Նոր փաստաթուղթը «հավակնոտ է», ասել է Մոգերինիի խոսնակը - Mediamax.am

exclusive
11752 դիտում

Նոր փաստաթուղթը «հավակնոտ է», ասել է Մոգերինիի խոսնակը


Ֆեդերիկա Մոգերինին եւ Մայա Կոչիյանչիչը
Ֆեդերիկա Մոգերինին եւ Մայա Կոչիյանչիչը

Լուսանկարը` http://www.euractiv.com


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչը Մեդիամաքսին ասել է, որ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ առաջիկայում ստորագրվելիք նոր համաձայնագիրը «հավակնոտ է, եւ ամրապնդելու է համագործակցությունը»։

Մարտի 21-ին Երեւանում նախաստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

 

«Նորացված համաձայնագիրը ընդլայնելու է ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով երկու կողմերի նոր գլոբալ, քաղաքական եւ տնտեսական շահերը, եւ այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել»,- ասել է նա Մեդիամաքսին տված հարցազրույցում:

 

Նա հիշեցրել է, որ «2013 թվականին Հայաստանը վերջին պահին որոշեց չստորագրել Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը Եվրոպական միության հետ»:

 

Մայա Կոչիյանչիչի խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ներառելու է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային դրույթներ։

Համաձայնագիրը բաղկացած է 400 էջից եւ 8 գլուխներից։

 

«Ընդհանուր արժեքները եւ ժողովրդավարության հաստատման հանձնառությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը կամրապնդեն համաձայնագիրը, եւ ցանկալի նախադրյալներ կստեղծեն ավելի ամուր համագործակցության համար էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ոլորտներում, ինչպես նաեւ կբարձրացնեն շարժունակությունը ի նպաստ մեր քաղաքացիների»,- Մեդիամաքսին ասել է ԵՄ ներկայացուցիչը։

 

Համաձայնագրում ներառված տնտեսական բաղադրիչով կբարելավվեն ՀՀ-ԵՄ երկկողմ առեւտրային պայմանները՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում։

 

«Եվրամիությունը շարունակաբար հայտարարել է, որ երկիրը կարող է ԵԱՏՄ անդամ լինել եւ առանձին համաձայնագրեր ունենալ ԵՄ հետ: Քանի որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ենթադրում է առեւտրային քաղաքականության ինքնիշխանության զիջումը ԵԱՏՄ-ին, միակ անհնարինությունը վերաբերում է ԵՄ-ի հետ այնպիսի փաստաթուղթ ունենալուն, որը կներառեր հատուկ պայմաններ առեւտրի համար», - հստակեցրել է Մայա Կոչիյանչիչը:

 

«Տնտեսական համագործակցությունը նախատեսում է ապահովել ավելի լավ կարգավորող միջավայր առեւտրի ծառայություններում, ընկերությունների ստեղծման եւ շահագործման, կապիտալի շարժի, կառավարության գնումների եւ մտավոր սեփականության իրավունքների ոլորտներում», - ասել է Մայա Կոչիյանչիչը

 

Նա նշել է, որ համաձայնագիրը որոշակի ներքին գործընթացներից եւ թարգմանությունից հետո պատրաստ կլինի ստորագրման։

 

«Էականն այն է, որ բանակցությունները հաջող ավարտվել են։ Մենք հիմա աշխատում ենք, որ այն հնարավորինս շուտ ստորագրվի»,-ասել է Մայա Կոչիյանչիչը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին