Մերկելի հեռանալուց հետո Եվրոպան նոր առաջնորդ չի ունենա - Mediamax.am

2524 դիտում

Մերկելի հեռանալուց հետո Եվրոպան նոր առաջնորդ չի ունենա


Անգելա Մերկելը
Անգելա Մերկելը

Լուսանկարը` REUTER

Անգելա Մերկելը եւ Նիկոլա Սարկոզին
Անգելա Մերկելը եւ Նիկոլա Սարկոզին

Լուսանկարը` REUTER

Լուսանկարը` REUTER

Անգելա Մերկելը, Էմանյուէլ Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը
Անգելա Մերկելը, Էմանյուէլ Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTER

Անգելա Մերկելը եւ Էմանյուէլ Մակրոնը
Անգելա Մերկելը եւ Էմանյուէլ Մակրոնը

Լուսանկարը` REUTER

Անգելա Մերկելը
Անգելա Մերկելը

Լուսանկարը` REUTER


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Հելեն Թոմփսոնի հոդվածը, որը հրապարակվել է The New York Times թերթում:

 

Եվրոպական միությունը եւ դրան նախորդող կազմակերպությունները առաջնորդելը միշտ բարդ խնդիր է եղել: Սակայն վերջին տասը տարիների մեծ մասը Եվրոպան ղեկավարում էր մեկ առաջնորդ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հիմա նա պատրաստվում է լքել իր պաշտոնը, եւ նրա տեղի համար հավակնորդների միջեւ պայքարն արդեն սկսվել է:

 

Այն գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, որի Եվրամիությանը բացահայտ քաղաքական իմաստ հաղորդելու ինքնահռչակ փորձերը մինչ այժմ ձախողվում էին: Հաջորդը Օլաֆ Շոլցն է, ով, ամենայն հավանականությամբ, կդառնա Գերմանիայի հաջորդ կանցլերը եւ ով հույս ունի ժառանգել Մերկելի «թիկնոցը»: Հերթի վերջում Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին է՝ եվրոպական Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը, որի վաստակներից մեկը եվրոյի փրկությունն է։

 

Նրանք կարող են իզուր չվատնել իրենց էներգիան ու խոսքերը։ Ամերիկա-Չինաստան մրցակցության պատճառով ձեռքերն ու ոտքերը կապված եւ խորապես բաժանված Եվրամիությունն այժմ գտնվում է մի աշխարհում, որը շատ է տարբերվում Մերկելի իշխանության տարիների աշխարհից: Փաստացի նա արդեն որոշ ժամանակ Եվրամիության ղեկավար չէ։ Եվ դաշինքի ամենասրտում այս վակուումը շատ պարզ պատճառ ունի՝ Եվրամիությունն այլեւս չի կարող կառավարվել: Ուրիշ ոչ ոք չի կարողանա նոր Մերկել դառնալ։

 

Թեեւ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստանձնել էր 2005 թվականին, Եվրամիությունում նրա առաջնորդությունն ավելի կարճ է եղել, քան կարծում են շատերը: Միայն այն 2010 թվականին, երբ սկսվեց եվրոգոտու ճգնաժամը, որը վարկերի արժեքի կտրուկ աճ առաջացրեց ԵՄ բոլոր երկրներում, Մերկելը դարձավ Եվրոպայի «լոկոմոտիվը»։

Անգելա Մերկելը եւ Նիկոլա Սարկոզին Անգելա Մերկելը եւ Նիկոլա Սարկոզին

Լուսանկարը` REUTER

Այդ ճգնաժամի սկզբնական փուլում նրան ընկալվում էին որպես «Մերկոզի» դուետի կեսը, այսինքն՝ նա դիտարկվում էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ։ Սակայն Սարկոզին ավելի շատ զարդ էր, քան որոշումներ կայացնելու ունակ առաջնորդ։ Չնայած երկուսն էլ պահանջում էին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականը, որոշիչ դեր խաղաց Մերկելի միջամտությունը։ 2012 թվականին Սարկոզիի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը լքելուց հետո ֆրանս-գերմանական պարիտետի մասին բոլոր խոսակցությունները դադարեցին:

 

Մերկելը կենտրոնական խաղացող դարձավ Եվրոպայի առջեւ ծառացած բոլոր լուրջ խնդիրների լուծման մեջ։ 2012 թվականի ամռանը նա օրհնեց Դրագիին՝ հայտարարելու խնդրահարույց երկրների պետական բաժնետոմսերի գնման նոր ծրագրի մասին, ինչը հնարավորություն տվեց մեղմացնել եվրոգոտում վարկերի արժեքը։ 2014 թվականին Մերկելը ստիպեց պառակտված Եվրամիությանը համաձայնել հավաքական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ղրիմի բռնակցումից հետո։ Իսկ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի ժամանակ Մերկելը գլխիվայր շրջեց փախստականներին ընդունելու դաշինքի քաղաքականությունը՝ իր գերմանացի համաքաղաքացիներին ուղղված ընդամենը մի քանի բառով. «Մենք կարող ենք դա անել»:

Անգելա Մերկելը, Էմանյուէլ Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը Անգելա Մերկելը, Էմանյուէլ Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTER

Մակրոնը, ով Ֆրանսիայում իշխանության եկավ 2017 թվականին, Գերմանիայի հետ պարիտետի վերականգնումը դարձրեց իր նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Սակայն քանի որ նա չկարողացավ թուլացնել Մերկելի ազդեցությունը կամ ստիպել նրան ընդունել Եվրոպայի իր տեսլականը, նա շուտով անցավ կանցլերի ծրագրերը տապալելուն: Դա առավել ակնհայտ դարձավ, երբ 2019 թվականի հոկտեմբերին նա վետո դրեց Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկի վրա։ Արդյունքում, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հարաբերությունները, որոնք երբեք առանձնապես ջերմ չէին, այդպես էլ չվերականգնվեցին։

 

Եվրոպական առաջնորդի դերում իր վերջին քայլով Մերկելը փորձեց ամրապնդել Եվրոպայի կողմնորոշումը Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման վրա: Նա ապահովեց Համապարփակ ներդրումային համաձայնագրի մշակումը, որը բացում էր չինական շուկան եվրոպական կորպորացիաների ներդրումների համար, իսկ անցյալ տարվա դեկտեմբերին փորձեց ավարտին հասցնել այս գործընթացը: Դա տեղի ունեցավ Ջո Բայդենի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես առաջ, եւ այս համաձայնագիրը Եվրոպայի ռազմավարական ինքնավարության մերկելյան մեկնաբանություն էր. բաց հայտարարություն, որ Եվրոպան, ի տարբերություն Ամերիկայի, նախընտրում է Չինաստանի հետ տնտեսության եւ կլիմայի հարցերում համագործակցել, այլ ոչ թե ընդհարվել։

Լուսանկարը` REUTER

Սակայն Մերկելի ջանքերը ձախողվեցին։ Այն բանից հետո, երբ Չինաստանը արձագանքեց Սինցզյանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված չինացի չորս պաշտոնյաների նկատմամբ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներին, համաձայնագիրը այդպես էլ չվավերացվեց: Եվրոպական բլոկի ներսում միասնության անգամ նշույլ չկա այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի Չինաստանի հետ տնտեսական եւ տեխնոլոգիական փոխգործակցությունը։

 

Գերմանիայի համար, որը տնտեսապես կախված է Չինաստանից եւ կարեւոր դեր է խաղում դեպի Եվրոպա չինական ապրանքների մատակարարումը ապահովելու գործում, պրագմատիկ համագործակցությունը միանգամայն ողջամիտ ընթացք է թվում։ Սակայն Եվրամիության մյուս անդամների տեսանկյունից Չինաստանն ավելի շատ վտանգ է ներկայացնում։ Հատկապես ուշագրավն այն է, որ Դրագիի գլխավորությամբ Իտալիան փաստացի հրաժարվեց չինական ներդրումներ ներգրավելուց եւ շրջվեց դեպի Ամերիկա։

 

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերկելն այլեւս չուներ այն իշխանությունը, որը նախկինում վայելում էր։ Տարբեր հարցերի շուրջ՝ օրենքի գերակայություն, միջուկային էներգետիկա, պաշտպանական քաղաքականություն եւ, հատկապես,  Չինաստանի հետ հարաբերություններ, Եվրոպայում պահպանվում են խորը տարաձայնություններ եւ մանեւրելու համար քիչ տեղ է մնում: Այդուհանդերձ, հիմքեր չկան ենթադրելու, որ Մերկելից հետո որեւէ մեկը կկարողանա ավելի նշանակալի հաջողությունների հասնել։

Անգելա Մերկելը եւ Էմանյուէլ Մակրոնը Անգելա Մերկելը եւ Էմանյուէլ Մակրոնը

Լուսանկարը` REUTER

Միասնական Եվրոպայի վերաբերյալ Մակրոնի հսկայածավալ ծրագրերը՝ արժութային միության խորացումից մինչեւ համաեվրոպական ռազմական հնարավորությունների զարգացում եւ տեխնոլոգիական անկախություն, քիչ աջակցություն ունեն: Նրա կառավարության պնդումները, թե Եվրամիությունն արդեն Ամերիկային եւ Չինաստանին հավասար գերտերություն է, թվում են ոչ միայն պատրանքային, այլեւ խիստ վիրավորական, հատկապես այն եվրոպական մայրաքաղաքների համար, որոնք Ամերիկայի անվտանգության երաշխիքները բացարձակապես անհրաժեշտ են համարում:

 

Շոլցն իր հերթին կբախվի նույն տնտեսական ճնշումներին, որոնք ձեւավորել է Մերկելի մոտեցումը Չինաստանի հետ հարաբերություններում: Եվ նա, անկասկած, պետք է քրտնաջան աշխատի, ինչպես ժամանակին Մերկելը, իր ընտրած կողմնորոշումը` խորը տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ եւ Վաշինգտոնի հետ անվտանգության հարաբերությունների պահպանումը, մնացած Եվրոպային պարտադրելու համար: Ինչ վերաբերում է Մակրոնին եւ Դրագիին, ապա նրանք կարող են որոշ հարցերում համատեղ գործել, սակայն Ամերիկայի եւ Չինաստանի հետ հարաբերությունների հարցում նրանց միջեւ հսկայական անդունդ է մնացել։

Անգելա Մերկելը Անգելա Մերկելը

Լուսանկարը` REUTER

Իրականությունն այն է, որ ոչ Գերմանիայի նոր կանցլերը, ոչ էլ Ֆրանսիայի կառավարությունը ի վիճակի չեն ղեկավարել Եվրոպան։ Փոխզիջումները, որոնց հաջողվել է հասնել նրանց նախորդներին, այլեւս անհնար են։ Իսկ ուժեղ առաջնորդի բացակայության դեպքում Եվրոպան կգնա միայն մեկ ուղղությամբ՝ դեպի լճացում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին