Եվրոպան կանգնած է բարդ ընտրության առջեւ - Mediamax.am

exclusive
990 դիտում

Եվրոպան կանգնած է բարդ ընտրության առջեւ


Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը
Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS

Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը
Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS

Էմանյուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը եւ Դոնալդ Տուսկը
Էմանյուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը եւ Դոնալդ Տուսկը

Լուսանկարը` REUTERS

Հելմուտ Կոլը եւ Ֆրանսուա Միտերանը
Հելմուտ Կոլը եւ Ֆրանսուա Միտերանը

Լուսանկարը` Rainer Unkel


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փրինսթոնի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հարոլդ Ջեյմսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

Հարոլդ Ջեյմս

Ժողովրդավարական երկրներին հաճախ դժվար է լուծել անվտանգության խնդիրները։ Հենց այս համատեքստում էր Ուիսթեն Հյու Օդենը 1930-ականներն անվանել «ցածր եւ անպատիվ տասնամյակ»։ Այս բնորոշումը, կարծես, համապատասխանում է նաեւ մեր ժամանակներին։

Այժմ, ինչպես եւ այն ժամանակ, ավելի հեշտ է քաղաքական կեցվածքամոլությամբ զբաղվել, քան համոզել: Սակայն հենց համոզելն է անհրաժեշտ դաշինքներ կառուցելու, աջակցությունը խթանելու եւ միջազգային կայունությունը պահպանելու համար: Ուկրաինան ուժասպառ է եւ գերլարված, իսկ Ռուսաստանը անվտանգության սպառնալիք է ներկայացնում մերձբալթյան երկրների եւ ամբողջ Եվրոպայի համար, ուստի դիվանագիտական եւ ռազմավարական համակարգումը այժմ խիստ անհրաժեշտ է․նման մեծ անհրաժեշտություն չէր նկատվում Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Սակայն թեեւ խաղադրույքները բարձր են, արեւմտյան առաջնորդները թույլ եւ պառակտված են թվում:

Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցը բախվում է կոալիցիոն գործընկերների կատաղի քննադատությանը իր շփոթված եւ անհետեւողական բացատրությունների համար, թե ինչու ինքը չի պատրաստվում Taurus հրթիռներ տրամադրել Ուկրաինային: Պատերազմի սկզբում նա հիշվող հայտարարություն էր արել պատմական շրջադարձի մասին՝ գերմաներեն «Zeitenwende»։ Սակայն հետագայում սկսեց նույն քաղաքականությունը վարել։

1930-ականների իրադարձությունները հիշեցնում են նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորությունը բացառելու մերժման վերաբերյալ արձագանքը։ Այս գաղափարից դժգոհները պնդում են, որ Ֆրանսիան պատրաստ չէ նման քայլի։ Նմանապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, նացիստական Գերմանիայի կողմից բացահայտ սպառնալիքի ֆոնին, Ֆրանսիայի շատ ազդեցիկ հասարակական գործիչներ հարց էին տալիս, թե ինչու է պետք մահանալ Դանցիգի (այսօրվա Լեհաստանի Գդանսկ քաղաքը) համար. «Mourir pour Dantzig?»։

Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը Էմանյուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Մակրոնի պես ճիշտ բնազդներ ունի։ Սակայն նրան կաշկանդում է սեփական կուսակցության ներսում ոչ պոպուլյար լինելը, ինչպես նաեւ գալիք ընտրություններում պարտության անխուսափելիությունը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բախվել է իզոլյացիոնիստական տրամադրությունների ալիքին՝ ինչպես ձախ դեմոկրատների, այնպես էլ Դոնալդ Թրամփի կողմից վերակառուցված Հանրապետական կուսակցությունում շրջանում:

1930-ականներին քաղաքական գործիչները իրենց թուլության համար գոնե արդարացումներ ունեին: Նրանց երկրները հյուծված ու ուժասպառ էին Մեծ դեպրեսիայի պատճառով, նրանցից շատերը վառ հիշում էին Առաջին աշխարհամարտի սարսափելի զոհերն ու կորուստները: Ժամանակակից իզոլյացիոնիստները նման արդարացումներ չունեն։

Այսօր Եվրոպայում առավել հետեւողական եւ համարձակ ձայնը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին է պատկանում: Դա կարող է պայմանավորված լինել ինստիտուցիոնալ պատճառներով: Քանի որ Հանձնաժողովը համեմատաբար զերծ է խորհրդարանական բարդ պայմաններում քաղաքական փոխզիջումներ փնտրելու ամենօրյա ճնշումից, այն կարող է անտեսել հզոր կարճաժամկետ ճնշումը, որն անխուսափելիորեն ազդում է ժողովրդավարական երկրներում որոշումների կայացման վրա:
Հելմուտ Կոլը եւ Ֆրանսուա Միտերանը Հելմուտ Կոլը եւ Ֆրանսուա Միտերանը

Լուսանկարը` Rainer Unkel


Այսպիսով, ֆոն դեր Լայենը հնարավորություն ունի շտկել Եվրոպայի ինստիտուցիոնալ կառուցվածքի խորը թերությունը։ Կոմունիզմի եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը հասկացել էին, որ անհրաժեշտ է պատմական քայլ կատարել։ Ամենաակնհայտ քայլը կլիներ Եվրոպան անվտանգության ոլորտում սեփական բանակով միասնական խաղացող դարձնելը։ Սակայն եվրոպական խոշորագույն երկրների պաշտպանական արդյունաբերության լոբբիստները, վախենալով հնարավոր կորուստներից, արգելափակեցին այս նախաձեռնությունը։

Արդյունքում եվրոպացի առաջնորդները որոշեցին շարժվել դեպի արժութային միություն եւ եվրոյի ներմուծում։ 1991 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհրդի վճռական հանդիպումը, որը ճանապարհ հարթեց դեպի արժութային միություն, կայացել էր այսօր գրեթե մոռացված մեկ այլ համաձայնագրի կնքման հաջորդ օրը։ Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան պայմանավորվեցին խզել 1922 թվականի ԽՍՀՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը։ Այսպիսով, ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացը կարծես ավարտված էր, եւ Ռուսաստանի կողմից անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ կորցրել էր իր արդիականությունը։ Եվրոպան կարող էր հանգիստ զբաղվել իր արժութային միությունով:
Էմանյուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը եւ Դոնալդ Տուսկը Էմանյուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը եւ Դոնալդ Տուսկը

Լուսանկարը` REUTERS


Սակայն այդ միությունը ակնհայտորեն թերի գտնվեց, եւ Կոլն ու Միտերանը գիտեին այդ մասին: Վերջին տասնամյակը եվրոպացիները ծախսեցին քննարկելով, թե ինչպես լրացնել այս մեխանիզմի տնտեսական կողմը նոր միություններով՝ կապիտալի շուկայի միությունով, բանկային միությունով եւ նույնիսկ սոցիալական պաշտպանության միությունով: Սակայն այժմ առաջնահերթությունները փոխվել են։

Լեհաստանում կայացած վճռական ընտրություններից 35 տարի անց, որոնք ազդարարեցին կոմունիզմի վերջն այդ երկրում, Եվրոպան հայտնվել է սեփական «վճռական կեսօրի» շեմին։ Եթե Թրամփը հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, Եվրոպան իսկապես կարող է միայնակ մնալ այս աշխարհում։

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին