Պաշարված Հայաստանը եւ պատժամիջոցներից խուսափող Ադրբեջանը - Mediamax.am

1474 դիտում

Պաշարված Հայաստանը եւ պատժամիջոցներից խուսափող Ադրբեջանը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` ČT24

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Newsweek պարբերականի «Կարծիքներ» բաժնում հրապարակված անկախ հետաքննող լրագրող Նուրի Կինոյի Armenia Under Siege հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նուրի Կինո

Տարիներ շարունակ Ադրբեջանը սիրաշահել է արեւմտյան լրագրողներին, հետազոտողներին, պրոֆեսորներին, խորհրդարանականներին եւ նույնիսկ սոցցանցերի «ինֆլուենսերներին»՝ հրավիրելով նրանց մասնակցելու «լրագրողական» ճամփորդություններին եւ համաժողովներին. սա հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն»: Գեղատեսիլ վայրերում ժպտացող մարդկանց լուսանկարներն օգնում են թաքցնել ադրբեջանական ռեժիմի կողմից սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող հալածանքները, քողարկել հայերի էթնիկ զտումները եւ Հայաստանի դեմ վերջին ագրեսիան: Շվեդ հետաքննող լրագրող Ռասմուս Քանբեքը բազմից գրել է դրա մասին իր բացահայտումներում:

Բաքվի ռազմավարությունը արդյունք է տալիս: Լեռնային Ղարաբաղի (հայերն այն անվանում են Արցախ) էթնիկ զտումից ընդամենը ամիսներ անց, երբ ադրբեջանական կառավարությունը ստիպեց 100.000 հայերի փախչել իրենց հազարամյա հայրենիքից, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի հետ սահմանի հատվածների վրա: Բայց աշխարհը լուռ է:

Լուսանկարը` ČT24


Քենբեքն ընդգծում է, որ Ադրբեջանը խուսափել է արեւմտյան պատժամիջոցներից, որոնք ազդել են այնպիսի օրինազանց պետությունների վրա, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը եւ Իրանը: Իլհամ Ալիեւի վարչակարգը միջազգայնորեն  վտարյալ դառնալու փոխարեն ենթակառուցվածքային ներդրումներ է ստանում եվրոպական աղբյուրներից։

Շատ հայեր, որոնց հետ ես զրուցել եմ՝ աշխարհաքաղաքականության փորձագետներ եւ այլ մասնագետներ, ինչպես նաեւ սովորական քաղաքացիներ՝ իմ վարսավիրը, իմ առավոտյան հացը թխող կինը եւ իմ զարմիկը, որն աշխատում է անշարժ գույքի ոլորտում, բոլորը համոզված են, որ Բաքուն հայկական հողի վրա հարձակումների համար Երեւանից պատասխան է ակնկալում, որպեսզի այն ներխուժման պատրվակ դարձնի:

Արցախում իրենց պապենական հողի վրա ապրող հայերը փորձել են մնալ իրենց հայրենիքում՝ ի հեճուկս Ադրբեջանի սովամահության մարտավարությանը, երբ նրանց 10 ամսով զրկել էին սննդից եւ դեղորայքից: Ադրբեջանի սահմաններում գտնվող, ժամանակին մեծամասնությամբ հայկական անկլավը որպես նվեր Ադրբեջանին է տվել խորհրդային կառավարիչ Իոսիֆ Ստալինը:

Երբ մի կտոր հաց գնելու համար հերթ կանգնած արցախցի երեխաների վրա սկսեցին ռումբեր ընկնել, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ Ռուսաստանը չօգնեցին, նրանք փախան: Ընդամենը մի քանի օրվա մեջ 100 հազար մարդ հեռացավ: Ես սահմանի մյուս կողմում էի, երբ դա տեղի ունեցավ: Ես հանդիպեցի նրանցից շատերին, լսեցի սոսկալի պատմություններ, թե ինչպես են իրենց նկատմամբ էթնիկ զտում կիրառվել:

Իմ բարեգործական եւ իրավապաշտպան կազմակերպությունը՝ ADFA (A Demand For Action) եւ նրա քույր կազմակերպությունը՝ TACF (Transparent Armenia բարեգործական հիմնադրամը), համագործակցելով Birthright Armenia-ի եւ Smart Armenia-ի հետ, բաժանեցին սնունդ, կազմակերպեցին ժամանակավոր կացարաններ եւ ամեն ինչ արեցին՝ հալածանքից փախչող հայ երեխաներին մխիթարելու համար: Երբեք չեմ մոռանա՝ ինչպես իմ գործընկեր Անուշը հարցրեց, թե արդյոք բավարար միջոցներ ունենք, որ հաց գնենք 42 ընտանիքի համար, որոնք պատսպարվել էին Գորիսի հյուրանոցում: Ծնողները Անուշից սպիտակուց էին խնդրել՝ ցանկացած տեսակի պրոտեին, քանի որ շրջափակման ժամանակ իրենց երեխաները ամիսներ շարունակ սպիտակուց չէին կերել:

Լուսանկարը` REUTERS


Գորիսը` առաջին քաղաքը, որն ընդունեց տեղահանված հայերին, հուսահատության մեջ հույսի փարոս էր: Մենք՝ բոլոր մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներս, որ գնացել էինք այնտեղ փախստականներին օգնելու, լուռ արցունքներ էինք թփում՝ հանրային աչքից հեռու, որպեսզի տեղահանվածներն է՛լ ավելի շատ չհուսալքվեն:

Այդ մի քանի օրերի ընթացքում, երբ ճամփորդում էինք սահմանամերձ հայկական այլ քաղաքներով, հանդիպեցինք բազմաթիվ ընտանիքների, որոնց մեծ մասը տոկուն էր, դեռ դիմադրում էր տեղահանության շոկին: Բացի այդ, ես պատիվ ունեցա հանդիպելու երիտասարդ կամավորների աշխարհի տարբեր մասերից՝ ներառյալ եվրոպական երկրներից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից եւ Մերձավոր Արեւելքից: Նրանք Birthright-ի եւ AVC-ի (Հայկական կամավորական կորպուսի) անդամներ էին եւ միացան մեզ՝ օգնելու փախստականներին: Նրանց կարեկցանքն ու օգնելու նվիրումը մեզ ուժ ու եռանդ տվեց՝ շարունակելու մեր գործը:

Մի պատմություն, որը երբեք չեմ մոռանա, կապված է 13-ամյա մի տղայի՝ Գոռ Խաչատրյանի հետ, որն ապաստան էր գտել իր ընտանիքի հետ: Նա յոթ հոգու՝ բարեկամներին, հարեւաններին, մեքենայով հասցրել էր Հայաստան։ Հայրը մասնակցում էր կռվին, եւ Գոռը լրագրողներին պատմեց, որ միայն ինքը կարող էր փրկել իրենց: Ճանապարհը երեք օր տեւեց: Նրանք ժամանեցին իրենց մի քանի շորերով. մնացած ամեն ինչ ստիպված էին թողնել, բայց գոնե ապահով էին:

Լուսանկարը` REUTERS


Ո՛չ իմ տեսած դիերը, ո՛չ իմ խնամքի տակ եղած վիրավորները, այլ Գոռի պատմության պես բաներն են սիրտս վշտով ու կարեկցանքով լցնում: Մինչ մենք հագուստ եւ սնունդ էինք բաժանում փախստականներին, ութամյա մի ամաչկոտ տղա գտավ մի զույգ օգտագործված դեղին կոշիկներ, որոնք հոյակապ նստեցին ոտքին: Նա ժպտաց մորը նայելով, երբ հագավ դրանք: Ուրախության հազվագյուտ պահ էր: Ես տեսա, որ իմ հայ գործընկեր Հայկը, ակնհայտորեն հուզված, կամացուկ դուրս եկավ սենյակից, որպեսզի մի պահ միայնակ մնա:

Ի՞նչ պետք է մտածեն կամ զգան Հայկը եւ մյուսները հիմա Հայաստանում՝ Արցախի էթնիկ զտումներից վեց ամիս անց: Արդյո՞ք Հայաստանի բանակն ու կառավարությունը կպատասխանեն ադրբեջանական նոր հարձակումներին եւ կպաշտպանեն նրանց ադրբեջանական ագրեսիայից, եթե սկսվի ներխուժումը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին