Արմեն Շեկոյանի «Երեւան հյուրանոց»-ը եւ անտիպները՝ կարմիր գրքույկներից - Mediamax.am

exclusive
2609 դիտում

Արմեն Շեկոյանի «Երեւան հյուրանոց»-ը եւ անտիպները՝ կարմիր գրքույկներից


Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից

Լուսանկարը` Սամվել Սեւադա

Լուսանկարը` «Վերնատուն»

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից

Սեդա Շեկոյանը
Սեդա Շեկոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Լույս է տեսել Արմեն Շեկոյանի «Երեւան հյուրանոց» բանաստեղծությունների ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 70-ամյակին։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը:

Կազմել, խմբագրել, առաջաբանը գրել է բանաստեղծի դուստրը՝ արվեստաբան, համադրող Սեդա Շեկոյանը։ Նրա խոսքով՝ նորատիպ գիրքը 2003-ին լույս տեսած «Երեւան հյուրանոց» բանաստեղծությունների ժողովածուի փոքր ինչ խմբագրված տարբերակն է՝ համալրված կարմիր գրքույկներից քաղված հիսունից ավելի անտիպ բանաստեղծություններով։

-Ինչպե՞ս եք ընտրել «Երեւան հյուրանոց»-ն ամբողջացնող անտիպ գործերը, եւ ի՞նչ նախապատմություն ունեն կարմիր գրքույկները։

-2021-ին «Վերնատուն» հրատարակչությունից առաջարկեցին իրենց «Կարդալիք» շարքով վերատպել «Երեւան հյուրանոց» բանաստեղծությունների ժողովածուն։ Թեեւ հասունացած էր «Երեւան հյուրանոց»-ը տպագրելու պահանջը, բայց ես հակված էի վերահրատարակելու հորս՝ ավելի վաղ գրված եւ արդեն մոռացված գործերը։

Լուսանկարը` «Վերնատուն»


Գրականագիտական շրջանակներում կա կարծիք, որ հայրս՝ որպես բանաստեղծ, արձակագիր, կայացել է անկախությունից հետո, եւ իր նորարարություններն էլ հիմնականում վերաբերվում են այդ շրջանին։ Ես փորձում էի ուշադրություն սեւեռել մինչ անկախության շրջանի վրա, եւ առաջարկեցի նոր գրքի ծավալից ենթադրվող փոքր խմբագրումներ անել, ինչպես նաեւ ժողովածուն համալրել մինչ օրս անտիպ բանաստեղծություններով։

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից


Հայրս ուներ երկու կարմիր գրքույկ, որոնց մեջ տարբեր տարիներին՝ 80-ականներից սկսած, գրել է բանաստեղծություններ՝ խնամքով, բազմիցս ջնջված եւ ուղղված ձեռագրով, ծաղիկների եւ զարդանախշերի նկարներով։

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից


Հիմնականում ընթեռնելի ու ամբողջական բանաստեղծություններ են, որոնք իրենց տրամադրությամբ, հնչողությամբ մոտ են «Երեւան հյուրանոց» ժողովածուին, մյուս կողմից՝ իրենց ավանդականությամբ, չափով՝ խորհրդային շրջանի բանաստեղծություններին։
Սեդա Շեկոյանը Սեդա Շեկոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Որոշեցի, որ դրանք իրար հետ հաճույքով կընթերցվեն, հակասություն չի առաջանա, նաեւ ընթերցողի սեղանին նոր բան կդրվի։ Ներառել եմ նաեւ մի պոեմ, որ թեեւ ամբողջական չէ, բայց հենց իր անավարտությամբ է ամբողջական, ու որոշեցի դրանով էլ եզրափակել շարքը։ Նոր ժողովածուում չի ներառվել, օրինակ, Poker շարքը, որը տարիներ առաջ առանձին գրքով լույս էր ընծայվել։

-Ինչո՞ւ էին անտիպ բանաստեղծությունները։ Կարծում եք՝ տպագրելո՞ւ էր դրանք։

-Ենթադրում եմ, որ հայրիկս մտադիր էր հետագայում տպագրել կամ ինչ-որ ժողովածուում ներառել անտիպ ձեռագրերը։ 2018-ին ինքն է ինձ առաջարկել արտագրել այդ բանաստեղծությունները։

-Ավելի շատ որպես արվեստաբա՞ն, թե՞ Արմեն Շեկոյանի դուստր էիք աշխատում ձեռագրերի հետ։

-Ինքս շատ հակված չեմ հայրիկի գործերին միջամտելու՝ որպես արվեստաբան կամ խմբագիր, գտնում եմ, առաջաբանում էլ դրա մասին գրել եմ, որ ընտանեկան կապվածությունը մի կողմից բավարար չէ հեռավորություն պահպանելու եւ գրականագիտական գնահատականներ տալու համար, մյուս կողմից՝ հավատում եմ գրական բարեկամությանը։

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից


Մի տեսակ երրորդ՝ միջանկյալ դիրք եմ վերցրել ու աշխատում եմ արձագանքել բոլոր հետաքրքիր առաջարկներին, միաժամանակ չհրաժարվել ժառանգության նկատմամբ ունեցած իմ պատասխանատվությունից։ Այս ժողովածուն նույնպես արտաքին արձագանքի, համագործակցության արդյունք է, ինչի համար շնորհակալ եմ Ներսես Տեր-Վարդանյանին եւ Արմեն Սարգսյանին։

-Ի՞նչ կասեք «Երեւան հյուրանոց» պոեմի մասին, որն իբրեւ երեւանյան գեղարվեստական քրոնիկոն երեւի թե եզակի է։

-Այո, «Երեւան հյուրանոց» պոեմը բացառիկ գրական հուշարձան է, նաեւ պատմագիտական արժեք ունի. եթե 20, 50, 100 տարի անցնի, այս պոեմով շատ մանրամասներ կարելի է վերականգնել՝ փաստական տվյալներ, կերպարներ, քաղաքական իրադարձություններ։ Ինձ հետաքրքիր է նաեւ այն, ինչ հայրս արել է Poker ստեղծագործության մեջ. արձակ, որ ընդմիջվում է պոեզիայով եւ հակառակը։

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից


Եթե այսօր համացանցում փնտրեք Արմեն Շեկոյան, առաջինը «Երեւան հյուրանոց» պոեմը կբերի, ինչը ես մի քիչ արդար եմ համարում, մի քիչ էլ՝ ոչ, որովհետեւ գտնում եմ, որ «Երեւան հյուրանոց»-ի համբավը ստվերում է մյուս գործերը, որոնք նույնպես կարեւոր են։ Գուցե դա խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը շատ է քաղաքականացված, եւ նրան հետաքրքրում են այն ստեղծագործությունները, որոնցում քաղաքական իրադարձությունների, անհատների վերաբերյալ ակնարկներ կան։ Ես նոր նախաձեռնությամբ ուզում էի հակադրվել այս մոտեցմանը, բայց ինչպես տեսնում եք, ե՛ւ հակադրվեցի, ե՛ւ պահպանեցի շատ բան։

- Գրական հայերենին միախառնվում է խոսակցական հայերենը, նաեւ սա՞ է սիրելի դարձնում Արմեն Շեկոյանի պոեզիան։

-Խորհրդային շրջանում գրված գործերում արդեն իսկ զգացվում էր, որ հայրս նոր լեզու է բերում գրականություն։ Հասկանալի է, որ իր նորարարությունը կապվում է խոսակցական հայերենի ու դրանից բխող անմիջականության հետ, բայց ինքս ավելի սիրում եմ նրա՝ գրական հայերենով գրված գործերը։

Լուսանկարը` Սեդա Շեկոյանի արխիվից


Շատ կարեւորում եմ հորս մանկագրությունը։ «Ճամփորդ արեւը», «Երկու քույրիկ», «Վարդավառ» ժողովածուները մանկական գրականության բարձրակարգ նմուշներ են, նաեւ գրքի պատկերազարդման մշակույթի, գրող-նկարիչ համագործակցության հրաշալի օրինակներ, եւ կարծես, նույնպես, ստվերում են մնացել։

-Ստեղծագործություն, որ Արմեն Շեկոյանն ինքն էր առանձնացնում։

-Դժվարանում եմ ասել, կարծում եմ՝ «Երեւան հյուրանոց» գիրքն էր կարեւորում (նկարիչ Վարուժան Վարդանյանի գործն է շապիկին)։ Հիշում եմ, որ տարված էր այդ գրքով, միգուցե համարում էր մյուս ժողովածուներից ավելի հասուն։

-«Ջահել էինք մենք ու սիրուն.
հագենալ ու հոգնել չկար…
Հիմիկվա այս կյանքը տկար
Հեչ չի ձգում ու չի սիրվում»։

Ի՞նչ կասեր հիմա այս դժվարին օրերին, մտածե՞լ եք։

-Կարծում եմ, որ այս բանաստեղծությունն արտահայտում է իր վերջին տարիների տրամադրությունը։ Հայրս ուրախ-տխուր մարդ էր, բայց ավելի շատ՝ ուրախ, վստահ, վաղվա օրվա հավատով, ինչն ավելի քիչ էի տեսնում վերջին տարիներին։

-«Ձեզ գովելու բառ չունեմ,
քանզի ոչինչ չեք ուղղել։
Ես չեմ կարող ողջունել
ձեր պատերազմն անուղեղ
եւ չեմ կարող ազատել
ինձ՝ ձեր անհամ քարոզից,
եւ չեմ կարող ինձ զատել
ձեր սարքած այս քաոսից»։

«Չեմ կարող» բանաստեղծությունն է։ Մեր այսօրը բնորոշող տողեր են։ Կարծես տեսնում էր սպասվող քաոսը։

-Եթե հետ նայեմ, իհարկե, հորս այսօրվա ընկալմամբ՝ պացիֆիստ չեմ անվանի, բայց մյուս կողմից՝ նա հավատում էր, որ հարեւանների հետ հնարավոր է մի օր ապրել հաշտ ու խաղաղ միջավայրում։ Հոդվածներ ունի, որտեղ պատերազմը, հարեւանների հետ անհաշտությունը համարում է շատ մեծ անհեռատեսություն։

-Գրում է. «Թեկուզ էսօր հարսանքավոր,
մեկ է՝դու էլ ես սգավոր,
զի բոլորն են թշվառ ու մերկ
հայրենիքում իմ արնաներկ»։

-Մի կողմից հայրս որպես բանաստեղծ, որպես նորարար կայացել է հետանկախության շրջանի գործերով, մյուս կողմից՝ իր խորհրդային շրջանի բանաստեղծություններում ձեր նշած եւ նկարագրվող թշվառությունը կարծես թե չկա։ Մտածում եմ, միգուցե, նաեւ դա է պատճառը, որ ուրիշ վերաբերմունք ունեմ վաղ շրջանի գործերի նկատմամբ. ինչ-որ բան եմ փնտրում, որ հետո չի եղել։

Լուսանկարը` Սամվել Սեւադա


Հարցազրույցներից մեկում ասում է, որ պիտի գոհ լինենք, եթե ապագայում չկորցնենք Հայաստանի անկախությունը։ Նա տեսնում էր այսօրվա վիճակը եւ չէր ուզում անկախությունը վերածվի ինքնանպատակ երեւույթի. խոսենք անկախության մասին, բայց չապրենք անկախ։

- «Հիմա՝ իմ կյանքի միջօրեին
մտքի աղմուկ է, հոգու շառաչ…
Դժվար է հիմա՝ այս օրերին,
ապրել անտարբեր՝ ինչպես առաջ»։

Հասարակական ակտիվություն ունեցող գրողն ունե՞ր քաղաքական հստակ դիրքորոշում։

-Հայրս ակտիվ մարդ էր, հասարակության մարդ էր, բայց միեւնույն ժամանակ միշտ պահպանում էր դիտողի դերը։ Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցել է, բայց միշտ ինչ-որ բան իրեն հետ է պահել ու նախընտրել է դիտողի, արվեստագետի ամենատես դերը։ Գուցե կյանքի ինչ-որ շրջափուլում այս կամ այն ուժին էր հարում, բայց անընդհատ փոխում էր իր դիրքորոշումը։ Այսօր գուցե ասեմ՝ ում չէր համակրում, բայց հստակ չեմ կարող ասել՝ ում էր համակրում։

-Ժամանակ առ ժամանակ իր գործերում դիմում է Աստծուն եւ հետաքրքիր փոխհարաբերություն ունի նրա հետ։

-Հայրս եկեղեցի հաճախող բանաստեղծ էր, բայց չեմ կարծում, թե մեծ հավատ էր ընծայում ծեսին եւ ծիսակատարություններին։ Հետաքրքիր մի բան ասեմ. «Նոր կտակարանը» իր սեղանի գրքերից էր, ընդ որում՝ հենց «Նոր կտակարանը», չեմ ասում՝ «Աստվածաշունչը»։ Չեմ հիշում իր խոսքում, գործերում հղումներ, ազդեցություններ «Հին կտակարանից», Քրիստոսի կերպարն ավելի մեծ տեղ էր գրավում նրա կյանքում։

-«Սա է մեր ուղին՝ միշտ վեր ու վար»… Հույս ունե՞ք վերի։

-Առանց հույսի ու հավատի ապրել, իմ կարծիքով, հնարավոր չէ։ Եթե ապրում ես, ուրեմն ե´ւ հավատում ես, ե´ւ հույս ունես, նույնիսկ եթե ինքդ քեզ չես խոստովանում։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին