Աննա Սրապիոնյան. Տիեզերքը գրելու լեզուն եւ դրան տիրապետող մարդը - Mediamax.am

exclusive
12425 դիտում

Աննա Սրապիոնյան. Տիեզերքը գրելու լեզուն եւ դրան տիրապետող մարդը


Աննա Սրապիոնյանը
Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Քսենյա Վերդիյան

Լուսանկարը` Չիկագոյի համալսարան

Աննա Սրապիոնյանը
Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Հարութ Աբրահամյան

Աննա Սրապիոնյանը
Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Քսենյա Վերդիյան

Աննա Սրապիոնյանը
Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Քսենյա Վերդիյան

Աննա Սրապիոնյանը
Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Քսենյա Վերդիյան


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

Մեդիամաքսը եւ VOLO ընկերությունը համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:

Քորնելի համալսարանի Կիրառական մաթեմատիկայի կենտրոնի ասպիրանտ Աննա Սրապիոնյանը մաթեմատիկայի աշխարհը բացահայտել սկսել է վեցերորդ դասարանից, երբ սովորում էր Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում:

«Դպրոցական տարիների օլիմպիական խմբակներն ու օլիմպիադաները, որտեղ մտածում էինք ոչ ստանդարտ լուծումներ ունեցող խնդիրների վրա, եղան մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությունն ու դրանից «կախվածությունն» առաջացնող հիմնական պատճառները։ Իսկ դպրոցն ավարտելիս հենց այս մասնագիտությունն ընտրելն ինձ համար առավել տրամաբանական էր․գիտեի, որ առարկան սիրում էի ու որ դրանից երբեք չեմ ձանձրանա»,- ասում է Աննան, ով 2009 թ.-ին ստացել է ՀՀ նախագահի մրցանակ՝ ՏՏ ոլորտում «Լավագույն աշակերտ» անվանակարգում: Մաթեմատիկայի ոլորտում կրթական ուղին նա սկսել է ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում:

Երբ ամեն ինչ դառնում է թեորեմ

Երբ տարվում ես մաթեմատիկայով, մաթեմատիկական մտածելակերպն, ուզած-չուզած, բերում ես քո առօրյա։ Որոշ ժամանակ մաթեմատիկայով զբաղվելուց հետո, սկսեցի ավելի հաճախ վստահել տրամաբանությանս, ամեն ինչ դառնում է թեորեմ, իսկ մենք սկսում ենք այն ապացուցել կամ ժխտել։ Նկատել եմ նաեւ, որ մաթեմատիկոսներն, ընդհանրապես, ավելի ստրատեգիկ են, եւ մեզ մոտ ավելի հեշտ է ստացվում աբստրակտ կոնցեպտներն ընկալելը: Նույնիսկ կասեի՝ հաճախ մենք նախընտրում ենք աբստրակտը ավելի հեշտ ու հասարակ կոնկրետ օրինակներից։

Մաթեմատիկայի բոլոր ճյուղերում գեղեցիկ բանաձեւերը շատ են, իսկ ինձ հատկապես դուր են գալիս անընդհատ (continuous) մոդելները։

Աննա Սրապիոնյանը Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Քսենյա Վերդիյան


Շատ եմ սիրում Գալիլեո Գալիլեյի խոսքերը՝ «Մաթեմատիկան այն լեզուն է, որով Աստված գրել է Տիեզերքը» (“Mathematics is the language with which God wrote the Universe.”)։ Հետեւաբար, մեր շրջապատը հասկանալու համար յուրաքանչյուրս պետք է տիրապետենք որոշակի մաթեմատիկական գիտելիքների։ Այն մեզ կօգնի թե՛ ճիշտ որոշումներ կայացնելու, թե՛ արագ մտածելու, եւ թե՛ ավելի հեշտությամբ նոր հմտությունների տիրապետելու գործում։

Կրթություն՝ արտերկրի առաջատար բուհերում

ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում բակալավրիատի վերջին կուրսում սկսեցի ավելի հետաքրքրվել կիրառական մաթեմատիկայով եւ ուսումնասիրել նմանատիպ ծրագրեր։ Հայաստանում մաթեմատիկայի կիրառական ոլորտներով մասնագիտացած մագիստրական լավ ծրագրերի չհանդիպեցի։ Սա պատճառներից մեկն էր, որ դրդեց կրթությունս արտերկրում շարունակելու տարբերակ փնտրել:

Մյուս կողմից էլ՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամներին ծանոթանալու օրվանից ցանկանում էի ուսումս շարունակել աշխարհի լավագույն կրթական կենտրոններից մեկում: Ուզում էի ինքս ինձ մարտահրավեր նետել՝  նոր կրթական համակարգում սովորելու, բոլորովին նոր միջավայրում ապրելու եւ լավագույն համալսարանների ցանկում լինելու «գաղտնիքը» բացահայտելու համար։ Փնտրտուքներս կանգնեցին Չիկագոյի համալսարանի Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրական ծրագրի վրա. դիմեցի, հրավեր ստացա եւ մեկնեցի։

Լուսանկարը` Չիկագոյի համալսարան


Այժմ Քորնելի համալսարանի Կիրառական մաթեմատիկայի կենտրոնի ասպիրանտական ծրագրում եմ։ Հետազոտական աշխատանքս ֆունկցիոնալ անալիզի եւ հավանականությունների տեսության հատման մեջտեղում է. աշխատում եմ խնդիրների վրա, որոնք կիրառություններ ունեն հիմնականում ֆինանսների ոլորտում։ Օրինակ՝ օգտվելով որոշ ճկուն մոդելների՝ սպեկտրալ շարքերով ներկայացումից՝ ղեկավարիս հետ զարգացնում ենք ռիսկը չեզոքացնող (risk-neutral) նոր գնահատման տեխնիկաներ, որոնք ածանցյալ արժեթղթերի (derivative securities) գնահատումը կդարձնեն հաշվարկային տեսանկյունից ավելի գրավիչ։

Ազատությունը՝ կարեւոր գործիք

Հանդիպել եմ մի քանի հետաքրքիր հոդվածների, որոնք ներկայացնում են վիճակագրություններ, ըստ որոնց մաթեմատիկան թիվ մեկ չսիրված առարկան է դպրոցականների կողմից՝ ամբողջ աշխարհում։ Կարծում եմ, հիմնական պատճառն այն է, որ ուսուցիչներն ինչ-որ կերպ չեն մատնանշում, թե այդ գիտելիքները որտեղ եւ ինչպես են կիրառվելու կոնկրետ օրինակներով։ Իսկ այս տեսակի մոտիվացիայի պակասն արդեն բավական է դպրոցականների մեջ դեպի առարկան անհետաքրքրություն առաջացնելու ու դրա փոքրիկ դժվարություններից ամեն գնով խուսափելու համար։
Աննա Սրապիոնյանը Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Քսենյա Վերդիյան


Ինչ վերաբերվում է բուհական համակարգին՝ մի բան, որ ինձ շատ է գրավել երկու արտերկրյա համալսարաններում սովորելու ընթացքում, դա ազատությունն է։ Ազատություն՝ ընտրելու այն առարկաները, որոնք ինձ ավելի են հետաքրքրում, որոնք ինձ կօգնեն մասնագիտության ընտրության հարցում, եւ ազատություն՝ բացի մաթեմատիկայից սովորելու այլ առարկաներ։ Վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի եմ համոզվում, թե ինչ հզոր եւ կարեւոր գործիք է դա ուսանողների եւ համալսարանների ձեռքում։ Երբ ուսանողն ինքն է կրում իր դասացուցակը կազմելու եւ, վերջին հաշվով, իր մասնագիտական հմտությունները զարգացնելու պատասխանատվությունը, ինքը սովորելու վրա ջանք չի խնայում։
Աննա Սրապիոնյանը Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Հարութ Աբրահամյան


Հիանալի կլիներ, եթե Հայաստանում գոնե մի քանի ֆակուլտետների միջեւ նմանատիպ համագործակցություն լիներ։ Օրինակ Քորնելում՝ ես ու ընկերներս, բացի մի քանի պարտադիր մասնագիտական առարկաներից, դասեր ենք վերցնում մի շարք այլ դպրոցներից, սկսած ծրագրավորումից, ինժեներիայից, բիզնեսից ու տնտեսագիտությունից, մինչեւ կենսաբանություն ու հոգեբանություն։ Սա ոչ միայն ընդլայնում է ուսանողի մտահորիզոնը, այլեւ նրան մաթեմատիկայի ու մյուս գիտությունների միջեւ կապը հասկանալու հնարավորություն է տալիս եւ հետաքրքիր հետազոտական խնդիրներով զբաղվելու նախադրյալներ դնում։

Հայաստանի առավելություններն ու ճանաչելի դառնալու նախապայմանը

Կարծում եմ՝ մաթեմատիկայի առումով Հայաստանի հիմնական առավելությունն այն է, որ ունենք մաթեմատիկայի մի քանի ճյուղեր, որոնք շատ զարգացած են: Նկատել եմ, որ հարակից հետաքրքիր խնդիրներով զբաղվելու ավանդույթը դասախոսներից փոխանցվում է երիտասարդներին, ինչը շատ ողջունելի է։

Իսկ հիմնական խնդիրը գիտության, այդ թվում նաեւ մաթեմատիկայի, ֆինանսավորումն է։ Երբ ֆինանսական տեսանկյունից գիտական գործունեությունը մաթեմատիկոսի համար չի համարվում հիմնական աշխատանք, երբեք չեք կարող նրանից ակնկալել, որ նա իր ողջ ժամանակը կդնի հետազոտության վրա։ Մեր բախտն ուղղակի բերել է, որ ունենք գիտության նվիրյալներ, ովքեր ամեն գնով փորձում են շարունակել իրենց աշխատանքը։  
Աննա Սրապիոնյանը Աննա Սրապիոնյանը

Լուսանկարը` Քսենյա Վերդիյան


Հայաստանում կան հոյակապ մասնագետներ, ովքեր աշխատում են բավական հետաքրքիր խնդիրների վրա, որոնք կարող են հայտնվել աշխարհի տարբեր համալսարանների շատ գիտնականների ուշադրության կենտրոնում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է տպագրություններ ունենալուց բացի, մասնակցել կոնֆերանսների։ Սովորաբար կոնֆերանսների ժամանակ է, որ գիտնականներին սկսում են ճանաչել, նրանց միջեւ կապեր են առաջանում եւ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ խնդիրներ կառուցելու եւ դրանց վրա աշխատելու հիմքեր ստեղծվում։ Այդ դեպքում՝ հստակ կարող եմ ասել, որ հայաստանաբնակ մաթեմատիկոսները եւ նրանց արած հետազոտությունները լայն ճանաչում կստանան գիտնականների ավելի մեծ համայնքի կողմից, իսկ Հայաստանն իր ուրույն տեղը կգրավի աշխարհի մաթեմատիկական քարտեզի վրա։

Մաթեմատիկայի համար FAST-ի ստեղծած հնարավորությունները

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) «Հաջորդ սերնդի խորհրդի» անդամ եմ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում FAST-ի հետ համագործակցելիս մեծ բավականություն եմ ստացել, եւ շատ տպավորված եմ առաջարկված ծրագրերով։ Համոզված եմ, որ ծրագրերը, որոնց վրա FAST-ն աշխատում է, կխրախուսեն մեծ խումբ ուսանողների դիտարկել մաթեմատիկան որպես հիմնական մասնագիտություն, իսկ արդեն կայացած գիտնականներին՝ շարունակել իրենց հետազոտական աշխատանքները։

Նախագծի գլխավոր գործընկերը VOLO ընկերությունն է

Մարի Թարյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին