ հավաստիացրել են, որ որեւէ ճնշում Հայաստանի վրա չի գործադրվել»: «Միթե՞ ես այդ հավաստիացումները հարցականի տակ դնելու իրավունք ունեմ», - ավելացրել էր Ֆյուլեն:
Շտեֆան Ֆյուլեն եւ Սերժ Սարգսյանը Շտեֆան Ֆյուլեն եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


2014 թվականի գարնանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում Եվրամիության Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան Նիկու Պոպեսկուն ասել էր.

«Կարծում եմ`զարմանքն ավելի մեծ էր ոչ թե այն փաստից, որ Հայաստանը ետ կանգնեց Ասոցացման համաձայնագրից, այլ նրանից, որ Երեւանը ԵՄ-ի հետ այդքան առաջ էր գնացել համաձայնագրի շուրջ բանակցություններում: Բայց, ինչպես երեւում է, բոլորը հասկանում են, որ դա արվեց ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը ցանկանում էր կամ նախընտրում էր աշխարհաքաղաքական այս կամ այն միավորումը, այլ ելնելով այն անվտանգության իրավիճակից, որը ձեւավորվել էր իր շուրջ»:

3. Ի՞նչ եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո:

Սկզբնական շրջանում հայկական կողմն առաջարկում էր Վիլնյուսի գագաթաժողովում ստորագրել Ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասը»՝ փաստաթղթից հանելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն վերաբերող դրույթները: Սակայն Եվրամիությունից ասացին, որ դա հնարավոր չէ:

2013 թվականի սեպտեմբերին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում Շտեֆան Ֆյուլեն ասել էր.

«ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները»:
Քեթրին Էշթոնը եւ Էդվարդ Նալբանդյանը Քեթրին Էշթոնը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


2013 թվականի հոկտեմբերի 8-ին Բրյուսելում հանդիպելով Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների եւ առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։

4. Ի՞նչ ասաց Օլանդը:

2014 թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երեւանում ասել էր, որ իր երկիրը ցանկանում է Հայաստանին ասոցացված տեսնել Եվրամիության հետ:

«Մեր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ: Դա Հայաստանի ձգտումն ու ցանկությունն է, որը բխում է այս երկրի շահերից: Բայց, միաժամանակ, մենք չենք ցանկանում դրդել Հայաստանին խզել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել էր Օլանդը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ֆրանսուա Օլանդը եւ Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ Եվրամիությունը պետք է հասկանա այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը եւ տարբերակված մոտեցում ցուցաբերի Հայաստանի հանդեպ:

5. Ե՞րբ սկսվեցին բանակցությունները նոր փաստաթղթի շուրջ եւ ինչը հիմք ծառայեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համար հիմքը:

2015 թվականի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։

Փաստաթուղթը ստացավ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը:

2015 թվականին Մեդիամաքսին տված հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ «նոր համաձայնագիրը հիմնված է լինելու նախքան Վիլնյուսի գագաթնաժողովը բանակցված Ասոցացման համաձայնագրի վրա»:
Պյոտր Սվիտալսկին եւ Սերժ Սարգսյանը Պյոտր Սվիտալսկին եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն


«Ասոցացման համաձայնագրով նախատեսված բոլոր գլուխները տեղ կգտնեն նոր համաձայնագրում: Քաղաքական գլուխը վերաբերում է ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությանը: Ասոցացման համաձայնագրի մյուս գլուխները պետք է հարմարեցվեն նոր իրավիճակին՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Սա, մասնավորապես վերաբերում է առեւտրին: Նոր համաձայնագիրը չի կարող պարունակել արտոնյալ առեւտրային համակարգի մասին դրույթ, քանի որ Հայաստանը մաքսերի հաստատման գործառույթը փոխանցել է Եվրասիական տնտեսական միությանը: Այնուամենայնիվ, մյուս, այդ թվում՝ ոլորտային համագործակցության եւ տնտեսության վերաբերյալ գլուխներում, հավանաբար, կպահպանվի նախկինում բանակցված բովանդակությունը», - ասել էր դեսպանը: 

2017 թվականի մարտին Մեդիամաքսին տված հարցազրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել էր, որ առաջիկայում ստորագրվելիք համաձայնագիրը «հավակնոտ է եւ ամրապնդելու է համագործակցությունը»։

«Նորացված համաձայնագիրը ընդլայնելու է ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով երկու կողմերի նոր գլոբալ, քաղաքական եւ տնտեսական շահերը, եւ այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել»,- ասել էր նա:
Մայա Կոչիյանչիչը Մայա Կոչիյանչիչը


«Ընդհանուր արժեքները եւ ժողովրդավարության հաստատման հանձնառությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը կամրապնդեն համաձայնագիրը, եւ ցանկալի նախադրյալներ կստեղծեն ավելի ամուր համագործակցության համար էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ոլորտներում, ինչպես նաեւ կբարձրացնեն շարժունակությունը ի նպաստ մեր քաղաքացիների»,- ասել էր ԵՄ ներկայացուցիչը։

«Եվրամիությունը շարունակաբար հայտարարել է, որ երկիրը կարող է ԵԱՏՄ անդամ լինել եւ առանձին համաձայնագրեր ունենալ ԵՄ հետ: Քանի որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ենթադրում է առեւտրային քաղաքականության ինքնիշխանության զիջումը ԵԱՏՄ-ին, միակ անհնարինությունը վերաբերում է ԵՄ-ի հետ այնպիսի փաստաթուղթ ունենալուն, որը կներառեր հատուկ պայմաններ առեւտրի համար», - հստակեցրել էր Մայա Կոչիյանչիչը:

«Տնտեսական համագործակցությունը նախատեսում է ապահովել ավելի լավ կարգավորող միջավայր առեւտրի ծառայություններում, ընկերությունների ստեղծման եւ շահագործման, կապիտալի շարժի, կառավարության գնումների եւ մտավոր սեփականության իրավունքների ոլորտներում», - ասել էր Մայա Կոչիյանչիչը:

Այս հղումով հասանելի է Հայաստանի եւ Եվրոպական Միության Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:

Պատրաստել է Արա Թադեւոսյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին