Գորինի՝ հավերժ ապրող մարդիկ ու դեպի Լուսին տանող ճանապարհը - Mediamax.am

exclusive
2775 դիտում

Գորինի՝ հավերժ ապրող մարդիկ ու դեպի Լուսին տանող ճանապարհը


Գրիգորի Գորինը
Գրիգորի Գորինը
Նունե Թորոսյանը
Նունե Թորոսյանը

«Սվիֆթը մեր դարի մեծագույն երգիծաբանն է, բայց նրա համար երգիծանքը ոչ միայն ժանր է, այլեւ ժամանակակից կյանքից գաղափարապես ձեռնպահ մնալու ողբերգական անհրաժեշտություն»։ Գրիգորի Գորինի «Տունը, որ շինել էր Սվիֆթը» պիեսից են այս տողերը։


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել ռուս հայտնի դրամատուրգ, արձակագիր Գրիգորի Գորինի ընտիր պիեսների ժողովածուն։ «Այն նույն Մյունխհաուզենը...», «Տունը, որ շինել էր Սվիֆթը», «Քին IV»․ երեք պիեսի կենտրոնում էլ վառ ու արտասովոր անհատի կերպար է։

Ռուսերենից թարգմանել է Նունե Թորոսյանը։

- Ունեմ հայկական կրթություն, անգլերենի մասնագետ եմ, բայց քանի որ առօրյայում շատ ենք առնչվում ռուսերենին, օգտագործում ենք ռուսական հումոր, դարձվածքներ, արտահայտություններ՝ եւ՛ որպես թեւավոր խոսք, եւ՛ հայերեն թարգմանված, ինձ համար բավական հեշտ էր թարգմանելը,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Նունե Թորոսյանը։- Թարգմանվող գրականության համար այսպիսի մի պահանջ կա․ ընթերցողը պիտի կարդա այն իր մայրենի լեզվով, բայց չզգա, որ թարգմանություն է, եւ կարեւոր է, որ կատակը կատակով, թախիծը թախիծով թարգմանվի, բառերի ճշգրիտ թարգմանությունը թարգմանչի ամենամեծ թշնամին է, դու պետք է հույզերը ճիշտ փոխանցես։

- Նրա գործերը հաճախ են բեմադրվել, էկրանավորվել, թեւավոր արտահայտությունները՝ լայն տարածում գտել։ Կարո՞ղ ենք ասել, որ Գորինն ու նրա գրականությունը հայտնի են այսօր։

-Նա մահացել է 60-ը հազիվ բոլորած։ Եվ, փաստորեն, այսօրվա սերունդն առանձնապես ծանոթ չէ Գորինին, ավելին ասեմ՝ «Այն նույն Մյունխհաուզենը» ֆիլմը, որ իսկապես գլուխգործոց է, գրեթե ոչ ոք չի տեսել։


Երբ գիրքը տպագրվել էր, երիտասարդներից շատերը շփոթում էին Ռասպեի «Բարոն Մյունխհաուզենի արկածները» գրքի հետ։ Խորհրդային տարիներին Գորինը նաեւ երգիծական տեքստեր էր գրում հումորիստական ծրագրերի մասնակցող արտիստների համար, երբեմն էլ ինքն էր ելույթ ունենում։ Նրան սիրում եւ ճանաչում էին խորհրդային ընթերցողն ու հեռուստադիտողը, բայց այսօր, ցավոք, չեն ճանաչում։ Ուզում էինք, որ ճանաչվի նաեւ։

- «Սվիֆթը («Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպի հեղինակ Ջոնաթան Սվիֆթը -հեղ․) մեծ երգիծաբան է, եթե արվեստի օրենքներով դատենք, եթե սովորական օրենքներով, ապա ամեն պամֆլետի համար նրան առնվազն ցմահ բանտարկություն է հասնում»։ Գուցե Գորինն ինքն իրե՞ն է նաեւ ակնարկում, խորհրդային գրաքննությա՞նը։

- Գուցեեւ ինքն իրեն է ակնարկում եւ ընդհանուր վիճակը։ «Մյունխհաուզենի» մեջ ամեն տողի տակ կարելի է ենթատեքստ տեսնել։ Խորհրդային ժամանակներում գրաքննությունը, քաղաքական առումով սահմանափակումները, գաղափարախոսությունն այնպիսին էին, որ մարդիկ վարժվել էին տողատակեր կարդալուն, իսկ դրանք արտահայտելու համար պետք էր ձեւեր գտնել, որ գրաքննիչները, որոնք, որպես կանոն, սահմանափակ մտածողությամբ մարդիկ էին, տողատակը չտեսնեին, բայց այն հասներ ընթերցողին, ինչը նա փայլուն ձեւով իրականացրել է։

-«Մյունխհաուզենը նշանավոր է ոչ թե այն պատճառով, որ թռել է կամ չի թռել Լուսին, այլ որովհետեւ երբեք չի ստում»։ Բարոնը հեռանում է, քանի որ չի կարող խաղալ հանրության առաջադրած խաղի կանոններով։ Ո՞վ է մեր օրերի Մյունխհաուզենը, ի՞նչ կաներ նա այսօր։

-Այդպիսի մարդիկ հասարակության մեջ երեւան են գալիս շնորհիվ լավ կրթության․ այսօր մեր կրթությունը ողբալի վիճակում է։ Մենք մտավորականություն չունենք, ո՜ւր մնաց Մյունխհաուզենի պես կրթված, լայնախոհ, վառ երեւակայություն ունեցող մեկը։

Հիշո՞ւմ եք՝ Մյունխհաուզենն ասում է, որ նամակագրություն ունի Շեքսպիրի, Սոկրատեսի հետ, փաստաբանն էլ, ինչպես խորհրդային գրաքննիչները, մտածում է՝ այդ մարդիկ վաղուց են մահացել, ո՞նց կարող է նամակագրություն ունենալ։
Նունե Թորոսյանը Նունե Թորոսյանը


Այնինչ դա փոխաբերություն է, այսինքն՝ ես անընդհատ կարդում եմ, վերլուծում, ու այդկերպ են նրանք իմ ընկերները։ Կամ ասում է՝ եւս մեկ գարնան օր՝ մայիսի 32-ը, ոչ մեկին հարկավոր չէ։ Այստեղ մի տեսակ թախիծ կա... Շատ խոր ընկալում պիտի ունենաս Մյունխհաուզենի պես մտավորական լինելու համար։

 -«Տունը, որ շինել էր Սվիֆթը» պիեսում Ոմնն ասում է․ «Ինձ պես՝ Երկրի վրա հավերժ ապրող մարդու գլխի մեջ ժամանակը սեղմվում է, տարիները մեկը մյուսի վրա են նստում։ Մեկ-մեկ չեմ կարողանում հասկանալ, թե ո՛ր հազարամյակում եմ․․․»։ Ինչո՞ւ է Գորինը դիմում պատմությանը, «վերակենդանացնում» ժամանակի հայտնի կերպարներին։

- Պատմական կերպարներին դիմելով՝ նա նաեւ զուգահեռներ է անցկացնում այսօրվա հետ, թե ով է կարեւոր, ով է մոռացվում, ով է միշտ մնալու։ Ի վերջո, կա դարերով կուտակված իմաստություն․ ժամանակը փոխվում է, մարդիկ ու բարքերը մնում են նույնը։ Պատմությանը դիմելով՝ այսօրվա մասին խոսելը, եթե նորից գանք գրաքննությանը, էլի մի տարբերակ է խոսքը տեղ հասցնելու․ ես այն ժամանակների Անգլիայի մասին եմ խոսում, որ կապիտալիստական երկիր էր...

-«Կյանքը բարդ է եւ ոչ մի կերպ չի ուզում սյուժե դառնալ»։ Գուցե դրա՞ համար է Գորինը աբսուրդի վերածում պարզ թվացող պատմությունները։ Ի՞նչ կտա այն մերօրյա ընթերցողին։

- Կարող եմ ասել, որ հետաքրքիր ձեւ է գտել գրելու, վառ երեւակայություն ու տաղանդ է ունեցել եւ ուզել է ընթերցողին հասցնել ինչ-որ բաներ։ Գրականության, երաժշտության, արվեստի, գեղարվեստի իմ ընկալումը հետեւյալն է. պետք է մարդուն դուր գա, խթանի երեխաների երեւակայությունը, ճանաչողական լինի, լեզուն հարստացնի, պիտի գրագետ լինի, որ սովորեն այդ լեզուն ու հետագայում օգտագործեն, մեծահասակների երեւակայությունն էլ պետք է խթանի ու սրտի ինչ-որ լարեր շարժի. եթե գիրքը կարդում ես ու այդ զգացողությունն ունես, ուրեմն այն քեզ մի բանով կհարստացնի։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին