Պետոն, «Հայկական Չե Գեւարան» եւ սեւանցի Սուրենը - Mediamax.am

exclusive
15995 դիտում

Պետոն, «Հայկական Չե Գեւարան» եւ սեւանցի Սուրենը


Արայիկ Խանդոյանը, Պետրոս Ղեւոնդյանն ու ազատամարտիկ Սուրենը
Արայիկ Խանդոյանը, Պետրոս Ղեւոնդյանն ու ազատամարտիկ Սուրենը

Լուսանկարը` Հակբեր

Արայիկ Խանդոյանը
Արայիկ Խանդոյանը

Լուսանկարը` Հակբեր

Պետրոս Ղեւոնդյանը՝ Պետոն
Պետրոս Ղեւոնդյանը՝ Պետոն

Լուսանկարը` Հակբեր

Ազատամարտիկ Սուրենը
Ազատամարտիկ Սուրենը

Լուսանկարը` Հակբեր


1992-1994թթ. Արցախյան պատերազմից մնացել են խորհրդնանիշ դարձած լուսանկարներ, որոնք կարծես ապրում են սեփական կյանքով՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով թերթերում, գրքերում եւ, իհարկե, համացանցում:

Որպես կանոն մարդիկ քիչ բան գիտեն լուսանկարների հերոսների եւ հեղինակների ու, առավել եւս, դրանց ստեղծման պատմությունների մասին:

Մեդիամաքսը զրուցել է լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի՝ Հակբերի հետ, խնդրելով պատմել երեք հայտնի դիմանկարների ստեղծման մասին:

Պետրոս Ղեւոնդյանի (Պետոյի) դիմանկարը

Պետրոս Ղեւոնդյանը՝ Պետոն Պետրոս Ղեւոնդյանը՝ Պետոն

Լուսանկարը` Հակբեր


Պետոն Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալն էր: Հանրահայտ տղա էր, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս: Լուսանկարն արել եմ 1993 թվականի հոկտեմբերին:

Աղդամում պետք է մեր ջոկատները նկարեի՝ Պետոն ու Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն օգնում էին ինձ այդ հարցում: Բայց ինքը՝ Պետոն, երբեք չէր նկարվում, ամեն կերպ խուսափում էր: Մի օր էլ, չգիտեմ, թե ինչ եղավ, Պետոն ինքը մոտեցավ եւ խնդրեց, որ իրեն նկարեմ:

Նկարեցի՝ եւ՛ գունավոր եւ՛ սեւ-սպիտակ տարբերակներով:

Չորս ամիս անց նա զոհվեց:

Լուսանկարի գունավոր տարբերակը արտասահման ուղարկվեց՝ օրացույցում տպվելու համար: Հետագայում այն բազմիցս օգտագործվել է ամսագրերում, տարբեր պաստառների վրա:

Արայիկ Խանդոյանի (Մենավոր Գայլի) դիմանկարը
Արայիկ Խանդոյանը Արայիկ Խանդոյանը

Լուսանկարը` Հակբեր


Այս նկարն անվանել եմ «Հայկական Չե Գեւարա»: Լուսանկարում Արայիկ Խանդոյանն է, նույն ինքը՝ «Մենավոր Գայլը»: Նկարել եմ Լաչինի ազատագրման օրը՝ 1992թ-ի մայիսի 18-ին: 

Պատահական նկար է, արված Լաչինի հենց կենտրոնում: Մեր ազատամարտիկները հաղթանակած, երգելով իջնում էին եւ ուշադրությունս գրավեց այս տղան՝ հրացանին ամրացված յասամանով: Ասացի` «հաղթած տղա ես, ժպտա՛»: Հենց այդպես էլ նկարեցի՝ ձեռքը պարզած, լայն ու անկեղծ ժպիտը դեմքին: Հետագայում ծանոթացանք եւ ընկերացանք:

Արայիկը հետո Քելբաջարի հետախուզության պատասխանատուն էր, բազմիցս վիրավորվել է, լուրջ վնասվածք ստացել: 

Սուրեն Սարգսյանի դիմանկարը   
Ազատամարտիկ Սուրենը Ազատամարտիկ Սուրենը

Լուսանկարը` Հակբեր


Այս տղային չեմ ճանաչել, պատահական հանդիպեցի: Երբ մերոնք ոչնչացրին Լաչինի մուտքի առաջին ադրբեջանական հենակետը, նա խրամատներն էր ուսումնասիրում: Պարզվեց, որ սեւանցի է, անունն էլ՝ Սուրեն: Քայլում էր, ականներ փնտրում, ես էլ այդ ժամանակ իրեն նկարում էի:

Լավ մարդ էր: Մի պահ գործընկերներս ինձ թողեցին եւ գնացին Շուշի: Սուրենն ասաց. «Կրեսպանդենտ, էս քեզ մենակ թողեցի՞ն: Չմտածես, մենք քեզ ամեն ձեւ կնայենք»:

Նրան այլեւս չեմ տեսել, բայց որքան գիտեմ՝ ողջ է:

Աննա Բուբուշյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին