Սերն ու պատերազմը Սոս Սարգսյանի վիպակներում - Mediamax.am

exclusive
2090 դիտում

Սերն ու պատերազմը Սոս Սարգսյանի վիպակներում


Լուսանկարը` Նելլի Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»


Լուր տարածվեց, որ Գրիգորին գնդակահարել են այնտեղ։ Կառլենը գլուխ էր ջարդում, թե նա՝ Գրիգորը, ո՞նց է վերադարձել այնտեղից, որտեղից չեն վերադառնում։ Թագուհին խնդրում է՝ պատմիր էնտեղի մասին։ Ոչ մի դեպքում։ Երբեք։ Մարդկային մի չքնաղ շերտ էր կործանվում, մարդու բարձր տեսակ… էնտեղ էս հասկանում, որ աշխարհի հետ մի սոսկալի բան է կատարվել։

Կառլենը, Թագուհին եւ Գրիգորը Սոս Սարգսյանի «Լակոտը» ստեղծագործության հերոսներն են։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած «Սոս Սարգսյան․ վիպակներ» ժողովածուն ընդգրկում է վարպետի «Լակոտը», «Ոտնամաններս» եւ «Ընդհատում» ստեղծագործությունները։ Գիրքը կազմել եւ հրատարակության է պատրաստել Դավիթ Սամվելյանը։ Առաջաբանը Մարի Հովհաննիսյանինն է։

Մեդիամաքսի հետ զրույցում Դավիթ Սամվելյանն ասաց, որ «Գրքի վերնագիրը՝ «Սոս Սարգսյան․ վիպակներ», պայմանական է․«Լակոտը» նորավեպ է, «Ոտնամաններս»՝ ինքնակենսագրական էսսե։ Ժողովածուն ամբողջացնում են վարպետի լուսանկարներն ու ասույթները։ Հեղինակը բազմաբեւեռ մարդ էր, եւ փորձ է արվել գիրքն էլ տարբեր տեսանկյուններից ներկայացնել։

- Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ, հասարակական-քաղաքական գործիչ, արձակագիր։ Ինքն իրեն սակայն գրող չէր համարում։ Խաղում էր ապրելու պես, նաեւ գրո՞ւմ էր ապրելու պես։

-Մեծ մարդիկ օժտված են համեստությամբ։ Ինքը իրեն որպես գրող չի դիրքավորել։ Եւ հետո, հանրությանը նա հայտնի է որպես դերասան, ավելին ասեմ՝ որքան էլ նա թատրոնն էր սիրում, ժողովրդական սեր վայելում էր ավելի շատ կինոյի դերերից։
Ի՞նչն է Սոս Սարգսյանի արձակի համար հատկանշական․շինծու չէ, հատուկ հնարքներ չի գործածել, պարզապես արձակի մեջ ազատություն է տվել իր մտքերին, միաժամանակ՝ խորքային հարցեր արծարծել։

-«Լակոտը» սիրո ու մատնության պատմությո՞ւն է։

-«Լակոտ»-ում երկու զուգահեռ թեմա է ներկայացնում՝ անձնային հարաբերությունները եւ ռեպրեսիայի տարիներին Խորհրդային Հայաստանում տիրող մթնոլորտը։ Ինչո՞ւմ էր գլխավոր հերոսի՝ Գրիգորի ֆենոմենը. մարդ, ով կարող էր ձեռքերով փորել, կռիվ տալ ազատության համար ու փախնել բանտից, նույն այդ մարդը մանկությունից սկսած հնազանդվում է սիրած աղջկան։

-«Զգում էի, որ լակոտ ես մնալու... գամփռ չես դառնալու... անբախտ մարդուն չի կարելի սիրել, ատում եմ քեզ, որովհետեւ անբախտ ես»։ Թագուհու այս պոռթկումը կարելի էր հասկանալ, բայց նա ինքն էլ ընկրկել էր դժվարությունների առաջ։ Ո՞վ էր Թագուհին։

-Սովորական մարդ։ Կատարյալ հերոս կամ կատարյալ չարագործ չի ստեղծում հեղինակը, իդեալներ չի ստեղծում, դրանով նաեւ զգուշացնում է, որ մարդկանց հետ հարաբերվելիս՝ չփորձես իդեալ որոնել. բոլորը սխալական են, անգամ՝ սիրելիները։

- Գրիգորը բարեհոգի, անձնազոհ վերաբերմունք է դրսեւորում թե՛ պատանի հասակում, թե՛ այնտեղից վերադառնալուց հետո։ Կարծես ազգային խնդիր է վեր հանել հեղինակը։ «Էյ, մեծահոգի լակոտ, մեկ էլ քեզ խեղճացած չտեսնեմ»․ Թագուհու այս հրամանն ասես գալիս, հասնում է մեր օրերը։

-Որպես երկրորդում՝ կարող է լինել։ Գրքում մի հատված կա, երբ դպրոցական հասակում Թագուհին Թորգոմ քեռուն հարցնում է՝ բոշան ի՞նչ է։ Եվ հաջորդում է պատասխանը՝ անհայրենիք, չհարգված արարած... երբեք չմոռանաք, որ հայ եք, ձեր արմատներից չկտրվեք, թե չէ՝ կդառնաք բոշա։ Ակնհայտ է, որ հեղինակն իր ստեղծագործության մեջ ազգային հարց է բարձրացնում։

-Մենք խոսում ենք մատնության զոհերի մասին, բայց երբեք չենք մտածում՝ ինչ է զգում մատնիչը։ Կառլենն ասում է՝ ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ։ «Երեխաներ ունեմ՝ ընտանիք չունեմ, ամուսնացած եմ՝ կին չունեմ... Եթե մի քիչ մոտենում եմ, ցուրտ է փչում, դաժան, սառը ցուրտ։ Վերջին հաշվով ես զոհ եմ... Իմ զոհը, ինքս իմ զոհը»։

-Ժամանակները հնարավորություն են տվել, որ մարդիկ իրենց թերություններն ու թույլ կողմերը դարձնեն առավելություն։ 30-ականներին մտածում էին, որ մատնությամբ լավ արարք են գործում, քարոզվող գաղափարախոսության համակիրն են։

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»


Այսպիսով՝ մատնությունների հիմքում նախ գաղափարն է, նոր հետո՝ անձնական դրդապատճառը։ Կոնկրետ այս դեպքում՝ մատնիչը զոհ է, որովհետեւ զուրկ է սիրուց։ Նպատակին հասնելու համար օգտագործել է բոլոր միջոցները, բայց սերը կորզել, պարտադրել հնարավոր չէ։

-Եվ իր զոհին՝ Գրիգորին է պատմում այդ մասին։

-Որովհետեւ վտանգ չի տեսնում նրանից, ու ինչ-որ չափով ապաշխարության պես բան է։

-Հեքիաթի պես է փակվում պատմությունը։ «Երկու պայծառ աստղ սլանում էին դեմ հանդիման, բայց չհասան։ ․․․
Ու՝ քանի՜ քանիսը․․․
Ինչքան ճամփաներ կան աշխարհում․․․»։

-Բեմական ձեւով է ավարտում (ժպտում է-հեղ.)։ Հին ժամանակներում ինչպե՞ս էր պատմողը ազդարարում ներկայացման մուտքը, արարները, ավարտը, այդպես էլ հեղինակն ավարտում է այս պատմությունը՝ վարագույրը փակելով իր հետեւից։

-«Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերը թաց էին։ Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ որ․․․» («Ոտնամաններս»)։ Սակայն ոտնամանի պատմությունը ձգվում, հասնում է մեր օրեր։

- Պատերազմի սկիզբը, անձրեւը, ցուրտը, ցեխը, այդ պատկերը, որ ստեղծվում է՝ կարծես ցույց է տալիս մեր ժողովրդի թշվառ վիճակը։ Իսկ ոտնամանների պատմությունը չլուծվող, հավերժական հարցն է, որ գնացքի քարշակի պես ձգվում է այս ստեղծագործության սկզբից մինչեւ վերջ։

-«Եվ ի՞նչ է սերը, եթե ոչ վայրագ ցանկություն հպվելու․․․»։ Այստեղ էլ սեր կա։

-Այո, դժվարություններին զուգահեռ սիրահարվելը, մանկական կյանքի այդքան դժգույն պատկերի մեջ լուսավոր կետ է դառնում։

-«Ընդհատում» վիպակում հոր ու որդու հարաբերություններն են։ Հայրը որդուն օգնում է ազատվել վարարած առվի ալիքներից, բայց չի փրկում նրան «ստից, կեղծիքից, լկտի լրբերից»։ Ինչո՞ւ, որովհետեւ «կյանքը քննությունների լսարա՞ն է»։ Եվ ինչո՞ւ էր հոր սերն այդքան լուռ։

- Միստիկ մի բան կա այդ գործում։ Երկրային հայր եւ երկնային հայր զուգահեռն է տարվում։ Կործանման պահին (նույնն արյունն է, չէ՞) հայրը ձեռքը մեկնում է, բայց այդ փրկությունը չի ստրկացնում։ Աստծո սերը ստրկացնող չի, ազատություն է տալիս։ Մտորումներն են այս եւ մյուս կյանքի մասին, զուգորդում, ապլիկացնում է Հայր Աստծո կերպարը երկրային հոր կերպարի մեջ։ Ասում է, չէ՞, եկեղեցին հորդ տունն է, Աստված քեզ այնտեղ է սպասում։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին