Ալիեւը պատրաստ չէ հենց այնպես «ներել» Ռուսաստանին - Mediamax.am

869 դիտում

Ալիեւը պատրաստ չէ հենց այնպես «ներել» Ռուսաստանին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Forbes.ru կայքում հրապարակված Կիրիլ Կրիվոշեեւի Грехи партнеров: почему трагедию рейса Баку-Грозный придется расследовать до конца հոդվածի հայերեն թարգմանությունը:

Կիրիլ Կրիվոշեեւ

«Հատուկ ռազմական գործողության» ամենասկզբից ռուսական իշխանությունները փորձում էին հստակ գծել այն սահմանները, թե ինչի վրա այն պետք է ազդի, իսկ ինչի վրա՝ ոչ։ Երբեմն այդ սահմանները աշխարհագրական էին։ Կրասնոդարը, Անապան, Գելենջիկը եւ Սոչին գտնվում են նույն տարածաշրջանում, սակայն 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր բաց էր մնացել միայն Սոչիի օդանավակայանը՝ որպես Ուկրաինայից ամենահեռավորը։ Նույն տրամաբանությունը կիրառվել էր նաեւ հարեւան Ստավրոպոլի երկրամասում. Ստավրոպոլի օդային նավահանգիստը փակ է, իսկ Միներալնիե Վոդիի օդանավակայանը շարունակում է գործել, ընդ որում՝ աննախադեպ ծանրաբեռնվածությամբ։

Իհարկե, մարտական անօդաչու թռչող սարքերը, հակաօդային պաշտպանության համակարգերը եւ քաղաքացիական ինքնաթիռները ընդհանրապես չպետք է գործեն նույն օդային տարածքում։ Դժվար էր հավատալ Հյուսիսային Կովկասում թռիչքների անվտանգությանը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Կազանում անօդաչու սարքերի հարձակումներից հետո։ Շատերը գայթակղվել էին Իսրայելի օրինակով, անօդաչու թռչող սարքերը, հրթիռները եւ ահաբեկչական հարձակումներն այստեղ վաղուց սովորական են դարձել: Սակայն Բեն Հուրիոն օդանավակայանը շարունակում է գործել։

Նորմալության նման պատրանք ստեղծվում է նաեւ դիվանագիտության մեջ։ Երբ Վլադիմիր Պուտինը 2023-ի վերջին այցելել էր Աստանա, նա, առնվազն հրապարակայնորեն, ոչինչ չասաց Ուկրաինայի մասին. քննարկվում էր առեւտրաշրջանառությունը, էներգետիկան եւ «համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպություններում», ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը եւ ԱՊՀ-ն։

Ոչ պակաս հստակ սահման գծվեց 2024 թվականի օգոստոսին, երբ Պուտինը ժամանեց Բաքու։ Ռուսաստանը եւ Իրանը կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, նավթն ու գազը, Կասպից ծովի ծանծաղացումը, «ԿամԱԶ»-ի հավաքման արտադրամասի բացումը, ռուսալեզու դպրոցները. ղեկավարների վերջնական հայտարարությունները ներառում էին ամեն ինչ, բացի Ուկրաինայից: Սակայն այնտեղ տեղի ունեցողն ազդում է ողջ հետխորհրդային տարածքի վրա, ուստի ուկրաինական սյուժեն չնկատելը հնարավոր էր միայն որոշ ժամանակ։

Լուսանկարը` REUTERS


Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ժամանակ Ալիեւը, ի թիվս հաջող համագործակցության օրինակների, հիշատակել էր ակտիվ օդային հաղորդակցությունը. «Ռուսաստանի եւ Ադրբեջանի տարբեր քաղաքների միջեւ օրական 20 չվերթ է իրականացվում»։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին նրանցից մեկը՝ Ադրբեջանի ավիաուղիների Embraer E190-ը, կործանվեց Ղազախստանի տարածքում: 67 ուղեւորներից 29-ի փրկությունը իսկական ամանորյա հրաշք էր, որը հնարավոր դարձավ օդաչուների սխրանքի շնորհիվ։

Ի՞նչ է բացահայտում ադրբեջանական ինքնաթիռի պատմությունը։ Ռուսաստանի հետ աշխատում են, սակայն առանց նախկին վստահության։ Եվ տեղի ունեցած ողբերգությունը կարող է էլ ավելի խարխլել այն։

Հարվածը ցավոտ տեղին

Բաքու-Գրոզնի չվերթի ողբերգությունը, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե դրանում երեք կողմ ներգրավված չլիներ՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը։ Հենց վերջինիս շնորհիվ «սեւ արկղերը» վերծանման ուղարկվեցին ոչ թե Մոսկվա, այլ Բրազիլիա՝ Embraer ինքնաթիռներն արտադրող երկիր։ Դա ինքնին կարելի է Ղազախստանի իշխանությունների կողմից ռուսական կողմի դեմ ուղղված քայլ համարել։

Բայց Մոսկվայի ինքնասիրությանը շատ ավելի կոշտ հարվածեց Իլհամ Ալիեւը։ Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ընդգծել էր, որ «ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ՝ գրեթե կորցնելով կառավարումը»։

«Մենք նաեւ գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի էր դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Միաժամանակ, գետնից արձակված կրակի արդյունքում լրջորեն վնասվել էր նաեւ օդանավի պոչի հատվածը», - հավելել էր նա:

«Մեզ վրդովեցրեցեց եւ զարմացրեց այն, որ Ռուսաստանի պաշտոնական կառույցները ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկածներ էին առաջ քաշում։ Դա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել հարցը, եւ դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում։ <...> Ցավոք, առաջին երեք օրերի ընթացքում Ռուսաստանից միայն զառանցական վարկածներ էինք լսում»,- զայրանում էր Ալիեւը։

Այս հռետորաբանությունը ցանկանում ես բացառիկ որակել, սակայն դա այդպես չէ։ Նման բան արդեն եղել էր նախկինում՝ ավելի փոքր ծավալով։ Օրինակ, Ադրբեջանի իշխանություններն ու նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցները գրեթե անմիջապես բացասական կերպարների էին վերածել ռուս խաղաղապահներին, որոնք նույնիսկ հինգ տարի չանցկացրեցին Ղարաբաղում։ Նախկինում էլ նրանք մեղադրում էին Ռուսաստանին արգելված «Իսկանդեր-Մ» հրթիռը Հայաստան փոխանցելու համար։

Թե 2008 թվականի Հարավային Օսիայի պատերազմի, թե չեչենական երկու արշավների ժամանակ Ադրբեջանում հասարակական կարծիքը ակնհայտորեն Ռուսաստանի կողմը չէր: Ալիեւ-ավագի եւ Ալիեւ-կրտսերի կառավարությունները, իհարկե, փորձում էին շատ չնյարդայնացնել Մոսկվային, բայց եւ որեւէ աջակցություն չէին հայտնում։

Իսկ եթե էլ ավելի խորանանք, կարող ենք Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում այնպիսի տհաճ դրվագի հանդիպել, ինչպիսին է 1990 թվականի «Սեւ հունվարը»։ Կրեմլի փորձը՝ կանխելու Ադրբեջանի փաստացի անջատումը ԽՍՀՄ-ից, ադրբեջանական ազգի համախմբման առիթ հանդիսացավ։ Համարվում է, որ այդ արյունահեղության մեղավորը խորհրդային վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովն էր, բայց դժգոհությունը պահպանվում է ողջ Ռուսաստանի նկատմամբ։

Թաքնված դիրքորոշումը

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանին «ռուսամետ» է դարձնում այն փաստը, որ Ալիեւը Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության հռչակագիր ստորագրեց «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից բառացիորեն երկու օր առաջ: Կամ այն, որ Վրաստանի ներկայիս ճգնաժամում Բաքուն Մոսկվայի նման աջակցում է իշխող կուսակցությանը։ Իրականում՝ ոչ:

Լուսանկարը` REUTERS


Երբեմն ադրբեջանա-ռուսական հարաբերությունների շրջադարձերը պարադոքսների են հանգեցնում: Երբ ինքնաթիռի ողբերգությունից բառացիորեն մեկ շաբաթ առաջ Ալիեւը հարցազրույց տվեց «Ռուսաստանն այսօր» մեդիա խմբի ղեկավար Դմիտրի Կիսելյովին, քչերը հիշեցին, որ «ՌԻԱ Նովոստի» խմբի կայքը արգելափակված է Ադրբեջանում՝ ղարաբաղյան հակամարտության «ոչ ճիշտ» լուսաբանման համար։ Ինչպես եւ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հասանելի չեն Ռուսաստանում՝ Ուկրաինայի հարցում իրենց դիրքորոշման պատճառով։ Ադրբեջանցի լրագրողները սուր քննադատության են ենթարկում Մոսկվայի քաղաքականությունը, իսկ ռուսականները (հատկապես այսպես կոչված «Z-համայնքը») նախատում են Ադրբեջանին՝ նրան երբեմն Կիեւի անմիջական դաշնակից անվանելով, հետեւաբար՝ թշնամի։ Այս ամենը նույնպես իրականության մի մասն է, որը չի կարելի թաքցնել այցերով կամ հարցազրույցներով։ Ուստի ինքնաթիռի ողբերգության շուրջ հուզական ֆոնը հենց այդպիսին էր՝ լարված ու անվստահությամբ լի։

Ինչպես հստակ հասկացնում են Բաքվում, հարցն իրենց համար ամենեւին էլ լուծված չէ։ Ամանորից հետո զոհվածների հարազատների հետ հանդիպմանը Ալիեւն ասել էր, որ «սեւ արկղերի» վերծանման արդյունքների հիման վրա պնդելու է, որ Մոսկվան պատժի աղետի մեղավորներին եւ ընդունի, որ դա «ողբերգական դեպք» չէ, այլ ռուսական հակաօդային պաշտպանության սխալ։ Հենց դրանում է, ըստ Ալիեւի, դաշնակցության իմաստը։

Ալիեւը հստակ հիշեցնում է, որ երկու անգամ նման իրավիճակում է հայտնվել։ Առաջին անգամ, երբ ադրբեջանցիները 2020 թվականին խոցեցին ռուսական ուղղաթիռը, երկրորդը՝ 2023 թվականին ռուս խաղաղապահների մեքենան գնդակահարելու ժամանակ։ Երկու դեպքում էլ Բաքուն իսկապես ընդունել էր իր մեղքը, թեեւ հստակ հայտնի չէ, թե որքան խիստ է եղել մեղավորների պատիժը։

Ամենայն հավանականությամբ, հետաքննության ավարտից հետո Մոսկվան եւ Բաքուն կբախվեն մեղմասությունների եւ մեկնաբանությունների նոր ճակատամարտում։ Եթե հաստատվի հակաօդային պաշտպանության սխալի վարկածը, Ռուսաստանը կկենտրոնանա այն փաստի վրա, որ ողբերգությունը հրահրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնք այդ պահին հարձակվում էին Գրոզնիի վրա։ Ու թեև դա նույնպես էական գործոն է, սակայն Ալիեւը դժվար թե բավարարվի նման հռետորաբանությամբ։ Նախ, նա այս թեման քննարկել էր նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, թեեւ մանրամասները մնացել են կուլիսների հետեւում։ Երկրորդը՝ ինչպես նա ասել էր զոհերի հարազատների հետ հանդիպմանը, «եթե Գրոզնի քաղաքը ժամանակին միջոցներ ձեռնարկեր իր տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար, եթե պահպանվեին ցամաքային ծառայության բոլոր կանոնները, եւ եթե Ադրբեջանի Զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական ծառայությունների միջեւ համակարգում լիներ, ապա այս ողբերգությունը անհնար կդառնար»:

Ժամանակին Պուտինի եւ Ալիեւի մտերիմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավիճակից դուրս եկավ՝ թուրքերեն լեզվում ճիշտ արտահայտություն գտնելով՝ «մի նայիր իմ թերություններին» («kusura bakmasınlar»): Դա, իհարկե, Մոսկվայի ցանկացած ներողությունը չէր, բայց հարաբերությունները պահպանելու համար որոշում կայացվեց այն ընդունելի համարել։ Բայց այս դեպքում, երբ խոսքը գնում է 24 քաղաքացիական անձանց մասին, խաղադրույքներն ակնհայտորեն ավելի բարձր են լինելու։ Հավանաբար,Մոսկվայում դա հասկանում են եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են հրաժարվել գրեթե երբեք ներողություն չխնդրելու սկզբունքից։ Սակայն ռազմավարական մակարդակում դա դժվար թե օգուտ բերի ռուս-ադրբեջանական հարաբերություններին:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին