«Կյանքը՝ հրաշք» ու հույսը, որ փրկում է դժվար ժամանակներում - Mediamax.am

exclusive
3173 դիտում

«Կյանքը՝ հրաշք» ու հույսը, որ փրկում է դժվար ժամանակներում


Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Սիսոեւան
Ելենա Սիսոեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Սիսոեւան
Ելենա Սիսոեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Սիսոեւան
Ելենա Սիսոեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Սիսոեւան՝ Նեւայի ափին
Ելենա Սիսոեւան՝ Նեւայի ափին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Սիսոեւան
Ելենա Սիսոեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Սիսոեւը
Նիկոլայ Սիսոեւը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարգարիտա Շմիդտը
Մարգարիտա Շմիդտը

Լուսանկարը` անձնական արխիվից


Ելենա Սիսոեւան 77 տարեկան է, ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ռուս-գերմանական ընտանիքում: Ծնողները՝ Նիկոլայ Սիսոեւն (1900թ.) ու Մարգարիտա Շմիդտը (1905թ.), ծանոթացել են 1925թ.-ին՝ Լենինգրադի արվարձանում: Միասին վերապրել են բլոկադան, անցել պատերազմներով ու յոթ երեխա մեծացրել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելենա Սիսոեւայի ու նրա ընտանիքի կյանքը պատմության դասագիրք է հիշեցնում: Դրանում 1917թ. հեղափոխությունն է, Ֆիննական ու Հայրենական պատերազմները, Լենինգրադի բլոկադան, ԽՍՀՄ փլուզումն ու իննսունականների Հայաստանը: Բայց, ի տարբերություն չոր թվականներով դասագրքի, այս պատմությունը լի է կյանքով, սիրով ու պայքարով: Ելենա Սիսոեւան վստահել է այն Մեդիամաքսին՝ բացելով հիշողությունների ընտանեկան ալբոմը:

Հայրիկ. կյանքը՝ հրաշք

Հայրս՝ Նիկոլայ Սիսոեւը, Պսկովի շրջանից էր ու  Լենինգրադ էր տեղափոխվել 14 տարեկանում: Կյանքի ընթացքում նա բազմաթիվ պատմական իրադարձությունների ականատեսն է եղել ու մի քանի անգամ ողջ մնացել հրաշքով:

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ 17 տարեկան էր, մասնակցում էր Ձմեռային պալատի գրավմանը: Աշխատավոր տղաները, սակայն, խնայել են հորս ու վերջին պահին ուղարկել պահեստ՝ երկաթե ձողեր բերելու: Երբ նա վերադարձել է, պալատն արդեն գրավված էր:

Հետագայում հայրիկն աշխատել է Սերգեյ Կիրովի հետ, եղել Կռուպսկայայի ամառանոցում ու այստեղ հանդիպել Լենինին:
Նիկոլայ Սիսոեւը Նիկոլայ Սիսոեւը

Լուսանկարը` անձնական արխիվից


Խորհրդա-ֆիննական պատերազմին(1939-1940) հայրս մասնակցել է որպես դիպուկահար: Միշտ պատմում էր, որ այս պատերազմում կռվում էին ոչ թե ֆինների, այլ՝ գերմանացիների դեմ: Այստեղ եւս հրաշքով է փրկվել: Գերմանացիներին հաջողվել է շրջափակել նրանց վաշտը Վուոկսա գետի մոտ, ինչից հետո բոլորին գնդակահարել են: Ողջ են մնացել միայն հայրիկն ու մի երիտասարդ զինվոր, որին նա իր հետ թաքցրել է եղեգներում: Նրանք ստիպված են եղել որոշ ժամանակ անշարժ կանգնել այստեղ՝ ամբողջությամբ արյան մեջ:

Հայրենական պատերազմի ժամանակ նրան չեն զորակոչել: Նա Լենինգրադում էր ու այստեղ վերապրել է բլոկադան: Այս դեպքում արդեն հայրիկին փրկել է մորս հանդեպ մեծ սերը:  

Մայրիկ. Մարգարիտոչկա

Մայրս գերմանուհի է: Նրա ընտանիքը Լենինգրադի արվարձաններից մեկում հաստատվել է դեռ Պետրոսի իշխանության ժամանակ: Այստեղ նույն գյուղում համատեղ բնակվում էին ռուսներ ու գերմանացիներ: Հայրս տեսել է մորս, երբ այս կողմեր գործուղման է եկել: Մուգ մազերով ու խոշոր աչքերով աղջիկը միանգամից գրավել է նրա ուշադրությունը: Առաջին հանդիպումից հետո նորից ու նորից է եկել այստեղ ու ի վերջո, մայրիկին իր հետ Լենինգրադ տարել:
Մարգարիտա Շմիդտը Մարգարիտա Շմիդտը

Լուսանկարը` անձնական արխիվից


Սա սիրո պատմություն էր, որոնց մասին միայն գրքերում ենք կարդացել: Ես երբեք չեմ լսել որեւէ վեճ նրանց միջեւ: Հայրս պաշտում էր մորս ու երբեք նույնիսկ ձայնը չէր բարձրացնում նրա վրա: «Մարգարիտոչկա»՝ միայն այսպես էր դիմում մայրիկիս:

«Չկան ազգություններ, կա մարդ»

Մինչեւ յոթ տարեկանը չգիտեի, որ մայրս գերմանուհի է: Հետպատերազմյան շրջանում նա զգուշանում էր ու ավելորդ անգամ չէր բարձրաձայնում այդ մասին: Մի անգամ բակում վիճեցի հարեւան տղայի հետ ու նրան վիրավորելու համար «գերմանացի» անվանեցի: «Գերմանացին մայրդ է», - պատասխանեց տղայի մայրը, որն ականատես էր մեր վեճին: Իհարկե, բղավեցի, որ դա սուտ է, բայց հարեւանուհին խորհուրդ տվեց գնալ ու հարցնել մայրիկից:
Ելենա Սիսոեւան Ելենա Սիսոեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մամա՜, մամա, դա ճի՞շտ է», - լացելով ներս վազեցի ու արդյունքում մայրիկի հետ երկար զրույց ունեցա ֆաշիզմի ու ազգության մասին, ինչն ամենակարեւորն է՝ դրանց բացարձակ տարբերության: Այս զրույցն ինձ «բուժեց» ամեն տեսակի ազգայնականությունից: Այնպես որ, Հայաստանում հայնտվելս էլ պատահական չէր: Այդ օրվանից ազգություններն ինձ համար այնքան էլ կարեւոր չեն, դրանք չկան, կա միայն մարդը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայրիկիս հետ էլ եմ մի անգամ նման զրույց ունեցել: Հրեա դասընկերուհի ունեի, նա թափթփված էր, վատ էր սովորում ու սիրված չէր դասընկերների կողմից: Մի անգամ դպրոցական լուսանկարում մեզ իրար կողք կանգնեցրեցին: Տուն եկա ու բողոքելով ասեցի մայրիկիս՝ «ինձ այդ ժիդովկայի հետ են լուսանկարել»: Միջամտեց հայրս. «Այլեւս երբեք նման արտահայտություն չլսեմ քեզնից: Հիշիր, որ լույս աշխարհ ես եկել հրեայի շնորհիվ ու կարող էիր երբեք չծնվել ռուսի «շնորհիվ», որն ինձ վրա բողոք էր գրել: Հենց հրեա մի տղա է իմ մասին լավ կարծիք հայտնել, երբ նրան կանչել են»: Այսքանով զրույցն ավարտվեց, այդ պատմության մանրամասները նա երբեք չպատմեց:

Լենինգրադի բլոկադան. մահը՝ կյանքի անբաժան մաս  

Երբ սկսվեց Լենինգրադի բլոկադան, ծնողներս արդեն հինգ երեխա ունեին, փոքրն ընդամենը մեկ տարեկան էր: Ընտանիքն ապրում էր չջեռուցվող սենյակում՝ հինգերորդ հարկում: Երբ մարդիկ սկսեցին մահանալ ու ավելի ցածր հարկերում սենյակներ ազատվեցին, նրանք տեղափոխվեցին երրորդ հարկ, որպեսզի տուն բարձրանալու վրա լրացուցիչ ուժ չծախսեն: Բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում մահը կյանքի անբաժան մասն էր դարձել: Որոշ ժամանակ հետո մարդիկ նույնիսկ դադարեցին հուղարկավորել սովից մահացողներին, որովհետեւ ուժ չունեին: Հայրիկի կողմից տատիկիս, օրինակ, հուղարկավորել են եղբայրական գերեզմանում, որոնցից յուրաքանչյուրում 100-200 մարդ էր լինում: Սրան զուգահեռ, պետք էր ինչ-որ կերպ շարունակել ապրել:
Ելենա Սիսոեւան Ելենա Սիսոեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավագ երեխաները դպրոց էին գնում, որպեսզի այստեղ ստանային իրենց հասանելիք մեկ ափսե ապուրը: Ես ծնվել եմ բլոկադայից հետո, բայց մեր դպրոցի պարեկը հաճախ էր պատմում բլոկադայի տարիների մասին ու առավել հաճախ հիշատակում էր վերելակը: Չորսհարկանի դպրոցում մի հին վերելակ կար, ու երեխաները հաճախ ինչ-որ կերպ գալիս էին դպրոց, բայց դասարան այդպես էլ չէին հասնում, քանի որ մահանում էին հենց վերելակում ու այն լցվում էր երեխաների դիերով:

Այս շրջանում հայրս մասնակցում էր սննդի հավաքագրմանը: Նրանք խմբերով մթերք էին փնտրում ռմբակոծություններից քանդված շինությունների փլատակներում: Գտած ամեն ինչ մինչեւ վերջին փշրանքը նա հանձնում էր պետությանը: Շատերը զարմանում էին՝ ինչո՞ւ, չէ՞ որ տանը հինգ երեխա ունի, բայց հայրս կարծում էր, որ պետությունն ավելի լավ գիտի՝ ինչպես բաշխել մթերքը: Մի անգամ նույնիսկ մեկ պարկ ալյուր է գտել, իսկ բլոկադայի շրջանում սա անգին էր: Նա տուն էր բերում միայն ուտելիքի սեփական բաժինն ու տալիս երեխաներին: Քանի որ ծանր ֆիզիկական աշխատանքին զուգահեռ գրեթե չէր սնվում, նրա օրգանիզմը շատ արագ հյուծվեց ու մի օր նա պարզապես ընկավ փողոցում: Բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում ընկնելը հավասարազոր էր մահանալուն: Մարդիկ նույնիսկ ուշադրություն չէին դարձնում նման դեպքերին, քանի որ իրականում ոչնչով չէին էլ կարող օգնել ընկածին: Բոլորի համար մահը սովորական էր, մարդիկ հաշտվել էին մտքի հետ, որ իրենք էլ վաղ թե ուշ մահանալու են: Հենց այստեղ է, որ հայրիկին փրկել է մայրիկի հանդեպ մեծ սերը: Հայրս պատմում էր, որ պառկած մտածում էր՝ «ի՞նչ է անելու Մարգարիտոչկաս, ինչպե՞ս կարող եմ նրան միայնակ թողնել երեխաների հետ»: Նա պարզապես չէր կարող իրեն թույլ տալ մահանալ: Սա ստիպեց վեր կենալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայրս այդ ընթացքում աշխատում էր հոգեբուժարանում, որը մոտ էր մեր տանը: Նա նույնպես սեփական բաժին ուտելիքը տալիս էր երեխաներին: Զարմանալի չէ, որ շատ հաճախ կորցնում էր գիտակցությունը: Քաղաքում իրավիճակն օր օրի ավելի ծանր էր դառնում: Մայրս փորձում էր փոխանակել սեփական զարդերը, տանը եղած իրերը ոչ թե ուտելիքով, այլ նույնիսկ՝ եփած մակարոնի տակ մնացած ջրով: Ինչ հնարավոր էր այրել ու տաքանալ, նա գցում էր բուխարու մեջ՝ բազմոցներ, աթոռներ: Հետո փորձում էր ինչ-որ բանով փոխարինել ուտելիքը: Խաշում էր կաշվե պայուսակներ, կոշիկներ ու փորձում էր ուտել դրանք, իսկ երեխաների համար գտնում էր հացի փշրանքներ:

Ինչպես ասացի, երեխաներից փոքրը մեկ տարեկան էր ու հաճախ սովից փորձում էր ուտել սեփական կղանքը: Ես կարդացել եմ, որ նման երեւույթ հանդիպում է նաեւ խիստ հյուծված, սոված կենդանիների մոտ: Ավագ երեխաները միշտ չէ, որ նրան հետ պահելու ուժ էին ունենում ու այդ պատճառով ստիպված էին եղբորը կապել անկողնուց:

Մայրս մի դեպք էր հաճախ պատմում: Մի օր լուր է տարածվում, թե քաղաքի ինչ-որ հատվածում հաց կա: Նա եւ մեր հարեւանուհին, որը միայնակ մեկ երեխա էր մեծացնում, միասին գնում են այդ վայրը: Ճանապարհը շատ երկար ու բարդ էր, իսկ տեղում պարզվում է՝ հացը վերջացել է: Քանի որ վերադառնալու ուժ այլեւս չունեին, մայրս ու հարեւանուհին որոշում են գիշերել հենց այդտեղ: Առավոտյան վերադառնում են տուն եւ հարեւանուհին իր երեխային մահացած է գտնում: Նա մահացել էր սովից՝ չդիմանալով մինչեւ մոր վերադարձը:

Ինչ-որ պահի մայրիկին երեխաների հետ «կյանքի ճանապարհով» հանում են Լենինգրադից: Նրանք մոտ երկու տարի ապրում են Կազանում: Հայրիկիս հետ կապ չեն ունենում, բայց նա իմանում է՝ ընտանիքն անվտանգ է: Բլոկադայի ճեղքումից հետո նրանց թույլատրում են վերադառնալ Լենինգրադ: Ճանապարհը շատ բարդ էր, ընտանիքն իր հետ որոշ իրեր ու ուտելիք էր բերում: Մայրս դժվարությամբ հասնում է Վասիլեւյան կղզի ու այլեւս չի կարողանում շարունակել ճանապարհն՝ ավագ դստերն ուղարկելով հայրիկի հետեւից:  

Երբ հայրս տեսնում է աղջկան միայնակ, վեր է թռնում ու բղավում՝ «Ո՞ւր է իմ Մարգարիտոչկան: Ի՞նչ է եղել: Նույնիսկ, եթե նա ինձ դավաճանել է, թող չվախենա, ես ամեն ինչ կհասկանամ»: Նա պաշտում էր մայրիկին ու պատրաստ էր ամեն ինչ ներել: Սա իսկապես սեր էր, որն ուժ է տալիս, պաշտպանում ու փրկում ամենասարսափելի իրավիճակներում:
Ելենա Սիսոեւան Ելենա Սիսոեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայրս պատմում էր՝ ինչպես են պատերազմից հետո ամբողջ ընտանիքով առաջին անգամ բաղնիք գնացել ու այստեղ իրար տեսել առանց հագուստի բազմաթիվ շերտերի՝  անճանաչելի աստիճանի նիհարած: Բոլորը լուռ նայում էին իրար ու արտասվում:  

«Պատերազմից հետո երջանկությունից բացի ոչինչ չկար»

Ես ծնվել եմ պատերազմից հետո: Մայրս հյուծված էր ու բժիշկները համոզված էին, որ ողջ չեմ մնա, բայց ապրեցի:  
Հետպատերազմյան տարիները շատ ջերմ էին: Մարդիկ չունեին ոչինչ, բացի երջանկությունից, որ ողջ են: Նրանք պարզապես ուրախանում էին ամեն ապրած օրվա համար ու շփման ընթացքում երբեք չէին շոշափում նյութական հարցեր:

Հիշում եմ՝ դպրոցական տարիներին դասերս պատուհանագոգին էի սովորում, քանի որ տանը սեղան կամ աթոռ չունեինք: Տունն ամբողջությամբ դատարկ սենյակ էր, որում միայն մի հին սնդուկ կար: Ցերեկն այն ծառայում էր որպես ճաշասեղան, իսկ գիշերը դրանում քնում էր երեխաներից փոքրը:
Բացակայում էր աղքատ-հարուստ բաժանումը: Կոմունալ բնակարանում միասին ապրում էին բանվորներ ու ակադեմիկոսներ:

Չնայած դժվարություններին՝ մանկությունս հիանալի է անցել, բոլորս համերաշխ էինք, մեծանում էինք բակում, իսկ սա մարդու կայացման համար շատ կարեւոր օղակ է:
Ելենա Սիսոեւան՝ Նեւայի ափին Ելենա Սիսոեւան՝ Նեւայի ափին

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ տարիներին գլխավոր սնունդը ձուկն էր՝ Ձողաձուկը: Այն շատ էր ու էժան: Սա հաճախ էի հիշում, երբ 90-ականներին Հայաստանում էին դժվար ժամանակներ: Այստեղ մարդկանց փրկեց Սիգը, իսկ Լենինգրադում՝ Ձողաձուկը:

Երիտասարդությունը, բժշկական կրթությունն ու Աղվերանը

Դպրոցն ավարտելուց հետո ստացա ստոմատոլոգիական կրթություն՝ դիմածնոտային վիրաբույժի մասնագիտությամբ: Զուգահեռ աշխատում էի նաեւ որպես բուժքույր: Ընկերուհի ունեի, որը մի անգամ որոշեց Լենինգրադ ինձ հյուր գալ: Նրա հետ եկավ նաեւ իր ընկերներից մեկը, ինչպես հետո պարզվեց՝ իմ ապագա ամուսինը (ժպտում է – հեղ.): Այդ ժամանակ ամբիոնում պատասխանատու էի արտասահմանցիների հետ աշխատանքի համար եւ մեզ մոտ պրակտիկայի էր եկել գերմանացի բժիշկ: Ինձ տրամադրեցին մի ամբողջ ավտոբուս, որ նրա համար մշակութային ծրագիր կազմակերպեմ: Քանի որ ավտոբուսը դատարկ էր, հրավիրեցի նաեւ ինձ հյուր եկած ընկերուհուս, նա էլ՝ իր ընկերոջը: Այդպես ծանոթացանք: Ապագա ամուսինս շատ արագ ընկերացավ գերմանացու հետ, ինչպես նաեւ սկսեց ուշադրության նշաններ ցույց տալ ինձ: Ես 28 տարեկան էի ու մտածում էի միայն դիսերտացիայի պաշտպանության մասին: Ինձ որեւէ տեղ հրավիրելու մի քանի անհաջող փորձից հետո առաջարկեց ուղեգիր հայթայթել Աղվերանի հայտնի պանսիոնատ: Նա հայ է՝ Երեւանից: Ես համաձայնեցի ու 24 օրով եկա Աղվերան: Այստեղ սիրահարվեցի ինչպես բնությանն ու լեռներին, այնպես էլ՝ նրան:
Ելենա Սիսոեւան Ելենա Սիսոեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամեն երեկո Երեւանից գալիս էր Աղվերան, ցույց էր տալիս ինձ ամբողջ Հայաստանը: Նրա հետ շատ լավ էի զգում ու հասկանում էի՝ վստահելի մարդ է: Հանգստիս վերջին օրը զբոսնում էինք Աղվերանի ջրվեժի մոտ եւ այստեղ ամուսնության առաջարկ արեց: Այդ պահին 2 ամիս էինք ծանոթ, բայց համաձայնեցի: 5 օր անց ամուսնացանք:

«Հարսնացուն հյուսիսից» ու 90-ականների Հայաստանը

Ամուսնուս ընտանիքը շատ լավն էր: Հայրը միանգամից շատ սիրեց ինձ, իսկ մայրը սկզբում ուզում էր հասկանալ՝ ինչ-ոնց (ժպտում է – հեղ.): Այդ փուլն, իհարկե, շատ արագ անցավ ու մենք հրաշալի հարաբերություններ ունեինք: Ապրելու տեղափոխվեցինք Լենինգրադ, սակայն 1981թ.-ին, ընտանեկան հանգամանքներից ելնելով, վերադարձանք Հայաստան: 1982թ.-ից ես սկսեցի դիմածնոտային վիրաբուժություն դասավանդել Երեւանի պետական բժշկական համալսարանում, որտեղ աշխատում եմ առ այսօր: Բոլորիս համար մեծ ցնցում էր 1988թ. Սպիտակի երկրաշարժը: Դժվար էր թե' հոգեբանորեն, թե' ֆիզիկապես, քանի որ բժիշկները շատ էին աշխատում: Հետո Ղարաբաղյան պատերազմն էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բարդ իրավիճակներում էլի սերն էր փրկում: Ամուսնուս հետ շարունակում էինք հանգստի մեկնել Աղվերան ու նույնիսկ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունն, իսկ պանսիոնատը փակվեց, դրա սեփականատերը մեզ վստահում էր բանալիներն ու ինքներս էինք բացում այն: Ցավոք, հիմա ամուսինս առողջական խնդիրներ ունի ու Աղվերանում արդեն երկու տարի չենք եղել: Հաճախ եմ ասում, որ պետք է առողջանա ու նորից միասին տեսնենք մեր սիրելի վայրերը:  

Հույսը դժվար ժամանակներում

Միշտ ասում եմ, որ դժվար ժամանակներում մարդկանց փրկում է միասնականությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու հույսը: Այժմ Հայաստանում դժվար ժամանակներ են ու մարդիկ պետք է հիշեն այն մասին, ինչն իսկապես կարեւոր է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լենինգրադի բլոկադան վերապրածները շատ էին գնահատում կյանքն ու բոլորովին անտարբեր էին նյութական ամեն ինչի հանդեպ: Լենինգրադցիները շատ լավ հասկացան՝ իրերը չեն կարող արժեքավոր լինել: Նույնիսկ ամենաթանկ իրը մի օր կարող է անգամ եփած մակարոնի տակի ջուր չարժենալ: Կյանքն, ընկերությունը, ապրումակցումը, խիղճը, բարությունն ու օգնությունը մերձավորին, սա այն է, ինչ իսկապես կարեւոր է: Երբ մարդը սկսում է «պաշտպանվել» անտարբերությամբ, կորցնում է ինքն իրեն:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին