Սարամագուի «Մահվան ընդհատումները» եւ երջանիկ ապրելու պատրանքը - Mediamax.am

exclusive
2061 դիտում

Սարամագուի «Մահվան ընդհատումները» եւ երջանիկ ապրելու պատրանքը


Ժոզե Սարամագուն 2008 թվականին
Ժոզե Սարամագուն 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ժոզե Սարամագուն
Ժոզե Սարամագուն

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»

Դավիթ Սամվելյանը
Դավիթ Սամվելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Արդեն ցերեկվա ուշ ժամ էր, երբ սկսեցին լուրեր տարածել, որ տարեմուտից ի վեր, ավելի ճիշտ, հունվարի մեկի զրո ժամից, ամբողջ երկրում մահվան գոնե մեկ դեպք չէր եղել»։

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Սարամագուի «Մահվան ընդհատումները» վեպում (2005) մահն անսպասելիորեն դադարեցնում է իր գործունեությունը։

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Պորտուգալերենից թարգմանել է Լուսինե Բրուտյանը։ «Գրքի վերնագիրը հետաքրքիր բառախաղ է, որ Ժոզե Սարամագուն ստեղծել է մահ (morte) եւ սեր (amor) բառերի միջեւ։ Չնայած գրողն այն հղացել է անկախաբար, ստեղծագործության ամենասկզբում, սակայն «մահվան ընդհատումները» հեռավոր կապի մեջ է մտնում Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» ստեղծագործության մեջ հիշատակված «Սիրո ընդհատումներ» հասկացության հետ»,- գրքի առաջաբանում նշում է թարգմանիչը։

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»


Թե ինչու, կարող ենք հասկանալ՝ հասնելով պատումի վերջին։ Իսկ մինչ այդ՝ «անմահների» երկրում ստեղծվում է քաղաքացիական շարժում, որը խորապես հավատացած էր, թե անցյալում այնքան մարդկանց անտեղի վախճանը պայմանավորված էր նախորդ սերունդների կամքի դատապարտելի թուլությամբ։ Բայց քանի որ պորտուգալացի գրողի վեպում մարդիկ շարունակում էին չմահանալ առանց որեւէ նկատելի ջանք գործադրելու, ավելի հավակնոտ հեռանկարային տեսլականով օժտված մեկ այլ ժողովրդական զանգվածային շարժում հայտարարում էր, որ մարդկության մշտնջենական երազանքը՝ երկրի երեսին հարատեւ երջանիկ ապրելը, բավարար էր բոլորի համար, ինչպես ամեն օր ծագող արեւը եւ օդը, որ շնչում ենք։

Գրքի խմբագիր Դավիթ Սամվելյանի կարծիքով՝ Սարամագուն կարող էր գրել իր վեպի առաջին նախադասությունը՝ «Հաջորդ օրը ոչ ոք չմահացավ», եւ էլ չշարունակել. «Առաջին հայացքից իրականացավ մարդկության ամենամեծ երազանքը՝ անմահանալը, բայց հեղինակը գրողական վարպետությամբ ցույց է տալիս, որ մարդն ինչ-որ բան ցանկանալով՝ միշտ չէ, որ գիտակցում է հետեւանքը։ Բնության մեջ կան օրինաչափություններ, որ միլիմետրերով փոխկապակցված են ու երբ խախտվում են, եթե նույնիսկ առաջին հայացքից դրական է թվում, ամբողջ աշխարհակարգը խախտվում է»։
Դավիթ Սամվելյանը Դավիթ Սամվելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Սարամագուն պատկերում է՝ ինչպես են իրար խառնվում հասարակական բոլոր օղակները՝ կառավարությունը, լրատվամիջոցները, թաղման բյուրոները, ապահովագրական ընկերությունները, եկեղեցին… Փոխվում են հասարակության պահանջները, առաջնահերթություններն ու սկզբունքները։ Մահվան բացակայության դեպքում մահանալը՝ կնշանակեր հաղթանակ տանել մահվան նկատմամբ։ Այսպես է մտածում վիրահատության պատրաստվող կարդինալը։ Անօրինական կազմակերպություններն օգնում են մարդկանց երկրի սահմանից դուրս մահ գտնել։ Եվ քանի որ շատերն իրենք էին ցանկանում մեռնել, մահվան վկայականում՝ որպես մահվան պատճառ գրանցվելու էր ինքնասպանություն։

Դավիթ Սամվելյանը կարեւոր դիտարկում է անում. «Սովորաբար մարդիկ ուզում են, որ իրենց ծնողները, հարազատները երկար ապրեն, այստեղ, երբ մեռնելու հնարավորություն չկա, մարդիկ ելք են փնտրում նրանց կյանքին վերջ տալու համար։ Լուսանցքում չի մնում նաեւ մարդկությանը մշտապես հուզող Էֆթանազիայի խնդիրը։ Եվ պատահական չէ Սարամագուի դիտարկումը՝ «մահն ինքնին, միայնակ, առանց արտաքին օգնության միշտ ավելի քիչ է սպանել, քան մարդ արարածը»»։

Հեգնո՞ւմ է արդյոք հեղինակը, երբ ցույց է տալիս եկեղեցականների մտահոգությունը՝ առանց մահ չկա հարություն, իսկ առանց հարություն չկա եկեղեցի։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Դավիթ Սամվելյանը նկատում է, որ քրիստոնեությունը հիմնված է Քրիստոսի հարության վրա, եթե Քրիստոսի հարությունը չլիներ, քրիստոնեությունը չէր լինի, իսկ եկեղեցին որպես կառույց, բնականաբար, կորցնում է իմաստը․

«Հեգնանք գուցե կա Սարամագուի գրելաոճում, բայց երբեմն մարդիկ այնքան են իրականությունից հեռանում, որ հեգնանքն է փրկում իրավիճակը։ Այս գործի մեծությունը դրանում է. հեղինակը, մահվան վերացումը միայն աստվածաբանորեն չի քննարկում, շոշափում է համընդհանուր խնդիրներ, նաեւ իր ժամանակի խնդիրները, երբ մայրցամաքում, սեկուլյարիզացիայի (աշխարհիկացման) գործընթացով պայմանավորված, եկեղեցու՝ հասարակական կյանքում ունեցած ազդեցությունն ու դերը աստիճանաբար նվազում էր։ Եվ ընդհանրապես, այդ շրջանի գրողները բոլորն էլ անդրադառնում են երկրի քաղաքական ներքին կյանքին, հեղափոխություններին, դրա հետեւանքով ձեւավորվող բարքերին»։

Իսկ ահա «հայրենասիրական տենդն» ու «հայրենիքի անմահ դրոշները տան պատուհանից կախելու» նախաձեռնություններն ընդհուպ մեր իրականությունն են հիշեցնում, եւ հատուկենտ մարդիկ են շշուկով կես բերան ասում, որ հայրենիքի խորհրդանիշների հանդեպ անբնական պատկառանքը վերածվելու է ծաղրանքի։

«Դրանք հավերժական խնդիրներ են, մարդկային ոգեւորությունը երբեմն շատ ավելի մեծ է, քան իրականում պետք է լինի, հետեւանքների մասին չեն մտածում։ Նույն կերպ մարդիկ ոգեւորվում են, երբ մահը նահանջում է, բայց երբ բախվում են իրական խնդիրների հետ, արդեն զղջում են, հետ են նայում, ուզում են վերականգնեն այն, ինչ եղել է մինչ այդ։ Բոլոր հասարակություններին բնորոշ է, մեզ՝ առավել եւս։ Մարդիկ կան, որ մինչ օրս ասում են՝ սովետի ժամանակ շատ լավ էր։ Բայց 90-ականներին բոլորը անկախություն էին ուզում եւ դրոշակներն էլ, այո, կախել էին պատուհանից»,- ասում է մեր զրուցակիցը։
Ժոզե Սարամագուն Ժոզե Սարամագուն


«Մահը վերադարձավ անկողին, գրկախառնվեց տղամարդու հետ եւ չհասկացավ՝ ինչ է իր հետ կատարվում, քանի որ երբեք չէր քնում, զգաց, որ քունը մեղմորեն իջնում է կոպերի վրա»։ Գիրքը նոր զարգացումներ, մահվան նոր փոխակերպումներ է առաջ քաշում եւ ավարտվում է նույն նախադասությամբ, որով սկսվել էր․ «Հաջորդ օրը ոչ ոք չմահացավ»։ Դավիթ Սամվելյանը յուրովի է մեկնաբանում գրքի ավարտը, ըստ նրա՝ սերը հաղթում է ամեն ինչին, անգամ մահվանը, նկատում է նաեւ, որ հեղինակը մահ բառը երկու ձեւով է գործածում․ մահին եւ մահվան․ մի դեպքում անձնավորված, մյուսում՝ որպես իրողություն։

Հավելենք, որ Սարամագուն վեպում ուղղակի եւ անուղղակի խոսքը միահյուսել է՝ անտեսելով շարահյուսական կանոնները։ Ուրիշի ուղղակի խոսքը մնացյալից անջատվում է ստորակետով ու սկսում մեծատառով, իսկ հատուկ անունները փոքրատառով են։ Կարող ենք փաստել, որ Սարամագուի այս հնարքն ավելի դյուրացրել ու սահուն է դարձրել վեպի ընթերցանությունը։ Գրելու այդ յուրահատուկ ոճը պայմանականորեն կոչվում է «սարամագյան ոճ»։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին