Ապագա կանցլեր Մերցը՝ Մերկելի «մերձավոր թշնամին» եւ «գերմանացի Թրամփը» - Mediamax.am

814 դիտում

Ապագա կանցլեր Մերցը՝ Մերկելի «մերձավոր թշնամին» եւ «գերմանացի Թրամփը»


Ֆրիդրիխ Մերցը
Ֆրիդրիխ Մերցը

Լուսանկարը` REUTERS

Ֆրիդրիխ Մերցը
Ֆրիդրիխ Մերցը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք «Враг Меркель», «немецкий Трамп» и пилот: чем известен будущий канцлер ФРГ Фридрих Мерц հոդվածի թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:

2025թ. փետրվարի 23-ին կայացած Գերմանիայի Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթել է Քրիստոնեական-դեմոկրատական միության/ Քրիստոնեական-սոցիալական միության (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ՝ ստանալով ձայների 28.5%-ը։ Մերցը կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը։

Ֆրիդրիխ Մերցը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 11-ին Բրիլոնում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա)։ Նրա հայրը դատավոր էր, որը զբաղվում էր նախկին նացիստների դեմ գործերով։

17 տարեկանում Ֆրիդրիխ Մերցը միացել է ՔԴՄ Երիտասարդական միությանը, ղեկավարել է հայրենի քաղաքի բաժանմունքը։ 1976 թվականին ծառայել է հրետանային զորքերում, այնուհետեւ իրավագիտություն է ուսումնասիրել Բոննի եւ Մարբուրգի համալսարաններում։

1982 թվականից աշխատել է որպես իրավաբան Քիմիական արդյունաբերության միությունում։ Նույն թվականին սկսել է փաստաբանական գործունեություն։ 1989 թվականին սկսել է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, դարձել է ՔԴՄ-ից Եվրախորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը (33 տարեկանում)։

1994-2009 թվականներին եղել է Բունդեսթագի անդամ, 1998-2000 եւ 2002-2004 թվականներին՝ ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ։

Ֆրիդրիխ Մերցը Ֆրիդրիխ Մերցը

Լուսանկարը` REUTERS


2000 թվականին ընտրվել է ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավար՝ նախկին կանցլեր Հելմուտ Քոլի եւ ՔԴՄ նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի գործունեության շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

2002 թվականին խորհրդարանական ընտրություններում ՔԴՄ պարտությունից հետո հրաժարվել է խմբակցության ղեկավարի պաշտոնից՝ այդ պաշտոնը զբաղեցրեց Անգելա Մերկելը։ Մի քանի տարի սուր քննադատության է ենթարկել Մերկելին։

ԶԼՄ-ները Ֆրիդրիխ Մերցին անվանում էին Անգելա Մերկելի «մերձավոր թշնամի» եւ գրում էին միգրացիոն եւ հարկային քաղաքականության հարցերում նրանց տարաձայնությունների մասին։


2009 թվականին Ֆրիդրիխ Մերցը հեռացավ քաղաքականությունից եւ ընդգրկվեց Գերմանիայի ավելի քան տասը խոշոր կորպորացիաների, այդ թվում՝ BlackRock ներդրումային ընկերության գերմանական ստորաբաժանման խորհրդատվական եւ վերահսկիչ խորհուրդների կազմում։ Այդ ժամանակ նա ստացավ «գերմանացի Թրամփ» մականունը։

2018 թվականին Die Zeit պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ տարեկան «մոտ մեկ միլիոն եվրո» է վաստակում։ 2009-2019 թվականներին ղեկավարել է «Ատլանտյան կամուրջը»՝ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ կապերի ամրապնդման հասարակական կազմակերպությունը։

2018 թվականին Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել ՔԴՄ նախագահի պաշտոնից, որից հետո Մերցը երեք անգամ առաջադրել է իր թեկնածությունը։ 2021 թվականին ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր, 2022-ին զբաղեցրել է ՔԴՄ նախագահի պաշտոնը։


Ֆրիդրիխ Մերցը հանդես է եկել ԵՄ եւ ՆԱՏՕ գործընկերների հետ Գերմանիայի սերտ համագործակցության օգտին։ Միգրացիոն օրենսդրության խստացման կողմնակից է։ 2017 թվականին աջակցել է միասեռ ամուսնությունների օրինականացմանը։

Մերցը քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ուկրաինային գերմանական հեռահար թեւավոր հրթիռներ տրամադրելուց հրաժարվելու համար։ Հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման օգտին։ 2022 թվականի մայիսին այցելել է Կիեւ։

1981 թվականից ամուսնացած է Շարլոթե Մերցի հետ, որն աշխատում է որպես տեղամասային դատավոր։ Ամուսինները երեք զավակ ունեն։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին