Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 19-րդ - Mediamax.am

exclusive
23213 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 19-րդ


Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

«Կարպատներ» (Լվով) - «Արարատ» - 3:0 (3:0):

Լյվով. «Դրուժբա» մարզադաշտ. 4 օգոստոսի. 26 000 հանդիսատես:

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Ա.Հարությունյան,  Մեսրոպյան, Ս.Պետրոսյան, Բոնդարենկո, Իշտոյան, Մարկարով, Զանազանյան, Ն.Պետրոսյան: 

Արսեն Կակոսյան

4 օգոստոսի: Տուր XIX: «Կարպատին» մեծ հաջողության է հասնում:

ՇՆՉԵԼՈՒ ՕԴ ՉԿԱ

Հինգերորդ հանդիպումը 13 օրվա ընթացքում: Դրանցից չորսը՝ արտագնա: Դա նշանակում է, որ չնչին՝ երկուսուկես օր դադարը հանդիպումների միջեւ թիմն անցկացրել է ինքնաթիռներում, գնացքներում եւ ավտոբուսներում: Գումարած շոգ ամառը: Այո, իսկապես ֆուտբոլիստները շնչելու օդ չունեն:

Ի դեպ, «շնչելու օդ չկա» արտահայտությունը սովորաբար օգտագործում են պաշտպանները: Երբ հակառակորդը ճնշում է, կատաղի հարձակվում, պաշտպանության գծի խաղացողները գնդակն ուղարկում են ուր պատահի՝ իրենցից հեռու: «Շնչելու օդ չկա»,- ասում են նրանք եւ որպեսզի շահեն հաշված վայրկյաններ, տրիբունաներին վախեցնում են հեռահար հարվածներով:


Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Իսկ ինչպե՞ս պետք է վարվի թիմը, տվյալ դեպքում «Արարատը», եթե, այնուամենայնիվ, հայտնվել է այդպիսի իրավիճակում: Չգիտեմ` ինչ հրահանգ է տվել Սիմոնյանն այս խաղի համար, բայց վստահ կարող եմ ենթադրել, որ մեծ դժվարությունների առջեւ է կանգնած եղել: Անդրեասյանը եղել է ԽՍՀՄ հավաքականում, տարբեր պատճառներով բացակայել են Կովալենկոն, Ղազարյանը, Պողոսյանն ու Գեւորգյանը:

Հիշում է Արկադի Անդրեասյանը

Օգոստոսին իրար ետեւից 3 խաղերում պարտվեցինք: Դրանից հետո որոշեցինք անհատական մարզումներ անցկացնել, որպեսզի բարելավենք մեր ֆիզիկական պատրաստվածությունը: Զգում էինք, որ մեր տեխնիկան եւ տակտիկան մնացել են նույն մակարդակի վրա, սակայն ֆիզիկապես սկսել ենք զիջել ուրիշ թիմերին:

Ըստ երեւույթին, հենց արարատցիների գործողությունների անհամաձայնեցվածությունը խաղի սկզբում աղետի հանգեցրեց: Ընթանում էր յոթերորդ րոպեն, իսկ հաշիվն արդեն 2 : 0 էր՝ հօգուտ «Կարպատի» թիմի: Երրորդ գնդակը լվովցիները եւս խփեցին առաջին խաղակեսի ընթացքում:

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

Այն շրջանն էր, երբ մեր կայուն խաղում խափանում եղավ: Երկու շաբաթվա ընթացքում հինգ խաղ էինք խաղացել, եւ դա շատ ծանր էր: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ էլ ունեինք, որոնք չմասնակցեցին այս հանդիպմանը:
Մեր թիմում 15 հիմնական խաղացողներ կային, իսկ մնացած թիմերում պահեստային խաղացողները շատ էին:

«Կարպատները» Ուկրաինայի ամենակոպիտ թիմն էր: Պարտությունը մեզ վրա շատ ծանր նստեց, քանի որ ձգտում էինք չեմպիոնության: Սակայն փորձեցինք արագ մոռանալ այդ պարտության մասին:



Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Հանդիպումը լսում էի ռադիոյով: Հեռարձակվում էր երկրորդ խաղակեսը: Ըստ երեւույթին, արդեն հավասար խաղ էր ընթանում: Հաշվի այդպիսի տարբերության պարագայում… Մի խոսքով, «Կարպատին» ռեւանշ վերցրեց: Հաղորդավարն ասում էր, որ վաղուց Լվովի ֆուտբոլիստները նման խաղ չէին ցուցադրել: Ինչեւէ, հաստատվում են տեսաբանների խոսքերն այն մասին, որ «Արարատի» դեմ այժմ բոլորը գործելու են հատուկ ջանասիրությամբ, քանի որ առաջատարը էմոցիաների լավագույն հարուցիչն է:  

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

Սա այն խաղերից էր, երբ խոշոր հաշիվը չի համապատասխանում խաղի ընթացքին: Անհավանական էր, որ «Կարպատները» մեզ կարողացան հաղթել այդ հաշվով: Սակայն նման դեպքեր ֆուտբոլում լինում են: Հանգստացել էինք մի պահ, կամ մտածում էինք, որ թույլ թիմ է, հեշտորեն կարող ենք հաղթել նրանց: Թերագնահատել էինք մրկակցին եւ թանկ վճարեցինք դրա համար:

Լինում են նման դեպքեր… Երբ արդեն ԽՍՀՄ չեմպիոն էինք, պետք է հանդիպեինք Լիբանանի չեմպիոնի հետ: Այդ խաղում երեւի 50-60 գոլային պահեր ունեցանք:  Շարունակ հարվածում էի, սակայն գնդակը մեկ դարպասաձողին էր դիպչում, մեկ շեղ էր ընթանում, բախտս չէր բերում: Ի վերջո, նրանք մեզ հաղթեցին 1:0 հաշվով:

Մնում է հուսալ, որ «Արարատի» անհաջողությունը պատահական է եւ ոչ թե կընկճի տղաներին, այլ նրանց համար «թարմացնող լոգանք» կդառնա: Այդպես էլ է լինում: 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին