Մանկատան սաներ Արսենն ու Նելլին սպասում են իրենց առաջնեկին - Mediamax.am

exclusive
6665 դիտում

Մանկատան սաներ Արսենն ու Նելլին սպասում են իրենց առաջնեկին


Նելլին եւ Արսենը
Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արսենը
Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլին եւ Արսենը
Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլին եւ Արսենը
Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլին եւ Արսենը
Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլին եւ Արսենը
Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրանք մեծացել են մանկատանն ու սովորել, որ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարել, սեփական գոյությունը պահելու համար աշխատել։ Ձեռք են բերել մասնագիտություն, ունեն երազանքներ, որոնք իրականացնելու հնարավորություն դեռ չունեն, բայց վստահ են` մի օր կապացուցեն, որ մարդիկ, որոնք դաստիարակել են իրենց, զուր չեն աշխատանք թափել։



Մեդիամաքսի «Մանկատնից հետո» շարքի հերոսներն Արսենն ու Նելլին են։ Արսենն ԱԻՆ աշխատակից է` հրշեջ-փրկարար, Նելլին՝ ԱԻՆ ակադեմիայի ուսանող։ Երկուսն էլ 22 տարեկան են։



Չնայած դաստիարակների հոգատարությանը` ընտանեկան ջերմության պակաս միշտ են զգացել, բայց արդեն մեկ տարի է` ստեղծել են իրենց ընտանիքը, սպասում են առաջնեկին, որին տալու են այն ամբողջ սերը, որը կուտակել են իրենց սրտերում տարիների ընթացքում։

 

Ինչպես պատերազմի ժամանակ էի ասում՝ կյանքս կտամ, այնպես էլ աշխատանքիս համար եմ ասում

 

Արսենը սովորել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետա կան ակադեմիայում, աշխատում է ԱԻՆ-ում՝ հրշեջ-փրկարար: Նելլին այս տարի կավարտի նույն ակադեմիայի Քաղաքացիական պաշտպանության բաժինը։ Հետագայում մտադիր է ուսումը շարունակել մագիստրատուրայում, աշխատել եւ կայանալ որպես մասնագետ:

 

Հոգսերը շատ են, փրկարարի աշխատավարձը՝ քիչ։ Զուգահեռ աշխատանքով Արսենը չի կարող զբաղվել, որովհետեւ ամեն րոպե կարող է կանչ լինել։ «Մի ժամանակ ավտոլվացման կետում էի աշխատում, սակայն պարբերաբար կանչերից հետո տնօրենն ասաց, որ չենք կարող այդպես շարունակել։ ԱԻՆ-ի աշխատանքը շատ քիչ է։ Աշխատավարձը շատ ցածր է՝ 80 հազար դրամ, սակայն, ինչպես պատերազմի ժամանակ էի ասում, կյանքս կտամ, այնպես էլ հիմա աշխատանքիս համար եմ ասում։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Մարդկանց օգնելու հնարավորությունն ինձ հաճույք է պատճառում։ Բարդություններն ու վտանգները շատ են, սակայն մասնագիտության բերումով կարողանում ես հաղթահարել այդ ամենը։ Երբ վիրավորներ ու զոհեր ես տեսնում, ծանր է, սակայն պատերազմի ժամանակ էլ եմ շատ վիրավորների ու զոհերի տեսել։ Կոփվել եմ,- ասում է Արսենը, ապա նկատում, որ այս աշխատանքն աշխարհում ամենաբարձր վարձատրվողներից է, Հայաստանում՝ հակառակը, միաժամանակ շեշտում է, որ իր համար փրկարարական գործը զուտ գումար աշխատելու միջոց չէ։- Ես կարող էի խաղաղապահ զորքերում էլ  աշխատել։ Ծառայության ընթացքում պատվոգրեր էլ եմ ստացել, բայց սա ինձ համար սիրելի աշխատանք է» ։

 

Արսենը Զինված ուժերում ծառայել է իր կամքով։ Պատմում է, որ 15 տարեկանում իրեն սրտի արատ են ախտորոշել, ինչից հետո ազատել են պարտադիր ծառայությունից, սակայն դիմում է գրել կամավոր ծառայության մեկնելու համար։ 

 

Արսենը Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Նախ՝ ուզում էի այդ կյանքն էլ ապրել, բացի այդ, չէի կարող աշխատել ԱԻՆ-ում, եթե չծառայեի»,- ասում է Արսենը, որն Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է առաջնագծում՝ տանկային գումարտակում. ապրիլի 2-ից մեկնել է դիրքեր։

 

Պատերազմի ժամանակ, ըստ նրա, մտածելու շատ բան չուներ։ «Բարդ է, երբ կանգնում ես դիրքերում ու հասկանում, որ սա  կարող է քո վերջին վայրկյանը լինել։ Սակայն ես շատ քիչ բանի մասին էի մտածում։ Օրինակ՝ մարդիկ ասում են՝ ծառայում եմ ծնողներիս, ընտանիքիս համար։ Ես նման բան ասել չէի կարող։ Կորցնելու շատ բան չունեի։ Ես այդ ամենն արել եմ մանկատան իմ քույրերի ու եղբայրների, ինձ մեծացնողների ու դաստիարակողների համար»,- ընդգծում է նա։

 

Անդրադառնալով առողջական խնդրին՝ Արսենն ասաց, որ այն իր մասին հիշեցնում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, սակայն բուժման մասին չի մտածում։ Ասում է` որքան էլ պետպատվեր լինի, հարակից ծախսեր կան. «Օրինակ՝ հիմա ատամների խնդիր ունեմ, բայց ես մի քանի ամսից երեխա եմ ունենալու եւ նախընտրում եմ ֆինանսական միջոցներս ուղղել երեխայիս»։

 

Աշխատանքն ամենակարեւոր գործոնն է, որպեսզի կարողանանք  պահել մեր ընտանիքը

 

«Մանկուց ասում էի, որ պետք է մանկատան աղջկա հետ ամուսնանամ, որովհետեւ իմ կյանքով ապրած մարդու հետ ավելի հեշտ կհասկանանք իրար։ Կարելի է ասել՝ մենք նույն կյանքով ենք ապրել։ Մենք առավելություն չունենք իրար հանդեպ։ Ոչ մեկս չի կարող մյուսին ինչ-որ բան երեսով տալ. հավասար կետում ենք ու իրար հավասար ենք բարձրանում»,- ասում է Արսենը, որը բարձրանալու իր տեսլականն ունի` պետք է աշխատել ու կատարելագործվել։

 

Արսենն ու Նելլին բնակվում են Եղվարդում վարձակալած բնակարանում. բնակության վայրն ընտրել են Արսենի աշխատավայրին հարմարեցնելով․«Աշխատավայրից տուն հեռավորությունը պետք է լինի 10-15 կմ, որովհետեւ հաճախ ենք կանչեր ունենում՝ անկախ նրանից՝ աշխատանքային ժամ է, թե ոչ»։

 

Տան վարձի մի մասը տալիս է ՀՕՖ-ը, մյուս մասն ու կոմունալ վարձերը՝ Աննա Կարապետյանը: Վերջինս ամերիկաբնակ հայ է, որը մանկատան շրջանավարտների համար աջակցության ծրագիր է իրականացնում։

 

«Այդ օգնությունը շատ կարեւոր է, բայց յուրաքանչյուր օգնություն մեզ համար ժամանակավոր է,- ասում է ավարտական կուրսում սովորող Նելլին ու հավելում, որ երեխայի ծննդից հետո` հաջորդ տարի, ուսումը կշարունակի մագիստրատուրայում, մտադիր է նաեւ աշխատել:- Մեր պարագայում աշխատանքն ամենակարեւոր գործոնն է, որպեսզի կարողանանք պահել մեր ընտանիքը։ Մտածում եմ` ինչո՞ւ պետք է մեզ օգնեն, եթե արդեն չափահաս ենք։ Կյանքի բերումով ընդունում ենք այդ մեծ օգնությունը եւ շատ շնորհակալ ենք, բայց ուզում եմ կարողանանք ինքնուրույն հոգալ մեր ծախսերը։ Շատ եմ ուզում, որ մենք օգնենք մանկատան մյուս երեխաներին։ Միշտ երազում էի, որ մանկատնից դուրս գալուց հետո վերադառնամ մանկատուն մյուսներին օգնելու համար»։

 

Մանկատան երեխաների բնակեցման հարցը լուրջ խնդիր է։ Հատկապես բարդ իրավիճակում են տղաները, որոնք բանակից զորացրվելուց հետո գնալու տեղ չեն ունենում։

 

Նելլին եւ Արսենը Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Մանկատանն ամենամեծ վախն այն է, որ գիտես՝ 18 տարիդ լրանա, պիտի դուրս գաս այնտեղից, բայց չգիտես` ուր պիտի գնաս։ Խնդիրը լուրջ է թե՛ աղջիկների, թե՛ տղաների դեպքում»,- ասում է Արսենն ու հավելում, որ երբեմն գրանցման բացակայությունն էլ է լուրջ խնդիր ստեղծում։ Իր դեպքում այդ խնդիրը եղել է զորացրվելուց հետո։

 

«Կառավարությունը ծրագիր չունի բնակարաններով ապահովելու համար։ 2015 թվականին գրանցվել էի բնակարանի հերթի համար, իմ հերթը 700-ից ավելի մարդուց հետո պիտի հասնի։ Այդ հերթը չի էլ գալու։ Կամ, եթե հերթն էլ գալիս է, տանում, Մարալիկում տուն են տալիս, որտեղ ոչ աշխատանք կա, ոչ տրանսպորտ, որ գնաս աշխատանքի։ Ես գնամ Մարալիկում նստեմ, չաշխատեմ, ինձ ո՞վ է հաց բերելու։ Մենք դեմ չենք գյուղում ապրել, բայց պետք է նաեւ աշխատանքի հնարավորություն ունենաս։ Սպիտակում տներ են կառուցում, բայց աշխատանք չկա։ Հայաստանում նորմալ աշխատավարձը 60-70 հազար դրամ է, դա էլ ճանապարհի վրա ես ծախսելու ու գաս տանը սոված նստես»,- ասում է Արսենը։

 

Նա նկատում է, որ ինքը փողոցում չի հայտնվել, քանի որ ժամանակին հեռատես է եղել։ «Ես մի քիչ խելացի գտնվեցի։ Մանկատնից հետո  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը մեզ 300 հազար դրամ գումար էր տալիս։ Ես այդ գումարը չծախսեցի` հասկանալով, որ բանակից վերադառնալուց հետո ոչ գումար եմ ունենալու, ոչ էլ ապրելու տեղ»,- ասում է նա ու ավելացնում, որ զորացրվելուց հետո Աբովյանում մանկատան ընկերներից մեկի հետ վարձով են ապրել։ Վարձի գումարը կիսում էին` յուրաքանչյուրը 20 հազար դրամ էր վճարում։ 

 

Լուսանկարչությամբ զբաղվելը՝ երազանք

 

Արսենի համար երազանք է զբաղվել այն գործով, որն իրեն հաճելի է։ Հետաքրքրված է լուսանկարչությամբ, մտքեր ունի, թե ինչեր կարող էր անել, սակայն ֆոտոխցիկ չունի։ «Այդ աշխատանքի պահանջարկը մեր երկրում կա։ Տարիներ առաջ զբաղվել եմ լուսանկարչությամբ։ Մի տղա եկավ մանկատուն՝ մեզ լուսանկարչություն սովորեցնելու, 6 ամիս սովորեցի։ Շվեդիայում ծխելու թեմայով ֆոտոմրցույթ էր անցկացվում։ Ինձ առաջարկեց լուսանկարներ անել։ Դրանք ուղարկեցինք մրցույթին ու առաջին տեղը զբաղեցրինք»,- ոգեւորությամբ պատմում է նա, ապա հայտնում, որ կիսապրոֆեսիոնալ ֆոտոխցիկը 1000 դոլար է, չի կարող իրեն թույլ տալ, սակայն խաղալիք դրոն է գնել, սովորում է այն կառավարել, քանի որ լուսանկարիչների համար դրան տիրապետելը կարեւոր է։

 

Իր հանդեպ պահանջկոտ փրկարարը շեշտում է, որ կուզեր մանկության տարիներին մի ապտակ ավելի ստանալ, գուցե արդյունքում ավելիին հասներ. «Ես շատ կուզեի մի ուսուցիչ ինձ մի ապտակ ավել տար, բայց ես այսօր ավելիին հասնեի։ Ես մինչեւ 9-րդ դասարանը վատ եմ սովորել։ Միգուցե այդ ապտակը բերեր արդյունքի, որ ես, օրինակ, ավելի լավ աշխատանք ունենայի։ Մի քիչ վերաբերմունքի, մի քիչ դաստիարակության պակաս կա մեր մեջ»։

 

Պիտի ապացուցեմ, որ արժանի էի, որ մանկատան աշխատակիցներն ինձ մեծացրել են

 

Արսենը քնքշանքով ու երախտագիտությամբ է խոսում մանկատան դաստիարակների մասին. «Մարդիկ երեխայի հետ դրսում նստում, գումար են հավաքում։ Ես շատ շնորհակալ եմ պետական այն ծառայություններին, որոնք զբաղվում են մանկատան հարցերով։ Գուցե ես ապրեի ծնողերիս հետ եւ չլինեի այնպիսին, ինչպիսին կամ։ Գուցե ինձ էլ տանեին փող հավաքելու։ Իհարկե, մանկատանն էլ կան խնդիրներ, բայց առանց դրանց հնարավոր չէ, տարբեր ընտանիքների մարդիկ են հավաքված»։

 

Նելլին եւ Արսենը Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կյանքի տարբեր փուլերի դժվարությունները, Արսենի խոսքով, իրեն ավելի ուժեղ են դարձրել, ասում է, որ նպատակ ունի արդարացնելու այն մարդկանց ջանքերը, որոնք լումա են ունեցել իր դաստիարակության մեջ։

 

Խնդրեցի, որ ինձ որդեգրեն, սակայն ինձ տարան աշխատեցնելու

 

Իր ծնողներին ճանաչելու առիթ Արսենը չի ունեցել։ Պատմում է՝ 14 տարեկանում ծնողներին ճանաչելու ցանկություն է հայտնել, սակայն իրեն ասել են, որ հայրը մահացել է, մայրն էլ այլ կյանքով է ապրում. «Երբ ծնողական ժողովի ժամանակ քեզ համար մանկատան դասատուներն են գալիս, ավելի սուր ես զգում բացը։ Շատ էի ուզում հանդիպել ծնողներիս, բայց չստացվեց»։

 

Ընտանիքում ապրելու պատանեկան երազանքն Արսենին ստիպել է խնդրել, որ իրեն տան որդեգրության, սակայն ընտանիք գնալը պատկերացրածի ճիշտ հակառակն է ստացվել։

 

«Ես զգում էի ծնողի կարիք։ Մանկատան տնօրենին ասացի, որ ուզում եմ ինձ որդեգրության տան, եւ զգամ ընտանիքի ջերմությունը։ Ինձ որդեգրեցին, թեեւ ոչինչ այնպես չեղավ, ինչպես ես էի երազում։ Գիքորն իմ համեմատ շատ լավ է ապրել։ Հասկացա, որ այդ տարիքում ինձ որդեգրեցին աշխատեցնելու համար։ Օրենքով սահմանված ոչ մի կարգ չանցան։ Երեխային որդեգրության տալիս նայում են ընտանեկան պայմանները, ամուսնական կարգավիճակը, աշխատավարձի չափը, որպեսզի հասկանան` ինչո՞վ պետք է պահեն երեխային։ Կինը, որն ինձ որդեգրել էր, նախարարությունում ծանոթ ուներ։ Արդյունքում ինձ որդեգրեց մի կին, որը ոչ ամուսնացած էր, ոչ էլ աշխատում էր, հաշմանդամություն ուներ եւ միայն նպաստ էր ստանում։ Իր հետ նաեւ մայրն էր ապրում։ 14 տարեկանում կով էի կթում, նախիր էի տանում, որպեսզի ուրիշին փող չտան, անտառից փայտ էի բերում, վաճառում, բայց չգիտեի՝ այդ գումարն ուր է գնում, հետո աշխատանքի անցա  հացի փռում՝ 5000 դրամ օրավարձով, բայց խնամակալս պայմանավորվել էր, որպեսզի աշխատավարձն իրեն տան։ Ես միայն գնում, աշխատում էի։ Հետո տիրոջը խնդրեցի ասել, որ լավ չեմ աշխատում, 3000 դրամն իրեն տա, 2000-ը՝ ինձ»,- ասում է նա ու ավելացնում, որ մանկատանն էլ տարբեր աշխատանքներ են արել, աշխատանքի սովոր էր, բայց իրեն ընկճում էր փաստը, որ այդպես էլ չտեսավ ընտանեկան ջերմությունը։ 

 

Նելլին եւ Արսենը Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Այդ ամենը շատ ազդեց ինձ վրա։ Ինձ մի քիչ խեղճացրեց այն, որ չստացա այն, ինչ երազում էի։ Ես չհասա նրան, ինչի կարիքն ունեի։ Ոստիկանությունից գալիս էին վերահսկողության, բայց իր ծանոթներն էին, սուրճ էին խմում, գնում։ Վեճերն արդեն շատ էին, 2 տարի այնտեղ ապրելուց հետո զանգեցի մանկատուն եւ տնօրենին ասացի, որ ուզում եմ վերադառնալ, հարցրի` ինչպե՞ս է հրաժարման կարգը, ասաց` իրերդ հավաքիր ու վաղը վերադարձիր մանկատուն»,- պատմում է նա։

 

Ժամանակի հետ հարմարվեցի մայրիկիս բացակայությանը 

 

Նելլին մանկատանն է հայտնվել մայրիկի մահից հետո։ «2004-ին մայրս մահացավ, տատիկս մեզ տարավ մանկատուն։ Այնտեղ մեզ տվել են շատ մեծ ջերմություն։ Երբ տեղափոխվեցի մանկատուն, շատ բան չէի հասկանում, ուղղակի ծանր էի տանում մայրիկիս մահը։ Ես չարաճճի եմ եղել, սակայն մայրիկիս ամեն բառն ինձ համար օրենք էր։ Ժամանակի հետ հարմարվեցի մայրիկիս բացակայությանը, դրան նպաստեց ավագ քրոջս ներկայությունը, որովհետեւ մայրիկիս ներկայությունն իր հետ էի ասոցացնում»,- հիշում է նա, ապա նկատում, որ մանկատանն ապրելու տարիներին չէր բարդույթավորվում արտաքին միջավայրի ազդեցությունից։ Դպրոցում իրենք մեծամասնություն էին եւ սատարում էին իրար։ 

 

Ընտանեկան ջերմության պակասը

 

Ընտանեկան ջերմություն ունենալու երազանքից 22-ամյա Արսենը համառորեն չհրաժարվեց։ Հիմա ունի սեփական ընտանիքը։ Մոտ մեկ տարի է, ինչ ամուսնացել է Նելլիի հետ, բալիկի են սպասում, որը լույս աշխարհ կգա մայիսին։ 

 

«Ես շուտ ամուսնացա՝ 21 տարեկանում, որովհետեւ չէի ուզում իմ կյանքն անիմաստ անցկացնել` աշխատել, երեկոյան գնալ տուն, որտեղ մենակ եմ։ Ուզում էի ստեղծել իմ ընտանիքն ու հասկանալ՝ ինչ է դա»,- պատմում է նա։

 

Կինը` Նելլին, Վանաձորի մանկատան սան է։ Մանկատնից հետո եղել է «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում, որն աղջիկների համար կարեւոր  նշանակության հարթակ է դառնում։ Նելլին էլ ասում է, որ «Մեր տունն» իր համար ընտանիք էր, իսկ հիմա արդեն Արսենի հետ ունեն իրենց ընտանիքը։

 

Նելլին եւ Արսենը Նելլին եւ Արսենը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ժամանակին Նելլին չէր պատկերացնում, որ Արսենի հետ է ընտանիք կազմելու։ Հիշում է, որ Վանաձորում այդքան էլ լավ հարաբերություններ չուներ նրա հետ։ «Ես բնավորությամբ ավելի իշխող եմ։ Շատերի կարծիքով սառն եմ, իրականում, եթե մարդն ինձ դուր եկավ, իր համար ամեն ինչ կանեմ։ Մեր դեպքում շփումն էր պակասում, որպեսզի իրար ավելի լավ ճանաչեինք։ Ես չէի ուզում իր հետ շփվել, սակայն մանկատնից հետո Ակադեմիայում հանդիպեցինք, ու հարաբերությունները փոխվեցին»,- ասում է Նելլին: Արսենն էլ մտաբերում է ճակատագրական դարձած երկրորդ հանդիպումը. «Բանակից վերադառնալուց հետո  Ակադեմիա էի գնացել, որտեղ հանդիպեցինք։ Սկզբում մտածում էի՝ մոտենամ, չորելու է, բայց մի օր որոշեցի գրել, ու այդ օրվանից ամեն ինչ սկսվեց»։

 

Իմ երեխան կունենա այն, ինչից ես զրկված եմ եղել

 

Մայիսին կծնվի Արսենի ու Նելլիի առաջնեկը։ Երջանկության զգացողությանը հաջորդում է պատասխանատվության զգացումը։ Արսենն անկեղծանում է` բարդ է, բայց դա նշանակություն չունի։ «Հայր դառնալն ավելի մեծ պատասխանատվություն է, բայց ես պատրաստ եմ դրան ու գիտեմ, որ կարող եմ ամեն բան անել։ Վախի զգացողություն էլ կա, բայց դրան ուշադրություն չեմ դարձնում։ Այն սերը, որ կա իմ մեջ, ինձ ավելի մեծ ուժ է տալիս»,- ասում է Արսենը, իսկ Նելլին էլ հավելում է, որ վախի, պատասխանատվության ու երջանկության զգացողությունները միախառնված են։

 

«Չեմ թողնի, որ իմ երեխան թեկուզ մի րոպե երազի այն մասին, ինչ ես չեմ տեսել իմ կյանքում ու երազել եմ ունենալ,- շեշտում է ապագա մայրիկն ու ավելացնում,- ես չեմ տեսել կենսաբանական ծնողի սերն ու ջերմությունը, բայց այդ ամենը պատրաստվում եմ տալ իմ բալիկին։ Այն, ինչի կարիքն ունեցել եմ փոքր ժամանակ, պատրաստ եմ ու պարտավոր եմ տալու իմ երեխային»։

 

Ամալյա Հովհաննիսյան



Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին