Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Неконтролируемое пике. Как авиакатастрофа AZAL ломает схему отношений Москвы и Баку հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ալեքսեյ Գուսեւ
«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) Embraer ինքնաթիռի վթարը, որը, ամենայն հավանականության, 2024թ. դեկտեմբերի 25-ին խոցվել էր ռուսական հակաօդային պաշտպանության կողմից, սպառնում է դառնալ Կրեմլի եւ նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ հարաբերությունների ձեւաչափի փոփոխման խորհրդանիշ: «Արբանյակների» միակողմանի կախվածությունը «կայսրությունից» փոխարինվում է փոխադարձ պայմանավորվածությունների շատ ավելի բարդ համակարգով։ Այս նոր իրականության ճանապարհը փորձում է հարթել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը հրաժարվում է մոռացության մատնել ողբերգությունը: Սակայն նրա մարտավարությունը ռիսկեր է պարունակում նաեւ Բաքվի համար։
Ընդհատված թռիչքը
Նախաամանորյա եռուզեռում ադրբեջանական ինքնաթիռի կործանումն առանձնակի ուշադրության չարժանացավ ո՛չ ռուսաստանյան, ո՛չ էլ միջազգային լրատվամիջոցներում։ Սակայն Ադրբեջանում այն դարձավ տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։
Դեկտեմբերի 26-ի համազգային սուգը ոչ թե ի վերուստ պարտադրված «առանց ժամանցային հաղորդումների օր» էր, այլ ադրբեջանական հասարակության վշտի անկեղծ ու զանգվածային դրսեւորում։ «Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի» հեշթեգը մի քանի օր գերակայում էր սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում։
Մինչ ռուս զինվորականներն ու պաշտոնյաները գործում էին սովորական բյուրոկրատական տրամաբանությամբ՝ փորձելով հնարավորինս երկար խուսափել պատասխանատվությունից, Ադրբեջանի իշխանություններն ավելի ու ավելի կոշտ էին Մոսկվայից պահանջում ընդունել մեղքը, բաց հետաքննություն անցկացնել եւ պատժել մեղավորներին:
Նման ճնշում գործադրվել էր նաեւ ամենաբարձր մակարդակով։ Երբ ողբերգությունը տեղի ունեցավ, Ալիեւը թռչում էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գաթաթնաժողովին։ Ռուսաստանի օդային տարածքում գտնվելով՝ նա հրամայեց վերադառնալ Բաքու։ Այս քայլը դարձավ հարաբերությունների հետագա սառեցման նախերգանքը։ Մի քանի օր անց Ալիեւն ասաց, որ ինքնաթիռը գնդակոծվել է ցամաքից եւ վրդովմունք հայտնեց ռուսական կողմի՝ «խնդիրը լռեցնելու» փորձերի կապակցությամբ։ Նույնիսկ Վլադիմիր Պուտինի զանգը՝ խուսափողական ներողության խնդրանքով, չօգնեց հարցը օրակարգից հանել։ Հունվարի 6-ին զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ Ալիեւը կրկնեց, որ
«աղետի պատասխանատվությունը Ռուսաստանի ներկայացուցիչների վրա է»։
Ալիեւի կոշտ հռետորաբանությունը կասկածի տակ է դրել Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետագա մերձեցման հեռանկարները, որոնք սկսվել էր 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Բաքվի լիակատար վերահսկողության տակ անցնելուց հետո։ Այն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ների տոնայնությունը Ռուսաստանի նկատմամբ չեզոքից բարեկամականի փոխվեց։ Իսկ 2024 թվականի օգոստոսին Պուտինի Բաքու կատարած այցից հետո սկսեց ամրապնդվել համագործակցությունը ենթակառուցվածքային նախագծերում։
Առանցքային նախաձեռնությունը՝ «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքը դանդաղ է առաջ գնում, սակայն այստեղ խնդիրներն ավելի շատ կապված են Իրանի հետ։ Իսկ զուտ ռուս-ադրբեջանական համագործակցությունը մինչ այժմ բավականին դինամիկ է եղել։ Օրինակ՝ Ալիեւը բազմիցս ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում առաջին օտարերկրյա ներդրողը եղել է ռուսական ԿԱՄԱԶ-ը, որն այնտեղ մասնագիտացված սպասարկման կենտրոն է բացել։
2024 թվականի ամռանը շատ էր խոսվում այն մասին, որ Ադրբեջանը կարող է օգնել պահպանել ռուսական գազի արտահանումը Եվրոպա Ուկրաինայի միջոցով: Քննարկվում էր Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ սփոթային փոխհատուցման սխեման, ըստ որի ադրբեջանական, այլ ոչ թե ռուսական գազը Ուկրաինայի տարածքով կհոսեր Հունգարիա եւ Սլովակիա: Սակայն գաղափարը չիրականացվեց, եւ հունվարի 1-ին Ուկրաինայի տարածքով տարանցումը դադարեցվեց։ Սակայն Ալիեւը միեւնույն է կարող էր գոհ լինել. նա բոլորին ցույց տվեց, որ Ադրբեջանի միջազգային կարգավիճակն այն աստիճան ամրապնդվել է, որ նա կարող է հավակնել Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ միջնորդի դերին:
Լուսանկարը` REUTERS
Հատկանշական էր նաեւ հարցազրույցը, որը Ալիեւը տվել էր Դմիտրի Կիսելյովին ավիավթարից մեկ շաբաթ առաջ։ Իհարկե, նա չխոսեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանին ուղղակի աջակցելու մասին, բայց ռուսական գործողությունների դատապարտում նույնպես չկար։ Ընդհանուր առմամբ, զրույցը ցույց տվեց Բաքվի եւ Մոսկվայի մարտավարական շահերի համընկնումը, ինչպես նաեւ այն, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարներն աշխարհընկալումը նման է՝ հիմնված «ինքնիշխանություն ուժի միջոցով» սկզբունքի վրա։
Կոտրված սխեման
Ինքնաթիռի կործանումը ստիպում է Ալիեւին Կրեմլի հետ փոխգործակցության առճակատման տրամաբանություն որդեգրել։ Պուտինի հետ զրույցի մասին Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ մի քանի անգամ նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է «արտաքին ֆիզիկա-տեխնիկական ազդեցության հետեւանքով»։ Դիվանագիտական ձեւակերպում է, որը, սակայն, ամեն բան ասում է։ Իսկ Կրեմլի կայքում միայն նշվել էին ցավակցությունները, որոնք Պուտինը հայտնել էր «Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի» վերաբերյալ։ Դա ամենեւին էլ նման չէր մեղքի ընդունման։
Հիմա Ալիեւը կարող է փորձել օգտվել ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի սխալից՝ ամրապնդելու իր դիրքերը Մոսկվայի հետ Բաքվի համար կարեւոր հարցերի շուրջ բանակցություններում։ Օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողության, որը պետք է Ադրբեջանի հիմնական տարածքը կապի Նախիջեւանի էքսկլավի (եւ հետո՝ Թուրքիայի) հետ։
Ներկայում տարածքի այս հատվածով անցնում է Հայաստանի եւ Իրանի սահմանը։ 2020 թվականից Ալիեւն ասում է, որ միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացվի առնվազն ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ։ Մոսկվան, սակայն, միշտ սառնասրտորեն է վերաբերվել այդ ծրագրերին՝ վախենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքի չափից շատ ամրապնդումից, ինչպես նաեւ տարածաշրջանում իր նախկին իրավարարի դերի վերջնական կորստից։
Բայց այժմ Ռուսաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ են, եւ Ադրբեջանը պատրաստ է օգտվել դրանից։ Այս գործընթացը կարելի է անվանել ԽՍՀՄ «գաղութային ժառանգությունից» ազատում, միայն թե դա կապված է ոչ թե ժողովրդավարեցման, այլ նախկին «մետրոպոլիայից» արտաքին քաղաքական անկախության ամրապնդման հետ։ Այսուհետ ոչ միայն Ռուսաստանի ղեկավարությունն է կանոններ պարտադրում ԱՊՀ գործընկերներին, բայց եւ հակառակը։
Հասարակության թելադրանքով
Ադրբեջանական ղեկավարության արձագանքը ինքնաթիռի կործանմանը պայմանավորված էր ոչ միայն աշխարհաքաղաքական տրամաբանությամբ։ Ոչ պակաս կարեւոր դեր խաղաց հասարակական կարծիքի ճնշումը։ Վրդովմունքն ուժգնացավ, երբ դեկտեմբերի 26-ին Չեչնիայի Անվտանգության խորհրդի ղեկավար Խամզաթ Կադիրովը՝ Ռամզան Կադիրովի եղբորորդին, պարգեւատրվեց «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով։
Արդյունքում Ալիեւը ընտրության առաջ կանգնեց՝ իր ժողովրդի կամ Ռուսաստանի հետ։ Ինչ-որ իմաստով այս հարցը լեգիտիմության աղբյուրի մասին է՝ ներքին կամ արտաքին։ Եվ Ադրբեջանի նախագահն արագ կողմնորոշվեց՝ ընտրելով վրդովված հասարակության հետ լիակատար համերաշխությունը։
Մինչեւ 2020 թվականին Բաքվի հաղթական Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը, Ադրբեջանի առաջնորդը հիմնականում մնում էր իր հանգուցյալ հոր՝ Հեյդար Ալիեւի ստվերում։ Այդ պատճառով Իլհամ Ալիեւի համար կարեւոր է հնարավորինս հաճախ ցույց տալ իր համաքաղաքացիներին, որ նա կարող է հավասարը հավասարի պես խոսել Վլադիմիր Պուտինի կամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակարդակի առաջնորդների հետ։
Լուսանկարը` REUTERS
Ինքնաթիռի կործանման հարցում կոշտ դիրքորոշում որդեգրելով՝ Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ, ինչպես ղարաբաղյան պատերազմի արդյունքում, հաստատեց իր դերը՝ որպես «ազգի պաշտպան»։ Ընդ որում, այնպիսի ազգի, որին հնարավոր չէ ճնշել, եւ որն ունակ է պաշտպանել իր իրավունքները նույնիսկ հսկա ու վտանգավոր հարեւանի դեմ։ Բնազդաբար կամ գիտակցաբար Ալիեւը գործում է ազգային ինքնության ֆենոմենը բնութագրող քաղաքագիտության տրամաբանությանը խիստ համապատասխան։
Ճիշտ է, վաղ թե ուշ նման քաղաքականությունը կարող է դաժան կատակ խաղալ նրա հետ։ Կարճաժամկետ մարտավարական հարձակումները, որոնք լավ են ընդունվում համաքաղաքացիների կողմից, ի վերջո պետք է հանգեցնեն կոնկրետ ցանկալի արդյունքների: Եվ ամենեւին էլ փաստ չէ, որ Բաքվին հաճոյանալու համար Պուտինը կորոշի անտեսել իր վաղեմի «ոչինչ չընդունելու» սկզբունքը։ Նա գիտի, որ եթե մեկ անգամ զիջես, մնացած բոլոր դաշնակիցները ձեզանից նույնը կսպասեն։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: