Անգելա Մերկել. 2013 թվականին Հայաստանի նախագահը մանեւրելու տեղ չուներ - Mediamax.am

exclusive
4315 դիտում

Անգելա Մերկել. 2013 թվականին Հայաստանի նախագահը մանեւրելու տեղ չուներ


Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը 2016 թվականին
Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը 2016 թվականին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը գրում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով սկզբունքորեն ցանկություն էր հայտնել ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, «180 աստիճանով շրջադարձ կատարեց 2013 թվականի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո»։

«Ազատություն» հուշերում Անգելա Մերկելը առանձին գլուխ է նվիրել ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը:

 

Գերմանիայի նախկին կանցլերը գրում է, որ Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում եւ նշում է, որ այս ձեւաչափի անդամներին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա) հնարավորություն էր տրվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ բանակցություններ վարել, որոնք ներառում էին ազատ առեւտրի գոտու ստեղծումը։

 

«Դա հասարակ բան էր թվում, սակայն իրականում այն դժվար էր գործնականում իրագործել: Քանի որ Պուտինի ռազմավարական շահն էր կանխել նախկին խորհրդային հանրապետությունների եւ ԵՄ-ի միջեւ նման համաձայնագրերի ստորագրումը, նա սպառնում էր նրանց Ռուսաստանի հետ ավանդական տնտեսական կապերի կտրուկ վատթարացմամբ եւ մաքսատուրքերի ներմուծմամբ: Նա երկրներին դրել էր անլուծելի երկընտրանքի առջեւ՝ ընտրություն կատարել Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության միջեւ։ Ադրբեջանը, որն ունի նավթի և գազի սեփական պաշարներ, երբեք որեւէ հետաքրքրություն չէր ցուցաբերել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում, ինչպես նաեւ Բելառուսը, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ Մաքսային միության անդամ էր։

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախ հայտարարել էր սկզբունքային հետաքրքրության մասին, սակայն 2013 թվականի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո 180 աստիճան շրջադարձ կատարեց եւ ցանկություն հայտնեց միանալ Մաքսային միությանը։ Նրա երկրի աշխարհագրական դիրքը եւ հակամարտությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ամենայն հավանականությամբ, նրան մանեւրելու տեղ չէին թողնում. Հայաստանը տնտեսապես գրեթե ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից»,- գրում է Անգելա Մերկելը։

 

2013 թվականի դեկտեմբերին Spiegel International-ը գրում էր, որ Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դարձել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը։

 

«Նրանք հավաքվել էին տոնական սեղանի շուրջ ԵՄ եւ Արեւելյան երկրների ղեկավարների հետ: Ուկրաինայի նախագահը սկսեց մենախոսությունը մի կողմից Եվրոպայի եւ մյուս կողմից Ռուսաստանի հետ իր երկրի բարդ հարաբերությունների մասին: Սակայն մի պահ եկավ, երբ Մերկելը ընդհատեց Յանուկովիչին եւ առանց ավելորդ քաղաքավարության ասաց նրան, որ կարող է վերջացնել այդ խոսակցությունը: «Միեւնույն է, դուք ոչինչ չեք ստորագրելու», - կոշտ ասաց նա: Մերկելի կողքին նստած Հայաստանի նախագահը զարմացած նրան նայեց», - գրում էր Spiegel International-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին