Նորագույն պատմություն [մաս 3]. «Միսս Հայաստան 1996» - Mediamax.am

exclusive
39275 դիտում

Նորագույն պատմություն [մաս 3]. «Միսս Հայաստան 1996»


«Միսս Հայաստան 1996» մրցույթը:
«Միսս Հայաստան 1996» մրցույթը:

Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

«Միսս Հայաստան 1996» մրցույթը:
«Միսս Հայաստան 1996» մրցույթը:

Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

«Միսս Հայաստան 1996» մրցույթը:
«Միսս Հայաստան 1996» մրցույթը:

Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

«Միսս Հայաստան 1996» մրցույթը:
«Միսս Հայաստան 1996» մրցույթը:

Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը:
«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը:

Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Կարինե Խաչատրյանը եւ Անգելինա Բաբաջանյանը:
Կարինե Խաչատրյանը եւ Անգելինա Բաբաջանյանը:

Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը:
«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը:

Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է «Նորագույն պատմություն» հատուկ նախագիծը` ներկայացնելով 1990 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները:

Արա Երնջակյան` նախնական գաղափարը «Միսս Հայաստան» մրցույթի անցկացում չէր նախատեսում

Իրականում, մեր նախնական գաղափարը «Միսս Հայաստան» մրցույթի անցկացում չէր նախատեսում: Քանի որ հանդիսանում եմ Հայաստան-Կիպրոս մշակութային կապերի ընկերության նախագահը, որոշել էինք մի միջոցառում կազմակերպել` կապված սիրո աստվածուհու՝ Աֆրոդիտեի հետ: Որոշեցինք անցկացնել գեղեցկության մրցույթ, որը բաղկացած կլիներ երկու մասից՝ «Միսս Հայաստան-Աստղիկ» եւ «Աֆրոդիտե»:

Նախատեսված էր, որ «Աֆրոդիտե»-ին կմասնակցեին հայուհիներ՝աշխարհի տարբեր երկրներից: Ցավոք, այդ գաղափարը չիրագործվեց ու մենք որոշեցինք կյանքի կոչել
«Միսս Հայաստանը»:

Դիմողների թիվը հասնում էր հինգ հարյուրի` Երեւանից եւ մարզերից: Նախնական ընտրական փուլերից հետո մրցույթի հիմնական փուլ անցան 23-24 աղջիկներ: Նրանք ընտրվել էին աշխարհում ընդունված չափանիշներին համապատասխան. տարիքը՝ 17-24, հասակը՝ 168-ից բարձր, մարմնի կառուցվածքը՝ 90-60-90 եւ անշուշտ՝ դիմագծերի գեղեցկությունը: Իհարկե, ի նկատի էր առնվում նաեւ աղջիկների մտավոր մակարդակը եւ ներաշխարհը:

Սկզբում մտավախություն ունեինք, որ քիչ աղջիկներ հայտեր կներկայացնեն, հատկապես՝ մարզերից:  Մտածում էինք, որ լողազգեստով դուրս գալու ժամանակ դահլիճը միանշանակ չի արձագանքի: Սակայն որոշեցինք, որ մրցույթը պետք է համապատասխանի սահմանված չափանիշներին: Եվ պարզվեց, որ մասնակից աղջիկներն էլ ավելի համարձակ էին տրամադրված, քան ես: Հաճելի եւ զարմանալին էր, երբ մրցույթի առաջին իսկ րոպեներից դահլիճը շատ դրական եւ ջերմ ընդունեց մասնակիցներին: Լողազգեստները մենք էինք տրամադրել, քանի որ դրանք միատեսակ պետք է լինեին, իսկ երեկոյան զգեստներն աղջիկներն իրենք էին պատրաստել կամ գնել:


«Միսս Հայաստան 1996» մրցույթը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Առաջին մրցույթը գրեթե հովանավորներ չուներ: Լողազգեստները տրամադրել էին ռուսաստանցի գործընկերները, փորձերը տեղի էին ունենում մեզ մոտ՝ Կամերային թատրոնում: Աղջիկների հետ աշխատող մասնագետներին եւս սեփական միջոցներով էինք հրավիրել: 

Կարող եմ վստահեցնել, որ մրցույթն արդար էր: Մի հայտնի մարդ ցանկություն էր հայտնել, որ իր դուստրը (որը չէր համապատասխանում չափանիշներին) մասնակցի մրցույթին եւ հաղթող ճանաչվի: Հրավիրեցի նրան հետեւել փորձերից մեկին, ինչից հետո նրա կողմից այլեւս որեւէ «գործարքների» առաջարկներ չեղան:

Մրցույթի համահիմնադիր Ռուբեն Թորոյան`«Միսս Ռուսաստան» մրցույթի նախագահը բացեց բոլոր գաղտնիքները

Կամերային թատրոնը միշտ գնահատում էր գեղեցիկը, շատ ներկայացումներ ուներ կանանց մասին, ու գեղեցկության մրցույթ կազմակերպելու գաղափարը վաղուց կար: Մինչ «Միսս Հայաստան» մրցույթը մի գաղափար ունեինք` կազմակերպել «Միսս աշխարհի հայուհի» մրցույթը: Կապ էինք հաստատել 48 երկրների հայկական համայնքների հետ, որպեսզի նրանք անցկացնեն գեղեցկության մրցույթներ, իսկ հետո դրանց հաղթողներից ընտրեինք աշխարհի ամենագեղեցիկ հայուհուն: Ցավոք, շատ ծախսատար նախագիծ էր, եւ չկարողացանք հովանավորներ գտնել:

Մինչ «Միսս Հայաստան» մրցույթի անցկացումը մեկնեցի Մոսկվա`«Միսս Ռուսաստան» մրցույթի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու նպատակով:  Ինձ համար դա յուրահատուկ «վարպետության դաս էր»: Ծանոթացա մրցույթի նախագահ Նիկոլայ Կոստինի հետ, նա բացեց մրցույթի բոլոր գաղտնիքները, բացատրեց, թե ինչպե՞ս են իրականացվում նախընտրական ու մրցութային փուլերը: Հենց նա ծանոթացրեց մեզ «Միսս Եվրոպա» մրցույթի նախագահ Ռոժե Զելերի հետ: Արդյունքում, «Միսս Հայաստան» մրցույթը դեռ չանցկացրած, արդեն ստացել էինք «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթին մասնակցելու հրավերը:


«Միսս Հայաստան 1996» մրցույթը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Ուսումնասիրելով նաեւ Վրաստանում գեղեցկության մրցույթի անցկացման ընթացքը` սկսեցինք սեփական կազմակերպչական աշխատանքները: Նախ` կապ հաստատեցինք Հայաստանի մարզերի հետ` նախընտրական փուլերի անցկացման համար:

Առաջին տարվա կազմակերպչական աշխատանքներն իրոք բարդ էին` ոչ բոլոր ծնողներն ու «փեսացուներն» էին համաձայնվում, որ աղջիկները մասնակցեն մրցույթին: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց նախընտրական փուլեր անցկացնել մարզերում ու Երեւանում ու երբեւէ որեւէ տհաճ միջադեպ չգրանցվեց: Հետագայում արդեն ծնողներն էին քաջալերում իրենց աղջիկներին, որպեսզի մասնակցեն մրցույթին:

«Միսս Հայաստան» առաջին գեղեցկության մրցույթը կայացավ Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ժյուրիի կազմում էին Ռուսաստանի, Վրաստանի գեղեցկության մրցույթների ներկայացուցիչները, հետագայում` նաեւ Սլովակիայի ներկայացուցիչը: Հայաստանից ժյուրիի կազմում էին Ռուբեն Ջաղինյանը, Տիգրան Լեւոնյանը, Ռոբերտ Մավիսակալյանը, Հենրիկ Իգիթյանը, Նառա Շլեփչյանը եւ այլոք:

Մրցույթի հաղթող աղջիկները թագադրվում էին «Աստղիկ» կոչվող թագով: Որոշել էինք, որ այն պետք է Հայաստանին բնորոշ քարերով զարդարված լինի, ընտրեցինք օբսիդիանը: Թագերը պատրաստել էր հայտնի ոսկերիչ Գուրգենը՝ Ռուբինա Հովհաննիսյանի էսքիզներով: Ի դեպ, թագը չէր փոխանցվում հաջորդ տարվա մասնակիցներին, յուրաքանչյուրի համար անվանական էինք պատրաստում:

Հետագայում Ռուբինայի էսքիզներով ստեղծվեցին նաեւ միջազգային մրցույթներին մեկնող աղջիկների ազգային տարազները: 

Մրցույթով զբաղվեցինք հինգ տարի: Հետագայում, ոչ մեր կամքով, դադարեցրինք այդ գործը: Շատ ծրագրեր ունեինք. «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթներին մասնակցելու hրավերներ էինք ստացել: Միանշանակ կարող եմ ասել, որ մեզ համար «Միսս Հայաստանը» առեւտրային նախագիծ չէր. ամենը կառուցված էր եռանդի եւ Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու ցանկության վրա: 

Մրցույթի փոխտնօրեն Նարինե Մարգարյան` ստիպված եղանք մերժել 15-ամյա մի գեղեցկուհու

«Միսս Հայաստան» մրցույթի փոխտնօրենն էի, համակարգում էի աշխատանքը մրցույթին մասնակցող աղջիկների հետ: Դիմումները ստանալուց հետո մասնակիցների արտաքին տվյալներն առաջինը ես էի ուսումնասիրում: Պետք է անկեղծորեն նշեմ, որ առաջին մրցույթի ժամանակ մենք որոշեցինք չափազանց խիստ չափանիշներ չսահմանել մասնակիցների համար: Մեզ թույլ տվեցինք ընտրել գեղեցկադեմ, բարեկազմ աղջիկների եւ ոչինչ, որ 170 սմ-ից մի փոքր ցածր հասակ ունենային:

Հայտարարությունը տարածելուց անմիջապես հետո մասնակցության բազմաթիվ դիմումներ ստացանք, որոնք ուսումնասիրելուց հետո առանձնացրեցինք 700-ը: Ինձ ուրախացնում էր այն, որ մրցույթին մասնակցելու համար շատ էին դիմումները մարզերից: Մասնակցության տեսանկյունից ամենաակտիվը Աբովյան քաղաքն էր: 

Մեր մասնակիցներից շատերին ուղեկցում էին ծնողները: Հարցազրույցի ժամանակ առաջին հարցը, որ տալիս էի դիմողին՝ «Ծնողներդ տեղյա՞կ են, որ ցանկանում ես մասնակցել մրցույթին»:  Մրցույթին կարող էին մասնակցել 16-ից բարձր աղջիկները, բայց նախընտրում էինք ընդունել 17 եւ ավելի բարձր տարիքի մասնակիցներին: Չեմ կարող մոռանալ, թե ինչպես ստիպված եղանք մերժել 15-ամյա մի գեղեցկուհու: Ծածուկ որեւէ բան չէինք անում: Զանգահարում էինք ծնողներին, եւս մեկ անգամ ստանում նրանց թույլտվությունն ու անցնում գործի:

Թեեւ մրցույթն անցկացվելու էր առաջին անգամ, այն աչքի ընկավ իր կազմակերպվածությամբ:  Առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ պարապում էին մասնագետները `աէրոբիկա, շեյփինգ, բեմական քայլվածք: Պարապմունքները շատ ինտենսիվ էին:

Մասնակիցների համար կոշիկներն ու զգեստները նախապես պատվիրում էինք մեզ արդեն լավ հայտնի վայրերից: Երեկոյան զգեստների ընտրությունը թողել էինք մասնակիցներին: Առաջին «Միսս Հայաստան»-ի հաղթող Կարինե Խաչատրյանն, օրինակ, ընտրել էր պարզ, սեւ երկար զգեստ, որը շատ էր համապատասխանում իրեն: Կային աղջիկներ, ովքեր գերադասում էին ճոխությունը՝ բնավ հաշվի չառնելով, արդյո՞ք զգեստն իրենց սազում է, թե ոչ:

Լողազգեստները մենք էինք տրամադրում: Հաճելիորեն զարմացած էի, որ լողազգեստ կրելու հարցում որեւէ խնդիր չծագեց: Այդ տարիներին հստակ պահանջ էր դրված ամբողջական, մարմնամարզուհու համար նախատեսված լողազգեստով հանդես գալ, այժմ մրցույթներում պահանջներն այլ են: 


«Միսս Հայաստան 1996» մրցույթը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Նախապատրաստական փուլը մեկ ամիս տեւեց: Գուցե զարմանալի հնչի, բայց առաջին «Միսս Հայաստան»-ի ժամանակ մասնակիցների միջեւ սուր մրցակցություն չկար, ամբողջ ընթացքում աղջիկների փոխհարաբերությունները ընկերական էին: «Միսս Ռուսաստան»-ի մեր գործընկերները մեզ զգուշացնում էին, որ մրցույթի մասնակիցների միջեւ լարված մթնոլորտ կարող է լինել՝ մասնակիցները կարող էին գողանալ միմյանց կոշիկը, զգեստը եւ այլն: Սակայն մեր մասնակիցների միջեւ իսկապես ջերմ հարաբերություններ էին ձեւավորվել: «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» կարգախոսն էր իշխում:

Մրցույթի օրն էլ նրանց միջեւ որեւէ անախորժություն չծագեց: Արա Երնջակյանն անգամ առաջարկեց աղջիկներին ընտրել իրենց շարքից ամենաընկերասեր մասնակցին՝ նրան «Միսս Բարեկամություն» տիտղոսը շնորհելու համար: Որքան գիտեմ, մրցույթի մասնակից աղջիկները հետագայում եւս լավ ընկերներ մնացին:

Մրցույթի առաջին տարվա եզրափակիչում մի տեխնիկական խնդիր ծագեց, որի մասին չեմ կարող չնշել: Հաղորդավարները պետք է հայտարարեին 3-րդ տեղը զբաղեցրած մասնակցի անունը, սակայն բեմ դուրս գալուց առաջ հաղորդավարներին սխալ ծրարներ էին տվել: Վերջին վայրկյանին մեզ՝ բեմից այն կողմ կանգնած կազմակերպիչներին, հաջողվեց հաղորդաշարին բացատրել շփոթմունքը եւ շտկել իրավիճակը:

«Միսս Հայաստան-1996» Կարինե Խաչատրյան` գաղափար չունեի, թե ինչպես են դիմահարդարվում եւ բեմում քայլում

(Հատված 1998 թվականին New Magazine ամսագրում հրապարակված հարցազրույցից)

Ծնվել է 1980թ-ին, Երեւանում
Հասակը՝1970 սմ
Մարմնի կառուցվածքը՝ 90-60-90
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ:

Մրցույթի մասին ռադիոյով մայրիկս էր լսել: Ճիշտն ասած, չէինք պատկերացնում, թե ինչ բարձր մակարդակի վրա է այն տեղի ունենալու: Այդ տարիներին, երբ չկար ոչ լույս, ոչ ջուր, «Աստղիկը» կարծես լույսի շողք լիներ խավարում:

1996թ-ին ես աշակերտուհի էր եւ գաղափար չունեի, թե ինչպես են դիմահարդարվում եւ բեմում քայլում:


«Միսս Հայաստան 1996» Կարինե Խաչատրյանը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Միգուցե ինձ օգնեց այն, որ 4 տարեկանից զբաղվում էի գեղարվեստական մարմնամարզությամբ, իսկ դա նպաստում է մարմնի ճկունությանը, գեղեցիկ քայլվածքին եւ ճիշտ կեցվածքին:

Սակայն միեւնույնն է, մտածել անգամ չէի կարող, որ կզբաղեցնեմ առաջին տեղը: Իհարկե, տհաճ խոսակցություններ եղան, նույնիսկ մեր դպրոցի տնօրենին զանգահարում էին եւ հարցնում, որքան է նա վճարել իր դպրոցի սանի հաղթանակի համար:

Մրցույթի ընթացքում ձեռքբերեցի ընկերուհիներ եւ կորցրեցի լավագույն ընկերուհուս: Երեկոյան զգեստը վերցրել էի իմ ընկերուհուց: Մրցույթից մեկ օր առաջ նրա բարեկամները զանգահարեցին եւ խնդրեցին վերադարձնել զգեստը` նախանձը արտահայտվում է նման րոպեներին:

«Միսս Հայաստան» մրցույթից հետո մասնակցել եմ «Միսս Եվրոպա» մրցույթին, որտեղ 96 մասնակիցներից զբաղեցրել եմ 13-րդ տեղը:


New Magazine ամսագրի շապիկը:

Ծրագրեր ունեմ՝ կապված եւ մոդելային բիզնեսի եւ գեղարվեստական մարմնամարզության հետ: Չեմ պատրաստվում հանձնվել եւ տրամադրված եմ հասնել բոլոր նպատակներիս:

Կամերային թատրոնի դերասան Գրիգոր Բաղդասարյան` շատերը նշում էին 90-ականների կուռքերին`Ջուլիա Ռոբերթսին, Քիմ Բեսինջերին

1996թ-ին, երբ Կամերային թատրոնը հայտարարեց կայանալիք մրցույթի մասին եւ  սկսեցինք բազմաթիվ հայտեր ստանալ, ինձ հանձնարարվեց հարցազրույցներ անցկացնել ապագա մասնակիցների հետ: Աղջիկները հարցաթերթիկներ էին լրացնում, որտեղ նշվում էին իրենց տարիքը, հասակը, քաշը: Իհարկե, այդ բոլորը նաեւ ստուգվում էր մեր կողմից, մեր աշխատակազմից մի կին կատարում էր բոլոր «չափագրումները»: Այդ փուլում հարցազրույցներ անցկացրեցինք մոտ 200 հոգու հետ:

Հարցնում էի, օրինակ, ո՞վ է իրենց համար կատարյալ կնոջ մարմնացումը: Շատերը նշում էին 90-ականների կուռքերին`Ջուլիա Ռոբերթսին, Քիմ Բեսինջերին, Սինդի Քրոուֆորդին: Կատարյալ տղամարդկանց հարցում չգիտես ինչու շատերն ասում էին, որ նա պետք է լինի «բոյով, գեղեցիկ եւ կապուտաչյա»:

Ուրախ եւ զվարճալի պատասխաններ շատ էինք ստանում: Հիշում եմ Անգելինա Բաբաջանյանի պատասխանը այն հարցին, թե ինչի՞ մասին է նա երազում. պարզվեց, որ Անգելինայի երազանքն էր շոկոլադի ֆաբրիկայի տնօրեն դառնալ:

Առաջին փուլից հետո մնացին 23-24 աղջիկներ, որոնց հետ ամեն շաբաթ ունենում էինք նաեւ հարցազրույցներ եթերում, որոնց ավարտից հետո հեռուստադիտողը կարող էր զանգահարել եւ ասել, թե ում է տալիս իր նախապատվությունը: 

Բնականաբար, Կամերային թատրոնում էլ յուրաքանչյուրը համակրում էր որեւէ մասնակցի եւ հենց նրան էր տեսնում «Միսս Հայաստանի» կարգավիճակում: Ինձ մոտ առաջին մրցույթից տպավորվել է երկար վարսերով մի շիկահեր օրիորդ` Սվետլանա Ժաբիկը:

Նախապատրաստական ողջ աշխատանքը կատարվել էր Կամերային թատրոնի ուժերով` անգամ բեմի դեկորացիաների պատրաստվել էին Արա Երնջակյանի էսքիզներով: Թատրոնի անձնակազմը լարված վիճակում էր գտնվում, մրցույթի բեմադրությանը մասնակցում էին թատրոնի 5 դերասաններ եւ պատասխանատվությունը շատ մեծ էր:

Լինում էր, մասնակիցներից որեւէ մեկը չէր հասցնում ժամանակին բեմ դուրս գալ, հուզվում էր: Նման դեպքերում կամ մի փոքր ավել ժամանակ էինք տալիս աղջիկներին, կամ հակառակը` շտապեցնում էինք, ուղեկցում էին բեմի մուտքի մոտ:


«Միսս Հայաստան 1998» մրցույթը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Անմոռանալի են նաեւ երրորդ մրցույթի (1998) կազմակերպչական աշխատանքները: Այդ տարի մրցույթը կայացավ Մարզահամերգային համալիրում եւ «Միսս Հայաստան-97» Անգելինա Բաբաջանյանը պետք է թագադրեր նորընտիր գեղեցկուհուն: Սցենարի համաձայն, Անգելինան բեմ էր դուրս գալու ձիու վրա նստած: Ձիուն վերցրել էինք ձիարշավարանից: Մենք հաշվի չէինք առել այն փաստը, որ ձին «պարային» է: Երբ Անգելինան ձիու վրա դուրս եկավ բեմ, երաժշտություն հնչեց եւ ձիու մոտ արթնացավ պարային բնազդը: Անգելինային դժվարությամբ հաջողվեց իրեն տիրապետել` լավ է, որ ժամանակին վրա հասավ ձիավարժը եւ օգնեց Անգելինային իջնել ձիուց:

Հիշում եմ այդ մրցույթները ու շատ եմ ափսոսում, որ այսօր այդ գործով այլեւս չենք զբաղվում: Դա իսկապես մի երեւույթ էր, որի շնորհիվ մեր քաղաքում տոնական մթնոլորտ էր տիրում:

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսսիս Աշխարհ 2009» Գոհար Հարությունյան` ինչեր ասես, որ չէին խոսում հաղթանակիս մասին

«Մութ ու ցուրտ» տարիներից հետո բոլորիս համար շատ հետաքրքիր էր գեղեցկության մրցույթի գաղափարը: Գրավիչ էր մրցանակային ֆոնդը, մրցանակները ու միջազգային մրցույթներին մասնակցության հնարավորությունը:


«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

1996 թվականին մասնակցության հայտ ներկայացրեցի, սակայն հաջորդ օրը մտքափոխվեցի եւ այն հետ վերցրեցի: Պատճառը վստահության պակասն էր` ինձ թվում էր, որ դա իմ տեղը չէ: Սակայն հաջորդ տարի որոշեցի, որ «փորձը փորձանք չէ» եւ դիմեցի: Չէի էլ մտածում, որ երկրորդ տեղը կզբաղեցնեմ:

Աղջիկներից շատերը խնդիրներ ունեին ընտանիքի անդամների հետ` երբեմն հայրերը, եղբայրները կամ ընկերները թույլ չէին տալիս մասնակցել մրցույթին: Մի աղջիկ էր եկել, ում ընկերը պայման էր դրել, ասելով` «կամ ես, կամ մրցույթը»: Ափսոս, այդ աղջիկը որեւէ մրցանակային տեղ չզբաղեցրեց ու կորցրեց իր ընկերոջը:

Մրցույթի համար ինքս էի դիմահարդարմամբ զբաղվել: Բեմ դուրս գալուց մեկ օր առաջ մազերս փաթաթել էի հատուկ միջոցներով, գլուխս ցավեցնելով քնել էի, որ առավոտյան գեղեցիկ սանրվածք ունենամ: Զգեստն էլ ընկերուհիս էր տրամադրել` այն ինձ համար կարճ էր, սակայն այլընտրանք չունեի:

1997-ին, 2-րդ տեղը գրավելուց հետո, մասնակցեցի երկու միջազգային մրցույթների` «Միսս տուրիզմ» եւ «Միսս ուսանողի», ինչի շնորհիվ մեծ փորձ ձեռք բերեցի:

1998-ին կրկին մասնակցեցի «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին: Միգուցե, եթե չլիներ Անգելինայի` մրցույթին երկու անգամ մասնակցելու փորձը, ես եւս երկրորդ անգամ չէի դիմի:


«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Երբ առաջին տեղը գրավեցի, մայրիկս բացարձակ անտարբեր ընդունեց իմ հաղթանակը: Երբ  հարցրեցի, թե ո՞րն է պատճառը, պատասխանեց, որ «կարծես, քեզ հեռացրեցին ինձանից»: Ետնաբեմում մյուս աղջիկների ծնողները նկատել էին, որ մայրիկս սառն էր ընդունել հաղթանակիս փաստը ու մեկնաբանել էին այնպես, որ իբր նախապես տեղյակ էր իմ հաղթանակի մասին: Իսկ, օրինակ, «Միսս Հայաստան 1996» Կարինե Խաչատրյանի մայրը, իմանալով որ դուստրը հաղթել է, ուշագնաց էր եղել: Ինչեր ասես, որ չէին խոսում հաղթանակիս մասին. որ հայրս է միջնորդել (հայրս արդեն մահացած էր), որ քիթս վիրահատված է, որ լինզաներ եմ կրում, ինչ-որ մեկի սիրուհին եմ եւ այլն:

Անգելինա Բաբաջանյանի ու Կարինե Խաչատրյանի հետ ծանոթացել եմ «Մարինա նորաձեւության կենտրոնում»: Ցավոք, Կարինե Խաչատրյանից որեւէ տեղեկություն չունենք: Վերջին անգամ նրան տեսել եմ «Միսս ԱՊՀ 1999» մրցույթի ժամանակ:

Մրցույթի շնորհիվ նոր ուղիներ բացվեցին իմ կյանքում, չգիտեմ` որտե՞ղ եւ ինչպիսին կլինեի հիմա, եթե չմասնակցեի «Միսս Հայաստանին»:


Գոհար Հարությունյանը եւ Անգելինա Բաբաջանյանը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Անկեղծ ասած, չկարողացա լիարժեք ուրախանալ հաղթանակիս համար: Ավելի շատ լարվածություն կար` ի՞նչ կլինի հետո, ինչպե՞ս կպատասխանեմ բոլոր հարցերին:  Բարդույթներ ունեի, մտածում էի, որ հասարակության ուշադրության կենտրոնում եմ ու պետք է խոսեմ այնպես, որ ինձ կրկնօրինակող աղջիկների ծնողները չամաչեն դրանից:

Շատ եմ ափսոսում, որ մրցույթը չմնաց Արա Երնջակյանի ղեկավարման ներքո` հիմա միջազգային մրցույթներում մեծ հաջողություններ կունենայինք: Վերջին «Միսս Հայաստան» մրցույթից հետո սիրտս ցավում է, որ այդ գեղեցիկ միջոցառումն այդպես արժեզրկվեց:

«Միսս Հայաստան-1997» Անգելինա Բաբաջանյան` Թբիլիսիում հանդես էի գալիս որպես Ռամիշվիլիի անսամբլի մենակատար

(Հատված 1998 թվականին New Magazine ամսագրում հրապարակված հարցազրույցից)

Ծնվել է 1979թ, Թբիլիսիում:
Հասակը՝ 175սմ:
Մարմնի կառուցվածքը՝ 90-60-90

Միսս «Անդրկովկաս-97»:
«Միսս Ասիայի եւ Օվկիանիայի երազանք-97»:

Մրցույթի մասին հայտարարությունից իմացա: Պրոֆեսիոնալ պարուհի էի, Թբիլիսիում հանդես էի գալիս որպես Ռամիշվիլիի անսամբլի մենակատար: Հնարավոր է, դա է պատճառը, որ ոչ մի դիետիկ սննդակարգ չունենալով, չեմ ավելացնում քաշս:


«Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանը:

Չնայած նրան, որ մրցույթից հետո Red Stars մոդելային գործակալության գլխավոր հովանավորը ինձ գործ առաջարկեց Մոսկվայում, ինձ պոդիումի վրա չեմ տեսնում: Երազում եմ ունենալ սեփական մոդելային գործակալություն, ինչի վրա էլ տվյալ պահին աշխատում եմ:

Մրցույթից հետո հաճախ եմ բախվում նախանձի եւ չարության դրսեւորումների հետ: Հիշում եմ, մի անգամ քրոջս հետ քայլում էինք փողոցով եւ անցնող երիտասարդներից մեկը գոռաց. «Ինչպես չնախանձել այսպիսի գեղեցկությանը»: Մենք ոչ մի կերպ չարձագանքեցինք, սակայն երկու անծանոթ աղջիկներ միանգամից «հարձակվեցին» իմ վրա, «զարմանալով», թե «ինչ յուրահատուկ բան կա իմ մեջ, եւ ինչու եմ ես ինձ երեւակայում»:

Այդ առումով սարսափելի էր նաեւ մրցույթի առաջին տարին: Նույնիսկ կոշիկ էին միմյանց վրա շպրտում: Իսկ ես անընդհատ լսում էի խայթող նկատողություններ իմ գունավոր ոսպնյակների վերաբերյալ: Հաջորդ տարի մթնոլորտը շատ ավելի հանգիստ էր եւ խաղաղ: Չնայած այդ ամենին, առաջին մրցույթից հետո մոտ ընկեր ձեռք բերեցի՝ Կարինե Խաչատրյանին:


Կարինե Խաչատրյանը եւ Անգելինա Բաբաջանյանը:
Լուսանկարը` Կամերային թատրոնի արխիվից:

Մասնակցել եմ «Միսս Եվրոպա-97»-ին, որտեղ նվաճեցի «հանդիսատեսի համակրանք» տիտղոսը, իսկ Ալեն Դելոնից գեղեցիկ հաճոյախոսություն ստացա:

Մայրիկս Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի է:  Չնայած նրան, որ  ինքս պրոֆեսիոնալ դերասանուհի դառնալու մասին երբեք չեմ երազել, միշտ ցանկացել եմ գոնե մեկ անգամ ինձ փորձել այդ ասպարեզում: Բարեբախտաբար, ցանկությունս իրականացել է. նկարահանվել եմ երկու ֆիլմերում՝ Լ. Տիգրանյանի «Մեծահարուստ մուրացկաններում» եւ «Երեւան-Բլյուզ»-ում, որի ռեժիսորն է Միքայել Պողոսյանը: 

«Միսս Հայաստան 1996» մրցույթի ժյուրիի անդամ, երգչուհի Նադեժդա Սարգսյան` ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված

Երբ իմացա, որ Հայաստանում կազմակերպվելու է գեղեցկության մրցույթ, բավական ուրախացա: Շատերը չգիտեն, սակայն խորհրդային տարիներին Հայաստանում անցկացվել էր գեղեցկության մրցույթ, որի հաղթողը իմ ընկերուհին էր` Գայանե Բորյանը:


«Առավոտ» թերթի հրապարակումը:

Անկախացումից հետո գեղեցկության մրցույթ ունենալը մեծ իրադարձություն էր: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մասնակիցների հետ բավականին մեծ նախապատրաստական աշխատանք էր տարվել: Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մասնակիցներին: Գեղեցիկ էր նաեւ բեմի ձեւավորումը: Երբ հետադարձ հայացք եմ նետում, պատկերացնում եմ, թե ինչ դժվարությունների միջով էին անցել Արա Երնջակյանն ու իր թիմակիցները` 1996-ին նման մրցույթն այդպես լավ կազմակերպելու համար:

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Էլեոնորա Արարատյանը, Եկատերինա Պողոսյանը, Սիրանուշ Եղիազարյանը, Լենա Գեւորգյանը, Արա Թադեւոսյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին