Փաշինյանի «մինիմալիստական պրագմատիզմը» հակասում է գլոբալ միտումներին - Mediamax.am

3277 դիտում

Փաշինյանի «մինիմալիստական պրագմատիզմը» հակասում է գլոբալ միտումներին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Միխեիլ Սաակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին
Միխեիլ Սաակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Միխեիլ Սաակաշվիլին
Միխեիլ Սաակաշվիլին

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք քաղաքագետ, Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովի Что не так с намерением Пашиняна отделить "реальную" Армению от "исторической" հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆյոդոր Լուկյանով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության կատարողականը ներկայացնելիս ուշագրավ հայտարարություններ է արել։ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կատարվողը նա որակել է անցում «հայ-ռուսական պատմական հարաբերություններից իրական հարաբերությունների»։ Եվ որ դա ավելի ընդհանուր գործընթացի մի մասն է՝ «իրական եւ պատմական Հայաստանի սահմանազատում», որոնք «ոչ միայն անհամատեղելի են, այլեւ լուրջ վտանգներ են ներկայացնում միմյանց համար»։

Անցած տարվանից սրընթաց փոփոխվող ռուս-հայկական հարաբերությունների թեման մեզ մոտ դիտարկվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատման լույսի ներքո։ Պատճառները պարզ են, եւ Հայաստանի ղեկավարությունը նպաստում է նման մեկնաբանությանը՝ պատրաստակամորեն ցուցադրելով նոր առաջնահերթությունները։ Սակայն Փաշինյանը փոփոխություններին ավելի մեծ մասշտաբ է հաղորդում՝ խոսելով ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշումների, այլ անցյալի ու ապագայի ընտրության մասին։ Անցյալի տակ, դատելով ոչ միայն վերջին հայտարարություններից, այլեւ առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում կատարված գործողություններից, նա նկատի ունի ոչ թե կողմնորոշումը դեպի Ռուսաստան, այլ ազգային գիտակցությանը բնորոշ մշակութային եւ պատմական գաղափարների ամբողջ համալիրը։

Իրականությունն ընդդեմ պատմության

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասել էր, որ «պատմական Հայաստանի» տիպարի պահպանումը երաշխիք է, որ «Հայաստանի նկատմամբ նկրտումներ ունեցող երկրները» միշտ պատճառ եւ բացատրություն կունենան ագրեսիվ քաղաքականության համար։ Իսկ «իրական Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը ախորժակները սահմանափակող գործոն է»։ Եվ, փակելով Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման. «Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կտանի ցեղասպանության ծուղակը, որտեղ մեզ միշտ պետք է փրկիչ, առանց որի մենք գոյություն ունենալ չենք կարող, եւ ցեղասպանության վախը մեզ միշտ կպահի ֆորպոստի կարգավիճակում»։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Նրբագեղ է ասված։ Այս բանաձեւերը ընթացիկ իրավիճակին համադրելով՝ դրանք պետք է ընկալել որպես առավելագույն պրագմատիզմի կոչ՝ հեռացնել ծանրացուցիչ հանգամանքները (իմա՝ վիճելի տարածքները), որպեսզի առավելագույն վստահություն ունենալ մնացածի անձեռնմխելիության նկատմամբ։ Ինքը՝ Փաշինյանը, սակայն, ազնվորեն խոստովանում է. զիջումները չեն երաշխավորում հետագա պահանջների բացակայությունը, բայց համառությունը հաստատ հրահրելու է դրանք։

Անքան էլ համոզիչ չէ: Կարելի է հիշել, որ դեռ չորս-հինգ տարի առաջ Փաշինյանը հանդես էր գալիս հակադիր դիրքերից՝ ցանկալի արդյունքի հասնելու համար պատրաստակամորեն դիմելով եւ՛ պատմությանը, եւ՛ ազգային տրավմաներին։ Սակայն դրսից խորհուրդներն ու գնահատականներն այստեղ նշանակություն չունեն։ Ղարաբաղի կորստից հետո Փաշինյանն ու իր թիմը չկանգնեցին իշխանությունը կորցնելու կամ գոնե զանգվածային զայրույթի վտանգի առաջ։ Սրանից հետեւում է, որ բնակչության մեծամասնությունը ըմբռնումով կամ անտարբերությամբ է վերաբերվում վարչապետի նորահայտ մինիմալիզմին։ Եվ դա նրան հիմք է տալիս շարունակելու իր բռնած գիծը։ Ուստի արտաքին դիտորդները պետք է փորձեն դրան նայել ոչ թե այս կամ այն դերակատարների հետ Հայաստանի հարաբերությունների տեսանկյունից, այլ որպես ժամանակակից միջազգային զարգացման առանձին երեւույթ։

Ուժով կոտրված ազգ

Սկսենք նրանից, որ Փաշինյանը Հարավային Կովկասում առաջին պետական գործիչը չէ, ով պատրաստ է արմատապես կտրել խանգարող անցյալը՝ հանուն ապագայի։ Նման խնդիր դրել էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը 2000-ականների կեսերին հայտնի էր որպես արդյունավետ ռեֆորմիզմի տիպար։ Տարբեր ժամանակներում նա իրեն համեմատում էր Լի Կուան Յուի եւ Աթաթուրքի հետ՝ ընդգծելով նրանց դերը նոր ազգերի կերտման գործում։
Միխեիլ Սաակաշվիլին Միխեիլ Սաակաշվիլին

Լուսանկարը` REUTERS


Սաակաշվիլին չէր թաքցնում իր հակակրանքը այն ամենի նկատմամբ, ինչից կազմվում էր վրացական յուրատեսակ սոցիալ-մշակութային շղարշը, քանի որ վերջինս վատ էր համադրվում նեոլիբերալ փոխակերպումների հետ: Գրեթե տասը տարվա փորձի արդյունքը երկակի է։ Մի կողմից ճնշումը արդյունք տվեց. նույնիսկ Սահակաշվիլիի թշնամիներն են խոստովանում, որ նա նկատելի առաջընթաց է գրանցել վրացական պետական ապարատի վերափոխման գործում: Մյուս կողմից, վրացիներին «ծառայող ժողովուրդ» դարձնելը՝ «սերվիսային տնտեսությունը» սպասարկելու համար, չաշխատեց։ Հասարակությունը մերժեց առաջադեմ-ոստիկանական մեթոդներով բարեփոխչին եւ նրա քաղաքական անկումն ընդունվեց թեթեւացմամբ։ Ի պատիվ երկրի եւ նրա ակտիվ խավի, «պատմական Վրաստանից» բաժանվելու փորձերից ճիշտ դասեր քաղվեցին. ազգին ուժով կոտրելը ոչ մի լավ բանի չի բերում՝ լինենք դրանք սոցիալ-տնտեսական, թե (աշխարհա) քաղաքական խնդիրներ:

Սաակաշվիլիի կուրսի տարրերից մեկը փորձն էր ձեւացնել, թե երկիրը կարող է գործողություններ ձեռնարկել՝ առանց շրջապատող իրողությունները հաշվի առնելու։ Այն ժամանակվա կարգախոսը փաստացի դարձավ վառ եւ տաղանդավոր լիբերալ ձեռներեց Կախա Բենդուկիձեի արտահայտությունը, որը տեղափոխվել էր Թբիլիսի՝ ղեկավարելու տնտեսական բարեփոխումների գործընթացը։ Խոսելով միջպետական ցնցումներից տուժած Ռուսաստանի հետ կապերի մասին՝ նա հորդորում էր պարզապես մոռանալ այդ երկրի, նրա շուկայի եւ հնարավորությունների մասին. պատկերացրեք, որ այնտեղ ծով է, եւ մենք պետք է կառուցենք մեր տնտեսությունը՝ կենտրոնանալով ուրիշների վրա, եւ միեւնույն ժամանակ բարձրացնելով մրցունակությունը: Այս բաղադրատոմսը տնտեսության մեջ լավ արդյունքներ չտվեց, իսկ քաղաքականության մեջ (Սաակաշվիլին ինչ-որ պահի որոշեց նման ոճով վարվել Ռուսաստանի հետ) հանգեցրեց պատերազմի եւ ծանր հետեւանքների։
Միխեիլ Սաակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին Միխեիլ Սաակաշվիլին եւ Բիձինա Իվանիշվիլին

Լուսանկարը` REUTERS


2020-ականների Վրաստանի փորձը 2020-ականների Հայաստանի վրա տեղայնացնելը դժվար թե ճիշտ լինի՝ իրավիճակը աշխարհում, տարածաշրջանում եւ երկրում շատ տարբեր է։ Հայաստանում էլ, կարծես, Միխեիլ Սաակաշվիլիի կործանարար ուժով հավասար գործիչ չկա։ Սակայն մեկ օգտակար եզրակացություն անել արժե. հասարակական-քաղաքական ավանդույթից հրաժարվելը ցավոտ եւ ռիսկային գործընթաց է: Նույնիսկ մի կողմ նետվելու դեպքում այն բումերանգի պես վերադառնալու հակում ունի: Իսկ այդ զենքի հետ սխալ վարվելը վտանգավոր է առաջին հերթին դրա տիրոջ համար։

Սեփական պատասխանատվությամբ

Անդրադառնալով Վրաստանի փորձին՝ կարելի է եւս մեկ զուգահեռ անցկացնել։ Սաակաշվիլիի սոցիալական փորձերը ծավալվում էին հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հարձակողական քաղաքականության ֆոնին եւ նրանց ակտիվ աջակցությամբ։ Թբիլիսին, սակայն, ճակատագրական սխալվեց, երբ որոշեց, որ այդ աջակցությունը նաեւ ռազմական երաշխիքներ է ենթադրում Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում: Մնացած դեպքերում, արեւմտյան մայրաքաղաքները լրջորեն ակնկալում էին աշխարհաքաղաքական ողջ լանդշաֆտի արագ վերափոխում` հօգուտ եվրատլանտյան ինստիտուտների: «Գունավոր հեղափոխությունների» դարաշրջանը, որին զուգահեռ իրականացվում էր Մերձավոր Արեւելքում «ժողովրդավարության խթանման» կուրսը, դարձավ Արեւմուտքի մասնակցության գագաթնակետը Ատլանտյան տարածքից հարավ եւ արեւելք ընկած տարածքների ուղղակի վերակազմակերպմանը։ Այս առումով Միխեիլ Սաակաշվիլին, ով երկրով մեկ կախել էր Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի դրոշները, մեկ այլ աշխարհաքաղաքական համայնքում Վրաստանի ամրապնդումն ակնկալելու որոշակի հիմքեր ուներ: Խաղադրույքը չաշխատեց երկու պատճառով՝ Թբիլիսիի ղեկավարի անզուսպ մղումների եւ այն աճող խնդիրների պատճառով, որոնց բախվեց արեւմտյան քաղաքականությունը:

Ստեղծված իրավիճակը հիշեցնում է այն ժամանակները միայն Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատմամբ, որի սրությունը բազմապատկվել է։ Սակայն, եթե այն ժամանակ Թբիլիսին կարող էր հույս դնել համակարգային (թեեւ ոչ անսահմանափակ) աջակցության վրա, ապա այժմ Երեւանին ոչ ոք որեւէ առարկայական բան խոստանալ չի կարող։ Բոլոր ուժերը նետվում են այլ ուղղությամբ։ Ու թեեւ Հայաստանին դեպի արեւմտյան կողմ քաշելը հակառուսական կոալիցիայի ցուցադրական հաջողություն կլիներ, ոչ ոք չի պատրաստվում որեւէ պատասխանատվություն ստանձնել։

Այսինքն՝ Հայաստանին առաջարկում են գնալ դեպի «հավաքական Արեւմուտք»՝  իր վրա վերցնելով անբարենպաստ հետեւանքների պատասխանատվությունը, եւ թույլատրվում է իր հետ բերել միայն մեկ խնդիր՝ ռուսականը։ Ինչ վերաբերում է Հայաստանի գլխավոր խնդրին` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա Երեւանը ստիպված կլինի հույսը դնել միայն ինքն իր վրա։

Լուսանկարը` REUTERS


Եթե իրավիճակին նայենք այս տեսանկյունից, ապա հասկանալի են Փաշինյանի խոնարհությունն ու հարմարվողությունը. Երեւանը չի կարող հույսը դնել որեւէ մեկի վրա, իսկ իր գծերը պաշտպանելու սեփական ռեսուրսը սահմանափակ է։ Այս պահին կարելի է բուռն բանավեճի մեջ մտնել, թե ինչպես երկիրը հասավ այս կետին, ում մեղավորությամբ է կատարվել պաշտպանունակության անկումը, որքանով դաշնակիցները կարող էին (կամ չէին կարող) փոխարինել այն (Հայաստանի ղեկավարությունը, իհարկե, առաջին հերթին կրիտիկական պահին օգնության բացակայության համար մեղադրում է Մոսկվային, ի պատասխան հնչում են առարկություններ՝ շատ ողջամիտից մինչեւ հրապարակախոսական)։ Ամեն դեպքում, հիմա պետք է ելնենք գոյություն ունեցող իրողություններից։ Եվ նման իրողությունների անշրջելիությունն արդարացնելու համար պահանջվում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած հենց այս փաստարկների գիծը. Հավակնություններից ու պատմական մեկնաբանություններից հրաժարվելը՝ հանուն հարեւանների հետ խաղաղության։ Արդյո՞ք դա կօգնի:

Հոսանքին հակառակ

Հայաստանի վարչապետի հայտարարությունների ամենահետաքրքիր կողմն այն է, որ նա խիզախորեն դեմ է դուրս եկել այն միտումին, որով ներկայում զարգանում է համաշխարհային քաղաքականությունը։ Փաշինյանն առաջարկում է դեն նետել ժամանակակից պետականության ոտքերին կշռաքարերի պես կախված պատմական ֆանտոմները եւ զբաղվել այդ պետականության զարգացմամբ։

Գաղափարը նոր չե եւ ողջամիտ է։ Եվրոպայում եւ նրա շրջակայքում շատ պետություններ ապրում են սահմաններում, որոնք չեն համապատասխանում իրենց պատմական կամ բարոյական եւ էթիկական պատկերացումներին: Դա բազմաթիվ պատերազմների եւ գաղութային վերաբաշխումների արդյունք է: Կարելի է խորանալ պատմական արդարության վերականգնման մեջ եւ այնտեղ էլ կործանվել։ Իսկ կարելի է նոր բնակելի տարածք կազմակերպել՝ ի շահ սեփական ժողովրդի։ Իրականում, միեւնույն մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում հակված են տարբեր գործողությունների: Կարեւոր է ռեզոնանսի մեջ լինել ընդհանուր միտումների հետ։

Իսկ այս միտումներն այժմ այնքան էլ չեն համապատասխանում մինիմալիստական պրագմատիզմին: Նախորդ տասնամյակներում չափավորությունն ու զգուշությունը, քաղաքացիների բարեկեցությանը եւ անվտանգությանը առաջնահերթություն տալը, համարվում էին փոքր եւ միջին պետությունների համար ամենաբարձր ապաքինությունները: Խոշոր տերությունները ստանձնում էին հրապարակային կամ լռելյայն պարտավորություն՝ խթանելու գործողությունների այս ընթացքը, երաշխավորելու ստատուս քվոն ֆորմալ եւ ոչ ֆորմալ ինստիտուտների միջոցով: Այսպիսինն էր ապագաղութացման եւ համաշխարհային լիբերալիզմի միջեւ ընկած ժամանակաշրջանի ճգնաժամի կոնսենսուսը: Բացահայտ խառնակիչները, ովքեր ցանկանում էին փոխել տարածքային ստատուս քվոն, առաջնորդվելով իրենց սեփական պատկերացումներով, հակահարված էին ստացել: Ճիշտ է, սառը պատերազմից հետո էքսցեսները շատացան, ինչը կապված էր մի շարք խոշոր պետությունների (ԽՍՀՄ, Հարավսլավիա, աֆրիկյան երկրներ) փլուզման հետ, որտեղ կոնսենսուսը կազմալուծման վարչական գծերի պահպանումն էր, որքան էլ արհեստական դրանք չլինեին։

Այժմ այլ փուլ է եկել։ Համաշխարհային ունիվերսալիզմի փլուզման զուգահեռ ամենուրեք արթնանում են ազգային-պատմական զգացմունքները: Պատմությունը վերածվում է քաղաքական ամենակարեւոր գործիքի, եւ, հետաքրքիրն այն է, որ եւ՛ պահպանողականների, եւ՛ առաջադեմների համար։ Իսկ այն, ինչ համարվում էր տաբու, բավականին արագ անցնում է ընդունելիների կատեգորիա: Տարածքային եւ սահմանային խնդիրների ուժային լուծումը, որտեղ այն հնարավոր է, ավելի ու ավելի քիչ ինստիտուցիոնալ եւ քաղաքական խոչընդոտների է հանդիպում։ Իսկ յուրօրինակ ազգային զգացումը գնալով դառնում է պետական վերակազմավորման անբաժանելի տարր՝ լավ է դա, թե վատ:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Սա նշանակում է, որ ողջամիտ չափավորության սկզբունքով առաջնորդվելու Հայաստանի ցանկությունը, ամենայն հավանականությամբ, անհամապատասխանության մեջ կմտնի այլոց, այդ թվում՝ Ադրբեջանի մտադրությունների հետ։ Իսկ իրադարձությունների քիչ հավանական, բայց ոչ անհնար զարգացման դեպքում՝ նաեւ Թուրքիայի եւ Իրանի։ Խոսքը ոչ թե ինչ-որ մեկի կողմից անհագուրդ ուրիշի տարածքներին տիրանալու մասին է (դա պարտադիր չէ), այլ ավելի շուտ հարաբերությունների հիերարխիա կառուցելու մասին: Հայաստանը, ինչպես վերը նշվեց, այս դեպքում չի կարող հույս դնել որեւէ մեկի վրա, եւ նրան ամենամոտ «հավաքական Արեւմուտքի» ներկայացուցիչը Թուրքիան է։ Եվ չի կարելի բացառել մի սցենար, երբ Փաշինյանի առաջարկած սահմանազատումը իրական եւ պատմական Հայաստանի միջեւ կստիպի հայերի ինքնագիտակցության ամենասուրբ հատվածը՝ ցեղասպանության հիշողությունը «սահմանազատել» իրականությունից։ Փոխարենը կարեւորագույն հարեւանի հետ հարաբերություններն արմատապես կբարելավվեն։



Թեմային տիրապետող մարդկանց համար այս մտորումները, անշուշտ, մակերեսային եւ մտահայեցողական կթվան, ինչի հետ հեղինակը, անշուշտ, համաձայն է: Միայն մեկ վերապահումով՝ մակերեսայնության եւ մտահայեցողության առումով դրանք չեն գերազանցում Հայաստանի ղեկավարի բերած փաստարկները։ Գլոբալ փոփոխությունների դարաշրջանում իր համար հարմար սխեմա կառուցելու փորձերը դատապարտված են ձախողման: Ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը, «իրական եւ պատմական Հայաստանի միջեւ սահմանազատման անհրաժեշտ գործընթացը շատ ավելի ցավոտ է, քանի որ այդ սահմանազատումը տեղի է ունենում յուրաքանչյուրիս ներսում»։ Եթե խորհել այս մասին, ապա պատկերը ստացվում է չարագույժ ֆիզիոլոգիական. ամեն մեկին առաջարկվում է, չնայած ցավին, դուրս կորզել իրենցից պատմականը։ Թե ինչ կմնա նման վիրահատությունից հետո, դեռ անհնար է պատկերացնել։

P.S. Հայ-ռուսական հարաբերությունների՝ «պատմականից» «իրականի» անցման հարցում ամեն ինչ ավելի պարզ է ։ «Պատմական» հարաբերություններ չեն լինելու, ամենայն հավանականությամբ, կփլուզվեն նաեւ «իրականները»։ Ըստ էության, դա ոչ մեկին պետք չէ, քանի որ երկու կողմերն էլ շահում են։ Բայց այստեղ հայկական սահմանազատման գերանդին կբախվի պատմական ռուսական քարին՝ չե՞ որ սահմանազատողը մենք չենք...

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին