Հայ գերդաստաններ. Անանյաններ, նույն իրենք՝ Հովնանյաններ - Mediamax.am

exclusive
4693 դիտում

Հայ գերդաստաններ. Անանյաններ, նույն իրենք՝ Հովնանյաններ


Հովհաննես Անանյան-Հովնանյան (1811-88), հայ մեծանուն գործարար եւ բարերար
Հովհաննես Անանյան-Հովնանյան (1811-88), հայ մեծանուն գործարար եւ բարերար

Լուսանկարը` «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Անանովների՝ Վարցիխե գյուղում գտնվող գինու գործարանը, 2013թ.
Անանովների՝ Վարցիխե գյուղում գտնվող գինու գործարանը, 2013թ.

Լուսանկարը` «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Անանովների Վարցիխեի առանձնատունը,2013թ.
Անանովների Վարցիխեի առանձնատունը,2013թ.

Լուսանկարը` «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Ստեփան Հովհաննիսյանը որդիների հետ
Ստեփան Հովհաննիսյանը որդիների հետ

Լուսանկարը` «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Ստեփան Հովհաննիսյանը գերդաստանի հետ
Ստեփան Հովհաննիսյանը գերդաստանի հետ

Լուսանկարը` «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Վահագն եւ Հասմիկ Հովհաննիսյաններն իրենց որդու՝ Շանթի հետ
Վահագն եւ Հասմիկ Հովհաննիսյաններն իրենց որդու՝ Շանթի հետ

Լուսանկարը` «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Երեւանի Սուրբ Աննա եկեղեցի,2014թ., հովանավորներ՝ Հրայր եւ Աննա Հովհաննիսյաններ
Երեւանի Սուրբ Աննա եկեղեցի,2014թ., հովանավորներ՝ Հրայր եւ Աննա Հովհաննիսյաններ

Լուսանկարը` «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Վահագն Հովհաննիսյանը Հռոմի Հովհաննես Պողոս II պապի հետ
Վահագն Հովհաննիսյանը Հռոմի Հովհաննես Պողոս II պապի հետ

Լուսանկարը` «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից


Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքը՝ նվիրված հանրահայտ գերդաստանին, ով սերվելով Արեւմտյան Հայաստանից՝ եկավ, հասավ Թիֆլիս, այնտեղից էլ՝ Մոսկվա։ Գերդաստանի մասին է պատմում գրքի հեղինակը։

2013թ. մայիսի 5-ին Թբիլիսիում` «Հայարտանը», հայ մեծանուն գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակի տոնակատարության օրը, իր իսկ շառավիղների մասնակցությամբ, ներկայացվում էր «Կարծիք» ստեղծագործական խմբի պատրաստած «Մեծ հայի սիրտը» տեսաֆիլմը` նվիրված մեծ բարերարին: Երբ ավարտվեց տեսաֆիլմի դիտումը` մի պահ դահլիճում լռություն տիրեց՝ մի կողմից ի նշան գոհունակության, մյուս կողմից` սպասման, թե «Հայ մեծանուն բարերարները» ֆիլմաշարում հաջորդը ո՞վ էր ներկայացվելու: Այդ երկրորդ հարցին ստույգ կարող էր պատասխանել թիֆլիսահայ կյանքի հանրագիտակ, ցավոք, արդեն մեր շարքերից հեռացած մի ազնվագույն անհատականություն, մտավորական Սարգիս Դարչինյանը: Եվ պատահական չէր, որ բոլորը սպասում էին նրա խոսքին: Իսկ նրա խոսքը հակիրճ էր` «Անանովները` Անանյանները, նույն իրենք՝ Հովնանյանները…»:

Նրանց մասին մեր ստեղծագործական խմբին, ինչպես նաեւ դահլիճում նստածներից շատերին քիչ բան էր հայտնի: Թերեւս առաջին տեղեկություններն էլ հենց ինքը ներկայացրեց: Գերդաստանի սյուները երկուսն էին` Ստեփան եւ Ալեքսանդր Անանյաններ-Հովնանյանները, չնայած նրանք երեք եղբայր էին՝ նաեւ Հովսեփը: Ավագը` Հովհաննեսը, ծնվել էր 1811 կամ 1812 թվականին Թիֆլիսում, երիտասարդ տարիքում տեղափոխվել Մոսկվա եւ առաջին գիլդիայի վաճառական դարձել, պետական խորհրդական, Մոսկվայի, ավելին՝ ռուսաստանցի խոշոր միլիոնատերերից մեկը, ճանաչված բանկիր եւ ֆինանսիստ, նրան անգամ վստահվել էր Ալեքսանդր 2–րդ ցարի հուշարձանի շինարարության գանձապետի պարտականությունը։ Այս ամենին զուգահեռ` նա մեծ բարերար եւ բարեգործ էր, Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտի կառավարման եւ աղքատ հայերի «Գասպարյան» օթեւանի խորհուրդների անդամ, Եկատերինյան հիվանդանոցի բարեգործներից, օգնում էր Կովկասում հնագիտական պեղումներ ու ուսումնասիրություններ անելու գործին: Նա այդ միության անդամ էր:


Անանովների Վարցիխեի առանձնատունը,2013թ.
Լուսանկարը՝ «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Հովհաննես Անանովն այսպիսի եւ նման բազում ծրագրերի ու ձեռնարկների հովանավոր եւ աջակից էր: Եվ, իհարկե, նա ամենամեծ բարերարությունը արել է Թիֆլիսում` հիմնելով «Մարիամյան–Հովնանյան» օրիորդաց դպրոցը: Իսկ Հովհաննես Անանյանի եղբոր` Ալեքսանդրի մասին տեղեկությունները, ցավոք, պակաս ամբողջական են, հաճախ ուղղակի շատ բան չներկայացնող: Նրա ծննդյան թիվը եւս հստակ չէ: Տեղեկատվական աղբյուրներից մեկում նշվում է, որ Ալեքսանդրը Ստեփան եղբորից փոքր է մոտ տասը տարով։ Ելնելով դրանից, կարելի է ասել, որ նա էլ ծնվել է 1821–22 թվականներին: Եթե ուսումնառության սկիզբը եղբոր` Ստեփանի համար նշվում է Ներսիսյան ճեմարանը, ապա Ալեքսանդրի դեպքում` Լազարյան ճեմարանը։

Ի դեպ, Ալեքսանդրի ծննդավայրը նշվում է Մոսկվան: Նա Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտում սովորելուց հետո ուսումը շարունակել է Եվրոպայում, ապա մի որոշ ժամանակ աշխատել Լոնդոնում, այնուհետեւ գործունեություն ծավալել Ռուսաստանում՝ եղբոր առեւտրային եւ բանկային կազմակերպություններում: 19-րդ դարի 60–ական թվականներին տեղափոխվել է Կովկաս, ուր Քութաիսիից ոչ հեռու գտնվում էին եղբոր ավելի վաղ ձեռք բերած անտառները: Ի դեպ, այս առիթով ժամանակի մամուլը տեղեկատվություն է թողել: «Русские ведомости» թերթը 1888 թվականի հունիսի 13-ին գրում է. «Բաղդադիից է սկսվում Աջամեթի ճանաչված հրաշալի անտառը, որը ոչ հեռու անցյալում պատկանում էր պետական գանձարանին: Այն գանձարանից որպես նվեր ստացավ Կովկասի փոխարքայի՝ իշխան Սվյատոպոլի նախկին օգնական Միրսկին, ով վաճառեց մոսկովյան մեծահարուստ Ի. Ա. Անանովին»:

Փաստորեն, Հովհաննես Անանովը եղբորը՝ Ալեքսանդրին է վստահում անտառների կառավարումը: Անտառների տարածքը կազմում էր 2500 դեսյատին, որը փայտանյութ էր արտադրում լանդշաֆտի եւ երկաթուղու շինարարության՝ հիմնականում կոճղեր պատրաստելու եւ այլ կարիքների համար: Փաստորեն, այս ամենով սկիզբ է դրվում Վրաստանում անտառային արդյունաբերությանը, որով պիտի զբաղվեին Անանովները՝ Հովհաննեսի եղբայրը՝ Ալեքսանդրը, հետագայում նաեւ նրանց մյուս եղբայր Հովսեփի որդին՝ Նիկոլայը: Դրանով դառնալով եղբոր գործընկերը, Ալեքսանդրը ավելացրեց անտառային տարածությունները` գնելով նոր հողատարածքներ եւ հիմնելով նոր անտառներ: Նրանք, սկզբունքորեն, անտառային գործի փորձառությունն անցան, համոզվեցին, որ այստեղ հողը բարեբեր է, եւ որոշակի պայմանների առկայության դեպքում ոչ միայն հնարավոր է ոչ պտղատու ծառեր աճեցնել, այլեւ զբաղվել արդյունավետ հողագործությամբ: Իսկ դա արդեն թույլ կտար յուրացնել նոր հողատարածքներ՝ ինչպես անտառային գործի զարգացման, այնպես էլ հողագործության համար: Բնությունն այստեղ այդ շռայլությունն ուներ: Դեռ ավելին, լեռնային գետերն ու գետակները դեպի Կվիրիլա գետի հովիտ էին հասնում, այնտեղից էլ գնում, խառնվում էին ծովի ջրերին:

Այդ ամենն ընկալելով` Անանովները պիտի մտածեին այստեղ հողագործության զարգացման մասին: Հենց այս նույն ժամանակաշրջանում Ալեքսանդր Անանովը Իմերեթի շրջանում գնում է հինգ հազար դեսյատին հող, դրա մշակությունը կազմակերպելու համար ձեռք բերում գործարանային արտադրության գործիքներ` գութաններ, խոփեր, սերմնացաններ, գերանդիներ եւ այլն:

Նա, փաստորեն, ստեղծեց Վրաստանում առաջին կապիտալիստական տնտեսությունը, ուր օգտագործվում էին ժամանակակից գործիքներ ու մեխանիզմներ, իսկ աշխատանքի կազմակերպումն իրականացվում էր ազատ-վարձակալական նորագույն սկզբունքներով: Այստեղ պետք է նկատել, որ եվրոպական արտադրության ձեռքի գութանները, սերմերը, եգիպտացորենի, բամբակի մաքրման մեքենաները, աղացներն առաջին անգամ Վրաստանում հայտնվեցին, այստեղ էլ փորձարկվեցին հողագործության մեջ եւ հեղափոխություն առաջ բերեցին: Դա առաջինը բարձր արտադրողական ալիքի անդրադարձն էր: Դրանով ձեւավորվում էին հողագործության նկատմամբ նոր մոտեցումներ։ Պատմությունը վկայում է, որ Անդրկովկասում առաջին ցանիչ սարքը կրկին Անանովների կողմից է օգտագործվել 1862 թվականին: Տնտեսությունում հիմնականում մշակվում էին ծխախոտ, բամբակ, եգիպտացորեն: Մշակվող բույսերը բերքատու էին եւ բարձրորակ, իսկ ծխախոտն ու բամբակը մրցունակ էին եւ իրենց որակով համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Նրանց արտադրանքը ինչպես Թիֆլիսում կայացած գյուղատնտեսական ցուցահանդեսում, այնպես էլ Լոնդոնի համաշխարհային գյուղատնտեսական ցուցահանդեսում մեդալներ շահեց:


Ստեփան Հովհաննիսյանը որդիների հետ
Լուսանկարը՝ «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Անանովները ծխախոտի եւ բամբակի արտադրությանը ավելացրին մրգինը՝ այդ ամենը դարձնելով ժամանակակից եւ արդյունավետ: Ի տարբերություն իրենց հարեւան տնտեսությունների՝ աշխատողների թվում ճորտեր չունեին, նրանք միայն ազատ գյուղացիներ էին, ովքեր վարձավճարով աշխատում էին իրենց մոտ: Ի դեպ, հետաքրքիր փաստը վկայում է, որ ցանկացողների համար հենց ինքը՝ Անանովը, գումար էր վճարում, որ գյուղացին դուրս գար ճորտատիրական վիճակից եւ դառնար ազատ: Ժամանակի գործող օրենքը հնարավորություն էր տալիս գործատու եւ աշխատող փոխհարաբերություններում ազատ լինելու։

Հայորդիները մարդասիրական մոտեցում էին ցուցաբերում` շատ ընտանիքների ազատելով տեղական վաշխառու-կալվածատերերի կարծրացած կապանքներից: Մինչեւ հիմա էլ պատմում են, որ տեղի ճորտատերերը սվիններով էին դիմավորում Անանովների այդ ազատասիրական քայլերը եւ անգամ փորձել են դավադրաբար սպանել նրանց: Բայց մարդիկ, որոնց միջոցով ուզում էին դա անել, ձեռք չեն բարձրացրել նրանց վրա: Դեռ ավելին, նրանք գնացել, զենքերով հանդերձ հանձնվել են Անանովներին՝ ասելով, որ այլ կերպ չեն կարող վարվել եւ ողջ հովիտը թողնել վաշխառուների ու ճորտատերերի ձեռքին: Այլ խոսքով` նրանց Կվիրիլա հովիտ բերելով` նաեւ ազատություն, ազատ գործելու, սեփական աշխատանքը իրենց հայեցողությամբ օգտագործելու հնարավորություն տվեցին: Գյուղացիները հասկացան, որ հովիտ են եկել մարդիկ, ովքեր իրենց կարող են ազատել կապանքներից, մարդավայել աշխատանքի պայմաններ ստեղծել, կատարած աշխատանքի դիմաց արժանավայել վճարել, հարկ եղած դեպքում օգնել լուծելու ընտանիքի խնդիրները։

Մեզ հյուրընկալած վրացի գյուղացիները պատմում էին այն, ինչ իրենց նախնիները փոխանցել են իրենց հետնորդներին: Կարելի է ասել, որ նրանց մասին բանահյուսություն է ստեղծվել։

«Նրանք քաջ ու համարձակ, անգամ անվախ մարդիկ էին,- ասում էին տեղացիները:- Հրաշալի ձի վարել գիտեին ու նաեւ` կրակել: Անվրեպ էին»: Լեգենդներ էին պատմում նրանց` զենքին տիրապետելու մասին: Այդ մարդիկ՝ Անանովները, փաստորեն, դարձան նաեւ քաջությունը մարմնավորող կերպարներ: Այդ իսկ պատճառով նրանց բոլորն էին հարգում: Երբ նրանցից մեկին առեւանգեցին, հենց ինքը կարողացավ իր ազատության խնդիրը լուծել: Մարդկանց մոտ վստահություն առաջացավ, որը գնալով մեծանում էր։ Ետեւում մնացին թալանի, ասպատակության, գողության բազմաթիվ դեպքերը, որովհետեւ նրանք կանգնեցին արդարության կողքին:

 Վերադառնանք նրանց բուն գործունեությանը:

Այնուհետեւ այս ամենին գումարվեցին խաղողի մշակությունը եւ գինու արտադրությունը: Անանովներն այստեղ կատարեցին խաղողագործության եւ գինեգործության մեջ աննախադեպ ներդրումներ՝ 1,5 միլիոն ռուբլու չափով: Դեռ ավելին, կոնյակի եւ շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով մասնագետներ հրավիրեցին Ֆրանսիայից: 1913 թվականին կոնյակի արտադրությունը հասցրին 40 000 շշի, իսկ շամպայնինը` 50 000 շշի:


Անանովների՝ Վարցիխե գյուղում գտնվող գինու գործարանը, 2013թ.
Լուսանկարը՝ «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքից

Անանովները հայտնի դարձան աշխարհում որպես բարձրորակ գինի, կոնյակ, շամպայն արտադրողներ, իսկ նրանց արտադրությունը համապատասխանում էր համաշխարհային չափանիշներին: Փաստորեն, Անանովները Կովկասում շամպայնի արդյունաբերական արտադրության հիմնադիրներն էին:

19–րդ դարի 90-ական թվականներին այս տնտեսությունը սկսում են ղեկավարել Ալեքսանդր Անանովի որդիները` Միհրանը եւ Աբգարը, ովքեր չբավարարվեցին պարզ նահապետական հողագործությամբ եւ այդ տարածաշրջանում մեքենայացված հողագործության սկիզբը դրեցին: Նրանք մասնագիտական կրթություն էին ստացել Ֆրանսիայում, տեսել եւ հասկացել, թե այնտեղ ինչպես են վարում նմանօրինակ տնտեսությունները, եւ լուրջ նյութական ու ֆինանսական ներդրումներ կատարեցին Վրաստանում խաղողագործության, գինեգործության, կոնյակագործության զարգացման բնագավառում։

Երրորդ եղբայր Հովսեփի մասին (ծնված՝ 1814 թվականին) ավելի քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ չորս զավակ է ունեցել՝ Ստեփան, Միքայել, Նիկոլայ եւ Վարվառա անուններով, զբաղվել է առեւտրով, եղել եղբայրների բարեգործական ծրագրերի կողքին։

Վարվառան ամուսնացել էր գեներալ-մայոր Իսահակ Մելիք-Հայկազովի հետ: Նրանք երկու երեխա ունեին: Հայտնի է, որ զավակներից Ստեփանը մասնագիտությամբ բժիշկ էր եւ այդ գործով էլ զբաղվում էր։ Նաեւ բարեգործ էր։ Նիկոլայը զբաղվում էր փայտամշակման գործով: Մենք դեռ առիթ կունենանք գնալու այդ ճամփաներով, որոնցով անցել են Անանովները դեռ 1,5 դար առաջ։

"Հայ գերդաստաններ" հատուկ նախագծի այլ նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին