Քարերի հիշողությունը․ Զովաբերի կամուրջը եւ «Անուշ» ֆիլմ-օպերան - Mediamax.am

exclusive
8549 դիտում

Քարերի հիշողությունը․ Զովաբերի կամուրջը եւ «Անուշ» ֆիլմ-օպերան


Լուսանկարը` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաչե Պողոսյանը
Վաչե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժին

Լուսանկարը` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժին

Լուսանկարը` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժին


Ասում են՝ քարերը հիշողություն ունեն, դրանք կարող են միլիոնավոր տարիների հետքը կրել, սակայն այդպես էլ մարդկությանը հաղորդ չդարձնել իրենց գաղտնիքներին։ 20-րդ դարում Հայաստանում մոնումենտալ եւ բնակելի ճարտարապետությունը նոր որակ ստացավ, նոր լուծումներ։ Սակայն խորհրդային կարգերի փլուզումից  հետո շատ շինություններ լքվեցին, քանդվեցին, շահագործումից դուրս եկան։ Մեդիամաքս-ն իր նոր՝ «Քարերի հիշողությունը» խորագրով հատուկ նախագծում կպատմի Հայաստանի լքված կառույցների եւ դրանց պատերի ներսում ապրած-չապրած ճակատագրերի մասին։


Խորագրի երկրորդ նյութը պատմում է Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի կամրջի մասին, որի մերձակայքում նկարահանվել է պատմական «Անուշ» ֆիլմ-օպերան։

 

1960-1970-ական թվականներին Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Մանվելյանն առաջարկեց Հրազդան քաղաքում կառուցել լեռնաքիմիական կոմբինատ՝ նեֆելինային սիենիտների վերամշակման եւ փակ ցիկլով առաջնային ալյումինի ստացման համար: Կոմբինատը, սակայն, կառուցվելուց հետո այդպես էլ չշահագործվեց՝ բնապահպանական եւ առողջապահական բարձր ռիսկայնության պատճառով։ Կոմբինատի շահագործման դեպքում, ըստ մասնագետների, ոչնչանալու էր 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը, թափոններն աղտոտելու էին մթնոլորտն ու ջուրը։ Բացի այդ՝ կոմբինատի շրջակա տարածքում ամեն տարի իր ամառային հանգիստն էր անցկացնում մոտ 50 հազար երեխա։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Սակայն մինչ այդ լեռնաքիմիական կոմբինատի, ապա՝ դրա ստորաբաժանում համարվող Հրազդանի ցեմենտի գործարանի եւ հարակից որոշ արտադրական գործարանների բեռնափոխադրումը կազմակերպելու նպատակով որոշվեց կառուցել նոր՝ Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան երկաթգիծը։ 

 

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, խորհրդային տարիներին՝ գյուղխորհրդի նախագահ Վաչե Պողոսյանը հիշում է, թե ինչպես երկաթգիծը սպասարկող աշխատակիցները «Քռայի» թաղամասի հարակից բլուրի վրա հորատանցքեր փորեցին եւ պայթեցրին ամունալի միջոցով։ Թաղամասի բնակիչներին նախապես հրահանգվել էր անվտանգ վայր տեղափոխվել։ Ուժեղ պայթյունից քարաբեկորներ էին լցվել գյուղացիների տան բակերը, կոտրել պատուհանների ապակիները։ Գյուղխորհրդի որոշմամբ՝ հանձնաժողով կազմվեց, վնասը փոխհատուցվեց։ 

 

Հաջորդ փուլը կամրջի կառուցումն էր, որի վրայով պետք է անցներ երկաթգիծը։ Շինարարության աշխատանքներում ներգրավվեցին տեղացի ֆիզիկապես ամուր տղամարդիկ․տեխնիկա չկար, շաղախն արվում էր ձեռքով՝ մեծ տարաների մեջ։ 

Վաչե Պողոսյանը Վաչե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գնացքները երկու տարի աշխատեցին։ «Նոր Չիման» կոչվող հատվածում սողանք կար․կատարին ու ստորոտին ջրահեռացման խողովակներ տեղադրվեցին, սակայն ապարդյուն»,- նշում է Վաչե Պողոսյանը։ 

 

Այսօր Զովաբերի այս կամուրջը դեպի արոտավայրեր տանող միակ դյուրանցանելի ճանապարհն է գյուղտեխնիկայի եւ կենդանիների համար։ 

 

Կամրջից ներքեւ փռված է Հրազդան գետը, որն ուռենիների շվաքի տակ կտրում է ճամփին հայտնված մեծ քարերն ու ներքեւ սահում։ Քչերին է հայտնի, որ 35 տարի առաջ կամրջի մերձակայքում են էկրանավորվել «Անուշ» ֆիլմ-օպերայի՝ Համբարձման տոնին նվիրված տեսարանները (սկսած 7-րդ րոպեից)՝ խրոխտ փահլեւանների խաղը, սարն ի վեր իջնող ձիերի երամակը, գետի մեջ ծնկաչոք գորգ լվացող երիտասարդ կանայք, կոխի բռնված տաքարյուն երիտասարդները, երկար հյուսերով ամոթխած Անուշը, որը ծաղիկ է հավաքում եւ աչքի պոչով հետեւում սիրեցյալին։ 

 

 

«Հայրս շատ էր ճամփորդում՝ նկարահանելով խորհրդային տարիներին ոչնչացվող եկեղեցիները։ Զովաբերից բացի՝ ֆիլմի ստեղծման համար եղել ենք Հաղարծին վանքում, Ջրվեժ, Նուռնուս եւ Բյուրական համայնքներում։ Հատկապես ջերմ ընդունելության էին արժանացնում գյուղացիները, որոնց համար, ինչպես մեր օրերում, կինոյի մարդկանց հայտնվելը մեծ իրադարձություն էր»,- պատմում է «Անուշ»-ի բեմադրող ռեժիսոր Մարատ Վարժապետյանի դուստրը՝ պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը։ 

 

Հետաքրքրական էր բազմաթիվ լսումներից հետո գլխավոր դերում Սաթենիկ Սահակյանցի ընտրությունը։ Բանն այն է, որ դերասանուհին չափազանց բարձրահասակ էր, ինչի պատճառով Արա Մանուկյանն (Սարոյի դերակատարարը – հեղ․) ու Վիգեն Չալդրանյանը (Մոսիի դերակատարը – հեղ․) ստիպված որեւէ հարթակ էին գտնում՝ հասակների տարբերությունը կրճատելու համար։ 

Լուսանկարը` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժին

Զովաբերի պետական տնտեսության նախկին տնօրեն Կարլեն Կոստանյանի խոսքով՝  զովաբերցիները 3-4 օր դերասաններին հյուրընկալել էին իրենց տներում, ապահովել սննդով, ման ածել գյուղի գեղատեսիլ վայրերով։ Նկարահանման խմբին հատկապես դուր էր եկել Զովաբերի մածունն ու թանը, որն այդ շոգ օրերին միակ զովացուցիչ ըմպելիքն էր։ 

 

Նկարահանումներին ներգրավվել էին գյուղի պարի համույթը, աշակերտական արտադրական բրիգադները։ Նույնիսկ փոփոխվել էր խոտհունձի խիստ գրաֆիկը։ Դերասաններին բուժօգնություն ցուցաբերելու համար տեղանքում հերթապահում էր գյուղի բուժքույրը՝ Ասյա Մելյանը։ 

 

Մանկապարտեզի նախկին դաստիարակ Արշալույս Հակոբյանը ժպիտով հավելում է՝ գյուղի երիտասարդներից շատերը կարճ ժամանակում հասցրին սիրահարվել Թատերականի երրորդ կուրսի ուսանողուհի, խոշոր աչքերով Սաթենիկին։ Գուցե դա էր պատճառը, որ բազմաթիվ զննող հայացքների ներքո Սարոյի եւ Անուշի գրկախառնության տեսարանը քանիցս անհաջող էր ստացվում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նկարահանման օրերն ուրախ էին անցնում։ Բասոն (օպերային երգիչ, քավորի դերակատար Հենրիկ Ալավերդյանը – հեղ․) մի քար էր գտնում, բարձրանում վրան ու երգում ամբողջ գյուղի համար։ Գոհար Գասպարյանն էլ երանի էր տալիս՝ եթե երիտասարդ լիներ, կերազեր Անուշի դերը խաղալ»,- ամփոփում է Թերեզա Վարժապետյանը։ 

 

Խորագրի առաջին նյութը՝ Հրազդան քաղաքի համանուն հյուրանոցի ու քաղաքային զբոսայգու ճակատագրի մասին հասանելի է այստեղ։

 

Անի Անտոնյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Արխիվային լուսանկարները` Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի կինոարվեստի բաժնի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին