Ջուլիան Բարնսի «Աշխարհի պատմությունն» ու «Նախագիծ «Արարատ»-ը - Mediamax.am

2670 դիտում

Ջուլիան Բարնսի «Աշխարհի պատմությունն» ու «Նախագիծ «Արարատ»-ը


Ջուլիան Բարնսը
Ջուլիան Բարնսը

Լուսանկարը` Rachel Lamb/Interview Magazine

Ջուլիան Բարնսը
Ջուլիան Բարնսը

Լուսանկարը` Rachel Lamb/Interview Magazine

Լուսանկարը` Անտարես»

Աիդա Հարությունյանը
Աիդա Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Անգլիացի գրող, Բուքերյան մրցանակակիր Ջուլիան Բարնսի «Աշխարհի պատմությունը 10 1/2 գլուխներով» գիրքը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը։ Հայ ընթերցողին գիրքը ներկայացնում է «Անտարես» հրատարակչությունը։ Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանչի՝ Աիդա Հարությունյանի հետ։

-«Աշխարհի պատմությունը 10½ գլուխներով»-ը վե՞պ է, թե՞ պատմվածաշար։ Ի՞նչն է միավորում «ծովային»  պատմությունները։

-Այս գիրքը պատումը կառուցելու պոստմոդեռնիստական գործիքակազմին է հետեւում, ինչ-որ իմաստով՝ կարգի, կապակցվածության եւ հաջորդականության բացակայությունն է դարձնում ելակետային, քանի որ աշխարհը նույնպես չի տեսնում որպես այդպիսին։ Ուստի Ջուլիան Բարնսը պատմում է աշխարհի մասին իր դիտանկյունից։ Հարցազրույցներից մեկում նա նշում է, որ «կյանքը ամբողջովին պատահականություն եւ քաոս է, ժամանակ առ ժամանակ՝ առաջընթացի փոքր մասնիկներով ուղեկցված»։ Ըստ էության, բոլոր գլուխներն անկախ պատմվածքներ են, որոնք առանձին տեքստային կյանքով կարող են ապրել, բայց եթե ընթերցողը բնականորեն ցանկանում է կապակցվածություն տեսնել, որոնում է այն, ապա միանշանակ գտնում է, քանի որ Բարնսը տալիս է այդ հիմքը։                                 

Լուսանկարը` Անտարես»


«Ծովային» այս պատմությունների միջեւ մի շարք կապեր եւ զուգորդումներ կան. ամեն ինչ սկսվում է Նոյի, նրա ընտանիքի եւ Տապանի պատմությունից, որտեղ կենդանիները զույգ-զույգ են մուտք գործում, եւ պարզ է դառնում, որ Նոյի ընտանիքը մաքուր եւ անմաքուր աստիճանակարգերի է բաժանում նրանց, եւ Ճանապարհորդության ընթացքում, այդ բաժանումների հիմքի վրա ընտրություն կատարելով, նրանցով է սնվում։ Մարդ-կենդանի հարաբերությունները (ավելի հաճախ՝ անառողջ եւ թունավոր հարաբերությունները) կենտրոնական նշանակություն ունեն ամբողջ գրքում։     Տապանի եւ մաքուր-անմաքուր տրոհումների այս ուղղակի եւ անուղղակի հղումը մի քանի անգամ այլ գլուխներում կրկնվում է։

-Համաշխարհային ջրհեղեղի այլընտրանքային այս պատմությունը բողոք-ընդվզում է մարդկայի՞ն անկատարության, թե՞ Աստծո դեմ։

-Սա բողոք-ընդվզում է եւ՛ մարդկային անկատարության, եւ՛ Աստծո դեմ, եւ՛ առաջին հերթին՝ պատմաբանության դեմ, որն էլ հեղինակի համար, հավանաբար, դրդապատճառ է դարձել աշխարհի պատմության իր տարբերակը շարադրելու, քանի որ կան անտեսված, լուսանցքային, լռեցված շատ դրվագներ, որոնց մասին նա ցանկացել է բարձրաձայնել, եւ կան հավանական զարգացումներ, որոնք նույնիսկ չեն քննարկվում, քանի որ ընդունված չէ հեղինակություններին հարցականի տակ դնել։
Անտեսված ձայների վերաբերյալ լավագույն ապացույցը տեսանելի է հենց առաջին գլխի վերջում, երբ բացահայտվում է, թե ով էր «պատմիչը», որը, ի դեպ, իր «առաքելությունն» ունի նաեւ գրքի մի քանի այլ գլուխներում։                                                                  
Ջուլիան Բարնսը Ջուլիան Բարնսը

Լուսանկարը` Rachel Lamb/Interview Magazine


Բարնսը, ինչպես այս վեպում, այնպես էլ առհասարակ իր գրականության մեջ հաճախ է կրոնական թեմաների անդրադառնում։ Մինչեւ իր կյանքի եւ գրական գործունեության մի պահը նա համոզված աթեիստ էր, բայց իր «Վախենալու ոչինչ» գրքում գրում է՝ «ես չեմ հավատում Աստծուն, բայց կարոտում եմ նրան» (I don't believe in God, but I miss him), որն անգլերենում նաեւ այլ իմաստային շերտ է ստանում, իսկ ոչ գեղարվեստական իրականության մեջ նկարագրում է իրեն որպես «աթեիստ, որն ագնոստիկ է դարձել»։

-Բարնսը պատասխանո՞ւմ է իր իսկ հարցին, թե «Ինչպե՞ս կարելի է աղետը վերածել արվեստի»։

-«Ինչպե՞ս» հարցին Բարնսը, իհարկե, գործնական ցուցումներով չի պատասխանում, սակայն պատասխանը ստանալու նպատակադրման դեպքում եւ՛ տողերում, եւ՛ տողատակերում կարող ենք ուղղորդումներ գտնել, քանի որ Թեոդոր Ժերիկոյի ««Մեդուզա» լաստանավը» կտավի օրինակով, արդեն արվեստի պատմաբանի դերում, հեղինակը վերլուծում է արեւմտյան արվեստի մոտեցումները, թեմաների պատկերման եւ կեղծ բարեպաշտության առնչությունները, նկարչի ընտրությունը՝ կապված տեսարանի, գեղանկարչական լուծումների եւ հորինվածքային խնդիրների հետ։
Աիդա Հարությունյանը Աիդա Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Նկարչի հենց այս ընտրությունները պայմանավորում են այն, թե ինչպես դիտողը «կհասկանա, կպատկերացնի այս աղետը», կամ կօգնի՞ արդյոք արվեստի գործը, որ նա «ների» կամ «արդարացնի» տեղի ունեցածը։ Միաժամանակ կարեւոր է հիշատակել, որ Բարնսը առավելապես հարցադրումներ անող եւ հարցեր բարձրացնող հեղինակ է, որը համարում է, որ «եզրակացություններ անելու ցանկությունը մարդկային հիմարության նշան է»։

-«Անտոմս ուղեւորը» գլխում կենդանիներին զարմացնում է մարդկանց անկայունությունն ու անկատարությունը։ «Հյուրեր»-ում տեսնում ենք, որ մարդկանց աշխարհում հնարավոր է այլասիրություն՝ ի տարբերություն, ասենք, կապիկների։ Ահաբեկչությունից տուժում են ոչ մի բանում մեղք չունեցող մարդիկ. սա՞ է «Հյուրեր»-ի առանցքը, թե՞ ծայրահեղ իրավիճակներում դրսեւորվող վարքը,  այլասիրությունը, որը, ինչպես նշվում է գրքում, միշտ ենթակա է չհասկացվածության։

-Կենդանական աշխարհի ուսումնասիրությունից հետո վստահաբար կգտնենք օրինակ, որում կենդանիների այլասիրությունը նույնպես դրսեւորվում է, բայց ամեն դեպքում, այո, մարդկային բանականությունը մարդու համար ավելի հավանական մտերմություն է կանխորոշում այլասիրության հետ։ Մարդը հաճախ կարող է գնալ այլասիրական արարքին ինքնամերժմամբ, ինքնազոհաբերությամբ։ Լիովին հասկանալի է նաեւ «սեփական կաշին փրկելու» սցենարը. յուրաքանչյուրից չես կարող այլասիրություն սպասել, գուցե դա է չհասկացվածության պատճառը, կամ այն, որ այլասիրությունը շատ անգամ չի դիտարկվում որպես տրամաբանական քայլ։
Ջուլիան Բարնսը Ջուլիան Բարնսը

Լուսանկարը` Rachel Lamb/Interview Magazine


Պատմվածքի հերոսը վերջում հայտնվում է փորձարկման ենթարկվող կապկի կարգավիճակում՝ «վանդակի» մեջ, եւ տեսնում ենք, թե ինչպես է նա վարվում։ Իհարկե, այս կողմից բացի պատմվածքը քաղաքական, ազգայնական, բարոյական առումներով թեմատիկ մեծ եւ անհերքելի բեռնվածություն ունի։

-Ինչո՞ւ է Լուսին հասած տիեզերագնացը փորձում գտնել Նոյյան տապանը («Նախագիծ «Արարատ»)։

-Այս գլխում ակնհայտ հղումներ կան առաջին («Անտոմս ուղեւորը») եւ վեցերորդ («Լեռը») գլուխներին, ներկա են կրոնական հարցերը, որոնք աթեիստի կողմից են շեշտադրումներ ստանում։ «Նախագիծ «Արարատ»»-ի հերոսի կերպարում մարդկությունը փորձում է գտնել պատասխանները եւ չի հանձնվում, քանի որ դեռ չի գտել այն պատասխանը, որին սպասում էր։

-Արթնությա՞մբ, թե՞ երազով է ավարտվում Բարնսի՝ Համաշխարհային ջրհեղեղից մինչեւ Նոր Դրախտ տանող ճամփորդությունը։

-«Երազումս տեսա, թե արթնացել եմ». այս հակասական նախադասությամբ է գիրքն ավարտվում։ Երազի մեջ նույնպես արթնություն կա, եւ հակառակը։ Այս երկու զուգահեռ ներկայությունները զգալի են «Երազը» գլխում։ Համենայն դեպս, եթե փորձենք հստակ պատասխան տալ, հավանաբար՝ արթնությամբ, քանի որ հերոսն ի վերջո առերեսվում է կյանքի անհագ երկարաձգման փակուղուն եւ անհոգ հավերժության անհնարինությանը։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին