«Հանգիստ տուր ինձ, Տեր». Վասիլ Ստուսը՝ հայերեն - Mediamax.am

exclusive
7453 դիտում

«Հանգիստ տուր ինձ, Տեր». Վասիլ Ստուսը՝ հայերեն


Վասիլ Ստուսի քրեական գործի լուսանկարը
Վասիլ Ստուսի քրեական գործի լուսանկարը

Լուսանկարը` probapera.org

Մորդովիայի 19-րդ ճամբարի ներքին բանտը, որտեղ եղել են Վասիլ Ստուսն ու Ռազմիկ Մարկոսյանը
Մորդովիայի 19-րդ ճամբարի ներքին բանտը, որտեղ եղել են Վասիլ Ստուսն ու Ռազմիկ Մարկոսյանը

Լուսանկարը` Ռազմիկ Մարկոսյանի արխիվից

Վասիլ Ստուսը
Վասիլ Ստուսը

Լուսանկարը` ukrinform.ru

Ռազմիկ Մարկոսյանը
Ռազմիկ Մարկոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2016 թվականին լույս էր տեսել ուկրաինացի բանաստեղծ, խորհրդային տարիների այլախոհ, Ուկրաինայի ազգային հերոս, Տարաս Շեւչենկոյի անվան պետական մրցանակակիր Վասիլ Ստուսի բանաստեղծությունների առաջին հայերեն ժողովածուն:

«Հանգիստ տուր ինձ, Տեր» ժողովածուի հայերեն հրատարակությունը նախաձեռնել էր Վալիս Ստուսի գաղափարական եւ բանտային ընկեր Ռազմիկ Մարկոսյանը:

«Սա շատ կարեւոր երեւույթ է նախ եւ առաջ հայ-ուկրաինական մշակութային երկխոսության առումով: Գրքի լույսընծայումն իմ կյանքի կարեւոր գործերից էր, հոգուս պարտքը, որ տվեցի: Երկար ժամանակ չէի կարողանում գտնել Ստուսի թարգմանչին, այլապես վաղուց պիտի հրատարակված լիներ: Միտքս կանգ առավ այդ գործը Երազիկ Գրիգորյանին վստահելու վրա: Կարծում եմ, ճիշտ որոշում կայացրի: Չեմ պատկերացնում որեւէ մեկին, ով ավելի մեծ սիրով կատարեր այս աշխատանքը: Իմ մեծ ընկերոջ ոգեղենությունը նրա հայերեն գրքում ապահովված եմ համարում, հայալեզու գրականություն նրա մուտքը` հաջողված»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասել էր Ռազմիկ Մարկոսյանը:
[context1]

Ռազմիկ Մարկոսյանը Մեդիամաքսին պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Վասիլ Ստուսին եւ ընկերացել նրա հետ, ինչպես նաեւ` հայերի ու Հայաստանի հանդեպ գրողի վերաբերմունքի մասին:

Վասիլ Ստուսը Վասիլ Ստուսը

Լուսանկարը` ukrinform.ru


Առաջին հանդիպումը

1975 թվականն էր: Ես ու Ստուսը բանտերում կորցրած մեր առողջության պատճառով հայտնվել էինք Մորդովիայի ճամբարային հիվանդանոցում: Ես սովոր էի շուրջս ե´ւ լավ, ե´ւ վատ իմաստով առանձնացող մարդկանց տեսնել: Այնտեղ, որտեղ ես էի, այդպիսիների պակաս չկար: Բայց Վասիլ Ստուսն առաջին իսկ պահից գրավեց ուշադրությունս: Կարծես ուրիշ ժամանակների մարդ լիներ: Ինչ-որ էպիկական բան կար դեմքին, ինչը հիվանդությունը չէր կարողացել ծածկել: Նկատեցի նաեւ, որ ցավերն ու կորցրած արյունը նույնպես չէին ընկճել նրան: Բժիշկներն առաջարկում էին ստամոքսի վիրահատություն կատարել, իսկ նա չէր համաձայնում: Ասում էր, որ չի վստահում վիրահատողներին, քանի որ Պետական անվտանգության կոմիտեն (ԿԳԲ) պիտի նրանց թելադրի, թե ինչպես գործածեն նշտարը: Այսպես, առաջին իսկ հանդիպումից ինձ համար պարզ էր, որ իմ առջեւ մի ոչ սովորական անձնավորություն է:
Ռազմիկ Մարկոսյանը Ռազմիկ Մարկոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Անազատության ընկերները

Երկուսս էլ հեշտ մտերմացողներից չէինք, բայց իրար հետ շատ արագ մերվեցինք: Հենց սկզբից ասես հին ընկերներ լինեինք: Մեր մտերմությունը կարծես ոչ թե սկսվեց, այլ շարունակվեց: Այնպես սահուն ու բնական անցանք մեր ասես կիսատ թողած զրույցին, չավարտած գործին: Մենք միասին եղել ենք հիվանդանոցում, բանտում, պատժախցում, ճամբարում: Ստուսն անսահման զարգացած, բանիմաց ու իմաստուն անձնավորություն էր: Նրա մեջ ներքին բարձր կուլտուրա կար: Մենք մեր զրույցներից չէինք հագենում: Ես անվերջ բացահայտում էի նրան: Նրա խոսքերից ու ապրումներից հասկանում էի, թե ինչ ամուսին է, ինչ որդի ու հայր: Ցավալի է, որ նա իր կյանքի այդ դերերը չկարողացավ կատարել: Իսկ թե ինչ կորցրեց ուկրաինական գրականությունը, գրականագիտությունն ու թարգմանական արվեստը Ստուսի հարկադրված անաշխատության, բանտերում կորստյան մատնված նրա ձեռագրերի պատճառով, այդ մասին խոսել է ու դեռ կխոսի նրա հարազատ Ուկրաինան:

Ստուսի հատկանիշներից ինձ համար ամենամոտն ու կարեւորը նրա լավ քաղաքացի ու լավ ընկեր լինելն էր: Նա ապրում էր իմ մտորումներով, երկրիս համար ունեցած իմ տագնապով: Հիշում եմ` ես ատամի սուր ցավ ունեի, տառապում էի: Բժիշկ էի պահանջում, չէին տրամադրում: Թողել էին անմարդկային տառապանքի մեջ: Ստուսը մեծ աղմուկ բարձրացրեց, հետո դրա պատճառով ստիպված եղավ 15 օր պատժախցում անցկացնել:
Մորդովիայի 19-րդ ճամբարի ներքին բանտը, որտեղ եղել են Վասիլ Ստուսն ու Ռազմիկ Մարկոսյանը Մորդովիայի 19-րդ ճամբարի ներքին բանտը, որտեղ եղել են Վասիլ Ստուսն ու Ռազմիկ Մարկոսյանը

Լուսանկարը` Ռազմիկ Մարկոսյանի արխիվից


Մեր մեջ ամեն ինչ փոխադարձ էր: Անպատմելի երջանկություն եմ զգում, որ Ստուսի բանաստեղծությունների փրկության գործում իմ մասնակցությունն ունեմ. հիսուն ստեղծագործություն, որոնք շատերի նման բանտում կորստյան կմատնվեին:

Ստուսն այսօր էլ իմ ընկերն է ու իմ գաղափարակիցը: Բայց թող որ ես ու Ստուսն իրար ճանաչելու երջանկությունը չունենայինք: Նկատի ունեմ` չլիներ խորհրդային կայսրության երկդիմի ներքին քաղաքականությունը, որը սպառնալիք էր մեր երկրների համար, չլինեին այն հանգամանքները, որոնց պատճառով մենք հայտնվել էինք մի վայրում, որտեղ հանցագործները պիտի լինեին:

Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերներն» ու Վասիլ Ստուսը

1965 թ-ին Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերներն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Վասիլ Ստուսը մասնակցեց 60-ականներին ձերբակալությունների դեմ կազմակերպված բողոքին:

Փարաջանովն ու Ստուսը բավական երկար ժամանակ համաքաղաքացիներ էին: Բոլորիս հայտնի է Կիեւի դերը մեծ ռեժիսորի կյանքում: Ազատության ու արվեստի սիրահար Վասիլ Ստուսը չէր կարող իր քաղաքում ապրող այդ հանճարից հեռու մնալ: Փարաջանովի հայտնի ֆիլմի պրեմիերայով էլ սկսվեց Ստուսի հրապարակային գործունեությունը: Ստուսը, Չերնովոլը, Սվերստյուկը եւ 60-ականների մյուս երեւելիները կինոդիտումն օգտագործեցին ի պաշտպանություն 28 ձերբակալված մտավորականների: Պրեմիերայից հետո նրանք Փարաջանովի ներումն էին հայցել` ֆիլմի հանրային դիտումն ազգային խնդիրների վերհանմանը ծառայեցնելու համար: Փարաջանովը պատասխանել էր, որ դա պատիվ է իր ֆիլմի համար: Ինչպես հայտնի է` այդ դեպքից անմիջապես հետո Ստուսը հեռացվեց ասպիրանտուրայից: Դրան հետեւեցին հետապնդումները, ապա` ազատազրկումը:
Վասիլ Ստուսի քրեական գործի լուսանկարը Վասիլ Ստուսի քրեական գործի լուսանկարը

Լուսանկարը` probapera.org


Հայերի ու Հայաստանի մասին

Ուկրաինացի բանաստեղծուհի, իր գաղափարակից ընկեր Իրինա Կալինեցին հասցեագրված մի նամակում Ստուսը գրել է. «Ես սիրահարված եմ հայերին»: Նա նկատի ուներ մեր ժողովրդի ազատատենչությունը, վատի դեմ պայքարի մեր ոգին: Երազում էր լինել Հայաստանում, տեսնել Արարատը: Լավ գիտեր, թե ինչ բան է հայրենի եզերքի կարոտը, գիտեր, որ հայրենիքի համար մղվող պայքարը ոչ մի ուժ չի կասեցնի: Լավ էր հասկանում մեզ` հայերիս ու շատ բարձր էր գնահատում:

Ինչ վերաբերում է Ազգային միացյալ կուսակցությանը, այն ԽՍՀՄ-ում գործող միակ անլեգալ կազմակերպությունն էր, եւ անկախության գաղափարի տարածման ճանապարհին մեր այդ կազմակերպվածությունը հիացնում էր Ստուսին: Բայց եկավ մի ժամանակ, երբ ԱՄԿ-ն սկսեց թուլանալ եւ քիչ էր մնում` կազմալուծվեր: Ստուսը առաջարկեց եւ իրեն ԱՄԿ համակիր անդամ հայտարարեց` դրանով ԳՈՒԼԱԳ-ում սկիզբ դնելով ասոցացված անդամության գաղափարին: Նրա արարքին շատերը հետեւեցին: Այս ամենի արձագանքը հասավ Հայաստան եւ բոլոր այն բանտեր ու աքսորավայրեր, որտեղ քաղկալանավորներ կային: ԱՄԿ-ի գոյատեւման համար Ստուսի քայլը շատ կարեւոր նշանակություն ունեցավ: Այն ազդարարեց անկախության գաղափարի շարունակականությունն ու անկախության մարտիկների համախմբումը:

Ռազմիկ Մարկոսյանի հետ զրուցել է Մարի Թարյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին