Հայտնի է «Աջակցիր Հենոյին Դոնեցկում» մրցույթի հաղթողը - Mediamax.am

exclusive
4576 դիտում

Հայտնի է «Աջակցիր Հենոյին Դոնեցկում» մրցույթի հաղթողը


Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` Շախտյոր ֆուտբոլային ակումբ


Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ «Շախտյոր» ֆուտբոլային ակումբն այսօր ամփոփել են նոյեմբերի 19-ին հայտարարված «Աջակցիր Հենոյին Դոնեցկում» մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցեցին 76 ֆուտբոլասերներ: Նրանցից 51-ը ճիշտ պատասխանեցին հարցաշարին, եւ նրանց ներկայացրած շարադրությունները մասնակցեցին մրցույթին: Բոլոր շարադրություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ներկայացնում ենք հարցաշարի պատասխանները.
 
1.      Քա՞նի գոլ է խփել Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի»-ի կազմում 2012թ. նոյեմբերի 19-ի դրությամբ (պատասխանեք ըստ առանձին մրցաշարերի. Ուկրաինայի առաջնություն, Ուկրաինայի գավաթ, Չեմպիոնների լիգա):

33 գոլ

29` Ուկրաինայի առաջնություն;
2` Ուկրաինայի գավաթ;
2 ` Չեմպիոնների լիգա:

2.      Ո՞ր թվականին է «Շախտյորը» սկսել խաչված մուրճերը օգտագործել որպես ակումբի խորհրդանիշ:


1951 թվական: Պատասխանի հղումը հասանելի է այստեղ` http://shakhtar.com/ru/news/6520:

Միեւնույն ժամանակ, քանի որ ակումբի պաշտոնական կայքի «Խորհրդանիշ եւ օրհներգ» բաժնում ((http://shakhtar.com/ru/club/crest/) գրված է, որ «60-ականներին զինանշանի մեջտեղում գտնվում էին երկու խաչված մուրճեր», մրցույթի կազմակերպիչները որոշել են ճիշտ համարել պատասխանի երկու տարբերակները. 1951 թվական եւ 1960-ականներ:

3.      Քա՞նի ԽՍՀՄ գավաթ է նվաճել «Շախտյորը» եւ ո՞ր թվականներին: 

4 (1961, 1962, 1980, 1983):

4.      Քա՞նի տարի է Միրչա Լուչեսկուն մարզում «Շախտյոր»-ը: Ո՞ւմ է նա փոխարինել մարզչի պաշտոնում եւ ո՞ր ակումբն է հետագայում մարզել այդ մարզիչը:

Միրչա Լուչեսկուն մարզում է Շախտյորը 8 տարի, 2004 թվականից: Նա փոխարինել է Բերնդ Շուստերին, որը հետագայում մարզում էր «Լեւանտե» եւ «Ռեալ» (Մադրիդ) ակումբները:

Բերնդ Շուստերի հեռանալուց հետո շուրջ 1.5 ամիս թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարն էր Վիկտոր Պրոկոպենկոն: Մրցույթի կազմակերպիչները որոշել են ընդառաջել այն մասնակիցներին, որոնք իրենց պատասխանում նշել են Պրոկոպենկոյին Շուստերի փոխարեն, կամ էլ նշել են երկուսին: 

5.      Քա՞նի անգամ է «Շախտյոր»-ը մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլին եւ քանի՞ անգամ է դուրս եկել փլեյ-օֆ:


7 անգամ, փլեյ-օֆ դուրս է եկել մեկ անգամ 2010/11 մրցաշրջանում (առանց 2012/13 մրցաշարը հաշվի առնելու):

6.     Ե՞րբ եւ որտեղ է կայացել Երեւանի «Արարատի» եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի վերջին հանդիպումը ԽՍՀՄ առաջնություններում եւ ի՞նչ հաշվով է այն ավարտվել:

Խաղը կայացել է 1991 թվականի օգոստոսի 17-ին Հայաստանում: Արարատը հաղթել է 2:1 հաշվով: Չնայած, որ խաղը կայացել է Աբովյանի քաղաքային մարզադաշտում, շատ աղբյուրներում խաղի անցկացման վայր է նշվել Երեւանը:  Հաշվի առնելով այդ հանգամանքը` մրցույթի կազմակերպիչները ճիշտ են համարում պատասխանների երկու տարբերակները` Աբովյանը եւ Երեւանը:

51 շարադրություններից եզրափակիչ փուլ (short list) են դուրս եկել 9 շարադրություններ, որոնց հեղինակներն էին` Արտակ Սաֆարյանը, Արթուր Թադեւոսյանը, Լիլիա Շուշանյանը, Վարուժան Հովհաննիսյանը, Սուքիաս Զաքարյանը, Սեւակ Հակոբյանը, Հարություն Քեշիշյանը, Նարեկ Նազարյանը, Անի Ասատրյանը եւ Սուրեն Նազարյան:

Մրցույթի բացարձակ հաղթող է ճանաչվել Վարուժան Հովհաննիսյանը, ում շարադրությունը կարող եք կարդալ այստեղ:

«Օրեց օր մենք զգում ենք, որ «Շախտյոր»-ն էլ ավելի մեծ աջակցություն է ստանում Հայաստանի երկրպագուների կողմից` ինչպես մեր խաղի, այնպես էլ թիմի գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ: Մեզ համար շատ հաճելի էր, որ մրցույթին մասնակցեցին մեծ թվով մարդիկ, որոնք մի շարք հետաքրքիր շարադրություններ ներկայացրեցին: Շատ դժվար էր որոշել հաղթողին: Սակայն կարծում ենք, որ ընտրությունը ճիշտ է կատարվել, իսկ հաղթողը գերազանց կերպով կաջակցի «Շախտյորին» «Դոնբաս Արենայում» «Յուվենթուս»-ի հետ խաղում», - այսպես մրցույթի արդյունքները մեկնաբանեցին ««Շախտյոր» ֆուտբոլային ակումբում:

Վարուժան Հովհաննիսյանը կստանա.

•       Երեւան-Մոսկվա-Դոնեցկ-Երեւան ավիատոմս;
•       Շախտյոր-Յուվենթուս հանդիպման տոմս (Դոնբաս-Արենա, դեկտեմբերի 5);
•       Տեղավորում «Վիկտորիա» հյուրանոցում;
•       Էքսկուրսիա Դոնբաս-Արենա մարզադաշտում եւ կարճ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի եւ Շախտյորի թիմի ավագ Դարիո Սռնայի հետ: 

Մեդիամաքս-ը եւ «Շախտյոր»-ը շնորհավորում են հաղթողին եւ շնորհակալություն են հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին:




Մեր ընտրանին