Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միությունն ու Հայաստանն այսօր հաջողությամբ ավարտել են բանակցություններ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին, որը հանդիսանում է Ասոցացման համաձայնագրի անբաժան մասը:
Այս մասին Մեդիամաքս-ը տեղեկացել է Եվրոպական Հանձնաժողովից:
Այսօր Երեւանում կայացած բանակցությունների 7-րդ փուլում կողմերը համաձայնության են եկել առանցքային կետերի շուրջ, որոնք նոր հիմք կծառայեն Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների համար:
ԽՀԱԱԳ-ը կամրապնդի Հայաստանի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ի հետ եւ ավելի լավ պայմաններ կստեղծի ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ հասանելիության համար: Բացի դրանից, ԽՀԱԱԳ-ի շնորհիվ Հայաստանի տնտեսության կարեւոր ոլորտները կհամապատասխանեցվեն ԵՄ-ի չափանիշներին:
Անկախ հետազոտության համաձայն, ԽՀԱԱԳ-ի շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը տարեկան կստանա լրացուցիչ 146 մլն եվրո` ՀՆԱ-ն ավելացնելով 2.3 %-ով: Սպասվում է, որ ԽՀԱԱԳ-ի շնորհիվ Հայաստանի արտահանումը կաճի 15.2% -ով, իսկ ներմուծումը` 8.2%-ով:
Եվրոպական Միությունն ու Հայաստանը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցությունները սկսել էին 2010թ. հուլիսին:
















