Կարեն Խաչպանյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1552 դիտում

Կարեն Խաչպանյան. Իմ կինն իմ ընկերն է



Դու տանը չես: Ես մենակ եմ: Պառկել եմ բազմոցին ու մտածում եմ: Տարին վերջանում է, պետք է ամեն ինչ ի մի բերել:

Մտովի երկու տուփ եմ վերցնում` մոխրագույն ու սպիտակ: Մեկի մեջ դնում եմ դժվարություններս, հիասթափություններս, դավաճանությունս, սխալներս, մի խոսքով այն ամենը, ինչն ինձ էլ պետք չէ, ինչն արդեն անցյալ է, ինչն ուզում եմ դեն նետել կյանքիցս: Կուզեի պարտքերս ու վարկերս էլ լինեին այդ տուփի մեջ, բայց դա, հուսով եմ, մյուս տարի: Վերջ, պինդ փակում եմ կափարիչը ու մտովի դեն նետում մոխրագույն տուփը:

Վերցնում եմ սպիտակը: Սկսում եմ դասավորել: Ժպտում եմ... Երկար եմ ժպտում... Ափսոսում եմ, զայրանում եմ, բայց էլի ժպիտով: Այս տուփում ամեն ինչ քեզ հետ է կապված, այստեղ չկա մի բան, ինչն առանց քեզ է, առանց քո բարի զայրույթի ու ծիծաղի, առանց քո անհանգստության ու ոգևորության: Դու միշտ կողքիս ես, դու ամեն ինչ գիտես, դու ամեն ինչում կաս: Դու ամենահավատարիմն ես ու ամենանվիրվածը:

Ամեն տարի մեր կյանքի մոխրագույն ու սպիտակ տուփերը փոխվում են ու կփոխվեն, և դա նորմալ է: Բայց իմ կյանքում արդեն երրորդ սպիտակ տուփն է, որում մի շատ կարևոր բան անփոփոխ է, որի վրա գրված է նույն անունը: Այն պահում է իմ ամենաթանկն ու կարևորը և Ընդամենը Նկատում Կյանքի Երջանիկ Րոպեները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին