«Պասկուալ Դուարտեի ընտանիքը». վրեժ ոչ թե մարդու, այլ հասարակության հանդեպ - Mediamax.am

3783 դիտում

«Պասկուալ Դուարտեի ընտանիքը». վրեժ ոչ թե մարդու, այլ հասարակության հանդեպ


Կամիլո Խոսե Սելան
Կամիլո Խոսե Սելան
Կամիլո Խոսե Սելան 1992 թվականին
Կամիլո Խոսե Սելան 1992 թվականին
Ռուզաննա Պետրոսյանը
Ռուզաննա Պետրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Նոբելյան մրցանակակիր Կամիլո Խոսե Սելայի «Պասկուալ Դուարտեի ընտանիքը» (1942) վեպը պատմում է Պասկուալ անունով գեղջուկի մասին, որը մահապատժից առաջ գրի է առնում իր կյանքի պատմությունը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Զրուցել ենք գրքի թարգմանչի՝ ԵՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Պետրոսյանի հետ։

-Կամիլո Խոսե Սելան ո՞ր գրքի/գրքերի համար է ստացել Նոբելյան մրցանակ, ի՞նչ արձագանք է գտել նրա այս վեպը։

-Կամիլո Խոսե Սելան Նոբելյան մրցանակի է արժանացել 1989 թվականին իր հարուստ եւ «թունդ» արձակի համար, վերջինս իսպանացի այն քիչ գրողներից է, որի ստեղծագործությունները հանրությանը հայտնի են նաեւ կինեմատոգրաֆից: Իսպանական գրականության մեջ Սելային ճանաչում են որպես տրեմենդիզմի հիմնադրի։ «Տրեմենդիզմը գոյություն ունի այն բանի հետեւանքով, որ կյանքն ինքնին սարսափելի է...»,- կարծում է Կամիլո Խոսե Սելան:


Նա ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում՝ արժանանալով մի շարք մրցանակների եւ պարգեւների: Նրա երկերը «դյուրամարս» չեն, հատկապես, եթե հաշվի առնենք «վատ» եւ «անբարեհունչ» բառեր գործածելու հանդեպ նրա մեծ սերը: Գրողը մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես «Պասկուալ Դուարտեի ընտանիքը» հետպատերազմական վեպի շնորհիվ: Սելայի գրքերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Նա քաղաքացիական պատերազմից հետո գրականության ասպարեզ մուտք գործած առաջին գրողն էր, որին ընտրեցին Իսպանիայի Ակադեմիայի անդամ:

-Գրքի նոթերի մասին պատմությունը զուտ գրակա՞ն հնարք է, թե՞, այնուամենայնիվ, նախապատմություն ունի վեպը։

-Եթե ապավինելու լինենք գրքի սկզբում հրատարակչի կողմից ներկայացված նախաբանին, ապա վստահաբար կարելի է պնդել, որ թե՛ գլխավոր հերոսը, թե՛ նրա կյանքի մասին ներկայացվող պատմությունն իր լավ ու վատ կողմերով իրական են եւ ունեն նախապատմություն: Հրատարակչի խոսքով՝ եկել է Պասկուալ Դուարտեի հուշերը տպագրելու ժամանակը, քանզի ամեն ինչ իր ժամանակն ունի: Նրա խոսքով՝ գրքի նոթերը գտել է 1939 թվականի կեսին Ալմենդրալեխոյի դեղատանը, որտեղ Աստված գիտի, թե ում անանուն ձեռքն էր թողել, այդ պահից սկսած զբաղվել է դրանց թարգմանությամբ եւ կարգաբերումով, ոչինչ չի ուղղել, չի ավելացրել, քանզի ցանկացել է պահպանել պատմվածքի ոճը։

-Թերեւս սա միայն մեկ մարդու պատմություն չէ, այլ այն հասարակության դիմագիծը, որում ապրում է Դուարտեն։

-Իրավացի եք: Գրաքննադատներից շատերի կարծիքով` այս վեպը Իսպանիան ներսից պառակտող հիմնախնդիրների այլաբանական պատկերումն է, եւ Պասկուալ Դուարտեի ընտանիքի միջոցով Խոսե Սելան բացահայտում, քննադատում է հետպատերազմյան տարիների ապականված Իսպանիան՝ առաջ քաշելով սոցիալական այնպիսի սուր խնդիրներ, ինչպիսիք են դաժանությունն ու բռնությունը, հասարակության այլասերումը: Հեղինակը խտացնում է ստեղծագործության հերոսների որոշ բացասական գծեր՝ ստիպելով ընթերցողին խորհել հասարակության բարոյական հիմքերի մասին։ Վեպում պատկերված են նաեւ իսպանական գյուղում տիրող սարսափելի աղքատությունը, թույլ եւ անպաշտպան մարդկանց հանդեպ տիրող ծաղրի եւ անարգանքի նկարագրությունները:
Ռուզաննա Պետրոսյանը Ռուզաննա Պետրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Վեպը, փաստորեն, փիլիսոփայական խոր ընդհանրացումներով պատկերեց ոչ միայն այդ դարաշրջանի իսպանական իրականությունը, այլեւ հանդես եկավ ֆրանկոյական վարչակարգի անհաշտ քննադատությամբ, ինչի պատճառով գիրքը երկար ժամանակ արգելվում էր տպել Իսպանիայում: Վեպում հեղինակի խնդիրը ոչ թե հերոսի հոգեկան տանջանքների, հույզերի եւ ապրումների վերհանումն է, այլեւ դասական ռեալիզմի ավանդույթների վրա հիմնվելով, նոր գրականության հիմքեր դնելը, որի անկյունաքարը տրեմենդիզմն էր, իսկ նրա գրոտեսկային, բայց միեւնույն ժամանակ չափազանց ռեալիստական կերպարը՝ Պասկուալ Դուարտեն:

-Պասկուալը նաեւ ցավալ գիտի, սիրել, մտածել… Ինքներդ ի՞նչ էիք զգում նրա նկատմամբ։ Նա զո՞հ է, թե՞ հանցագործ։

-Պասկուալն ի ծնե մարդասպան չէ, հակառակը, նրան բնությունից տրված են բարի զգացմունքներ. մտերմություն քրոջ հետ, կիրք առաջին կնոջ` Լոլայի հանդեպ, երկրորդ կնոջ հանդեպ տածած շնորհակալ քնքշանք, որդու ծնվելու բաղձալի սպասում: Սրանով Սելան փորձում է ցույց տալ, որ ոչ ոք չար չի ծնվում, եւ ինչպես պիկարոյական վեպերում, որոնց ազդեցությունը, անշուշտ, կրում էր Խոսե Սելան, հասարակությունն է մարդուն այդպիսին դարձնում: Վեպն ամբողջությամբ հագեցած է հոռետեսությամբ. ողբերգական մենություն, օտարում ինքդ քեզնից եւ սեփական էքզիստենցիայից, սա, ի դեպ, Օրտեգա ի Գասետի էկզիստենցիալիստական փիլիսոփայության ազդեցությունն էր: Թերեւս կհիշեք նաեւ Կամյուի հերոս Մերսոյին, որն առանց պատճառի սպանեց արաբին։
Կամիլո Խոսե Սելան 1992 թվականին Կամիլո Խոսե Սելան 1992 թվականին


Այս վեպում նույնպես Պասկուալին դատում են ոչ թե մոր, այլ պատերազմի ժամանակ ծերունի կոմսին առանց պատճառի սպանելու համար, Պասկուալն ինքն է խոստովանում, որ կոմսը իր հետ միշտ սիրալիր եւ ջերմ է եղել: Կոմսի սպանությունը վերածվում է վրեժի ոչ թե մարդու, այլ հասարակության հանդեպ: Զուր չէ, որ ծերունի կոմսն իրեն սպանողին անվանում է «հոգիս» եւ ժպտում է մահվան պահին: Այդ մեղավոր ժպիտը մի ամբողջ դասակարգի մեղքի խոստովանության վերջին ժեստն է Պասկուալի առջեւ: Պասկուալը սովորական մարդ է, ոչ թե ինչ-որ անհոգի չարագործ, բայց նա մեկը մյուսի hետեւից դաժան արարքներ է կատարում, ընդ որում` սարսափազդու հանցագործություններ։ Վերջինս ընթերցողին կարող է երեւալ մերթ իբրեւ անբարո հրեշ, մերթ իբրեւ միջավայրի անմեղ զոհ: Որպես թարգմանիչ՝ փորձել եմ հասկանալ կերպարին՝ վերջինիս հանդեպ զգալով եւ կարեկցանք, եւ հակակրանք, երբեմն էլ՝ համակրանք:

-Նա գիտակցում է իր մեղքը, բայց վստահ չէ, որ եթե հնարավորություն տրվեր ապրելու, չէր ապրելու առաջվա պես։ Ինչո՞ւ։ Թո՞ւյլ էր բնազդին դիմադրելու համար, ինչպես ինքն էր ասում։

-Պասկուալ Դուարտեն էքստրեմադուրցի կոպիտ, անկիրթ, գյուղական կենցաղավարությամբ, շարժուձեւով եւ մտածելակերպով մեկն է, որը հենց գյուղական բարբառով էլ պատմում է իր կյանքի պատմությունը, իսկ երբ դժվարանում է տեղ հասցնել ասելիքը, իր խոսքում օգտագործում է առածներ եւ ասացվածքներ, որոնցով մոտենում է ժողովրդախոսակցական լեզվին: Դրանք երբեմն չափազանց կոպիտ, «փիս» բառեր եւ արտահայտություններ են, որոնցով էլ բնորոշվում է վեպի ուղղությունը` տրեմենդիզմը: Պասկուալ Դուարտեյին այդպիսին են դարձրել անկրթությունը, անգրագիտությունը, գյուղական կյանքի հետամնացությունը:

-«Ոչ ոքի այնքան չես ատում, որքան նրան, ում նման ես»։ Մոր նկատմամբ ատելությունը կարծես պատճառաբանված էր, սպանելով նրան գուցե սպանում, մերժում էր ինքն իր տեսա՞կը։

-Պասկուալի՝ մոր հանդեպ ունեցած ատելությունը դանդաղորեն հասունանում եւ հետագայում դառնում է ավելի բացահայտ եւ գիտակցված՝ հանգեցնելով ողբերգական վերջաբանի: Մոր հանդեպ տածած ատելությունը, անկասկած, ատելություն է հենց անարդար եւ դաժան կյանքի հանդեպ:

-Պասկուալը համոզված էր, որ իրեն հարգող տղամարդը չպետք է ցույց տար արցունքը, չպետք է փափկասուն երեւար։ Բայց մահվան դատավճիռը նա ամենեւին էլ հերոսաբար չի ընդունում։ Ի՞նչ է ուզում սրանով ասել հեղինակը։

-Անկախ ամեն ինչից՝ հեղինակը Պասկուալի մասին խոսելիս հիշատակում է, որ ճանաչելով նրա հոգու խորխորատները, կիմանանք, որ նա հեզ, ճնշված եւ կյանքից վախեցած գառնուկ էր, եւ կփրկվեր, եթե ավելի քաջ լիներ, որ հոգու գործերին տրվում էր հեզությամբ եւ հանգստությամբ, եւ երբ հասավ բակ հանելու պահը, բոլորի առաջ ասաց` թող Տիրոջ կամքը լինի` ներկաներիս ապշեցնելով իր չտեսնված խոնարհությամբ: Կարծում եմ՝ թեկուզ ուշացած, բայց աստվածային այդ հեզությունն ու մահապատժից առաջ վերջին ապաշխարանքն են խանգարում Պասկուալին հերոսաբար ընդունել սեփական մահը, քանզի բոլորս էլ վախենում ենք մահից, երբ հավատում ենք, եւ հակառակը, գիտակցված մահվան եւ ինքնասպանության են գնում միայն անհավատներն ու սեփական եսից վերջնականապես հեռացած հուսահատները:

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին