Վազգեն Առաջինի սթափության կոչը. նկարագրով շահվող հաղթանակներ - Mediamax.am

3117 դիտում

Վազգեն Առաջինի սթափության կոչը. նկարագրով շահվող հաղթանակներ


Վազգեն Առաջինը
Վազգեն Առաջինը

Լուսանկարը` Sputnik/Բորիս Կաուֆման

Լուսանկարը` «Վերնատուն»

Վազգեն Առաջինը
Վազգեն Առաջինը
Վազգեն Առաջինն ու Վազգեն Մանուկյանը
Վազգեն Առաջինն ու Վազգեն Մանուկյանը

Լուսանկարը` Վազգեն Մանուկյանի արխիվից

Վազգեն Առաջինը
Վազգեն Առաջինը

«Մեծ կարեւորություն ունի ժողովրդի կյանքի համար նկարագրի կազմությունը։ Որովհետեւ թե՛ արվեստում, թե՛ գիտության ու տնտեսության մեջ, ինչպես պատերազմի դաշտում, հաղթանակները նկարագրով են շահվում»։

«Վերնատուն» հրատարակչությունը «Անհատներ» մատենաշարով լույս է ընծայել Վազգեն Առաջինի հոդվածների, քննախոսությունների, հուշերի, խորհրդածումների ընտրանին։ Կազմել եւ արեւմտահայերենից փոխադրել է Արմեն Սարգսյանը։

Լուսանկարը` «Վերնատուն»


Վազգեն Առաջինը Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ կաթողիկոսն էր։ Գահակալել է 1955-ից մինչեւ 1994 թվականը։ Հայագետ էր, Հայաստանի Ազգային հերոս։ Օրհնել է Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումը։ Գիրքը թերթելիս ակամա հիշում ես Վեհափառի հայտնի լուսանկարը, որ տեղ էր գտնում մեր հայրենակիցներից շատերի բնակարաններում։ Դասագիրք՝ լավ իմաստով, ոչ վաղ անցյալի վերարժեւորում, բացահայտումներ, մի փոքր նոստալգիա ու հարց, որ ուղեկցում է ընթերցանության սկզբից մինչեւ վերջ՝ ի՞նչ նկարագիր կունենա մեր հիմա-ն։

Վեհափառի մասին

Գրիգոր Խանջյանը արձանագրում է («Էջմիածին» ամսագիր, 1994), որ մեր սիրելի Հայրապետը կարողացել է ի մի բերել հայրենի հողի վրա ցաքուցրիվ Հայ Եկեղեցու հարստությունը եւ հայրենի հող վերադարձնել բազմաթիվ գանձեր՝ մատյան, տպագիր գիրք, փաստաթուղթ, մասունք։ Խորհրդային վարչակազմի ընտրյալներն անգամ «ծածուկ» դարձել են նրա հարգող ու օգնող գործակիցներ։ Սիլվա Կապուտիկյանը «Ցավի ներուժությունը» հոդվածում ընդգծում է.

«Հարկավոր էր լինել Վազգեն Կաթողիկոս, որպեսզի կարողանար աստվածամերժ գաղափարաբանությամբ երկրում՝ պետության հսկող աչքի առաջ, կառուցել նոր եկեղեցի՝ Սուրբ Սարգիսը՝ երեւի միակ քրիստոնեական նորակառույցը Խորհրդային միության տարածքում։ Հարկավոր էր լինել Վազգեն Կաթողիկոս, որպեսզի եկեղեցի կառուցեր նաեւ մարդկանց հոգիներում, այն հոգիներում, որ դեռ մանկուց լցված էին զանազան իզմերով, ուր առաջնային էին նյութը, իրեղենությունը»։
Վազգեն Առաջինը Վազգեն Առաջինը


 «...Ի՜նչ շիտակ, պայծառամիտ ու անվեհեր մարդ էր, ի՜նչ մեծ հայ էր, ի ծնե՝ ի՜նչ ավագ ու տեր էր․ իր արթուն կենդանությամբ կարող էիր գլուխդ անվրդով բարձին դնել՝ միամիտ, որ տանդ տակով ջուր չի գնալու, եւ գլխիդ դավադիր սուր չի խաղալու»։ Հրանտ Մաթեւոսյանի բնորոշումն է։

Վեհափառի խորհրդածումներն ու հոդվածները

«Մարդուն դարձնել ավելի ազատ, ավելի արդար ու ավելի բարի. ահա մեծագույն հեղափոխությունը, որ կարելի է երեւակայել»։ Վազգեն Առաջինն իր «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում ներկայացնում ու մեկնաբանում է Խրիմյան Հայրիկի դաստիարակչական ու հասարակական-բարենորոգչական մտքերը։ Ընդգրկուն են հարցերը, որոնց անդրադառնում է՝ համայնքի ըմբռնում, ազատություն ու կարգապահություն, կնոջ դաստիարակություն ու իրավահավասարություն, բնապաշտություն, երկրագործություն, գիտություն, կրթություն, իշխանություն-հասարակություն փոխհարաբերություն:Վազգեն Առաջինը նրան համարում է իրապաշտ ու առաջադեմ պահպանողապաշտ, իսկ ամեն ինչից առավել ու վեր՝ հայ ժողովրդի մեծ դաստիարակ։ Ու պարզում ես, որ դաստիարակչական գործը միայն երեխաների համար չէ, ավելին՝ երեխայության շրջանից անդին է, նրա նպատակն է հասուն մարդկանց հասարակությունը բարեփոխելը։ Մահն ու անմահության գաղտնիքն է անգամ յուրահատուկ բացատրություն ստանում. երկնքի արքայությունը գյուղ է, հող է, արտ է, վար ու ցան է, մեռնել ասելը վերանալ չէ, ընդհակառակը, նշանակում է վերջնական միացում հողին, գյուղին, ուր հանգչում են բոլոր պապերդ։ Որովհետեւ հողն է բուն հարստությունը, իսկ միակ ազնվականությունը աշխատանքի ազնվականությունն է:
Վազգեն Առաջինը Վազգեն Առաջինը


«Երեւանն իմ տունն է» «Երևան ես եմ»․ մեզ ծանոթ երգերի պես է հնչում Վազգեն Առաջինի «Հայրենի արեւի տակ» ուղեգրությունը։ «Երեւա՜ն, իրականացած երազ», նույնն է թե՝ «կա՛նգ առ, վայրկյա՛ն, դու այնքա՜ն գեղեցիկ ես»։ Տեսնում ես հիացմունքը, հպարտությունն ու անդառնալի կերպարանափոխությունը հայրենի քաղաքի։ Գրում է՝ Երեւանը ոճ ունի, իր սեփական ոճը, ունի յուրահատուկ համաչափություն եւ ներդաշնակություն, ունի գույն եւ ուրույն մթնոլորտ, տիրող գույներն են՝ մոխրագույնը, վարդագույնը, դեղինն ու կարմիրը, մանուշակագույնը եւ բեժը։ Այստեղ կերտվում են նոր մարդիկ, նոր հայեր։ «Երեւանում մարդիկ առանձին չեն․ ամեն մեկի կյանքը իր կյանքով չի սկսում եւ ոչ էլ իրենով վերջանում։ Անհատի կյանքը շաղախվում է հավաքական կյանքի հետ եւ այնտեղ՝ ժողովրդի կյանքում ապրում հավիտյան»։ Հեղինակը չի մոռացել անդրադառնալ նաեւ գրավաճառատներին, որոնք աչք են զարնում իրենց թվով ու վայելուչ շքեղությամբ։ «Գիրքը այստեղ տաք հացի նման բան է։ Որոշ գրքեր հազարավոր օրինակներով սպառվում են մի քանի ժամում։ Այդպես են վաճառվում, օրինակ, Ավետիք Իսահակյանի եւ Դերենիկ Դեմիրճյանի գրքերը»։
Վազգեն Առաջինն ու Վազգեն Մանուկյանը Վազգեն Առաջինն ու Վազգեն Մանուկյանը

Լուսանկարը` Վազգեն Մանուկյանի արխիվից


Այսօրվա ընթերցողը ժամանակի հետ առաջ է շարժվել, գիտի, որ հետո գալու էր «մութն ու ցուրտը», բայց այդ «մութն ու ցուրտն» էլ նկարագիր էր ունենալու։ Փակվող ու բացվող գրախանութներ էր տեսնելու։ Հին ու նոր Երեւանը։ Մեր ժամանակի գույներն ու տրամադրություններն էր տեսնելու... անորոշ, դեռ նկարագիր չունեցող, դեռ կերտվող։

Հայրապետի խոհագրությունը կարեւոր հանգրվաններ ունի․ «Հայը իմ հայրենիքում չի կորսվի», «Առանց հայրենի կենդանի իրականության սփյուռքն ունայնություն է», «Փրկության լաստը ներսից է գալու»։

Արցախի խնդրին է անդրադառնում. «Արցախի ցավը լոկ մեր ազգի ցավը չէ, այլ աշխարհի ցավը, որի դեմ մաքառում է մեր ազգը գրեթե մեն-մենակ»։ Ամեն գնով ազատ ապրելու վսեմ փորձության մասին է խոսում։ Փակում ես գիրքը, վերնագիրը յուրովի ամփոփում է ասելիքն ու ուղղորդում. «Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ»։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին