Մուշեղ Գալշոյանի արձակը, Էրգրի կարոտն ու մեր խառնակ ժամանակը - Mediamax.am

exclusive
5307 դիտում

Մուշեղ Գալշոյանի արձակը, Էրգրի կարոտն ու մեր խառնակ ժամանակը


Մուշեղ Գալշոյան, գիրքը
Մուշեղ Գալշոյան, գիրքը
Մուշեղ Գալշոյանը
Մուշեղ Գալշոյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Մուշեղ Գալշոյանը
Մուշեղ Գալշոյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Մուշեղ Գալշոյանը դստեր՝ Սիրանույշի հետ
Մուշեղ Գալշոյանը դստեր՝ Սիրանույշի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Մուշեղ Գալշոյանը որդու՝ Տավրոսի հետ
Մուշեղ Գալշոյանը որդու՝ Տավրոսի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը, «Ագռավաքար» էսսեների եւ ակնարկների շարքը ընթերցողին են ներկայացվել մեկ գրքով։ Ժողովածուն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ գրողի ծննդյան 90-ամյակի առթիվ։ Գրքում պահպանվել են հեղինակային ուղղագրությունը եւ կետադրությունը, որպեսզի ընթերցողն ավելի լավ զգա գրողի շեշտադրումները, ոգին ու ժամանակը։ Այս մասին Մեդիամաքսի հետ զրույցում նշել է առաջաբանի հեղինակ Սիրանույշ Գալշոյանը՝ Մուշեղ Գալշոյանի դուստրը։

- Ժողովածուի լույսընծայման առիթը Մուշեղ Գալշոյանի հոբելյանն է, բայց կարծում եմ՝ հաշվի է առնվել նաեւ ներկայացվող թեմաների արդիականությունը։

- Ծննդյան 90-ամյակը լրանում է դեկտեմբերի 13-ին, սակայն, նկատի ունենալով երկրում տիրող ծանր վիճակը, փորձեցի նրա իսկ աչքերով նայել՝ ի՞նչ կուզեր հայրս, եթե կենդանի լիներ։ Վստահ եմ, որ թույլ չէր տա որեւէ ձեւով նշել հոբելյանը, կուզեր ընդամենը գիրքը հրատարակվեր։

Մուշեղ Գալշոյանը դստեր՝ Սիրանույշի հետ Մուշեղ Գալշոյանը դստեր՝ Սիրանույշի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Գրքում տեղ գտած թեմաները, ցավոք, արդիական են նաեւ այսօր, ու եթե մենք նորից անդրադառնում ենք նույն խնդիրներին, նշանակում է՝ ոչինչ չի փոխվել ժողովրդի կյանքում, մենք դասեր չենք քաղել պատմությունից։ Մենք չունենք այն դպրոցը, որի վրա հենվելով շերտ-շերտ կբարձրանանք ու կունենանք համակարգված պետություն։

Գրքում ներառել ենք «Ագռավաքար» էսսեների շարքը, որտեղ խոսվում է Սյունիքի մասին, եւ որը կարծես այսօրվա մասին լինի։ Կարծում եմ՝ կա՛մ երրորդ աչքն է բաց եղել, կա՛մ իմացել է՝ ինչ է լինելու, որովհետեւ շատ լավ հասկանում էր՝ ովքեր են մեր հարեւանները, ինչ է սպասվում նրանցից։
Մուշեղ Գալշոյան, գիրքը Մուշեղ Գալշոյան, գիրքը


Իզուր չէ, որ զանգեզուրյան շարքը սկսում է Թորգոմա տան նկարագրությամբ՝ շեշտելով նրա շառավիղներին անուն առ անուն, ցույց տալով արմատները, ժամանակի եւ սերունդների կապը, ընդգծում, որ Զանգեզուրը՝ հայրենիքի այդ մասնիկը, միշտ եղել է թշնամու աչքը խրված մի սեպ։

-Ժողովածուի վերնագիրն է «Ձորի Միրո»։ Ո՞վ է գալշոյանական թերեւս ամենահայտնի այս հերոսը՝ իրակա՞ն կերպար է, թե՞ հնարովի։

-Հավաքական ու ամփոփ կերպար է Ձորի Միրոն։ Նախատիպը պապիկս է, որ Էրգրում կորցնելով ընտանիքը՝ իր մեջ ուժ էր գտել եւ հասել Արեւելյան Հայաստան, ընտանիք էր կազմել, ունեցել ութ զավակ․․․

- «Աշխարհք ամենամեծ կորուստ մարդու կորուստն է։ Մարդու կորուստ անդարձ կորուստ է ․․․ Հողի կորուստը անդարձ կորուստ չէ»։ Ցավոք, այսօր եւ՛ մարդու կորուստ ունենք, եւ՛ հողի։

-Գիրքը կազմելիս Դավիթ Սամվելյանի հետ ընտրել էինք «Հողի կորուստը անդարձ կորուստ չէ» նշանաբանը, բայց հետո փոխեցինք, մտածելով, որ ընթերցողը գուցե ճիշտ չընկալի նշանակությունը։ Ի՞նչ է պետությունը․ համակարգ։ Եթե ազգը չունի մշակված համակարգ, նշանակում է՝ գաղափար, պատկերացում չունի։ Մի տեղ կարդացի, որ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը մտահոգ է ապագա սերնդի համար, որովհետեւ Անգլիայում 500 տարի հետո աղի պակաս է լինելու։ Մենք 5 տարվա մտապատկեր անգամ չունենք։ Հողի վերադարձի մասին կարող ես մտածել, եթե ունենաս համակարգված պետություն։

- «Կարոտ, զորե՛ղ-զորեղ է, կարոտից զորեղ բան աշխարհք չկա: Ինչքան հեռանում ես մեր Քարագլուխ գեղից, մեր քողտիկից, մեր ձորից, էնքան քու կարոտ կմեծանա։ Կարոտի հետ տխրություն կմեծանա, գառ… կարոտ տխրություն է, անո՛ւշ-անուշ տխրություն է: Ու էդ տխրություն… էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս»: Ինչ-որ բան փոխվե՞լ է այս առումով, մենք հեռացե՞լ ենք կարոտից, մենք՝ մեզնից։

-Ժամանակներն այնքան խառնակ են, որ կարծում եմ՝ ոչ թե մենք հեռացել ենք մեզնից, այլ մեզ ամեն կերպ փորձում ենք հեռացնել մեզնից։
Մուշեղ Գալշոյանը Մուշեղ Գալշոյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Իսկ կարոտի հետ կապված՝ ասեմ․ հիմա Հայաստանում կենցաղային խնդիրներն այնքան շատ են, որ մարդը ժամանակ չունի կարոտելու․ անգամ ծնողը՝ երեխային, երեխան՝ ծնողին, քույրը՝ եղբորը․ բարդագույն ժամանակներ ենք ապրում։ Եթե ունես ներուժ, այս վիճակից դուրս գալը ժամանակի հարց է, բայց կարծում եմ՝ մենք ժամանակ չունենք․ ամեն բան ունի սկիզբ ու վերջ, եթե դա հասկանանք, մի փոքր կշտապենք։

-Միրոն վիպակի վերջում, նայելով ձորին, ասում է՝ մնացինք ես ու դու։ Համամարդկայի՞ն խնդրի է հանգում՝ մարդու միայնությանը։

-Անպայման։ Ինչո՞ւ է կոչվում Ձորի Միրո, իր հոգու ձորի մասին է խոսքը, ինքը աշխարհի հետ է, բայց աշխարհի հետ չէ, ապրում է, բայց չի ապրում, աշխարհից խռոված է, բայց այդ ձորում նաեւ իր աշխարհն ունի ստեղծած։ Վերնագիրը բավական հետաքրքիր է ընտրված։
 
-Մուշեղ Գալշոյանն ասել է, որ եթե ինձ ավելի ազատություն տային, կգրեի այնպես, ինչպես հիմա եմ գրում։ Խորհրդային գրաքննությունից հնարավո՞ր էր զերծ մնալ եւ ասել այն, ինչ ուզում էր ասել։

-Նա շատ ըմբոստ մարդ էր, ու այդ ըմբոստությունը, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարողանար զսպել։ Իր գործում ու խոսքում հանդուգն էր, կտրուկ, նույնիսկ մտածում եմ, որ ինքը գիտակցաբար էր խաղում կրակի հետ։
 
- «Էս հին ու նոր օրեր․․․ Էս մամռոտ օրեր» պատմվածքում ժամանակի զգացողությունը կորցրած պապիկը շարունակում է «ապրել» Էրգրում։ Նրա կառուցած տան բոլոր պատուհանները նայում են դեպի հարավ։ Եվ նա անդադար հարցնում է՝ «Մուշեղ, աշխարհք խաղա՞ղ է»։ Բազում են նման օրինակները։ Ի՞նչ է տալիս գրականությունը ու հե՛նց Գալշոյանի գրականությունը կորցրած հայրենիքը, նախնիների պատմությունը ապրեցնելու առումով։

-Նրա գրականության մեջ, եթե ուշադիր լինենք, գլխավոր հերոսները պապիկներ, տատիկներ են, ինքս էլ հաճախ մտածել եմ՝ ի՞նչն է պատճառը։ Դրանք մարդիկ են, որ տեսել են, զգացել Էրգիրը, հողը եւ իրենց մեջ բավականին պաշար ունեն ամբարած։ Գալշոյանի գերխնդիրը պապերի ու տատերի կապը սերունդների հետ ապահովելն էր։
Մուշեղ Գալշոյանը որդու՝ Տավրոսի հետ Մուշեղ Գալշոյանը որդու՝ Տավրոսի հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Քանի որ պապերը-տատերը նաեւ լուռ են եղել, վախեցած են եղել, հայրս մի չքնաղ գործ է արել․ գյուղ առ գյուղ շրջել է ու ձայնագրել մարդկանց, նրանք պատմել են իրենց ապրածն ու տեսածը։ Հսկայական ֆոնդ կա մեր ձեռքի տակ՝ շուրջ 25 ձայներիզ։ Դեռ լուծումը չեմ գտել՝ հանրությանը մատուցելու։

-«Կանչը» պատմվածքում ծերունի Զորոն հանդիպում է գաղթի, կոտորածի պատճառով իր կորցրած սիրուն՝ Ալեին ու առաջարկում է ամուսնանալ։ Ալեն երկրի կորո՞ւստն է, ինչի հետ չի հաշտվում։

-Ալեն սիմվոլն է երկրի, որ կորցրեց, հետո գտավ։ Իրականում շատ խորհրդանիշեր կան․ գինին, որ գյուղեգյուղ փնտրում էր ծերունի Զորոն իր որդու հարսանիքի համար, դառնում է կյանքի խորհրդանիշ։ Պատահական չէ, որ Զորոն ուզում է միմիայն Ալեի ամուսնուց «գնել» կյանքի էլիքսիրը՝ գինին, որ Ալեն ու Զորոն աշխարհի աչքի առաջ «միանում են» եւ Մարաթուկը լինում է նրանց միաձուլման առհավատչյան։ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի գտնելու մասին է խոսում։ Արգելված էր այդ թեման, ու նա ոլորաններով հասնում է դրան։

-Վիպակի վերջում Միրոյի որդին՝ Հարութը, ձոր է նկարում, մի կողմում գծագրվում են հայրն ու մայրը, մյուսում՝ ինքն ու Մարինեն։ Սակայն նրանց մոտից սկսվող կետգծերը ձորի հատակում խառնվում են իրար ու դառնում մի պտղունց հող։ Ի՞նչ է ուզում ասել հեղինակը․ հին ու նոր սերնդի հակասությունը, ջրբաժանը ժամանակի՞ հարց է։

-Այո, միեւնույն է, մի օր պիտի անպայման գան ու միանան իրար․ նաեւ ասում է՝ «հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՜, կսպասե՜, ու օրերից մի օր կհանդիպի»։ Իրատես էր ու լավատես նաեւ, կարծում էր՝ լավ սերունդ դաստիարակելու դեպքում մենք հետ կբերենք այն, ինչը կորցրել ենք, սակայն կյանքը ցույց տվեց, որ պատրաստ չենք․․․Մենք հիմա, ըստ էության, ավելի թույլ ենք, քան երբեւէ։

-Նրա գրականության համար, ենթադրում եմ, հիմք են ծառայել նաեւ պատմական արխիվները, փաստագրությունը։

-Բնականաբար, նա պատասխանատու գրող էր եւ չէր կարող գրել առանց հիմքի։ Որպես այդպիսին՝ ինչ արխիվներից է օգտվել, չեմ կարող ասել, բայց գրական նյութերին լավ տիրապետելով, կարծում եմ, որ ուսումնասիրել է արխիվները։ Գիտեմ նաեւ, որ պատրաստվում էր գրելու «Անդոկի պաշտպանությունը», որը, ցավոք, կիսատ մնաց։

-Ուզո՞ւմ էր տեսնել նախնիների երկիրը։

-Սովետական Միության օրոք արտասահման այցելեց մայրիկիս հետ։ Գիտեմ, որ դիմել է Արեւմտյան Հայաստան գնալու համար, քննել են գործը, եւ քանի որ գաղթականների գերդաստանից էր, գրվածքներն էլ շատ բան էին ասում, մերժել են։ Չգիտեմ, որ գնար՝ ինչ կլիներ։
Մուշեղ Գալշոյանը Մուշեղ Գալշոյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Ի դեպ, նա լավ քարտեզագիր էր, մտովի ամեն ինչը տեսնում էր։ Եվ ի՞նչն է հետաքրքիր՝ բնաշխարհը նկարագրելիս, սարերի, ձորերի անունները տալիս, զգում ես՝ տարածքին ինչքան լավ է տիրապետում։

-Ի՞նչ կաներ, եթե այսօր ողջ լիներ։

- Մի անգամ հարցրել էին՝ եթե Էրգիրը տան, դու՝ որպես գրող, ասելու բան չունենաս, ի՞նչ կանես, ասել էր՝ հող կմշակեմ։ Շատերն ասում են՝ եթե ողջ լիներ, զենք կվերցներ, հայրենիքը կպաշտպաներ, ինչը չի էլ քննարկվում։ Կարծում եմ, որ, այո, զինվորի, ժողովրդի կողքին կլիներ, գուցե մտավորականների խումբ ստեղծեր, որոնք գործի մարդիկ կլինեին, ոչ թե միայն կխոսեին։ Եվ ես կարծում եմ՝ կշարունակեր գրել․․․

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին