Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին
Սեպտեմբերի 12-13-ը Երեւանում կկայանա Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման նախօրեին Մեդիամաքս-ը մի քանի հարց է ուղղել Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
- Արդյո՞ք ԵՄ նախապես տեղեկացված էր այն մասին, որ Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու տարբերակը: Մասնավորապես, Դուք քննարկե՞լ եք այդ հավանականությունը ՀՀ ղեկավարության հետ Երեւան կատարած Ձեր վերջին այցի ընթացքում:
- ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:
- Կա՞ հնարավորություն, որպեսզի Հայաստանն եւ ԵՄ-ն Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը (առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու):
- ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները:
- Որոշ մեկնաբաններ կարծում են, որ անցած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը գտնվել է Ռուսաստանի մեծ ճնշման ներքո, սակայն ԵՄ այնպես չի սատարել Հայաստանին, ինչպես դա անում է Ուկրաինայի պարագայում:
- Մենք հարգում ենք մեր գործընկերների ինքնիշխան որոշումները: Նրանք ազատ են ընտրելու ինտեգրացման եւ համագործակցության իրենց նախընտրելի ձեւաչափերը: Միեւնույն ժամանակ, մենք ափսոսում ենք Ռուսաստանի կողմից արված հայտարարությունների եւ Ասոցացման համաձայնագրի/ԽՀԱԱԳ հարցում որոշ հարեւան երկրների նկատմամբ գործադրված ճնշման առնչությամբ: Մենք աջակցել եւ աջակցելու ենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք ինքնուրույն ընտրություն կատարեն:
- ՀՀ նախագահի որոշման վրա ազդած առանցքային գործոններից մեկը անվտանգության խնդիրն է: ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների չլուծված խնդիրները Հայաստանին մեծ կախվածության մեջ են դնում Ռուսաստանից: Թվում է, որ ԵՄ-ն չի կարող այլընտրանք դառնալ Հայաստանի համար անվտանգության ապահովման տեսանկյունից: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:
- ԵՄ ակտիվորեն սատարում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության կարգավորմանը: ԵՄ-ն նաեւ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: