Ռուսաստանը Հայաստանին «պատժելու» սահմանափակ լծակներ ունի - Mediamax.am

7640 դիտում

Ռուսաստանը Հայաստանին «պատժելու» սահմանափակ լծակներ ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Մարիա Զախարովան
Մարիա Զախարովան

Լուսանկարը` REUTERS

Յուրի Խաչատուրովը
Յուրի Խաչատուրովը

Լուսանկարը` Photolure

Սեյրանն Օհանյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2016 թվականին
Սեյրանն Օհանյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2016 թվականին

Լուսանկարը` PAN Photo


Ներկայացնում ենք քաղաքագետ Կիրիլ Կրիվոշեեի Еще один разрыв. Как Россия может наказать Армению за разворот на Запад հոդվածի հայերեն թարգմանությունը:

Կիրիլ Կրիվոշեեւ

Այն վեց տարիների ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանը, մեկ անգամ չէ, որ խոսք է գնացել Ռուսաստանի հետ հարաբերությունների արմատական վերանայման մասին։ Եվ ամեն անգամ Մոսկվան կարող էր առարկել, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կայուն է, ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, եւ նույնիսկ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը փորձում է գոնե մեղմել իր ֆորմալ դաշնակցի ճակատագիրը։

Սակայն այս բոլոր հակափաստարկներն աշխատում էին մինչեւ 2023 թվականի աշունը։ Այժմ, երբ հայերը վերջնականապես կորցրեցին Ղարաբաղը, նրանք այլեւս չեն մտածում, թե արդյո՞ք պետք է հույս դնել Ռուսաստանի վրա՝ որպես իրենց հիմնական դաշնակցի։ Ինտրիգն այլ է. ինչպե՞ս կարող է Կրեմլը պատժել Հայաստանին արտաքին քաղաքական շրջադարձի համար:

Կուտակված էֆեկտը

Այն, որ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները կայծեր են տալիս, վաղուց նորություն չէ։ Կտրուկ ժեստեր, որոնք ստիպում էին անհանգստանալ ոչ միայն Ռուսաստանի ԱԳՆ-ին, այլեւ ուժայիններին, նախկինում էլ կային․օրինակ՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ նախկին նախագահ Քոչարյանի դեմ դեռեւս 2018 թվականին հարուցված քրեական գործերը կամ Փաշինյանի խոստովանությունը, որ Ռուսաստանի կողմից տրամադրված «Իսկանդեր» հրթիռները «չեն կրակել կամ կրակել են 10%-ով»:

Յուրի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովը

Լուսանկարը` Photolure


Սակայն վերջին ամիսներին այդ հայտարարությունները կարծրացել են։ Երբ Հայաստանի ղեկավարությունը մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարում է ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման, ԵՄ-ին անդամակցելու ցանկության եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին, պարզ է դառնում, որ նախկին հարաբերությունների վերանայումը հռետորաբանություն չէ, այլ իրականություն։

Նախկինում Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, ավելի շուտ բողոքներ էին եւ միշտ վերապահում էին պարունակում նախկին ձեւաչափին վերադառնալու պատրաստակամության վերաբերյալ։ Օրինակ՝ դեռ 2023 թվականի գարնանը Փաշինյանը չէր բացառում, որ կարող է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, եթե այդ կազմակերպությունը «սահմանի իր պատասխանատվության գոտին Հայաստանում եւ Հարավային Կովկասում»։

Իսկ այժմ մենք գործ ունենք արդյունքի հետ. Երեւանը մեկուկես տարի անտեսում է ՀԱՊԿ-ի միջոցառումները, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ «սառեցրել է» Հայաստանի մասնակցությունը այդ կազմակերպությանը։

Այնուհետեւ հանդես եկավ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ «ռազմավարական սխալ» անվանելով անկախության սկզբից Մոսկվայի վրա հույս դնելը։ Իսկ մարտի 6-ին Հայաստանը պաշտոնապես ծանուցեց Մոսկվային Երեւանի օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին։ Իրավիճակը կարող է ամբողջացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Երեւան, որը, ըստ ամենայնի, պատրաստվում էր առաջիկա օրերին, սակայն տապալվեց։
Սեյրանն Օհանյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2016 թվականին Սեյրանն Օհանյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2016 թվականին

Լուսանկարը` PAN Photo


Այս ամենն արդեն սոսկ դժգոհություններ ու բողոքներ չեն, այլ շոշափելի բաներ են։ Հայկական քաղաքականության առաջնահերթությունները փոխվել են, եւ դրա նոր ուրվագծերն արդեն գծված են։ Մոսկվայի հետ Երեւանի ռազմավարական գործընկերությունն ավարտվել է։ Իհարկե, Գյումրիի ռազմաբազան, ամենայն հավանականությամբ, առայժմ ոչ մի տեղ չի անհետանա, բայց նույնիսկ Երեւանի օդանավակայանից սահմանապահների դուրսբերումը Հայաստանը բոլորովին այլ կդարձնի։ Իսկ Ղարաբաղում ռուս խաղաղապահների օրինակը վկայում է. մի քանի հազար զինվորականներ քաղաքական գործոն չեն լինի, եթե մնացած բոլոր պայմանները նրանց դեմ լինեն։

Երկիր երկու լեռնանցքների հետեւում

Ռուսաստանի հետ իր խզումը Հայաստանը ստիպված է իրականացնել՝ հնարավոր հետեւանքներ հաշվի առնելով։ «Ինչպե՞ս կարող են մեզ պատժել» հարցն օդում է, սակայն Հայաստանում երկար ամիսներ մտածելուց հետո այն եզրակացության եկան, որ ամենավատն արդեն կատարվել է։ Երեւանի կարծիքով, Հայաստանն արդեն վճարել է, եւ այդ գինը Ղարաբաղն էր։ Նման դիրքորոշումը կարող է միամիտ թվալ երեք միլիոնանոց փոքրիկ երկրի համար, որը մեծապես կախված է ռուսական ներմուծումից: Սակայն իրականում Ռուսաստանը Հայաստանին պատժելու շատ միջոցներ չունի, եւ դրանցից ոչ մեկն առանձնապես արդյունավետ չի թվում։

Սկսենք վատագույնից՝ իշխանափոխություն ընդդիմադիր ուժերի ու տարատեսակ ռազմականացված կազմակերպությունների օգնությամբ։ Հայաստանում իսկապես շատ են Ղարաբաղյան երկու պատերազմների վետերանները, ովքեր ատում են Փաշինյանին, ու հիմա նրանց ավելացել է 100 հազար փախստական։ Սակայն վերջին տարիների ենթադրությունները, որ ղարաբաղցիները կգան Երեւան եւ հեղափոխություն կսկսեն, գործնականում բազմիցս ցույց են տվել իրենց անկենսունակությունը։

Բողոքի ակցիաներ իսկապես եղան, սակայն նույնիսկ ամենաէմոցիոնալ պահերին դրանք շատ փոքրաթիվ էին եւ ուղղված ոչ միայն Փաշինյանի, այլեւ Արցախի Հանրապետության նախկին իշխանությունների, միջազգային կազմակերպությունների եւ  նույնիսկ Ռուսաստանի դեմ։ Հայաստանում վաղուց գործում է տելեգրամյան ալիքների ցանց, որտեղ խոսում են Արեւմուտքի կեղծավորության մասին եւ տեղադրում հատվածներ Սոլովյովի հեռուստաշոուից, բայց դրանք առանձնապես ընդունված չեն ժողովրդի կողմից եւ դժվար թե լինեն։

Եթե նույնիսկ պատկերացնել, որ երկրում կրկին արտահերթ ընտրություններ են հայտարարվելու, ապա Ղարաբաղից փախստականները չեն կարողանա քվեարկել։ Նրանց անձնագրերը միայն արտաքնապես չեն տարբերվում սովորական հայկականից, սակայն Հայաստանը ճանաչում է դրանք միայն որպես ուղեւորական փաստաթղթեր, իսկ տերերին՝ ոչ քաղաքացիներ, որոնք պետք է անցնեն հայրենադարձության ընթացակարգը։
Մարիա Զախարովան Մարիա Զախարովան

Լուսանկարը` REUTERS


Այլ խոսքով, Հայաստանում Փաշինյանին քննադատողները քիչ չեն, բայց նրանք, ովքեր միաժամանակ երկրպագում են Մարգարիտա Սիմոնյանին ու Մարիա Զախարովային, բացարձակ փոքրամասնություն են։ Այդ թվում՝ զինվորականների շրջանում, ինչը գրեթե անհնարին է դարձնում ռազմական հեղաշրջումը։ Նման փորձ արվել էր 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, բայց այն չավարտվեց ոչնչով։

Դավադրության տեսությունը, թե Ռուսաստանը կարող է պատժել Հայաստանին Ադրբեջանի ձեռքով, նույնպես չի քննադատությանը դիմանում։ Բաքվի բոլոր գործողությունները վերջին մի քանի տարիների ընթացքում ապացուցում են, որ նրանք չեն հետեւում Մոսկվային, հատկապես՝ սկզբունքային հարցերում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ լինել-չլինելու հարցը դեռ բաց է, բայց այն Բաքվի, այլ ոչ թե Մոսկվայի որոշելիքն է:

Հաճախ կարելի է լսել կարծիքներ, որ Հայաստանը տնտեսական ճնշման կենթարկվի. երկիրը ստանում է ռուսական գազ, էլեկտրացանցերը վերահսկվում են ռուսական անձնագրով օլիգարխի ընկերության կողմից, երկաթուղիները պատկանում են «Ռուսական երկաթուղիներին», ԵԱՏՄ-ում անդամության շնորհիվ խանութները լի են ռուսական ապրանքներով։ Բայց հարցն այն է, թե Ռուսաստանը, որն արդեն խզել է հարաբերությունները Եվրոպայի հետ, որքանո՞վ կարող է իրեն թույլ տալ զրկվել մնացած հարեւան շուկաներից։ Հատկապես այն պայմաններում, երբ նման տնտեսական ճնշման արդյունավետությունը կասկածելի է, Հայաստանը սովոր է շրջափակման մեջ ապրելուն։

Ըստ էության, Ռուսաստանը տնտեսական ճնշում արդեն գործադրում է։ Երկու երկրները կապող «Վերին Լարս» անցակետի միջոցով գլխավոր ճանապարհը  պարբերաբար փակվում է, եւ ռուս մաքսավորները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում։ Սակայն նման ճնշմանը Հայաստանն հաստատ կդիմանա, ինչպես դիմացավ մեկուկես տարով «Վերին Լարսի» ամբողջական փակմանը ռուս-վրացական պատերազմից հետո։

Մոլդովական մոդել

Այնուամենայնիվ, չնայած բոլոր խնդիրներին, դժվար է պատկերացնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են սառչել մինչեւ, օրինակ, այն մակարդակը, որը կա Վրաստանի հետ հարաբերություններում։ Երկրների միջեւ տարածքային հակամարտություն չկա, հայ հասարակության մեջ շատ են ռուսամետ հայացքներ ունեցող մարդիկ, երկրում լայնորեն տարածված են ռուսաց լեզուն եւ ռուսական լրատվամիջոցները։ Հետեւաբար, Մոլդովան ավելի տեղին անալոգիա է թվում:

Համերաշխություն հայտնելով Վրաստանին եւ Ուկրաինային՝ Մոլդովան հասկանում է իր դիրքի առավելությունը. Ռուսաստանի հետ նրա անմիջական բախումը հավանական սցենար չի թվում՝ չնայած Դնեստրում իրավիճակի անկայունությանը։ Եվ քանի որ գոյաբանական ընտրություն կատարելու կարիք չկա, ուրեմն, կարելի է ավելի քիչ ուղղահայաց հարաբերություններ կառուցել։ Մինչեւ վերջերս Մոլդովան բավականին մեծ ապրանքաշրջանառություն ուներ Ռուսաստանի հետ, եւ ներկայիս անկումը ոչ այնքան քաղաքական որոշում էր, որքան լոգիստիկ շղթաների խզման հետեւանք։ ԱՊՀ-ում Մոլդովայի մասնակցության հարցը նույնպես ծագեց բոլորովին վերջերս, մինչ այդ ոչ ոք առանձնապես անհանգստացած չէր նրա ներկայությամբ հետխորհրդային ակումբում:

Հայաստանի ապագան, ամենայն հավանականությամբ, նույնն է լինելու։ Ռուսաստանի հետ առեւտուրը կշարունակվի եւ նույնիսկ կաճի այնքանով, որքանով թույլ է տալիս «Վերին Լարսի» թողունակությունը։ Մարդիկ կմեկնեն Մոսկվա՝ աշխատելու, քանի դեռ ռուբլու փոխարժեքը նման ուղեւորությունները անշահավետ չի դարձնի։ Հինգ հազար զինծառայողի համար նախատեսված ռուսական ռազմակայանը կարող է գոյատեւել համապատասխան պայմանագրով նախատեսված ողջ ժամանակահատվածը մինչեւ 2044 թվականը, բայց ավելի շուտ որպես անցյալ դարաշրջանի մասունք՝ ինչպես Մերձդնեստրում ռուսական զորքերի խումբը։

Այստեղ ամենակարեւոր խնդիրը լինելու է Հայաստանի անվտանգության նոր գործընկերների՝ առաջին հերթին Թուրքիայի պատմական հակառակորդ Ֆրանսիայի եւ Հունաստանի արդյունավետությունը։ Դրա պատասխանը, ամենայն հավանականությամբ, հայերի համար այնքան էլ հուսադրող չի լինի. նոր գործընկերները հաճույքով կմատակարարեն զենք, բայց Ադրբեջանի հետ նոր պատերազմի դեպքում նրանք հանդես կգան որպես Հայաստանի փաստաբաններ, այլ ոչ թե ռազմական դաշնակիցներ:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Դա շատ ավելի քիչ է, քան Թուրքիան արել է Ադրբեջանի համար, ՆԱՏՕ-ն՝ Ուկրաինայի, սակայն միեւնույն է ավելին է, քան Ռուսաստանը արել է Հայաստանի համար 2020 թվականից ի վեր։ «Հայաստանը երբեք ռազմական միջամտություն չէր սպասում ՀԱՊԿ-ից... Առաջին հերթին մենք քաղաքական դիրքորոշում էինք ակնկալում»,- ասել է Փաշինյանը վերջերս։ Եվ նման աջակցություն Երեւանն անպայման կստանա։ Այնպես որ, եթե Հայաստանի նպատակը ուշադրությունն է արեւմտյան հարթակներում, ապա Ֆրանսիան եւ Հունաստանը դա հաստատ ավելի լավ կապահովեն, քան Մոսկվան։

Հայաստանի իրավիճակը նման չէ հետխորհրդային շատ այլ երկրներին։ Նրա անվտանգությանը սպառնացող հիմնական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, որի հետ ընդհանուր սահման չկա, այլ Ադրբեջանը։ Իսկ Երեւանին դաշնակիցներ են պետք առաջին հերթին Բաքվին զսպելու համար։ Ռուսաստանը գործնականում արդեն ցույց է տվել, որ չի պատրաստվում դա անել։ Իսկ Եվրոպան կարող է անել դա շատ ավելի լավ։ Եթե ինչ-որ բան Ադրբեջանին հետ կպահի հետագա կտրուկ քայլերից, դա կլինի նրա դժկամությունը՝ խնդիրներ ստեղծել իր էներգակիրների արտահանման համար դեպի ԵՄ, եւ վախը, որ նա կհայտնվի Պուտինի եւ Լուկաշենկոյի հետ նույն ճամբարում:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին