Փոխված Կովկասը, ռուս խաղաղապահների հեռացումը եւ «հնարավորի արվեստը» - Mediamax.am

840 դիտում

Փոխված Կովկասը, ռուս խաղաղապահների հեռացումը եւ «հնարավորի արվեստը»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի О чем говорит уход российских миротворцев из Карабаха հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սերգեյ Մարկեդոնով

Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից: Այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ստատուս քվոն արմատապես փոխվեց, ռուսական զորախմբի հեռանալը կանխատեսելի էր։ Ընդամենը մեկուկես օր տեւած հայ-ադրբեջանական պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը անցավ Բաքվի վերահսկողության տակ, եւ այնտեղ բնակվող հայերը լքեցին տարածաշրջանը։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ենթակառուցվածքն ամբողջությամբ ապամոնտաժվեց։ Եվ արդեն 2024 թվականի հունվարին, հետխորհրդային Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունները տեղի ունեցան միջազգային հանրության կողմից դե յուրե ճանաչված երկրի ողջ տարածքում։

Սակայն, չնայած այս բոլոր իրադարձություններին, խաղաղապահ զորախումբը շարունակում էր մնալ Ղարաբաղում։ 2023 թվականի նոյեմբերին Կրեմլն ասել էր, որ դրա ճակատագիրը քննարկման առարկա է լինելու Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, սակայն երկխոսություն էր ակնկալվում նաեւ Երեւանի հետ։ Պաշտոնապես, Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համատեղ հայտարարություններից հետո ռուս խաղաղապահները կարող էին Լեռնային Ղարաբաղում մնալ մինչեւ 2025 թվականը։ Սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները եւ իրական ռազմաքաղաքական դինամիկան միշտ չէ, որ ամեն ինչում համընկնում են։ Արդեն 2022 թվականի վերջին, երբ Ադրբեջանի իշխանությունները փակեցին Ստեփանակերտը Երեւանին կապող Լաչինի միջանցքը, պարզ դարձավ՝ Բաքուն արագացնելու է տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը։

Խաղաղապահներ որոնելիս

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ավարտը, անկասկած, կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների շուրջ քննարկումների կարեւոր կետ կդառնա։ Վերջին տարիներին ռուսական ԶԼՄ-ներում, տեղին եւ անտեղին մեջբերվում են նշանավոր ճանապարհորդ Գենադի Նեւելսկու հուշերում արձանագրված կայսր Նիկոլայ I-ի խոսքերը. «Որտեղ բարձրացվում է Ռուսաստանի դրոշը, այն այլեւս չպետք է իջեցվի»։ Բայց արդյո՞ք Ղարաբաղի լեռներում Ռուսաստանի դրոշի իջեցումը Մոսկվայի համար իսկապես նահանջ է նշանակում։ Թե՞ խոսքը ուժերի վերախմբավորման եւ նոր ստատուս քվոյի ձեւավորման մասին է, որը, ինչպես ցանկացած նախորդը, որոշակի դրական եւ բացասական կողմերի, մարտահրավերների եւ հնարավորությունների ամբողջություն է ներկայացնում:

Ղարաբաղում Ռուսաստանի առաքելության մասին քննարկումներին հատուկ սրություն են հաղորդում մի քանի գործոններ։ Նախ, 1994-ին «սառեցված» այս թեժ կետը եզակի վայր էր նախկին ԽՍՀՄ-ում՝ առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ Տաջիկստանի, այնտեղ խաղաղապահ առաքելություններ չէին տեղակայվել։ Ստատուս քվոն, որն ընդհանուր առմամբ ձեռնտու էր Երեւանին եւ բացարձակ ընդունելի չէր Բաքվի համար, 26 տարի պահպանվում էր հակամարտող կողմերի ուժերի բալանսի միջոցով։ Մոսկվան հակամարտությունների կարգավորման հարցում հիմնական մոդերատորի դեր էր խաղում, եւ դրա հետ համաձայն էին Հայաստանը, Ադրբեջանը, արեւմտյան երկրները, Թուրքիան եւ Իրանը։ Թեեւ, իհարկե, այս խաղացողներից յուրաքանչյուրն ուներ իր շահերն ու ձգտումները, որոնք ամբողջովին նույնական չէին ռուսական մոտեցումներին։

Լուսանկարը` REUTERS



Բայց կյանքը տեղում չէր դոփում։ Ռազմաքաղաքական բալանսը աստիճանաբար փոխվում էր հօգուտ Բաքվի, շփման գծում միջադեպերը ավելանում էին, ինչը «քառօրյա պատերազմի» հանգեցրեց 2016 թվականի ապրիլին։ Խաղաղապահների թեման դարձել էր քննարկվող խաղաղության ծրագրերի գրեթե բոլոր տարբերակների առարկան։ Սակայն գործնականում այն իրականացվեց միայն 2020 թվականի նոյեմբերին։ Ճիշտ է, այս անգամ Կովկասում ստատուս քվոյի փոփոխությունը տեղի էր ունեցել ոչ թե Ռուսաստանի բացառիկ մասնակցությամբ, այլ թուրքական ակտիվ միջամտությամբ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ հետխորհրդային չհանդիսացող երկիրը դարձավ Եվրասիայի առանցքային շրջաններից մեկի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ճարտարապետը։

Նոր իրողություններում հետաքրքիր պարադոքս է առաջացել։ Եթե Ռուսաստանում ակտիվ բանավեճ էր գնում 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի հաղթելու կամ պարտվելու մասին, ապա ամերիկյան փորձագիտական մեկնաբանությունը հիմնականում կենտրոնանում էր երկու հիմնական փաստի վրա՝ հրադադարի հասնելու եւ բանակցային գործընթացի վերականգնման հարցերում Ռուսաստանի դիվանագիտական առաջնորդության եւ Ռուսաստանից խաղաղապահների տեղակայման վրա: Հատկապես ընդգծվում էր, որ նախկինում Ղարաբաղում ռուս զինվորականներ չեն եղել, իսկ հիմա նրանք այնտեղ հայտնվեցին։

Մի շտապեք դատավճիռներ կայացնել

Եվ այստեղ չափազանց կարեւոր է ընդգծել, որ ռուս խաղաղապահների գնահատականը չի կարելի բերել մեկ հայտարարի։ Նրանց առաքելության երկու փուլ պետք է առանձնացնել՝ 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մարտ եւ 2022 թվականի մարտից մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր։ 2020 թվականին ռուս խաղաղապահներին հաջողվել էր կասեցնել ռազմական առճակատումը եւ հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին փոխզիջումային խաղաղ լուծման հնարավորություն տալ։ Այո, ամեն ինչ չէ, որ ստացվեց, եւ շատ բաներ 2023-2024 թվականներին չէր իրականացվել այնպես, ինչպես երեւում էր երեք տարի առաջ։

Լուսանկարը` REUTERS



Եթե առաջին փուլին բնորոշ էր իր բացառիկ դերը պահպանելու Մոսկվայի ցանկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային խնդիրների լուծումը հետաձգելով ավելի լավ օրերի համար, ապա երկրորդի համար, եթե ոչ վճռորոշ, ապա շատ կարեւոր ֆոնային գործոնը Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» սկիզբն էր։ Արեւմուտքի հետ առճակատումը տարածվեց նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, արգելափակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը։ Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից զգալիորեն աճեց, եւ Հայաստանի ղեկավարությունը, զգալով որոշակի փոփոխություններ, արեց երկու, մեղմ ասած, ոչ միանշանակ եզրակացություն։ Առաջինը՝ Ռուսաստանից հեռանալու անհրաժեշտության մասին, իսկ երկրորդը` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ, ընդհանուր առմամբ, ԵՄ-ի երաշխիքների ներքո ղարաբաղյան «բեռից» արագացված կերպով ազատվելու մասին։ Եվ այս ամենը Անկարայի եւ Բաքվի միջեւ գնալով ավելի սերտ փոխգործակցության ֆոնին: Այս ներուժների կուտակային արդյունքը տեսանք 2023 թվականի սեպտեմբերին։ Արդյունքում Կովկասն արմատապես փոխվեց, եւ ռուս խաղաղապահների՝ ղարաբաղյան հողում մնալու անհրաժեշտությունը հարցականի տակ դրվեց։

Լուսանկարը` REUTERS



Փորձելով վերջակետ դնել այս պատմությունում, պետք չէ շտապել վերջնական եզրակացություններ անել եւ դատավճիռներ կայացնել։ Այո, շատերի համար ռուսների հեռանալը կընկալվի որպես պարտություն։ Մենք ապրում ենք պատկերացումների աշխարհում, որոնք շատերի կողմից ընկալվում են որպես իրականություն: Այս հոսքը կասեցնել հնարավոր չէ՝ անհրաժեշտ է ճանաչել այն եւ փորձել նման նարատիվին հակադրել որակական, այլ ոչ թե պարզեցված, բացատրական մոդելը։ Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված ողջ պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Դժվար է վերահսկողության տակ պահել բոլոր «դաշտերը», երբ պահանջվում է առաջնահերթությունների հստակ սահմանում։

Պետք է հասկանալ նաեւ, որ Կովկասում ռուսական ներկայության պատմությունը չի ավարտվում, նույնիսկ եթե խաղաղապահներից հետո որոշ այլ ստորաբաժանումներ դուրս բերվեն։ Պատմությունը ե՛ւ 1918-1921 թվականներին, ե՛ւ 1990-ականների սկզբին տեսել է թե ռուսական ազդեցության անկումը, թե դրա վերադարձը: Առաջին հերթին, որովհետեւ առանց ռուսական ներկայության մյուս տարբերակներն էլ ավելի անարդյունավետ էին, ինչպես դա եղավ տարածաշրջանը Ռուսական կայսրության փլուզումից հետո Թուրքիայի, Գերմանիայի կամ Անտանտի երկրների կողմից խաղաղեցնելու, կամ ամեն ինչ ինքնուրույն լուծելու նոր անկախ հետխորհրդային պետությունների փորձերի դեպքում։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին