«Արեւամուտի ներքո». բարու եւ չարի տարբերությունը «Դրակուլայի» հեղինակի պատմվածքներում - Mediamax.am

exclusive
1857 դիտում

«Արեւամուտի ներքո». բարու եւ չարի տարբերությունը «Դրակուլայի» հեղինակի պատմվածքներում


Լուսանկարը` Tom Lantaff

Բրամ Սթոքերը 1906 թվականին
Բրամ Սթոքերը 1906 թվականին
Հեղինե Ալելքսանյանը
Հեղինե Ալելքսանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Արեւամուտի ներքո
Արեւամուտի ներքո

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»


Արեւամուտն այն բացառիկ պահերից է, երբ արեւը հատում է հորիզոնն ու տեսնում ենք օրը բաժանող երեւույթը․ այդ պահին միախառնվում են երկնքի եւ երկրի, գիշերվա ու ցերեկվա, երազի ու իրականության անցումն ու մուտքը։

Իռլանդացի գրող Բրամ Սթոքերի «Արեւամուտի ներքո» պատմվածաշարի խորհրդանշական վերնագիրն այսպես է մեկնաբանում գրքի հայերեն թարգմանության հեղինակ Հեղինե Ալեքսանյանը։

Բրամ Սթոքերին համաշխարհային ճանաչում է բերել «Դրակուլա» սարսափ ժանրի վեպը (1897)։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Սթոքերի՝ «Արեւամուտի ներքո» պատմվածաշարը (1881)՝ բաղկացած իրար փոխկապակցված ութ կարճ պատմությունից։ Ինչպես նշվում է գրքի սեղմագրում՝ վամպիրիզմի մութ աշխարհը լավագույնս բացահայտած գրողն ընթերցողին ներկայանում է աներեւակայելի լույսի ներքո, գրքի լեզուն պոետիկ է, հերոսները՝ խիստ բազմազան՝ հրեշտակներ ու չար հսկաներ, դպրոցական արկածներով ապրող աշակերտներ ու թագավորական ընտանիքներ:

Սթոքերը ապրել ու ստեղծագործել է վիկտորիանական դարաշրջանում, երբ տիրապետող էր բարոյական կոդեքսը (կրոնը, բարոյականությունը, էթիկան)։

Արեւամուտի ներքո Արեւամուտի ներքո

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»


Թարգմանությունն արվել է առավելագույնս արխաիկ լեզվով, որ պահպանվի ժամանակի շունչը, թարգմանիչը նկատում է, որ ներկայիս ընթերցողի համար դա կարող է ծանր թվալ, բայց թեմատիկան ինչպես արդի էր այն ժամանակ, այնպես էլ արդի է հիմա, ու զուգորդումները մեր իրականության հետ կարող ենք տեսնել պատմվածքներից յուրաքանչյուրում։

«Ավելին՝ գրքի թարգմանության մեկնարկը համընկավ 44-օրյա պատերազմի հետ, եւ զուգահեռներն ուղիղ էի տեսնում․«Անտեսանելի հսկան» կորոնավիրուսի համաճարակի անդրադարձն էր, «Վարդերի արքայազնը»՝ Արցախյան պատերազմի։ Տեսնում ենք՝ ինչ է լինում, երբ խաղաղությունից, ձանձրույթի հասնող անհոգությունից մարդիկ հղփանում են եւ չեն գնահատում իրենց ունեցածը։ Այս գրքի յուրահատկություններից մեկն այն է, որ թեեւ առանձին պատմվածքներ են, բայց հասկացութային առումով փոխկապակցված են։ Եվ հեղինակը փորձել է ցույց տալ սերունդներին բաժին ընկնող փորձությունների շղթան, ու թե ինչպես են հերոսները դրանց միջով անցնում»,- ասում է թարգմանիչը: Նա չի համաձայնում մեր այն դիտարկմանը, որ Սթոքերի հերոսները ծայրահեղ բարի են կամ չար։  Ըստ նրա՝ Սթոքերը փորձում է ցույց տալ ընթերցողին բարու եւ չարի տարբերությունը, դրա համար նրա կերպարները խտացումն են բարու եւ չարի, բայց միաժամանակ փորձում է զգուշացնել, որ այն պահին, երբ քեզ թվում է դու լավն ես, իրականում պետք է զգուշանաս, որովհետեւ գուցե պարզես, որ ինքդ չարիքի կամ մեղքի գործման շեմին ես։ Եվ հակառակը՝ «Անտեսանելի հսկա» պատմվածքում Հսկա-ժանտախտը, որ թվում է՝ չարի մարմնացումն է, վերջին պահին արտասվում է՝ տեսնելով այն զոհողությունը, որին գնում է գլխավոր հերոսուհին։
Բրամ Սթոքերը 1906 թվականին Բրամ Սթոքերը 1906 թվականին


Գիրքը հեղինակը գրել է որդու ծնվելուց շատ կարճ ժամանակ հետո եւ նվիրել է նրան։ Սթոքերը մանուկ հասակում անհասկանալի հիվանդության պատճառով երկար ժամանակ անշարժության է դատապարտված եղել: Թարգմանիչը կարծում է, որ նրա մեջ խոսում է մտավախությունը, որ չի հասցնի ամենակարեւորը փոխանցել որդուն եւ փորձել է այս պատումների միջոցով գծել աշխարհում գոյատեւելու ճիշտ քարտեզը։

Ո՞ւմ է հասցեագրված գիրքը՝ փոքրահասա՞կ, թե՞ մեծահասակ ընթերցողին, եւ կարո՞ղ է երեխաների համար հասկանալի ու գրավիչ թվալ այն, երբ մեծահասակ ընթերցողին անգամ դժվար է ասելիքը խորությամբ ընկալել։

«Սա մանկական գրականություն է,- ասում է Հեղինե Ալեքսանյանը,- պատահական չէ, որ հերոսների մեծ մասը երեխաներ ու պատանիներ են: Օրինակ, վերջին պատմվածքում՝ «Հրաշամանուկում», երեխաները դուրս են գալիս իրենց համար փոքրիկ եղբայր գտնելու, այսինքն՝ որոնումները սկսողները երեխաներն են։ Սակայն հեղինակը նկատի է ունեցել նաեւ յուրաքանչյուր մարդու մեջ ապրող երեխային։ Մարդկությունն ինչպե՞ս է վերաբերվում գյուտերին, նորություններին։ Երբ նոր բան է ստեղծվում, դրա հետ սկզբում խաղում են, կիրառում բոլոր հնարավոր ձեւերով։ Հիմա, օրինակ, խոսում են Տիկ-Տոկը փակելու մասին․երբ իրականում ոչ թե այդ հավելվածն է վատը, այլ մենք ենք այն սխալ կիրառում։ Խաղի միջոցով երեխան սովորում է, բայց խաղի ընթացքը շատ վտանգավոր է, ու այս տեսանկյունից հեղինակը նախապատրաստում է ընթերցողին, ցույց է տալիս խաղի գինը»։
Հեղինե Ալելքսանյանը Հեղինե Ալելքսանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Արքայի ամրոցը», «Ստվերածինը» գործերի հերոսները (մի դեպքում մայրը, մյուսում՝ բանաստեղծը) գնում են մահվանն ընդառա՞ջ, թե՞ ընդդեմ մահվան։ Այս հարցին ի պատասխան՝ թարգմանիչն ասում է, որ ամենակարեւորը՝ պետք է հասկանալ, որ գրքում Արեւամուտի ներքո գտնվող երկիրը ու Արեւամուտի ներքո գտվող աշխարհը նույնական չեն․

«Եթե Երկիրն Արեւամուտի ներքո ֆիզիկական սահմաններ ունի, ապա Աշխարհը Արեւամուտի ներքո ավելի երազային է՝ ֆիզիկականի եւ հոգեւորի միախառնում։ Այստեղ կարեւոր տարանջատում կա։ Հեղինակը գրքի սկզբում ասում է, որ ինչքան էլ Երկրում չարը տիրի, Աշխարհը Արեւամուտի ներքո չի դադարում գեղեցիկ ու լավը լինելուց։ Նշված գործերում հերոսներն իրականում գնում են մահվան ընդառաջ,  բանաստեղծը պատրաստ էր մահվան շեմն էլ հատել, ինչը եւ ի վերջո անում է։ Այստեղ ավելի շատ մահվանն ընդառաջ գնալու, դրա առաջ չընկրկելու, մեջքով չկանգնելու, անգամ դրանից այն կողմ անցնելու գաղափարն է դրված»։

Եվ այնուամենայնիվ, ընթերցողին կարող է զարմանալի թվալ՝ ինչպե՞ս է  «Արեւամուտի» հեղինակը հանգել վամպիրների աշխարհին։ Կամ գուցե չէր կարող չանցնել մի աշխարհից մյուսը, քանի որ եթե կա բարին, կա նաեւ չարը։

«Արեւամուտում» նա ցույց է տալիս լույսի հաղթանակը, «Դրակուլայում»՝ մարդկանց մտքում գոյություն ունեցող մութ կողմերը։

Ուշագրավ է նաեւ գրքի հայերեն թարգմանության ձեւաչափը։ Հեղինե Ալեքսանյանը գիրքը կարդացել է թարգմանելուն զուգահեռ, հետեւելով Ֆրիդրիխ Շլայերմախերի առաջարկած բանաձեւին, ըստ որի՝ կամ թարգմանիչը միայնակ է թողնում գրողին այնքան, որքան հնարավոր է, եւ ընթերցողին մոտեցնում գրողին, կամ հնարավորինս միայնակ է թողնում ընթերցողին եւ գրողին է մոտեցնում ընթերցողին։

«Հիմա այս մեթոդները հայտնի են որպես թարգմանության տնայնացնող եւ օտարացնող ռազմավարություններ։ Օտարացման պարագայում քեզ համար առաջնայինը գրողին հավատարիմ լինելն է, ու, իբրեւ օրինակ, եթե Սթոքերը գրել է 19-րդ դարի լեզվով, թարգմանում եմ ինչպես ինքն է գրել՝ չմտածելով ինչպես դա կընկալի ընթերցողը։ Իրականում սա գերմանական ոսկե դարի բերած մոտեցումն է․ դու չես մաքրում ճանապարհի քարերը, թույլ ես տալիս, որ ընթերցողն ինքը անցնի ճանապարհը՝ հաղթահարելով խորդուբորդերը»,- եզրահանգում է թարգմանիչը։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին