Առաջին «կա»-ից մինչեւ «քանի դեռ կա»-ն. Զորայր Խալափյանի «Մեռնող հառնող» վեպը - Mediamax.am

2706 դիտում

Առաջին «կա»-ից մինչեւ «քանի դեռ կա»-ն. Զորայր Խալափյանի «Մեռնող հառնող» վեպը


Զորայր Խալափյանը՝ ընտանիքի հետ
Զորայր Խալափյանը՝ ընտանիքի հետ
Զորայր Խալափյանը
Զորայր Խալափյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Զորայր եւ Թեմիկ Խալափյանները
Զորայր եւ Թեմիկ Խալափյանները
Զորայր Խալափյանը կնոջ՝ Աիդայի, եւ որդիների՝ Արամի, Տիգրանի եւ Հայկի հետ
Զորայր Խալափյանը կնոջ՝ Աիդայի, եւ որդիների՝ Արամի, Տիգրանի եւ Հայկի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Թեմիկ Խալափյանը
Թեմիկ Խալափյանը

Լուսանկարը` Անտարես


«Երբ կար ամենը՝ ոչինչ չկար, քանի չկար տեսնողը։ Երկինք երկնեց, երկիրը երկնեց, եւ ծովից ելան բոլոր տեսնողները։ Դարձյալ ոչինչ չկար, քանի չկար «կա» ասողը»։

«Դարձյալ քայլում էր ու խորհում․ մի՞թե այս լեռները պտի մնան միայն, այս առվակի ջուրը, այս երկինքը։ Իսկ մարդը, որ իմաստ է տալիս ամեն ինչին, ոչ, չի մնում․ նրա խոսքը, միտքը, սերը, լեզուն, որ բնության ամենագեղեցիկներն են»։

«Թերեւս հայ բանահավաքները, ճարտարապետները, հնագետները մի մութ նախազգացում ունեին, որ երկիրը պետք է կորսվի։ Տեսեք ինչ մանրամասնությամբ են նկարագրում ամեն եկեղեցի, ամեն ճանապարհ, գյուղ, քաղաք, մեծ ու փոքր ավաններ, սարեր, ձորեր, լճեր։ Կարծես գիտեին, որ այդ ամենը միայն թղթի վրա պիտի մնա։ Երկիրը կորսվեց, մնաց նկարագիրը»։

Զորայր Խալափյանը (1933-2008) իր «Մեռնող հառնող» (1975) վեպում պատկերում է՝ ինչպես է ժողովրդի բանավոր խոսքը՝ առաջին «կա»-ից մինչեւ այսօրվա «քանի դեռ կա»-ն գրվում ու պահվում մատյաններում։ Գիրքն ընթերցողին է ներկայացնում «Անտարես» հրատարակչությունը։ Բանահավաքների գործունեությունն ու այդ գործունեության արդյունքում ամբարված հարստությունը գեղարվեստականացնելու համար Զորայր Խալափյանը 2,5 տարի Հայաստանի ազգային ակադեմիայի բանահավաքների հետ շրջել է հայաստանյան բնակավայրերում։

Թեմիկ Խալափյանը Թեմիկ Խալափյանը


Վեպը ծնվել է երկարատեւ աշխատանքի արդյունքում։ Գրողի եղբայրը՝ դիզայներ Թեմիկ Խալափյանը, Մեդիամաքսի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել։

- Զորայրը սովետական գրող չէր։ Դեռ վեց-յոթ տարեկանում էր զգացվում. չափածո ֆելիետոններ էր գրում Ստալինի մասին, քաղաքական գործիչների, համագյուղացիների։ Գյուղացիները (Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը) նրա շատ գրվածքներ անգիր գիտեին։ Չնայած մեր գյուղացիները բոլորն էլ սրամիտ մարդիկ էին, միմյանց հետ հանգերով էին խոսում, ու եթե անմիջապես չէիր պատասխանում, ուրեմն պարտվել ես՝ օղիով, գինով պետք է տակից դուրս գաս։ Բայց մեկ է՝ մի քանի օրից, թե ամսից պատասխանը պիտի տաս։

- Գրքի հերոսները նախատի՞պ ունեն։

- Արուսյակի նախատիպը հայտնի բանահավաք Արուսյակ Սահակյանն է։ Տիրայրը նույնպես նախատիպ ունի։ Աճառյանի մասին, օրինակ, գրում է՝ չնշելով անունը։ Հերոսներից շատերը հավաքական կերպարներ են։

- Տավրոսը զրուցում է անծանոթների հետ, հասկանում կենդանիների լեզուն։ Ասում է՝ այնքան եմ լսել զանազան պատմություններ, այնքան է ամեն ինչ խառնվել իրար, որ չգիտեմ՝ ումից եմ լսել, լսել եմ, թե՞ տեսել, պատմել են, թե՞ ամեն ինչ կատարվել է աչքիս առաջ։ Նա ազատ բանահավա՞ք է, առասպելական կերպա՞ր, գուցե կերպավորում է հեղինակի՞ն։

-Շատ բաներում Տավրոսը նման էր եղբորս։ Զորայրը, երբ գյուղ էր գալիս, զրուցում էր բոլորի հետ, պատմություն էր հավաքում, ես էլ էի իրեն պատմում էի լսածներս։ Գիտեի, որ հենց այնպես չէր հարցեր տալիս։ Զորայրը Րաֆֆու պես բծախնդիր էր ամեն ինչում, մինչեւ ուղն ու ծուծով եղելությունը չպարզեր՝ եղել է, չի եղել, թղթին չէր հանձնի։
Զորայր Խալափյանը կնոջ՝ Աիդայի, եւ որդիների՝ Արամի, Տիգրանի եւ Հայկի հետ Զորայր Խալափյանը կնոջ՝ Աիդայի, եւ որդիների՝ Արամի, Տիգրանի եւ Հայկի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Մի էպիզոդ պատմեմ, ինքներդ ենթադրություն արեք։ Զորայրի հետ հրացանով անտառ էինք գնում, ինձ դիպուկ կրակել էր սովորեցնում։ Մի անգամ էլ ասաց՝ դպրոց ես գնալու, արի՛ այբուբենի տառերը հավաքենք, որ սովորես, գնաս դպրոց, հեշտ լինի։ Սկսեց չորացած ճյուղերը հավաքել, ասում էր՝ սա «ա»-ն է, սա «բ»-ն, այդպես երկու-երեք օրում հայերենի այբուբենը հավաքեցինք։ Հետո, որ գնացի դպրոց, ուսուցիչը ներկայացրեց մեսրոպյան տառերի պատմությունը, ասացի՝ Մեսրոպ Մաշտոցը մեր անտառից է հավաքել տառերը, ուսուցիչը թե՝ ո՞նց, ասացի՝ հենա մեր պատի տակ դրված է։ Ուսուցիչն ասեց՝ դե՛ վաղը կբերես։ Հաջորդ օրը գրկած տարա տառերը, փռեցի գետնին։

Գրքում նմանատիպ պատմություն կա․Տավրոսը Մրջյունիկի համար ցախեր է հավաքում հայկական տառերի նմանությամբ։

-Ավելյաց գյուղում անուն են դրել ամեն փոս ու ձորի, քարերին ու ծառերին անգամ, ճանապարհներին, ճանապարհների հատվածներին։ Ինչո՞ւ են հորինվել այդ անունները։

-Մեր գյուղում ամեն բան իր անունն ուներ, ժողովուրդն էր դնում, որ մեկի էծը կորի հանդում, ասես՝ Զալունց ձորում է, անուն չլինի՞, որ իմանան ուր է։ Այդպես էլ ասվում է գրքում. «Որ գնաս՝ իմանաս ուր ես գնում։ Գաս՝ պատմես որտեղից եկար։ Մեկին ուղարկելու լինես, թե քո կորած կովը տեսա՝ որտեղ տեսա»։

-Սակայն հիմնականում չի նշվում, որ բնակավայրերից են բանահավաքները պատմություններ հավաքում։

-Ընդհանրացված է, եթե առանձին-առանձին նշեր, հաստափոր գիրք կլիներ։ Բացի այդ, անձնական դրվագներ կան, ընտանեկան հարաբերություններ։ Ամեն մեկը մի առանձին պատմություն է։ Լիրիկական նկարագրություններ կան, որ շատ գեղեցիկ են։

-Ի՞նչ արձագանք է գտել գիրքն իր ժամանակին։

-Դրամատիկական թատրոնի դիմացի սրճարանում նստած էինք Արա Վահունու, Վլադիմիր Մսրյանի հետ։ Պերճ Զեյթունցյանը դուրս եկավ թատրոնից, միացավ մեր սեղանին։ Խոսում էինք թատրոնից, կինոյից, գրականությունից, երբ Զեյթունցյանն իմացավ, որ Զորայրի եղբայրն եմ, ասաց՝ գիտե՞ս եղբայրդ ով է․ Զորայրը մեր գրականության արձակը 70-ականներից իր ուսերին տանող գրող է։

Լուսանկարը` Անտարես


Այսօր էլ կան գրողներ, որ ասում են՝ դրա նման վեպ չի գրվել, բայց միշտ ստվերում են պահել։ Նա տարբերվում էր իր մտածելակերպով։ Նրա «Օրորոցային» պիեսը բեմադրվեց Մոսկվայում, ԽՍՀՄ հանրապետություններում, սոցիալիստական երկրներում, նաեւ մեզ մոտ։ Գրեթե բոլոր բեմադրիչները պետական մրցանակներ ստացան, բացի Զորայրից։ Իսկ «Գիգին ղեկի մոտ» պատմվածքը հրապարակելու համար հրատարակչին հեռացրել էին աշխատանքից։ Զորայրն ինքն իր մասին ասել է՝ ինձ չեն սիրել, ինձ չեն սիրում եւ չեն էլ սիրելու, որպեսզի մարդուն սիրեն, մարդու մեջ պիտի ամբոխային ինչ-որ բան լինի, իսկ ես դա չունեմ։

-Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր մարդ աստծո» վեպն ու «Թթենին» պատմվածքը էկրանավորվել են։ «Մեռնող հառնողը» ուշադրության չի՞ արժանացել այդ առումով։

- Փարաջանովը ցանկություն էր հայտնել նկարահանել «Մեռնող հառնողը», սակայն թույլ չէին տվել։ Եղբորս համոզում էին, որ փոփոխություն անի, որոշ բաներ հանի ու քանի որ գիրքը մեր երկրի ծագումնաբանությունից հասնում է մինչեւ մեր օրերը, գրի նաեւ Խորհրդային Միության մասին։ Զորայրն ասաց՝ ես 2.5 տարի՝ օր ու գիշեր բառ առ բառ հավաքել եմ այդ պատմությունները, գիրք եմ գրել մեր ինքնության մասին, ստորակետ անգամ չեմ փոխի։ Վստահ եմ, որ եթե նկարահանվեր, կլիներ շատ ավելի հզոր ֆիլմ, քան «Մոռացված նախնիների ստվերները»։

-Գրքի բնաբանը Դուրյանի խոսքերն են․ «Պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս…»։ Կարծում եմ՝ այսօր ավելի արդիական են եւ՛ այս տողերը, եւ՛ գիրքը։

 -Ազգային ինքնության մասին է խոսքը։ Խորհրդային տարիներին պատմագիտական աշխատություններում ինչքան նսեմացնում էին երկրիդ պատմությունը, այնքան բարձր կոչումներ էին ստանում։ Դրա մասին էլ է ակնարկում գրքում։
Զորայր Խալափյանը Զորայր Խալափյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Ես ուզում էի այս վեպը հրատարակել այնպես, որ գրպանի գիրք դառնա, «Նոր կտակարանի» պես անընդհատ կարդան, իմանան, թե մեր ակունքերը որտեղից են գալիս, ով են իրենք։

-«Մեռնող հառնողին» ի՞նչ գիրք է հաջորդելու։ Անտիպների սպասե՞նք։

- Առանձին գրքով հրատարակել եմ անտիպները՝ պատմվածքներ էին, գրականագիտական ուսումնասիրություններ։ Ձեռագրերի վրա շատ երկար եմ աշխատել, պատահել է ողջ գիշեր չեմ քնել՝ մտածելով ինչ բառ կարող էր օգտագործած լինել։ Նա բացառիկ լեզվամտածողություն ուներ։ Բառեր կան, որ անգամ բառարաններում չես գտնում։ Մեքենագրած գործերի պարագան ավելի հեշտ է։ Ձեռագրերը քիչ-քիչ հավաքում եմ։ «Անտարես» հրատարակչությունը հաջորդաբար տպագրում է Զորայրի գրքերը, առաջիկայում կներկայացնեն «Վասիլ Մեծը»։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին